ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում ԵԿԴ/0096/01/13
Նախագահող դատավոր` Մ. Արղամանյան
Դատավորներ` |
Ա. Դանիելյան |
Մ. Պետրոսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի | |
|
2014 թվականի օգոստոսի 15-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Արտակ Ալֆրեդի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2014 թվականի փետրվարի 28-ի որոշման դեմ մեղադրող Ա.Հակոբյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Ա.Գասպարյանի 2013 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ հարուցվել է թիվ 62203813 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասի և 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի 2013 թվականի մայիսի 22-ի որոշմամբ Արտակ Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2013 թվականի հունիսի 10-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2013 թվականի դեկտեմբերի 16-ի դատավճռով Ա.Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:
Նույն դատավճռով Մ.Հունանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով:
3. Մեղադրող Ա.Հակոբյանի և ամբաստանյալ Մ.Հունանյանի պաշտպան Գ.Հակոբյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 16-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 28-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Ա.Հակոբյանը:
Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 5-ի որոշմամբ մեղադրողի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա. «(…) աշխատելով ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքի դասակի ջոկի հրամանատար, ունենալով ոստիկանության ենթասպայի կոչում, 2012թ. հոկտեմբերի սկզբին մորեղբոր` Մարտիրոս Մարտիրոսյանի միջոցով ծանոթացել է և նրա միջնորդությամբ համաձայնության է եկել Մեսրոպ Հունանյանի հետ` նրա միջոցով իրեն սպայական կոչում շնորհելու համար այդ լուծելու լիազորությամբ օժտված ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց 3.253.040 ՀՀ դրամին համարժեք 8000 ԱՄՆ դոլար կաշառք տալու հարցում:
2012թ. հոկտեմբերի 27-ին Արտակ Հովհաննիսյանը պաշտոնատար անձանց Մեսրոպ Հունանյանի միջնորդությամբ՝ որպես կաշառք տալու համար, վերջինիս է փոխանցել առանձնապես խոշոր չափի` 1.621.200 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար գումար` խոստանալով գործընթացն ավարտելուց հետո տալ նաև խոստացված գումարի մի մասը» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 105):
6. Առաջին ատյանի դատարանն իր դատավճիռը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) Ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս` պատիժների չափը որոշելիս, դատարանը հաշվի է առնում ինչպես նրանց կատարած արարքների բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, այնպես էլ արագացված կարգով անցկացված դատական քննության ընթացքում ուսումնասիրված` նրանց անձը բնութագրող տվյալներն ու պաստասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:
(…)
Որպես ամբաստանյալ Արտակ Հովհաննսիյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ` դատարանը հաշվի է առնում, որ նա նախկինում արատավորված ու դատված չի եղել, խոստովանական ցուցմունքներով աջակցել է հանցագործությունը բացահայտելուն և հանցագործության մյուս մասնակիցներին մերկացնելուն, համաձայնվեց մեղադրանքի հետ, անկեղծորեն զղջաց կատարած հանցանքի համար, նրա խնամքին գտնվում են մինչև 14 տարեկան` 2-ամյա, 4-ամյա և 6-ամյա երեխաները:
Որպես ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի անձը բնութագրող տվյալ` դատարանը հաշվի է առնում, որ նա բնակության և աշխատանքի վայրերում բնութագրվում է դրական:
Դատարանը, նկատի ունենալով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի անձը բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված արդարության, պատասխանատվության անհատականացման ու պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից, հանգում է հետևության, որ ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով, ինչն անհրաժեշտ ու բավարար է նաև սոցիալական արդարությունը վերականգնելու և նրա կողմից նոր հանցագործությունների կատարումը կանխելու համար: (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 105-106):
7. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, գտել է, որ. «Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, պատժի տեսակը և չափը որոշելիս, ինչպես նաև նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս, առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով ամրագրված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով և հաշվի առնելով ինչպես նրա կողմից կատարված արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, այնպես էլ պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները, այդպիսիք ծանրացնող հանգամանքների բացակայությունը՝ հանգել է ճիշտ հետևության, որ Արտակ Հովհաննսիյանի ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով պատիժը կրելու» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 44-45):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
8. Բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական և հիմնավոր չեն, դրանցով թույլ են տրվել նյութական իրավունքի նորմերի, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-62-րդ և 70-րդ հոդվածների պահանջների խախտումներ:
Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոքաբերը վկայակոչել է Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, որից հետո եզրահանգել է, որ ստորադաս դատարաններն անտեսել են Ա.Հովհաննիսյանի կատարած հանցանքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, ինչը բացառում է նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը: Բողոքաբերի պնդմամբ ստորադաս դատարանների մատնանշած պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները (իրեն մեղավոր ճանաչելը, կատարածի համար զղջալը, խոստովանական ցուցմունքներով հանցագործության բացահայտմանը և հանցագործության մյուս մասնակիցներին մերկացնելուն աջակցելը, խնամքին երեք անչափահաս երեխաների առկայությունը, դրական բնութագրվելը, ինչպես նաև նախկինում դատապարտված և արատավորված չլինելը) չեն նվազեցնում Ա.Հովհաննիսյանի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը և նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու օբյեկտիվ հիմք չեն: Ա.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կիրառելիս ստորադաս դատարանները սխալ հետևության են հանգել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին հասնելու հանարավորության մասին:
9. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 16-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 28-ի որոշումը պատժի մասով բեկանել և փոփոխել, վերացնել Ա.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառելը և պատիժը թողնել ռեալ կրելու:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված հանցագործության (կաշառք տալը) համար պատիժ նշանակելիս և պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը քննարկելիս արարքի հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի գնահատման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով ճիշտ դատական պրակտիկայի ձևավորման համար:
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք Ա.Հովհաննիսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:
12. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝
«1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: (...)»:
Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է հայտնել թիվ ՎԲ-50/07, ՎԲ-124/07, ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-201/07, ԵՇԴ/0029/01/08, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09 ԵԿԴ/0042/01/11, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում: Նշված որոշումներում Վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Պատժի արդարության պահանջներից նահանջելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման: Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և այն կատարող անձը կոնկրետ են: Հետևաբար կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, այն կատարող անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա: Նշված հանգամանքների գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից:
Անդրադառնալով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցին՝ Թ.Տեր-Գրիգորյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով, դրանք բնութագրում են ինչպես կատարված հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին` համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով այն: Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել` ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս:
(…) նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը» (տե՛ս Թամարա Տեր-Գրիգորյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-192/07 որոշումը):
Դ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, սակայն դատարանը պարտավոր է, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի առնել նաև հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը: Դատարանի կողմից նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության վտանգավորության աստիճանին ու բնույթին:
Պատիժը պայմանականորեն չկիրառելու համար կարևոր նշանակություն ունեն հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մեղքի ձևը, հանցավորի կողմից այդ հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը» (տե՛ս Դավիթ Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0078/01/09 որոշման 12-րդ կետը):
13. Հանցանք կատարած անձի նկատմամբ պատիժ նշանակելիս, ինչպես նաև պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան հետևության հանգելիս դատարանը, ի թիվս այլոց, պետք է հաշվի առնի արարքի հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը: Հանցագործության այս հատկանիշներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Մադաթյանի գործով որոշման մեջ` իրավական դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ «Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:
Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը» (տե՛ս Գարուշ Մադաթյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):
Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Վ.Բեգյանի գործով որոշման մեջ արձանագրել է, որ «(…) պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցի լուծման ժամանակ դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, պետք է հաշվի առնի՝
ա) կատարված հանցագործության նպատակն ու շարժառիթը,
բ) քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակությունը,
գ) կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը,
դ) հանցագործության կատարման եղանակը,
ե) հանցավոր մտադրության իրականացման աստիճանը,
զ) հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը (…)» (տե՛ս Վանյա Բեգյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13 որոշման 14-րդ կետը):
14. Անդրադառնալով Ա.Հովհաննիսյանին վերագրվող արարքի հանրային վտանգավորությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածը կաշառք տալը բնորոշում է որպես պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար: Կաշառք տալը (ինչպես և կաշառք ստանալը) պետական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն է, որի օբյեկտը պետական ապարատի (կառավարման հանրային ապարատի) նորմալ գործունեությունն է: Օրենքով պաշտպանվող հասարակական հարաբերությունների կարևորության տեսանկյունից վերլուծելով կաշառք տալու հանրային վտանգավորությունը` հարկ է նշել, որ այն ոչ միայն խաթարում է պետաիշխանական և կառավարչական կառույցների բնականոն գործունեությունը, վնասում է նրանց հեղինակությանը, այլև պետական ապարատում կոռումպացվածության դրսևորման անհրաժեշտ նախադրյալ է: Պաշտոնատար անձին իր լիազորությունների սահմաններում գործելու համար նյութական միջոցների փոխանցումը կամ ծառայությունների մատուցումն էական վնաս է պատճառում հասարակական հարաբերություններին:
Կաշառք տալու հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին է վկայում նաև այն, որ այս արարքը ձևական հանցակազմով է նկարագրված: Այսինքն` հանցանքն ավարտված է համարվում կաշառք տալու օբյեկտիվ կողմը կազմող գործողություններից որևէ մեկը կատարելու պահից` անկախ հանրորեն վտանգավոր հետևանքները վրա հասնելու հանգամանքից: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ քրեական պատասխանատվությունը կաշառք տալու համար վրա է հասնում ոչ միայն կաշառքի առարկան հասցեատիրոջը տրամադրելու, այլև որոշակի նյութական բարիք կամ առավելություն խոստանալու կամ առաջարկելու պահից: Ընդ որում, որոշակի բարիք կամ առավելություն խոստանալը կամ առաջարկելը` որպես կաշառք տալու հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշ, նախատեսվել են «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ՀՕ-256-Ն օրենքով: Մինչ այդ գործող խմբագրությամբ քրեորեն պատժելի էր միայն կաշառքը փաստացի տալը, այսինքն` հանցագորոծության առարկան հասցեատիրոջը փոխանցելը, և կաշառք տալու խոստումը կամ առաջարկը, քանի դեռ կաշառք տվողը կաշառքի առարկան պաշտոնատար անձին հանձնելու փորձ չէր կատարել, չէր կարող որակվել որպես ավարտված հանցագործություն: Կատարված փոփոխություններից հետո գործող օրենսդրական կարգավորմամբ կաշառք տալու խոստումը կամ առաջարկն ինքնին ավարտված հանցագործություն է: Դա վկայում է այս արարքի բարձր հանրային վտանգավորությունն ընդգծելու օրենսդրի կամքի մասին: Այս առումով հարկ է նշել, որ կաշառք ստանալու հանցակազմում նմանատիպ փոփոխություն կատարվել է ավելի ուշ` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի փետրվարի 9-ին ընդունված թիվ ՀՕ-18-Ն օրենքով:
Սուբյեկտիվ կողմից քննարկվող հանցակազմը բնութագրվում է բացառապես ուղղակի դիտավորությամբ, այսինքն` կաշառք տվողը գիտակցում է, որ ինքն ապօրինի վարձատրություն է խոստանում, առաջարկում կամ տրամադրում պաշտոնատար անձին և ցանկանում է դա անել:
15. Կաշառք տալու բարձր հանրային վտանգավորության և կոռուպցիոն այս երևույթի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին են վկայում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները: Եվրոպայի խորհրդի և Միացյալ ազգերի կազմակերպության կողմից ընդունված կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող մի շարք կոնվենցիաները վավերացնելով՝ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության առջև պարտավորություն է ստանձնել հավասարապես պայքարելու և՛ կաշառք ստանալու, և՛ կաշառք տալու դեմ:
Եվրոպայի խորհրդի` Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի կոնվենցիան կոռուպցիա հասկացության մեջ հավասարապես ներառում է թե կաշառք տալը և թե կաշառք ստանալը: Այսպես, նշված կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն` «(…) «կոռուպցիա» նշանակում է` ուղղակիորեն կամ անուղղակիորեն կաշառք կամ որևէ անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջելը, առաջարկելը, տալը կամ ընդունելը, որը խախտում է կաշառք, անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում ստացողի կողմից ցանկացած պարտականության պատշաճ կատարումը կամ պահանջվող վարքագիծը»:
Եվրոպայի խորհրդի` Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիայի «Ակտիվ կաշառակերությունը» վերտառությամբ 2-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու դիտավորությամբ որևէ պետական պաշտոնյայի ուղղակիորեն կամ անուղղակիորեն անհիմն օգուտ խոստանալը, առաջարկելը կամ տալը նրա կամ ուրիշ որևէ մեկի համար, որպեսզի այդ պաշտոնյան իր իրավասության շրջանակներում որևէ գործողություն կատարի կամ դրա կատարումից ձեռնպահ մնա»:
ՄԱԿ-ի` Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 15-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել քրեական իրավախախտում սահմանելու համար, երբ դրանք կատարվում են միտումնավոր.
ա) պաշտոնատար անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն` անձամբ պաշտոնատար անձի կամ այլ ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի համար որևէ ոչ իրավաչափ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը նրա համար, որ այդ պաշտոնատար անձը կատարի որևէ գործողություն կամ չկատարի որևէ գործողություն իր պաշտոնական պարտականությունները կատարելիս. (…)»:
Մեջբերված կոնվենցիոն դրույթների վերլուծությունից հետևում է, որ միջազգային հանրությունը թե՛ կաշառք ստանալը և թե՛ կաշառք տալը դիտարկում է որպես հավասարապես վտանգավոր կոռուպցիոն երևույթներ: Դեռ ավելին, Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիայում կաշառք ստանալը բնորոշվում է որպես կաշառակերության պասիվ, իսկ կաշառք տալը` ակտիվ ձև: Կաշառք տալը և կաշառք ստանալը երկու փոխկապակցված հանցավոր արարքներ են: Ընդ որում, կաշառք տալը կաշառք ստանալու անհրաժեշտ նախապայման է, հետևաբար կաշառակերության (կոռուպցիայի) դեմ պայքարը պետք է կենտրոնացնել նաև կաշառք տալու հանցակազմի վրա: Քննարկվող կոռուպցիոն երևույթի դեմ արդյունավետ պայքարը պահանջում է այս ոլորտում համապատասխան քրեական, այդ թվում` պատժողական քաղաքականության իրականացում: Իսկ դա իր հերթին ենթադրում է ոչ միայն համապատասխան օրենսդրական հիմքերի առկայություն (կաշառք տալու հանցակազմի համակողմանի օրենսդրական կանոնակարգում), այլև դրանց գործնական կիրառման հնարավորության ապահովում:
16. Սույն գործի նյութերից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտել է այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքի դասակի ջոկի հրամանատար, ունենալով ոստիկանության ենթասպայի կոչում, 2012 թվականի հոկտեմբերի սկզբին ծանոթացել և համաձայնության է եկել Մ.Հունանյանի հետ` նրա միջոցով իրեն սպայական կոչում շնորհելու հարցը լուծելու լիազորությամբ օժտված ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց 3.253.040 ՀՀ դրամին համարժեք 8000 ԱՄՆ դոլար կաշառք տալու հարցում: 2012 թվականի հոկտեմբերի 27-ին Ա.Հովհաննիսյանը պաշտոնատար անձանց կաշառք տալու համար Մ.Հունանյանին է փոխանցել առանձնապես խոշոր չափի` 1.621.200 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար գումար` խոստանալով գործընթացն ավարտելուց հետո տալ նաև խոստացված գումարի մնացած մասը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը վերոգրյալ արարքի համար Ա.Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկման ձևով՝ 3 տարի ժամկետով, և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության վերաբերյալ իր որոշումն Առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է նրանով, որ Ա.Հովհաննիսյանը նախկինում դատված չի եղել, խոստովանական ցուցմունքներով աջակցել է հանցագործությունը բացահայտելուն և հանցագործության մյուս մասնակիցներին մերկացնելուն, զղջացել է կատարածի համար, խնամքին ունի մինչև 14 տարեկան երեք երեխա, բնութագրվում է դրականորեն: Ա.Հովհաննիսյանի անձը բնութագրող և պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող նշված հանգամանքների գնահատմամբ դատարանը գտել է, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):
Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը և Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով և հաշվի առնելով կատարված արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը` հանգել է ճիշտ հետևության, որ Ա.Հովհաննիսյանի ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով պատիժը կրելու (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել Ա.Հովհաննիսյանի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը: Մասնավորապես, ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Ա.Հովհաննիսյանը աշխատել է ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքի դասակի ջոկի հրամանատար: Այսինքն, լինելով ոստիկանության համակարգի աշխատակից, ունենալով ոստիկանության ենթասպայի կոչում` Ա.Հովհաննիսյանն ինքն ուղղակիորեն օրենքի ուժով պարտականություն է կրել պայքարելու հանցագործությունների և այլ իրավախախտումների դեմ («Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված): Այնինչ, անտեսելով օրինականության (իրավակարգի) ապահովման իր պարտականությունը` Ա.Հովհաննիսյանը կատարել է պետական ծառայության կարգի դեմ ուղղված, հանրային բարձր վտանգավորությամբ օժտված հանցագործություն:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից հաշվի առնված ամբաստանյալի անձը բնութագրող և պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները չեն վկայում այն հանրային վտանգավորության բացակայության մասին, որը բնորոշ է Ա.Հովհաննիսյանի կատարած հանցագործությանը: Դրանք չեն նվազեցնում ամբաստանյալի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և Ա.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու օբյեկտիվ հիմք չեն:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանված չեն Ա.Հովհաննիսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:
18. Հիմք ընդունելով սույն որոշման 12-17-րդ կետերում շարադրված դատողությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել սույն գործի բոլոր փաստական հանգամանքները և անհիմն կիրառել են ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը: Այսինքն՝ կիրառվել է քրեական օրենսգրքի հոդված, որը ենթակա չէր կիրառման, դրա արդյունքում թույլ է տրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված՝ օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում: Այսպիսով, ստորադաս դատարանները, Ա.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելով, սխալ են կիրառել քրեական օրենքը:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական օրենքի նշված ոչ ճիշտ կիրառումը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, անօրինական, չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտերի կայացմանը, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, քրեադատավարական օրենքի էական խախտում է:
Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են պատժի կրման անհրաժեշտության մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
19. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:
Ուստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արտակ Ալֆրեդի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի փետրվարի 28-ի որոշումը բեկանել, գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|