Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.05/59(1072).1 Հոդ.978.1
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.07.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի

քաղաքացիական և վարչական

պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ4/0201/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ4/0201/02/10

2014 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

 

 

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Ե. Սողոմոնյանի

 2014 թվականի հուլիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ամոարթարգ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Մարինե Բաղրամյանի, Արթուր Ղուկասյանի, Ընկերության, Ա/Ձ Արսեն Ղուկասյանի, Ա/Ձ Անահիտ Զաքարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.10.2012 թվականի որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Մարինե Բաղրամյանից, Արթուր Ղուկասյանից, Ընկերությունից, Ա/Ձ Արսեն Ղուկասյանից, Ա/Ձ Անահիտ Զաքարյանից համապարտության կարգով բռնագանձել 11.100.305,7 ՀՀ դրամ՝ որպես վարկային պարտավորության գումար, 135.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի գումար, ինչպես նաև 15.04.2009 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը վարկային պայմանագրով նախատեսված կարգով հաշվեգրել տոկոսներ և տույժեր:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկոյան) (այսուհետ` Դատարան) 10.12.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.05.2012 թվականի որոշմամբ Դատարանի 10.12.2010 թվականի վճռի դեմ գործին մասնակից չդարձված անձ Արամայիս Ղուկասյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Դատարանի 10.12.2010 թվականի վճռի՝ Ընկերությունից համապարտության կարգով գումար բռնագանձելու մասը, և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.10.2012 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը բավարարվել է` Վերաքննիչ դատարանի 03.05.2012 թվականի որոշման՝ Դատարանի 10.12.2010 թվականի վճռի՝ Ընկերությունից համապարտության կարգով գումար բռնագանձելու մասով բեկանելու մասը բեկանվել է, և այդ մասով օրինական ուժ է տրվել Դատարանի 10.12.2010 թվականի վճռին։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.09.2013 թվականի թիվ ԼԴ4/0247/02/12 որոշմամբ օրինական ուժի մեջ թողնված ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2013 թվականի վճռով անվավեր է ճանաչվել Բանկի, Ընկերության և Մարինե Բաղրամյանի միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506 երաշխավորության պայմանագիրը։ Հետևաբար, օրինական ուժի մեջ մտած վերոհիշյալ վճռով հաստատված հանգամանքը սույն գործով նոր երևան եկած հանգամանք է, քանի որ էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար և գործի քննության պահին չէր կարող հայտնի լինել բողոք բերած անձին։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.10.2012 թվականի որոշումը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Բանկի և Մարինե Բաղրամյանի միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506 վարկային պայմանագրով անշարժ գույք ձեռք բերելու նպատակով Մարինե Բաղրամյանին տրամադրվել է 8.000.000 ՀՀ դրամ վարկ` մինչև 15.05.2018 թվականը մարման ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 7-9):

 2) Բանկի (պարտատեր), Ընկերության (երաշխավոր) և Մարինե Բաղրամյանի (պարտապան) միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506-Ա երաշխավորության պայմանագրի 1.1. կետով Ընկերությունն ամբողջ ծավալով երաշխավորել է 15.05.2008 թվականի թիվ 506 վարկային պայմանագրով Մարինե Բաղրամյանի ստացած 8.000.000 ՀՀ դրամ վարկի վերադարձը (հատոր 1-ին, գ.թ. 12-14):

 3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.10.2012 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը բավարարվել է` Վերաքննիչ դատարանի 03.05.2012 թվականի որոշման՝ Դատարանի 10.12.2010 թվականի վճռի՝ Ընկերությունից համապարտության կարգով գումար բռնագանձելու մասով բեկանելու մասը բեկանվել է, և այդ մասով օրինական ուժ է տրվել Դատարանի 10.12.2010 թվականի վճռին (հատոր 3-րդ, գ.թ. 70-75):

 4) Դատարանի 10.12.2010 թվականի վճռով Բանկի հայցն ընդդեմ Մարինե Բաղրամյանի, Արթուր Ղուկասյանի, Ընկերության, Ա/Ձ Արսեն Ղուկասյանի, Ա/Ձ Անահիտ Զաքարյանի` համապարտության կարգով 11.100.305,7 ՀՀ դրամի և 135.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով բավարարվել է ամբողջությամբ: Սույն վճռով հայցի բավարարման հիմքում դրվել է նաև Բանկի (պարտատեր), Ընկերության (երաշխավոր) և Մարինե Բաղրամյանի (պարտապան) միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506-Ա երաշխավորության պայմանագիրը (հատոր 2-րդ, գ.թ. 37-40):

5) ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2013 թվականի թիվ ԼԴ4/0247/02/12 վճռով անվավեր է ճանաչվել Բանկի, Ընկերության և Մարինե Բաղրամյանի միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506 երաշխավորության պայմանագիրը: (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից)։

6) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.09.2013 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2013 թվականի թիվ ԼԴ4/0247/02/12 վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Նշված որոշումը վճռաբեկության կարգով չի բողոքարկվել և ստացել է օրինական ուժ (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է գործի վարույթը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու հիմքի առկայության խնդրին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն։

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանագամանքների հիմքով վերանայվում է, եթե

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե ոչ (տե՛ս, ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ԵԿԴ/2397/02/09 որոշումը)։

Սույն գործով բողոք բերած անձը որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 02.05.2013 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԼԴ4/0247/02/12 վճռով Բանկի, Ընկերության և Մարինե Բաղրամյանի միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506-Ա երաշխավորության պայմանագրի անվավեր ճանաչված լինելու հանգամանքը:

 Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի և Մարինե Բաղրամյանի միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506 վարկային պայմանագրով անշարժ գույք ձեռք բերելու նպատակով Մարինե Բաղրամյանին տրամադրվել է 8.000.000 ՀՀ դրամ վարկ` մինչև 15.05.2018 թվականը մարման ժամկետով: Բանկի (պարտատեր), Ընկերության (երաշխավոր) և Մարինե Բաղրամյանի (պարտապան) միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506-Ա երաշխավորության պայմանագրով Ընկերությունն ամբողջ ծավալով երաշխավորել է 15.05.2008 թվականի թիվ 506 վարկային պայմանագրով Մարինե Բաղրամյանի ստացած 8.000.000 ՀՀ դրամ վարկի վերադարձը: Դատարանի 10.12.2010 թվականի վճռով Բանկի հայցը` Մարինե Բաղրամյանից, Արթուր Ղուկասյանից, Ընկերությունից, Ա/Ձ Արսեն Ղուկասյանից, Ա/Ձ Անահիտ Զաքարյանից համապարտության կարգով 11.100.305,7 ՀՀ դրամ և 135.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, բավարարվել է ամբողջությամբ: Սույն վճռով հայցի բավարարման հիմքում դրվել է նաև Բանկի (պարտատեր), Ընկերության (երաշխավոր) և Մարինե Բաղրամյանի (պարտապան) միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506-Ա երաշխավորության պայմանագիրը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.10.2012 թվականի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողնվել Դատարանի 10.12.2010 թվականի վճռի` Ընկերությունից հօգուտ Բանկի համապարտության կարգով գումարի բռնագանձման պահանջը բավարարելու մասը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 02.05.2013 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԼԴ4/0247/02/12 վճռով Բանկի, Ընկերության և Մարինե Բաղրամյանի միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506-Ա երաշխավորության պայմանագրի անվավեր ճանաչված լինելու հանգամանքն էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար, համարվում է նոր երևան եկած հանգամանք և հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.10.2012 թվականի որոշումը վերանայելու համար, քանի որ դատական ակտով համապարտությամբ գումար բռնագանձելու հիմքում դրված է եղել վերոհիշյալ երաշխավորության պայմանագիրը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի և 204.32-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.10.2012 թվականի որոշումը վերանայելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.10.2012 թվականի որոշումը և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.05.2012 թվականի որոշումը` գործը «Ամոարթարգ» ՍՊԸ-ից համապարտության կարգով 11.100.305,7 ՀՀ դրամ՝ որպես վարկային պարտավորության գումար, 135.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի գումար, ինչպես նաև 15.04.2009 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը վարկային պայմանագրով նախատեսված կարգով տոկոսներ և տույժեր հաշվեգրելու և բռնագանձելու պահանջների մասով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության ուղարկելու մասով թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

 

Ե. Սողոմոնյան