Գլխավոր տեղեկություն
Համար
N 1442-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.04.11/11(143) Հոդ.1262
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.10.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.10.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հոկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2004 թվականի N 1442-Ն

ՓՐԿԱՐԱՐԻ ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏԸ ԵՎ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության փրկարարի երդման տեքստը և երդում տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 23
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման

ՓՐԿԱՐԱՐԻ ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏԸ ԵՎ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն իրավական ակտով սահմանվում են փրկարարի երդման տեքստը և երդում տալու կարգը:

 

II. ՓՐԿԱՐԱՐԻ ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏԸ

 

2. Փրկարարը տալիս է երդում` հետևյալ բովանդակությամբ`

 

«Ես` _________________________________, ծառայության անցնելով Հայաստանի

(անունը, հայրանունը, ազգանունը)

Հանրապետության փրկարար ուժերում, հանդիսավոր կերպով երդվում եմ անձնվիրաբար ծառայել հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանները, բարեխղճորեն իրականացնել փրկարարական աշխատանքները` հիմնվելով մարդկանց կյանքի փրկության և առողջության պահպանման առաջնայնության վրա: Երդվում եմ:

Երդումս դրժելու դեպքում թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ»:

3. Փրկարարները երդում են տալիս փրկարարի կարգավիճակ` որակավորման դաս ստանալուց հետո: Փրկարարի վկայականը, գրքույկը, մետաղյա ժետոնը փրկարարին տրվում են երդում տալուց հետո:

 

III. ՓՐԿԱՐԱՐԻ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

4. Փրկարարի երդում տալիս են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության որակավորման հանձնաժողովին` (այսուհետ` հանձնաժողով)` սկզբնական «Փրկարար» որակավորման դաս ստանալուց հետո:

(4-րդ կետը փոփ. 25.12.08 N 1564-Ն, 25.09.14 N 1039-Ն)

Հանձնաժողովի կողմից փրկարարի որակավորման դաս ստացած և երդում չտված անձինք երդում են տալիս սույն որոշմանը համապատասխան:

5. Փրկարարի երդում տրվում է միայն մեկ անգամ` «Փրկարար» որակավորման դաս ստանալուց հետո: Նոր որակավորման դաս ստանալիս փրկարարի երդում չի տրվում:

6. Փրկարարները փրկարարի տոնական համազգեստով նախապես հայտարարված օրը և ժամին Հայաստանի Հանրապետության դրոշով և նվագախմբի ուղեկցությամբ ըստ խմբերի շարվում են շարասյուներով: Փրկարարի երդում տվող անձինք գտնվում են առաջին տողաններում: Հանձնաժողովի ղեկավարը կարճ ճառով հիշեցնում է նրանց փրկարարի երդման նշանակության և այն պատվավոր ու պատասխանատու պարտականության մասին, որը դրվում է փրկարարական գործին հավատարիմ լինելու երդում տված փրկարարների վրա: Ճառից հետո ստորաբաժանման հրամանատարը (պետը) տալիս է «Ազատ» հրամանը և խմբերի հրամանատարներին կարգադրում սկսել երդման արարողությունը:

Խմբերի հրամանատարները հերթով շարքից դուրս են կանչում փրկարարի երդում տվողներին: Փրկարարի երդում տվող յուրաքանչյուր փրկարար ստորաբաժանման շարքի առջև բարձրաձայն կարդում է փրկարարի երդման տեքստը, որից հետո ստորագրում է համապատասխան ցուցակում` իր անվան, հայրանվան ու ազգանվան դիմաց և զբաղեցնում իր տեղը շարքում: Փրկարարի երդում տվող անձանց ցուցակի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը: Նշված ցուցակի առաջին էջում տպագրված է փրկարարի երդման տեքստը:

Փրկարարի երդման արարողության ավարտից հետո` երդում տված անձանց ցուցակը` նրանց ստորագրություններով, խմբերի հրամանատարները հանձնում են հանձնաժողովին:

Հանձնաժողովը փրկարարի երդում տալու կապակցությամբ շնորհավորում է փրկարարներին, որից հետո նվագախումբը կատարում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:

Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարումից հետո ստորաբաժանումն անցնում է հանդիսավոր երթով:

Փրկարարի երդման արարողությունը ցածր ջերմաստիճանի և վատ եղանակի դեպքում` նշանակված օրը կարող է անցկացվել շինությունում: Որևէ պատճառով փրկարարի երդում չտված բոլոր փրկարարները երդում են տալիս հետագա օրերին` առանձին` ստորաբաժանման հրամանատարի (պետի) ղեկավարությամբ:

(6-րդ կետը փոփ. 25.12.08 N 1564-Ն, 25.09.14 N 1039-Ն)

7. Փրկարարի երդման արարողությունը կարող է անցկացվել պատմական վայրերում, մարտական և աշխատանքային փառքի վայրերում, հայրենիքի ազատության և անկախության համար մղված մարտերում զոհվածների եղբայրական գերեզմանների, ինչպես նաև փրկարարական աշխատանքների ժամանակ զոհված փրկարարների գերեզմանների մոտ: Այս դեպքում փրկարարի երդման արարողության վայր են գալիս միայն երդում տվող փրկարարները:

8. Փրկարար ուժերում ընդգրկված կին փրկարարների` փրկարարի երդման արարողությունն իրականացվում է համատեղ:

9. Փրկարարի երդման արարողության ճիշտ կազմակերպման, փրկարարի երդում տված փրկարարների հաշվառման, ինչպես նաև նրանց ցուցակների պահպանման համար պատասխանատու է հանձնաժողովի ղեկավարը:

(հավելվածը փոփ. 25.12.08 N 1564-Ն, 25.09.14 N 1039-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.09.2014, N 1039-Ն 09.10.2014, N 1442-Ն
25.12.2008, N 1564-Ն 15.01.2009, N 1442-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան