Գլխավոր տեղեկություն
Համար
N 347-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.09.2014-01.07.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.07.22/25(299) Հոդ.235
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
02.07.2008
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հուլիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 60008219

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2 հուլիսի 2008 թ.
ք. Երևան

  N 347-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց միջև փոխհարաբերությունների կարգը (հավելված)։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 9-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված
 

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2008 թվականի հուլիսի 2-ի
N 347-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն կարգում օգտագործված հասկացությունները սահմանվում են հետևյալ կերպ.

Արտադրող՝

էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձ.

Հաղորդող՝

էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձ.

Բաշխող՝

էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձ.

Հաշվարկային կենտրոն՝

հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձ.

Համակարգի օպերատոր`

էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձ.

Օպերատիվ անձնակազմ`

օպերատիվ խոսակցություններ վարելու և փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող աշխատակիցներ.

Էլեկտրաէներգետիկական

շուկայի մասնակից

(Շուկայի մասնակից)`

Արտադրող, Հաղորդող, Բաշխող:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2. Համակարգի օպերատորի և Շուկայի մասնակիցների միջև փոխհարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ընդունած իրավական ակտերով, սույն կարգով։

3. Համակարգի օպերատորի և Շուկայի մասնակիցների Օպերատիվ անձնակազմերի փոխհարաբերությունները, այդ թվում Շուկայի մասնակիցների կողմից իրենց սեփականությունը հանդիսացող սարքավորումները և սարքվածքները Համակարգի օպերատորի օպերատիվ վարույթի և կառավարման կամ օպերատիվ վարույթի (այսուհետ` օպերատիվ ենթակայության) ներքո հանձնելու ընթացակարգը, կանոնակարգվում են սույն կարգի N 1 հավելվածով:

4. Համակարգի օպերատորի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների պլանավորման ընթացքում Համակարգի օպերատորի և Շուկայի մասնակիցների փոխհարաբերությունները կանոնակարգվում են սույն կարգի N 2 հավելվածով:

5. Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի (այսուհետ` ՌՊևԱ) սարքվածքների նախադրվածքների հաշվարկման և Շուկայի մասնակիցներին ներկայացման, ինչպես նաև այդ սարքվածքների աշխատանքի հսկման գործառույթն իրականացնելիս Համակարգի օպերատորի և Շուկայի մասնակիցների փոխհարաբերությունները կանոնակարգվում են սույն կարգի N 3 հավելվածով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Համակարգի օպերատորը պարտավոր է`

1) իրականացել իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների կարգավարումը` հիմք ընդունելով դրանց համար սահմանված տեխնիկական հարաչափերը,

2) ապահովել տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի կարգավարումը՝ ըստ կնքված պայմանագրերի,

3) համաձայնեցնել իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների նորոգման կամ դրանք այլ նպատակներով աշխատանքից դուրս բերման տարեկան պլանները,

4) համակարգում տեղի ունեցած պատահարների, համակարգի հուսալիության խախտման դեպքերի մասին տեղեկացնել էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին,

5) Արտադրողների տնօրինելի հզորությունների պատրաստականության ստուգումներ կատարելու դեպքում արդյունքների մասին կազմել համատեղ ակտ և մինչև ստուգման ամսվան հաջորդող ամսի 3-ը ներկայացնել Հաշվարկային կենտրոն և Բաշխողին,

6) առնվազն երեք տարի պահպանել օպերատիվ գրանցամատյանները և գրանցող սարքերի տեխնիկական հնարավորությունների սահմաններում օպերատիվ խոսակցությունների ձայնագրությունները,

7) Շուկայի մասնակիցներին տրամադրել անարգել մուտք` իր սերվերներում տեղաբաշխված էներգահամակարգի ռեժիմների և օպերատիվ սխեմայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար և նրանց պահանջով ներկայացնել լրացուցիչ պարզաբանումներ այդ տեղեկությունների վերաբերյալ,

8) ապահովել օպերատիվ տեխնոլոգիական հեռախոսային կապի կայուն և որակյալ աշխատանքը, հնարավոր կարճ ժամանակահատվածում վերացնել հայտնաբերված խափանումներն ու թերությունները,

9) ապահովել Արտադրողի և Բաշխողի, Հաղորդողի և Բաշխողի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման, ինչպես նաև արտահանման և ներկրման կետերում էլեկտրական էներգիայի որակի պայմանագրային մեծությունները,

10) իրականացնել արտահանման և ներքին սպառման գումարային բեռնվածքի համար էլեկտրաէներգետիկական համակարգի տնտեսական կարգավարումը,

11) իր պարտականությունների կատարման նպատակով Շուկայի մասնակիցների տնօրինության տակ գտնվող տարածքներ մուտք գործելիս պահպանել վերջիններիս կողմից սահմանված կանոնակարգը,

12) կատարել սույն կարգի 7-րդ կետի 6) ենթակետի պահանջների համաձայն ներկայացված հաշվետվությունների վերլուծություն և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսի 30-ը ներկայացնել Հանձնաժողով,

13) Հաղորդողին տեղեկացնել իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող` Հաղորդողի սեփականությունը հանդիսացող սարքավորումների և սարքվածքների վթարային անջատումների մասին:

(6-րդ կետը փոփ. 27.08.14 N 341-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԷԼԵԿՏՐԱէՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Շուկայի մասնակիցները պարտավոր են`

1) Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո հանձնել իրենց սեփականությունը հանդիսացող այն սարքավորումները և սարքվածքները, որոնց կարգավարումն անհրաժեշտ է Համակարգի օպերատորի կողմից սույն կարգի 6 րդ կետով սահմանված պարտականությունները կատարելու համար,

2) անվերապահորեն կատարել Համակարգի օպերատորի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգի տեխնոլոգիական և տնտեսական կարգավարման գործառույթներն իրականացնելու նպատակով տրված օպերատիվ հրահանգներն ու կարգադրությունները` բացառությամբ սույն կարգի N 1 հավելվածի 30-րդ կետով սահմանված դեպքերի,

3) ապահովել Համակարգի օպերատորի կողմից իր պարտականությունների կատարման նպատակով վերջինիս լիազոր ներկայացուցիչների մուտքը իրենց տնօրինության տակ գտնվող տարածքները,

4) ապահովել իրենց տնօրինության տակ գտնվող տարածքներում տեղադրված՝ Համակարգի օպերատորի սեփականությունը հանդիսացող ՌՊևԱ սարքվածքների, կապի միջոցների և տեղեկատվական (հեռուստամեխանիկայի) սարքերի պահպանումը,

5) անհապաղ հայտնել Համակարգի օպերատորին նրա օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում և սարքվածքներում ի հայտ եկած բոլոր թերությունների և անսարքությունների մասին,

6) ներկայացնել հաշվետվություն Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների հուսալիության փաստացի մակարդակի վերաբերյալ՝ Համակարգի օպերատորի կողմից սահմանված ձևերով և ժամկետներում,

7) էլեկտրաէներգետիկական համակարգի լրիվ մարման դեպքում Համակարգի օպերատորի կողմից մշակված համակարգի վերականգնման հրահանգի պահանջների համաձայն մշակել և Համակարգի օպերատորի հետ համաձայնեցնել իրենց օպերատիվ անձնակազմի գործողությունների տեղական հրահանգները:

(հավելվածը փոփ. 27.08.14 N 341-Ն)

 

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2008 թվականի հուլիսի 2-ի
N 347-Ն որոշմամբ հաստատված
կարգի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԵՎ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Շուկայի մասնակիցները պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 20-ը Համակարգի օպերատորին ներկայացնել`

1) իրենց ղեկավարի կողմից հաստատված օպերատիվ խոսակցություններ վարելու իրավունք ունեցող աշխատակիցների ցուցակը,

2) իրենց տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված օպերատիվ խոսակցություններ վարելու և փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող Օպերատիվ անձնակազմի ցուցակը:

2. Շուկայի մասնակիցները մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 15-ը Համակարգի օպերատորին են ներկայացնում իրենց տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում աշխատող էներգաօբյեկտների (էլեկտրակայանների, ենթակայանների) էլեկտրական միացությունների սխեմաները` նշելով սարքավորումների հարաչափերը:

3. Համակարգի օպերատորը մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 15-ը հաստատում է էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն սխեման և այն ներկայացնում է Շուկայի մասնակիցներին` նշելով իր օպերատիվ ենթակայությանը հանձնման ենթակա սարքավորումների և սարքվածքների ցանկը: Այդ սարքավորումների և սարքվածքների հանձնումը Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայությանը մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 25-ը ձևակերպվում է Շուկայի մասնակցի և Համակարգի օպերատորի տեխնիկական ղեկավարների միջև կնքված համաձայնագրով:

(3-րդ կետը փոփ. 27.08.14 N 341-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՕՊԵՐԱՏԻՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Համակարգի օպերատորի կենտրոնական կարգավարական ծառայության կարգավարները (այսուհետ` Համակարգի օպերատորի կարգավարները) հերթապահության ընթացքում հանդիսանում են Շուկայի մասնակիցների հերթափոխում գտնվող Օպերատիվ անձնակազմի (այսուհետ` Շուկայի մասնակցի հերթապահ անձնակազմ) ղեկավարները (վերադասները)՝ իրենց իրավասության սահմաններում:

5. Շուկայի մասնակիցների հերթապահ անձնակազմի` աշխատատեղից բացակայելու դեպքում նրան կարող է փոխարինել սույն հրահանգի 1-ին կետի 2) ենթակետի համաձայն ներկայացված ցուցակում նշված անձը: Այդ փոխարինման մասին տեղյակ է պահվում Համակարգի օպերատորի կարգավարը:

6. Սույն հրահանգի 3-րդ կետով նշված սարքավորումները կամ սարքվածքները օպերատիվ ենթակայության տեսակետից կարող են գտնվել`

1) Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ վարույթի և կառավարման ներքո,

2) Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ վարույթի և միաժամանակ Շուկայի մասնակցի հերթապահ անձնակազմի օպերատիվ կառավարման ներքո:

7. Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ վարույթի և կառավարման ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների հետ գործողությունները կատարում է Շուկայի մասնակցի հերթապահ անձնակազմը` Համակարգի օպերատորի կարգավարի կարգադրությամբ: Վերջինս յուրաքանչյուր գործողության համար տալիս է առանձին կարգադրություն:

8. Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ վարույթի և միաժամանակ Շուկայի մասնակցի հերթապահ անձնակազմի կառավարման ներքո գտնվող սարքավորումների հետ գործողությունները կատարում է Շուկայի մասնակցի հերթապահ անձնակազմը՝ Համակարգի օպերատորի կարգավարի թույլտվությամբ: Շուկայի մասնակցի հերթապահ անձնակազմը գործողությունները կատարում է ներքին հրահանգների համաձայն:

9. Շուկայի մասնակցի հերթապահ անձնակազմը պարտավոր է անմիջապես տեղեկացնել Համակարգի օպերատորի կարգավարին վերջինիս օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների բոլոր խափանումների և ռեժիմային հարաչափերից անթույլատրելի շեղումների մասին:

10. Համակարգի օպերատորի կարգավարին ենթակա Շուկայի մասնակցի հերթապահ անձնակազմը պարտավոր է հերթափոխն ընդունելուց հետո զեկուցել Համակարգի օպերատորի կարգավարին, ինչպես նաև վերջինիս պահանջով` ցանկացած պահի զեկույցի մեջ նշելով էներգաօբյեկտի սխեման տվյալ պահի կացությամբ, ինչպես նաև Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների վիճակի, ռեժիմային հարաչափերի, առկա թերությունների, նախատեսվող նորոգումների ու փոխարկումների մասին: Զեկույցից հետո էներգաօբյեկտի ժամացույցը ճշտվում է Համակարգի օպերատորի կարգավարական կետի ժամացույցի հետ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԸ ՆՈՐՈԳՄԱՆ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

11. Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների վրա աշխատանքները կատարվում են նորոգման կամ այլ նպատակով աշխատանքից դուրս բերման հայտի (այսուհետ` հայտ) համաձայն: Հայտը տրվում է սույն հրահանգի 1-ին կետում նշված ցուցակներում ներառված աշխատակիցների կողմից: Անհրաժեշտության դեպքում (փորձարկումներ տարբեր սարքավորումների վրա, մի քանի փուլից բաղկացած փոխարկումներ և այլն) հայտից բացի տրվում է նաև Շուկայի մասնակցի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված և Համակարգի օպերատորի հետ համաձայնեցված աշխատանքային ծրագիրը:

12. Հայտում նշվում են էներգաօբյեկտը, սարքավորման կամ սարքվածքի կարգավարական անվանումը, աշխատանքների բովանդակությունն ու ժամկետը, վթարային պատրաստականության ժամկետը, մնացորդային հզորությունը: Տվյալների անբավարարության դեպքում հայտը չի ընդունվում:

13. Պլանային նորոգումների համար հայտերը հաղորդվում են Համակարգի օպերատորի կարգավարին` ժամը 12.00 - 15.00-ը, հետևյալ օրերին.

1) երկուշաբթի` չորեքշաբթի օրվա համար,

2) երեքշաբթի` հինգշաբթի օրվա համար,

3) չորեքշաբթի` ուրբաթ օրվա համար,

4) հինգշաբթի` շաբաթ, կիրակի, երկուշաբթի օրերի համար,

5) ուրբաթ` երեքշաբթի օրվա համար,

6) շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերին հայտեր չեն ընդունվում:

14. Սարքավորման վթարային անջատման կամ այն անհապաղ ձեռքով անջատելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում սարքավորման անջատվելուց հետո տրվում է շտապ հայտ՝ նորոգման աշխատանքներ կատարելու կամ աշխատանքների ծավալն ու կատարման ժամկետը որոշելու նպատակով: Շտապ հայտերը տրվում են շաբաթվա ցանկացած օրը և օրվա ցանկացած ժամին:

15. Տարբեր միացությունների վրա հերթականությամբ նույնատիպ աշխատանքներ կատարելու դեպքում յուրաքանչյուր միացության համար ձևակերպվում է առանձին հայտ:

16. Սարքավորման և սարքվածքի նորոգման ժամկետը երկարացնելու համար հայտերը հաղորդվում են թույլատրված ժամկետից մեկ օր առաջ: Հայտում նշվում են երկարացման ժամկետը, ժամը և պատճառը։

17. Հայտերի պատասխանները Համակարգի օպերատորի կարգավարը Շուկայի մասնակցի հերթապահ անձնակազմին հայտնում է նորոգումն սկսելու կամ շարունակելու նախօրյակին` մինչև ժամը 1300-ն:

18. Թույլատրված հայտով աշխատանքներն սկսելուց առաջ Շուկայի մասնակցի հերթապահ անձնակազմը պարտավոր է Համակարգի օպերատորի կարգավարից թույլտվություն ստանալ՝ սարքավորումը կամ սարքվածքը նորոգման դուրս բերելու գործողությունները սկսելու համար: Համակարգի օպերատորի կարգավարը կարող է արգելել կամ հետաձգել թույլատրված հայտը՝ ելնելով էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմից և իրավիճակից:

19. Համակարգի օպերատորի կարգավարը կարող է իր հերթափոխի ընթացքում օպերատիվ կարգով թույլատրել իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորման վրա աշխատանքների կատարումը, եթե դա համակարգի և սարքավորման աշխատանքի ռեժիմով թույլատրելի է: Այդ մասին համապատասխան գրանցում է կատարվում օպերատիվ մատյանում:

20. Նորոգման աշխատանքների սկիզբը համարվում է սարքավորման և սարքվածքի անջատման պահը: Նորոգումը համարվում է ավարտված՝ դրանք պահուստավորելու կամ աշխատանքի մեջ դնելու պահից: Սարքավորումները, սարքվածքները և կառուցվածքները նորոգման հանելու ու նորոգումից հետո աշխատանքի մեջ դնելու համար կատարվող գործողությունների, ինչպես նաև դրանց գործարկելու վրա ծախսված ժամանակը ներառվում է սարքավորման նորոգման թույլատրված ժամկետի մեջ:

21. Եթե Շուկայի մասնակիցը թույլատրված հայտով աշխատանքը չի կատարում, ապա Համակարգի օպերատորի կարգավարին հայտնում է աշխատանքը չկատարելու պատճառը:

22. Եթե Շուկայի մասնակիցը թույլատրված հայտով աշխատանքը չի կատարում Համակարգի օպերատորի կարգավարի չթույլատրելու պատճառով, ապա վերջինս հայտնում է աշխատանքների կատարումը չթույլատրելու պատճառը:

23. Հիմնական և միջին նորոգման աշխատանքների ավարտից հետո էլեկտրակայանների սարքավորումները փորձարկման համար դրվում են աշխատանքի մեջ և դրանց հարաչափերը (բեռնվածություն, ճնշում, ջերմաստիճան և այլն) աստիճանաբար հասցվում են անվանական արժեքներին:

24. Սարքավորման փորձարկման տևողությունը որոշվում է Համակարգի օպերատորի հետ համաձայնեցված փորձարկման ծրագրով: Թերությունների բացակայության դեպքում սարքավորման նորոգումը համարվում է ավարտված և հայտը փակվում է: Սարքավորման հայտը փակվում է նաև այն դեպքում, երբ Համակարգի օպերատորը նորոգումից հետո չի թույլատրում սարքավորման փորձարկումը:

25. Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերություններում նոր շահագործման հանձնվող հիմնական սարքավորումները (գեներատորներ, 110 և 220 կՎ լարման տրանսֆորմատորներ, կոմուտացիոն ապարատներ, էլեկտրահաղորդման գծեր և այլն) աշխատանքի մեջ են դրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 739-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, Համակարգի օպերատորի կարգավարի կարգադրությամբ կամ թույլտվությամբ` Շուկայի մասնակցի տեխնիկական ղեկավարի կողմից գործարկվող սարքավորման օպերատիվ սխեման և տեխնիկական հարաչափերը ներկայացվելուց հետո:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՎԵՐԱԴԱՍ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

26. Համակարգի օպերատորի կարգավարն իրավունք ունի իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների կամ սարքվածքների վերաբերյալ տալ հետևյալ կարգադրությունները.

1) գործարկման կամ աշխատանքի դադարեցման,

2) նորոգման դնելու կամ նորոգումից դուրս բերելու,

3) լարման տակ դնելու կամ հոսանքազրկելու,

4) գործողության մեջ դնելու կամ գործողությունից հանելու,

5) միացման կամ անջատման,

6) օդային գծերի արտահերթ շրջայցեր կազմակերպելու,

7) սարքավորումների և սարքվածքների զննումներ կատարելու:

27. Էլեկտրակայանների հերթափոխի պետերը պարտավոր են ճշտորեն կատարել Համակարգի օպերատորի կողմից առաջադրված ակտիվ և ռեակտիվ հզորությունների բեռնվածքի գրաֆիկները, հարկադրված շեղումների և դրանց պատճառների մասին անմիջապես տեղյակ պահել Համակարգի օպերատորի կարգավարին:

28. Համակարգի օպերատորի կարգավարի յուրաքանչյուր կարգադրություն և դրա կատարման մասին Շուկայի մասնակցի հերթապահ անձնակազմի հաղորդագրությունը գրանցվում են Համակարգի օպերատորի կարգավարի և Շուկայի մասնակցի հերթապահ անձնակազմի օպերատիվ մատյաններում:

29. Ստանալով Համակարգի օպերատորի կարգավարի կարգադրությունը, Շուկայի մասնակցի հերթապահ անձնակազմը պարտավոր է կրկնել այն, ստանալ հաստատումը և գրառել օպերատիվ մատյանում, իսկ կարգադրությունը կատարելուց հետո այդ մասին գրառել օպերատիվ մատյանում և հայտնել Համակարգի օպերատորի կարգավարին:

30. Համակարգի օպերատորի կարգավարների կարգադրությունները Շուկայի մասնակցի հերթապահ անձնակազմը պարտավոր է կատարել անհապաղ և անվերապահորեն, բացառությամբ մարդկանց անվտանգությանը և սարքավորման պահպանությանը սպառնացող դեպքերի: Եթե կարգադրություն ընդունողն այն համարում է սխալ, ապա պետք է հիմնավորված առարկություն ներկայացնի: Համակարգի օպերատորի կարգավարի կողմից կարգադրությունը հաստատվելու դեպքում ենթակա օպերատիվ անձնակազմը պարտավոր է այն կատարել: Իր անհամաձայնության և կարգադրությունը չկատարելու մասին հերթապահը տեղեկացնում է կարգադրություն տվող կարգավարին, ինչպես նաև իր տեխնիկական ղեկավարին` օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրանցում:

31. Համակարգի օպերատորի կարգավարի կարգադրության չկատարման կամ անհիմն ուշացման համար պատասխանատվությունը կրում է կարգադրությունը չկատարող անձը կամ նրա ղեկավարը, եթե կարգադրությունը չի կատարվել վերջինիս պահանջով:

32. Համակարգի օպերատորի կարգավարն իրավունք ունի Շուկայի մասնակցի տեխնիկական ղեկավարից պահանջել փոխարինել իրեն օպերատիվ կարգով ենթակա հերթապահին` վերջինիս կողմից իր պարտականությունները թերի կատարելու կամ չկատարելու դեպքում:

33. Հերթապահը համարվում է փոխարինված, երբ նոր հերթապահը կամ տեխնիկական ղեկավարը ընդունում է հերթափոխը` օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրանցում:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՕՊԵՐԱՏԻՎ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

34. Օպերատիվ կարգադրությունները պետք է տրվեն հստակ, առանց ավելորդ արտահայտությունների և որոշակի կրճատումներով, համաձայն Համակարգի օպերատորի կենտրոնական կարգավարական ծառայությունում գործող կարգավարական անվանումների և հապավումների ցուցակի: Համակարգի օպերատորը պարտավոր է այդ ցուցակը ներկայացնել Շուկայի մասնակիցներին:

35. Օպերատիվ խոսակցությունների ժամանակ ենթակա և վերադաս օպերատիվ անձնակազմերը պարտավոր են միմյանց դիմել միայն պաշտոնապես՝ ազգանունով։

36. Կարգադրությունն ընդունող անձը պարտավոր է այն կրկնել, իսկ տվողը՝ հաստատել:

37. Օպերատիվ փոխարկումների ժամանակ չի թույլատրվում վարել փոխարկումներին չվերաբերող խոսակցություն:

(հավելվածը փոփ. 27.08.14 N 341-Ն)

 

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2008 թվականի հուլիսի 2-ի
N 347-Ն որոշմամբ հաստատված
կարգի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգում նշված տեղեկատվությունը կողմերը ներկայացնում են գրավոր: Առանձին դեպքերում տեղեկատվությունը կարող է ներկայացվել օպերատիվ կարգով` ընկերությունների օպերատիվ անձնակազմի միջոցով օպերատիվ մատյաններում համապատասխան գրանցումներ կատարելու պայմանով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

 

2. Բաշխողը պարտավոր է յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի 1-ը Համակարգի օպերատորին ներկայացնել էլեկտրաէներգիայի գնման հաջորդ տարվա համար կանխատեսվող մեծությունների վերաբերյալ տեղեկատվություն` հետևյալ ծավալով.

1) էլեկտրաէներգիայի սպառման մեծություններն ըստ ամիսների,

2) յուրաքանչյուր ամսվա համար երրորդ շաբաթվա մեկ աշխատանքային և մեկ հանգստյան օրվա բեռի գրաֆիկը:

3. Շուկայի մասնակիցները յուրաքանչյուր տարի՝ մինչև հոկտեմբերի 15-ը, պարտավոր են Համակարգի օպերատորին ներկայացնել Համակարգի օպերատորի օպերատիվ կառավարման ներքո գտնվող սարքավորումների՝ այդ թվում նաև՝ ՌՊևԱ սարքվածքների, նորոգումների գրաֆիկները: Արտադրողները յուրաքանչյուր տարի՝ մինչև հոկտեմբերի 15-ը, պարտավոր են Համակարգի օպերատորին ներկայացնել նաև հետևյալ տեղեկատվությունը.

1) Հանձնաժողովի կողմից հաջորդ տարվա համար հաստատվող էլեկտրական հզորությունների վերաբերյալ տեղեկատվությունը` տնօրինելի հզորություն, նվազագույն հզորություն, ինչպես նաև հզորության զարգացման և նվազեցման արագությունները,

2) գետերի բնական հոսքի հաջորդ տարվա կանխատեսումները,

3) ոռոգման ռեժիմների հաջորդ տարվա պլանը:

(3-րդ կետը խմբ. 27.08.14 N 341-Ն)

4. Սույն հրահանգի 3-րդ կետի 2) և 3) ենթակետերում նշված տեղեկատվությունը ներկայացնում են հիդրոէլեկտրակայանների և հիդրոէլեկտրակայանների համալիրների սեփականատեր Արտադրողները:

(4-րդ կետը փոփ. 27.08.14 N 341-Ն)

5. Համակարգի օպերատորը սույն հրահանգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված տեղեկատվության հիման վրա հաշվարկում է էլեկտրաէներգիայի արտադրության ռեժիմները և անհրաժեշտ պահուստային հզորությունները` ելնելով նվազագույն ծախսումներով ներքին պահանջարկը բավարարելու, ինչպես նաև համակարգի հուսալիության ու անվտանգության ցուցանիշներն ապահովելու պայմաններից:

6. Համակարգի օպերատորը պարտավոր է յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 20-ը Շուկայի մասնակիցներին ներկայացնել`

1) սարքավորումների պլանային նորոգումների համաձայնեցված գրաֆիկները,

2) էլեկտրակայանների տարեկան կանխատեսվող արտադրանքն ըստ ամիսների,

3) հզորության և էլեկտրաէներգիայի կանխատեսվող տարեկան հաշվեկշիռը:

(6-րդ կետը փոփ. 27.08.14 N 341-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

 

7. Համակարգի օպերատորը պարտավոր է Շուկայի մասնակիցներին ներկայացնել`

1) տարեկան պլանով նախատեսված ամսական ռեժիմների փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը` մինչև նախորդ ամսվա 25-ը,

2) տարեկան նորոգումների գրաֆիկի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը` մինչև նախորդ ամսվա 25-ը,

3) հաջորդ օրվա բեռի գրաֆիկը` մինչև նախորդ օրվա ժամը 1600-ն:

8. Սույն հրահանգի 7-րդ կետի 3) ենթակետում նշված տեղեկատվությունը Համակարգի օպերատորը ներկայացնում է հիդրոէլեկտրակայանների և հիդրոէլեկտրակայանների համալիրների սեփականատեր Արտադրողներին:

(8-րդ կետը փոփ. 27.08.14 N 341-Ն)

9. Հիդրոէլեկտրակայանների և հիդրոէլեկտրակայանների համալիրների սեփականատեր Արտադրողները պարտավոր են Համակարգի օպերատորին ներկայացնել`

1) ոռոգման ջրի տասնօրյակային պահանջարկի քանակությունների վերաբերյալ տեղեկատվությունը` երկու օր առաջ,

2) ոռոգման ջրի օրական պահանջարկի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը` երկու օր առաջ:

(9-րդ կետը փոփ. 27.08.14 N 341-Ն)

10. Վթարային իրավիճակում Համակարգի օպերատորը կարող է փոփոխել կայանով անցնող ջրի պլանավորված քանակը` այդ մասին անմիջապես տեղյակ պահելով Արտադրողին:

(հավելվածը խմբ., փոփ. 27.08.14 N 341-Ն)

 

 

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2008 թվականի հուլիսի 2-ի
N 347-Ն որոշմամբ հաստատված
կարգի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՌԵԼԵԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգում նշված առաջադրանքները և տեղեկատվությունը Համակարգի օպերատորը և Շուկայի մասնակիցները պարտավոր են միմյանց ներկայացնել գրավոր: Առանձին դեպքերում, ելնելով հրատապությունից, դրանք կարող են ներկայացվել հեռախոսագրի տեսքով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՌԵԼԵԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱԴՐՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ

 

2. Յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի 15-ը Շուկայի մասնակիցները պարտավոր են Համակարգի օպերատորին ներկայացնել վերջինիս օպերատիվ ենթակայության ներքո գտնվող ՌՊևԱ սարքվածքների պլանային ստուգումների գրաֆիկները:

(2-րդ կետը փոփ. 27.08.14 N 341-Ն)

3. Համակարգի օպերատորը Շուկայի մասնակիցներին է ներկայացնում`

1) իր կողմից հաստատված ՌՊևԱ սարքվածքների նախադրվածքների քարտերը,

2) ՌՊևԱ սարքվածքների նախադրվածքների փոփոխությունների վերաբերյալ առաջադրանքները,

3) ՌՊևԱ սարքվածքների պլանային ստուգումների համաձայնեցված գրաֆիկները,

4) տրանսֆորմատորների փաթույթների չեզոքների հողակցման առաջադրանքները:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՌԵԼԵԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՍԿՈՒՄԸ

 

4. Շուկայի մասնակիցները պարտավոր են Համակարգի օպերատորին անմիջապես տեղեկացնել իրենց տարածքում տեղակայված ՌՊևԱ սարքվածքների խափանումների դեպքերի մասին:

5. Շուկայի մասնակիցները պարտավոր են հնարավորին սեղմ ժամկետում վերացնել ՌՊևԱ սարքվածքների անսարքությունները և այդ մասին հայտնել Համակարգի օպերատորին:

6. Վթարային անջատումների դեպքում, Համակարգի օպերատորի պահանջով, Շուկայի մասնակիցները պարտավոր են 2 օրվա ընթացքում ներկայացնել տեղեկատվություն տեղի ունեցած կարճ միակցման տեղի և տեսակի վերաբերյալ, ինչպես նաև վթարի վերաբերյալ գրանցող սարքերից ստացված տեղեկատվությունը:

7. Համակարգի օպերատորից ՌՊևԱ սարքվածքների նախադրվածքների փոփոխության վերաբերյալ առաջադրանք ստանալու դեպքում Շուկայի մասնակիցները պարտավոր են այդ փոփոխությունները կատարել Համակարգի օպերատորի կողմից նշված ժամկետում և անմիջապես հայտնել նրան կատարման մասին:

8. Շուկայի մասնակիցները պարտավոր են պլանային և արտապլանային ստուգումներից անմիջապես հետո արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն հայտնել Համակարգի օպերատորին:

9. Շուկայի մասնակիցները պարտավոր են Համակարգի օպերատորի պահանջով կատարել ՌՊևԱ սարքվածքների արտահերթ ստուգում:

10. Համակարգի օպերատորը Շուկայի մասնակիցների պահանջով պարտավոր է ներկայացնել իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող հաղորդաձողերի վրա կարճ միակցման հոսանքների մեծությունները:

(10-րդ կետը փոփ. 27.08.14 N 341-Ն)

(հավելվածը փոփ. 27.08.14 N 341-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.05.2017, N 161-Ն 01.07.2017, N 347-Ն
27.08.2014, N 341-Ն 26.09.2014, N 347-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան