Գլխավոր տեղեկություն
Համար
N 1158-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2014 թվականի N 1158-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 83-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԸ «ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 83-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղի» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրի նախագծին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղի» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը` հանդես գալով որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 23-ի N 1158-Ա որոշման

 

 Նախագիծ

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ №3

 

Հայաստանի Հանրապետության երկաթուղային համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

«___» __________ 2014թ.

 քաղ. Երևան

 

Հայաստանի Հանրապետությունը /այսուհետ՝ «Կոնցեդենտ»/, ի դեմս Հայաստանի Հանրապետության տրասպորտի և կապի նախարար՝ Գ.Բ.Բեգլարյանի, որը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. __________ թիվ ____ որոշման համաձայն, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը, գրանցված Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, 0005, Տիգրան Մեծի 50 հասցեով, ի դեմս գլխավոր տնօրեն՝ Վ.Ի.Ռեբեցի / այսուհետ՝ «Կոնցեսիոներ»/ և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերությունը, գրանցված Ռուսաստանի Դաշնություն, 107174, ք.Մոսկվա, փ. Նովաք Բասմաննայա 2 հասցեով, ի դեմս նախագահ՝ Ո.Ի.Յակունինի /այսուհետ՝ «Երաշխավոր»/, հետագայում միասին՝ «Կողմեր» և առանձին՝ «Կողմ», կնքեցին սույն Համաձայնագիրը հետևյալի մասին՝

 

1. Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու վերաբերյալ 2008թ. փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրում /այսուհետ՝ «Կոնցեսիոն պայմանագիր»/ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

 

ա) Կոնցեսիոն պայմանագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-2.1-ին հոդվածով.

 

«Հոդված 2-2.1 Կոնցեսիոն ակտիվների դուրսգրումը և վաղաժամկետ վերադարձումը»

1. Ոչ պիտանի դարձած կոնցեսիոն ակտիվները կարող են դուրս գրվել, վաղաժամկետ վերադարձվել, ինչպես նաև փոխարինվել` համաձայն սույն Պայմանագրի №3 հավելվածում նշված Կարգի:

2. Ներդրումային ծախսերի պլանով /Պայմանագրի №1 հավելված/ նախատեսված միջոցների հաշվին Կոնցեսիոների կողմից ձեռք բերված գույքը մտնում է կոնցեսիոն ակտիվների կազմի մեջ` բացառությամբ Շարժակազմի:

3. Եթե կոնցեսիոն ակտիվների կազմում ընդգրկված օբյեկտը պահանջված չէ Կոնցեսիոների կողմից սույն Պայմանագրով իր պարտավորությունները կատարելու համար, Կոնցեսիոներն իրավունք ունի վերադարձնելու այն` համաձայն սույն Պայմանագրի №3 հավելվածում նշված Կարգի:

 

բ) Կոնցեսիոն պայմանագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19-12-րդ հոդվածով.

 

«Հոդված 19-12 Իրավասությունների փոխանցում

 

1. Սույնով Կողմերը պայմանավորվեցին, որ սույն Պայմանագրի 2-3-րդ հոդվածի 1-ին կետում, 8-1-ին հոդվածի 6-րդ կետում և 9-4-րդ հոդվածի 1-ին կետում նշված Կոնցեդենտի իրավասություններն իրականացնում է Լիազոր մարմինը»:

 

գ) Կոնցեսիոն պայմանագիրը լրացնել №3 հավելվածով՝ համաձայն սույն Համաձայնագրի հավելվածի:

 

2. Կոնցեսիոն պայմանագրի 2010 թ. ապրիլի 30-ի №1 Համաձայնագրի և 2012 թ. մայիսի 4-ի №2 Համաձայնագրի գործողությունը տարածվում է 2008 թ. հունիսի 1-ից Կողմերի միջև ծագած հարաբերությունների վրա: Սույն կետն ուժի մեջ է մտնում Կոնցեսիոն պայմանագրի 5-2-րդ հոդվածի համաձայն անկախ աուդիտորի եզրակացությունն ստանալուց հետո, եթե այդ եզրակացությունը հաստատում է 2008 թվականի հունիսի 1-ից մինչև 2012 թվականի մայիսի 4-ը ընկած ժամանակահատվածի համար Կոնցեսիոների կողմից լրացուցիչ վճարման անհրաժեշտության պարտավորությունների բացակայությունը:

3. Սույն Համաձայնագիրը կազմված է 3 /երեք/ բնօրինակից՝ հայերենով և ռուսերենով` յուրաքանչուր Կողմի համար, ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և հանդիսանում է Կոնցեսիոն պայմանագրի անբաժանելի մասը: Ռուսերեն և հայերեն տարբերակների միջև հակասությունների առկայության դեպքում առաջնային է ռուսերեն տարբերակը:

 

Կոնցեդենտի անունից Կոնցեսիոների անունից Երաշխավորի անունից
ի դեմս Գ.Բ.ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ի դեմս Վ. Ի. ՌԵԲԵՑՒ ի դեմս Վ. Ի. ՅԱԿՈՒՆԻՆԻ
------------------------------- ------------------------------- -------------------------------

 

«Հավելված

13.02.2008թ. Կոնցեսիոն պայմանագրի

2014թ. ___________ №3 Համաձայնագրի

 

Հավելված №3

Հայաստանի Հանրապետության

երկաթուղային համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու վերաբերյալ Կոնցեսիոն պայմանագրի

 

ԿԱՐԳ

 

Կոնցեդենտից, ի դեմս Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Կոնցեսիոների կառավարմանը փոխանցված Կոնցեսիոն ակտիվների դուրսգրման, վերադարձման և փոխարինման

 

 I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Կարգը սահմանում է 2008 թ. փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության երկաթուղային համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու վերաբերյալ Կոնցեսիոն պայմանագրով, ինչպես նաև 2008 թ. հունիսի 1-ի Կոնցեսիոն ակտիվների ընդունման-հանձնման ակտերով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի /այսուհետ՝ Կոնցեսիոներ/ Կոնցեսիոն ակտիվների դուրսգրման, վերադարձման և փոխարինման հիմքերն ու կարգը:

2. Դուրսգրման, վերադարձման և փոխարինման նպատակով Կողմերը համաձայնել են, որ Կոնցեսիոն ակտիվները պայմանականորեն բաժանված են երեք խմբի՝

1) խումբ №1՝ Կոնցեսիոն ակտիվները, որոնք մինչև Կոնցեսիոն պայմանագրի գործողության ավարտը կամ վաղաժամկետ լուծումը ենթակա չեն դուրսգրման, վերադարձման կամ փոխարինման (դրանց թվին են պատկանում անշարժ գույքը, որը անհրաժեշտ է երկաթուղային ցանցի շահագործման համար (վարչական և արտադրական շենք-շինությունները, ենթակայաններ, կապի օբյեկտներ և այլն), շարժական գույքը և արհեստական կառույցները, որոնք ներառված են երկաթուղու շահագործման տեխնոլոգիական պրոցեսում).

2) խումբ №2՝ Կոնցեսիոն ակտիվները, որոնք կարող են վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը միայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության /այսուհետ՝ Լիազոր մարմին/ համաձայնեցմամբ (դրանց թվին են պատկանում անշարժ և շարժական գույքը, որոնք անհրաժեշտ չեն երկաթուղային ցանցի շահագործման համար, ներգրավված չեն երկաթուղու շահագործման տեխնոլոգիական պրոցեսում և դրանք վերադարձնելը բացասական ազդեցություն չի ունենա Կոնցեսիոն պայմանագրով Կոնցեսիոների կողմից ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման համար):

3) խումբ №3՝ Կոնցեսիոն ակտիվները, որոնք կարող են դուրս գրվել Կոնցեսիոների կողմից առանց Լիազոր մարմնի հետ համաձայնեցման (դրանց թվին են պատկանում ֆիզիկապես և բարոյապես մաշված, վերականգնման ոչ ենթակա և Կոնցեսիոն պայմանագրի կատարման համար չպահանջված արագամաշ և փոքրարժեք գույքը):

 Սույն կետում նշված խմբերը ձևավորվում են Կոնցեսիոների կողմից և համաձայնեցվում Լիազոր մարմնի հետ՝ ոչ ուշ, քան 2015 թ. փետրվարի 1-ը:

3. Սույնով Կոնցեդենտը լիազորում է Կոնցեսիոներին իրականացնել մաշված և ոչ պիտանի դարձած` սույն կարգի 2-րդ կետի 3-րդ խմբում ընդգրկված Կոնցեսիոն ակտիվների դուրսգրումը՝ սույն կարգին և Հայաստանի Հանրապետության իրավական ակտերին համապատասխան:

4. Սույն կարգի 2-րդ կետի №2 խմբի Կոնցեսիոն ակտիվները վերադարձվում են Լիազոր մարմնի համաձայնությամբ՝ Կոնցեսիոների և Լիազոր մարմնի կողմից ստորագրված Կոնցեսիոն ակտիվների ընդունման-հանձնման ակտերի հիման վրա:

5. Վերադարձման ենթակա են Կոնցեսիոն ակտիվները (շենքերը, շինությունները, մեքենաները, սարքավորումները, տրանսպորտային միջոցները և այլ գույքը), որոնք պահաջված չեն Կոնցեսիոների կողմից Կոնցեսիոն պայմանագրով պարտավորությունների կատարման համար:

6. Վերադարձն իրականացվում է, եթե օբյեկտը՝

- պահաջված չէ Կոնցեսիոների կողմից Կոնցեսիոն պայմանագրով պարտավորությունների կատարման համար,

- չի մասնակցում երկաթուղային փոխադրումների տեխնոլոգիական գործընթացներում և դրա հետևանքով չունի հետագա օգտագործման հեռանկար:

Վերադարձման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումն ու Լիազորված մարմնին ներկայացումն իրականացնում է Կոնցեսիոները՝ կախված դուրս գրվող Կոնցեսիոն ակտիվի խմբից:

Կոնցեդենտի անունից Կոնցեսիոն ակտիվների վերադարձման վերաբերյալ առաջարկությունների քննարկման ու համաձայնեցման գծով պատասխանատու է Լիազոր մարմինը:

Կոնցեսիոն ակտիվների կազմից համապատասխան օբյեկտների վերադարձման համար փաստաթղթերի նախապատրաստումը կատարվում է սույն Կարգին համապատասխան:

7. Կոնցեսիոն ակտիվների կազմում փոխանցված գույքի (սույն կարգի 2-րդ կետի խումբ №2) վերադարձն իրականացվում է Լիազոր մարմնի համաձայնությամբ՝ սույն կարգին և կիրառելի օրենսդրությանը համապատասխան:

8. Ավտոտրանսպորտային միջոցների վերադարձման դեպքում հաստատված ակտի մեկ օրինակը Կոնցեսիոների կողմից փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը՝ ավտոտրանսպորտային միջոցները հաշվառումից հանելու համար:

9. Փոխարինման ենթակա են բարոյապես և ֆիզիկապես մաշված, բայց արտադրական գործընթացի ու երկաթուղային ցանցի անխափան շահագործման ապահովման համար անհրաժեշտ Կոնցեսիոն ակտիվները (մեքենաները, սարքավորումները, տրանսպորտային միջոցները և այլ գույքը), որոնք ձեռքբերման հաշվետու տարում ընդգրկվում են Կոնցեսիոն ակտիվների կազմում և Կոնցեիսոն պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կամ լուծման դեպքում վերադարձվում են Կոնցեդենտին:

Կոնցեսիոն ակտիվների, որոնք ենթակա են փոխարինման սույն Կարգին համապատասխան, փոխարինում իրականացվում է Կոնցեսիոների կողմից դրանց դուրսգրման մասին Լիազոր մարմնի կողմից Կոնցեսիոներին գրավոր ծանուցման պահից վեց ամսվանից ոչ ուշ: Կոնցեսիոն ակտիվների փոխարինման մասին Կոնցեսիոներն առանձին հաշվետվություն է ներկայացնում Լիազոր մարմնին՝ փոխարինման իրականացման ֆինանսական տարվա ավարտից ոչ ուշ:

 

 II. Կոնցեսիոն ակտիվների կազմում փոխանցված գույքի դուրսգրման համար փաստաթղթերի ներկայացման կարգը

 

1. Կոնցեսիոն ակտիվների վերադարձման նախաձեռնող է հանդիսանում Կոնցեսիոները, որի կառավարմանը/օգտագործմանը փոխանցված են Կոնցեսիոն ակտիվները:

 

III. Կոնցեսիոն ակտիվների կազմում փոխանցված գույքի վերադարձման համար փաստաթղթերի ներկայացման կարգը

 

1. Կոնցեսիոները նախապատրաստում և Լիազոր մարմնի քննարկմանն է ներկայացնում Կոնցեսիոն ակտիվների կազմում փոխանցված գույքի (սույն կարգի 2-րդ կետի խումբ №2) վերադարձման մասին առաջարկությունները և փաստաթղթերի փաթեթը՝ սույն Կարգին համապատասխան:

2. Փաստաթղթերի փաթեթը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝ կախված օբյեկտի կարգից`

- վերադարձման հիմնավորումը,

- գույքագրման հաշվառման տվյալները,

- օբյեկտի տեղակայման հասցեն ու նկարագրությունը,

- տեղեկություններ հողամասի մասին, որի վրա տեղադրված է օբյեկտը, տվյալ հողամասում տեղակայված անշարժ գույքի օբյեկտների ընդհանուր թիվը, տվյալ օբյեկտի ու հողամասի նկատմամբ իրավահաստատող փաստաթղթերի առկայությունն ու վավերապայմանները,

- հաշվապահական հաշվառման տվյալներով օբյեկտի անվանման ու գրանցված օբյեկտի անվանման միջև տարբերության դեպքում, նշվում է օբյեկտի անվանումը՝ ըստ կադաստրային գործի և իրավունքի պետական գրանցման մասին վկայականի,

- կադաստրային գործի ու օբյեկտի պետական գրանցման վկայականի վավերպայմանները (ամսաթիվը, սերիան, համարը),

- օբյեկտի տեխնիկական ու շինարարական բնութագրերը (օբյեկտի ընդհանուր մակերեսը կամ երկարությունը, շենքի հարկայնությունը, շինարարության տարեթիվը),

- վերադարձման ենթակա օբյեկտի նշանակությունը (տեսակը) (վարչական, արտադրական, պահեստային և այլն),

- այն կոնկրետ պատճառների հիմնավորումը, ըստ որոնց գույքի օբյեկտը ենթակա է վերադարձման՝ նշելով ինչ նպատակների համար է օգտագործվել օբյեկտը, երբվանից և ինչու է դադարեցվել դրա շահագործումն, ինչ վիճակում է գտնվում օբյեկտը վերադարձման պահի դրությամբ,

- օբյեկտի արժեքի մասին տվյալները՝ ըստ հաշվապահական հաշվառման տվյալների:

 

IV. Կոնցեսիոն ակտիվների կազմում փոխանցված գույքի վերադարձման համար համաձայնություն ստանալու կարգը

 

1. Կոնցեսիոների կողմից ստորագրված վերադարձման համար առաջարկվող անշարժ ու շարժական գույքի օբյեկտների ցանկը, որը պարունակում է տեղեկություններ օբյեկտների անվանումների, գույքագրման համարների, արժեքային ցուցանիշների, թողարկման (շինարարության) ու հաշվապահական հաշվառմանն ընդունման ամսաթվերի մասին, ինչպես նաև փաստաթղթերի փաթեթ՝ ըստ սույն Կարգի II և III բաժինների, ուղարկվում է Լիազոր մարմնի քննարկմանը: Վթարային շենքերի, շինությունների փաստաթղթերին կցվում է նաև մասնագիտացված կազմակերպության կողմից տրված տեխնիկական եզրակացությունը:

Վթարների հետևանքով շարքից դուրս եկած շարժական գույքի և ավտոտրանսպորտային միջոցների փաստաթղթերին նաև կցվում է վթարի մասին ակտի պատճենը:

2. Լիազոր մարմինը 30 օրվա ընթացքում քննարկում է ներկայացված փաստաթղթերը, ստուգում դրանց տեղեկությունների ամբողջականությունն ու արժանահավատությունը և տալիս գրավոր համաձայնություն կամ հիմնավորված մերժում է օբյեկտների վերադարձման մասին Կոնցեսիոների առաջարկը:

3. Այն Կոնցեսիոն ակտիվներով, որոնց վերադարձը համաձայնեցված է Լիազոր մարմնի կողմից, Լիազոր մարմինը նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում Կոնցեսիոն ակտիվների կազմից տվյալ օբյեկտների հանման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախապատրաստման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Կոնցեսիոն ակտիվների կազմից օբյեկտները հանելու մասին որոշման ընդունումից հետո Լիազոր մարմինը նախապատրաստում է հանվող Կոնցեսիոն ակտիվների ընդունման-հանձնման ակտերը և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ու «ՀԿԵ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան հանձնաժողովների կողմից ստորագրմանը:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան