Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.01/52(1065).1 Հոդ.878.25
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.05.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԿԴ/0029/01/13

Գործ թիվ ԿԴ/0029/01/13

Նախագահող դատավոր՝ Ե. Դարբինյան

Դատավորներ` Գ. Ավետիսյան

Ս. Չիչոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

   
մասնակցությամբ պաշտպան

Մ. Մկրտչյանի

ամբաստանյալ

Գ. Մինասյանի

2014 թվականի մայիսի 31-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գագիկ Հայկի Մինասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2014 թվականի փետրվարի 4-ի որոշման դեմ մեղադրող Գ.Խանզադյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի հունիսի 15-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում Գարիկ Մաթևոսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու փաստի առթիվ հարուցվել է թիվ 49106413 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշված հանցանքը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել է Գագիկ Մինասյանը:

2013 թվականի հունիսի 18-ի որոշմամբ Գ.Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2013 թվականի հունիսի 18-ի որոշմամբ բավարարվել է Գ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, և կալանավորումը փոխարինվել է գրավով` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Նախաքննության մարմնի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ Գ.Մինասյանի կողմից տուժողներ Վ.Մաթևոսյանի և Գ.Հակոբյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու փաստով Գ.Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է տուժողների հետ հաշտվելու հիմքով:

2013 թվականի հոկտեմբերի 4-ին Գ.Մինասյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան:

2. Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգով քննելով գործը, 2013 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ Գ.Մինասյանի նկատմամբ կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) 5-րդ կետի 3-րդ ենթակետը, Գ.Մինասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցրել է:

3. Մեղադրող Գ.Խանզադյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2014 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի փետրվարի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Գ.Խանզադյանը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ մեղադրող Գ.Խանզադյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ստացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Գ.Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 14.06.2013թ.՝ ժամը 23.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող` «Հրազդանի ԲԿ» ՓԲԸ-ի ծննդատան և ինֆեկցիոն բաժանմունքների դիմաց առկա հատվածում, իր և Վալեր Արամայիսի Մաթևոսյանի նորածին երեխաների վերաբերյալ առաջացած խոսակցության, ապա վերաճած վիճաբանության ժամանակ, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, նշված հատվածում կայանված իր մեքենայի շարժիչի ծածկոցի վրայից վերցրել է խոհանոցային դանակը և դրանով հարվածներ հասցրել ներկաներին, որի հետևանքով Գարիկ Արամայիսի Մաթևոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 135, 261-267):

6. Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 14-ի որոշման համաձայն՝ «Ամբաստանյալ Գ.Մինասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որի սանկցիան նախատեսում է պատիժ` ազատազրկում` երեքից յոթ տարի ժամկետով:

Փաստորեն, ամբաստանյալ Գ.Մինասյանի նկատմամբ արագացված կարգով դատական քննության արդյունքում նշանակվող պատիժը չի կարող գերազանցել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առավել խիստ պատժի` 7 տարի ժամկետով ազատազրկման երկու երրորդը, որը կազմում է 4 տարի 8 ամիս:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետի` «քրեական հետապնդում չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաև կարճել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ (...) դատարանների վարույթում գտնվող քրեական գործերը (...), որոնցով սույն որոշման 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերում թվարկված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում (...)»:

Ամբաստանյալ Գ.Մինասյանը մեղադրվում է մինչև 2013թ. սեպտեմբերի 1-ը կատարած (2013թ. հունիսի 14-ին)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, որի համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը:

Համաներման ակտի 2-րդ կետի 4-րդ ենթակետում թվարկված անձինք են` մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք:

Ըստ գործում առկա նյութերի` ամբաստանյալ Գ.Մինասյանը խնամքին ունի մինչև երեք տարեկան երկու երեխաներ` Արմեն Գագիկի Մինասյան, ծնված 11.08.2011թ. և Արեն Գագիկի Մինասյան, ծնված 14.06.2013թ.:

(…)

Հիմք ընդունելով վերը շարադրվածը և նկատի ունենալով, որ ամբաստանյալ Գ.Մինասյանի նկատմամբ համաներման որոշման կիրառման սահմանափակումները գործի նյութերում բացակայում են, դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գ.Մինասյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական գործի վարույթը պետք է կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 82-86):

7. Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Առաջին ատյանի դատարանը կիրառել է այն նորմը, որը ենթակա է եղել կիրառման և անդրադառնալով վերաքննիչ բողոքում տեղ գտած այն փաստարկին, որ Գ.Մինասյանի նկատմամբ Համաներում հայտարարելու մասին որոշումը կիրառելիս Առաջին ատյանի դատարանը պետք է հիմք ընդուներ վերջինիս մեղսագրվող հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատժի առավելագույն չափը (յոթ տարի ժամկետով ազատազրկումը)՝ առանց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառման՝ արձանագրել է. «(…) [այդ փաստարկը] անհիմն է, քանի որ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման 18-րդ կետը հստակ սահմանում է, որ՝

«Սույն որոշումը կիրառվում է արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո»:

Բացի այդ (…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` այլ օրենքներում պարունակվող քրեական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն քրեական դատավարության օրենսգրքին, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված վարույթի կարգը պարտադիր է դատարանների և դատավարության մասնակիցների համար: Այսինքն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կիրառման առումով նշված օրենքը մյուս օրենքների, այդ թվում նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի նկատմամբ ունի առավել բարձր իրավաբանական ուժ, որովհետև կոնկրետ դեպքում սահմանում է արագացված դատաքննության դեպքում անձի նկատմամբ պատժի նշանակման արտոնյալ պայմանները` դրա առավելագույն պատժաչափի սահմանը: Վերաքննիչ դատարանն օրենքների իր մեկնաբանությունը հիմնավորում է նաև իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի պահանջներով` համաձայն որի հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտերի` տվյալ դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի հակասության դեպքում պետք է կիրառվի ֆիզիկական անձ` ամբաստանյալ Գ.Մինասյանի համար նախընտրելի իրավական ակտ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածը» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 123-127):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերի պնդմամբ սույն գործով դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի մի շարք նորմերի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասում օրենսդիրը տարբերակում է կատարված հանցագործության համար նախատեսված սանկցիան և նշանակվող պատիժը` օգտագործելով «կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատիժ» արտահայտությունը: Այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված սանկցիան և արագացված կարգի կիրառմամբ նշանակվող պատիժը չեն նույնանում: Այս կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ եթե արագացված կարգի կիրառմամբ նշանակվող առավելագույն պատժի սահմանագիծը դիտարկվի որպես հանրորեն վտանգավոր արարքի` օրենքով նախատեսված սանկցիա, ապա կստացվի, որ Գ.Մինասյանին մեղսագրվող արարքը, ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դասվում է ոչ թե ծանր, այլ միջին ծանրության հանցագործությունների շարքին: Ավելին, որոշ դեպքերում ձևական բնույթ կկրի նաև օրենսդրի այն սահմանափակումը, որ դատական քննության արագացված կարգ կարող է կիրառվել, եթե անձը մեղադրվում է այնպիսի հանցանք կատարելու մեջ, որի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 (տասը) տարի ժամկետով ազատազրկումը: Օրինակ՝ այն իրավիճակում, երբ ամբաստանյալը կատարել է այնպիսի հանցանք, որի համար ազատազրկման ձևով նախատեսված պատիժը գերազանցում է տասը տարին, սակայն արագացված կարգի կիրառմամբ սանկցիան նվազում և դառնում է 10 (տասը) տարուց պակաս, ապա այդ պարագայում ևս հնարավոր կլինի իրականացնել դատական քննության արագացված կարգ, քանի որ ամբաստանյալին մեղսագրվող արարքի համար նախատեսված պատիժը նվազում է, և նրա նկատմամբ չի կարող նշանակվել ազատազրկման ձևով պատիժ` 10 (տասը) տարուց ավելի ժամանակով:

Վերոգրյալից բողոք բերած անձը հետևություն է արել այն մասին, որ սույն գործով դատարանների ձևավորած մոտեցումը ոչ թե համակարգային, այլ իրավիճակային լուծում է, որով խախտվում է նաև իրավական որոշակիության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքները, քանի որ նման դեպքերում քրեական գործի վարույթի կարճման իրավասություն կունենա բացառապես առաջին ատյանի դատարանն այն պայմաններում, երբ օրենսդիրը վարույթն իրականացնող բոլոր մարմիններին հավասարապես տվել է համաներման կիրառմամբ քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն:

Անդրադառնալով օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքին՝ բողոքաբերը փաստարկել է, որ միայն արագացված կարգի կիրառման արդյունքում քրեական հետապնդման դադարեցման դեպքում ստացվում է, որ այն անձինք, ում նկատմամբ չի կիրառվել դատական քննության արագացված կարգ, կհայտնվեն անհավասար վիճակում՝ ի համեմատ նման միջնորդություն ներկայացրած անձանց: Ընդ որում, դա կարող է պայմանավորված լինել նաև այլ անձանց (դատախազ, տուժող) կամքով, ինչպես նաև դատարանի դիրքորոշմամբ, երբ դատարանը գտնի, որ անձը չի գիտակցում արագացված կարգի էությունը կամ իր կամքով չի ներկայացնում միջնորդությունը և այլն:

9. Բողոքաբերն անհամաձայնություն է արտահայտել դատական քննության արագացված կարգը բարելավող օրենք դիտարկելու վերաբերյալ հետևության հետ՝ նշելով, որ օրենքը կարելի է բարելավող համարել, եթե մինչ այդ նմանատիպ հարաբերություններն այլ ձև են կարգավորվել կամ այդ հարաբերությունը շարունակվում է նույն կերպ կարգավորվել, սակայն տվյալ պարագայում նոր օրենքի ընդունումը կամ օրենքի փոփոխությունն այլ կերպ բարելավում է անձի վիճակը: Բովանդակային մեկնաբանության ենթարկելով Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետը` բողոքաբերը փաստարկել է, որ օրենսդիրը դրանում ընդգրկել է այն դեպքը, երբ անձը կասկածվում է համապատասխան արարքի կատարման մեջ կամ առկա են իրական հիմքեր համապատասխան արարքի կատարման համար նրան մեղադրանք առաջադրելու համար, ինչպես նաև այն դեպքը, երբ անձին արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել այնպիսի հանցագործության հատկանիշներով, որոնց համար նախատեսված պատիժը չի գերազանցում 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկումը:

Վերոգրյալից բողոք բերած անձը հետևություն է արել այն մասին, որ նախաքննության ընթացքում արդեն իսկ պարզ է դառնում արարքը (հետևաբար նաև՝ սանկցիան), որով անձը կարող է մեղադրվել կամ մեղադրվում է: Այսինքն, օրենսդիրը սանկցիայի իմաստով ի նկատի ունի այն, ինչն ի սկզբանե նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով: Հակառակ պարագայում օրենսդիրը «նախատեսված» բառի փոխարեն կօգտագործեր «կարող է նշանակվել» կամ «կարող է նախատեսվել» արտահայտությունը: Ի վերջո, արարքի պատժելիությունը որոշվում է միայն ՀՀ քրեական օրենսգրքով:

10. Բողոքաբերն անհամաձայնություն է արտահայտել նաև դատարանների այն եզրահանգման հետ, որի համաձայն՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի հիման վրա սույն գործով պետք է կիրառվի անձի` Գ.Մինասյանի համար նախընտրելի իրավական նորմը, այն է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածը: Նշված անհամաձայնությունը բողոքի հեղինակը հիմնավորել է նրանով, որ հակասություն կարող է դիտարկվել այն, երբ հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտերը հակասական, տարբերակված մոտեցում են դրսևորում միևնույն հարցի շուրջ: Մինչդեռ քրեական իրավունքի և քրեական դատավարության փոխադարձ կապը պայմանավորված է ձևի և բովանդակության հարաբերակցությամբ, և տվյալ պարագայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական քննության արագացված կարգն ապահովում է ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածով նախատեսված սանկցիայի կիրառումը:

11. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ իր հիմնավորումներում բողոք բերած անձն ընդգծել է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտությունը` վկայակոչելով կայացված այլ դատական ակտեր, որոնց համաձայն` արագացված դատական քննության արդյունքում Համաներման ակտի համապատասխան դրույթների կիրառմամբ ոչ թե կարճվել է քրեական գործով վարույթը, այլ ամբաստանյալներն ազատվել են նշանակված պատժից:

12. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 14-ի և Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 4-ի որոշումներն ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է, որը պայմանավորված է գործը դատական քննության արագացված կարգով քննելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի և Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառման կապակցությամբ ոչ միատեսակ դատական պրակտիկայի առկայությամբ (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը): Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. գործը դատական քննության արագացված կարգով քննելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ պատիժ նշանակելու կանոնները կիրառելու պայմաններում Գ.Մինասյանի նկատմամբ տարածվու՞մ է արդյոք Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետը:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝ «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե ընդունվել է համաներման ակտ»:

Համաներման ակտի կիրառման առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վ.Ավետիսյանի գործով որոշման մեջ՝ իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «(…) Համաներման ակտի կիրառումը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում: Ընդ որում, համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն» (տե՛ս Վարուժան Գագիկի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 16-րդ կետը):

16. Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ «Քրեական հետապնդում չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաև կարճել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ (…) դատարանների վարույթում գտնվող քրեական գործերը, (…), որոնցով` սույն որոշման 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերում թվարկված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում»:

Համաներման ակտի 18-րդ կետի համաձայն՝ «Սույն որոշումը կիրառվում է արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո»:

Համաներման ակտի վերոշարադրյալ դրույթները վերլուծության ենթարկելով Վ.Ավետիսյանի գործով որոշման մեջ ձևավորված դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համաներման ակտի 18-րդ կետն անհրաժեշտ է մեկնաբանել տառացի՝ անվերապահորեն պահպանելով դրանում նախատեսված կանոնն այն մասին, որ անձի նկատմամբ Համաներման ակտի կիրառումը, ի թիվս այլ պայմանների, հնարավոր է անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-ին հոդվածի համաձայն`

«1. Եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, ապա ամբաստանյալը կամ մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայնելու դեպքում իրավունք ունի միջնորդելու արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին այն հանցագործություններով, որոնց համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:

Մինչև դատաքննությունն սկսելը մեղադրողը դատարանի առաջարկությամբ կարող է իր դիրքորոշումը փոխել, թեպետ արագացված կարգ կիրառելու դեմ առարկել է մեղադրական եզրակացությունում:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում դատարանը կիրառում է դատական քննության արագացված կարգ, եթե`

1) ամբաստանյալը գիտակցում է իր կողմից ներկայացված միջնորդության բնույթը և հետևանքները, և

2) միջնորդությունը ներկայացված է կամավոր, և

3) պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո, եթե ամբաստանյալն ունի այդպիսին:

3. Դատարանը, գտնելով, որ ամբաստանյալի կողմից միջնորդություն ներկայացնելիս չեն պահպանվել սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված պայմանները, որոշում է ընդունում ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին:

Դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժում է նաև, եթե պարզում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ: (…) Ամբաստանյալի կամ մեղադրյալի անմեղսունակության առնչությամբ հիմնավոր կասկածների առկայության դեպքում դատարանը մերժում է արագացված կարգ կիրառելու միջնորդությունը՝ անցնելով ընդհանուր կարգով գործի քննությանը:

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.2-րդ հոդվածի համաձայն`

«1. Ամբաստանյալը (մեղադրյալը) դատական քննության արագացված կարգով անցկացնելու միջնորդություն կարող է ներկայացնել քրեական գործը դատարան ուղարկելու պահից մինչև դատաքննությունն սկսվելը:

2. Ներկայացված միջնորդությունը դատարանում պետք է հաստատվի պաշտպանի ներկայությամբ և նրա հետ խորհրդակցելուց հետո: Այն դեպքում, երբ ամբաստանյալը (մեղադրյալը) ներկայացրել է արագացված կարգ կիրառելու միջնորդություն և չունի պաշտպան, ապա դատարանը պարտավոր է ամբաստանյալին ապահովել պաշտպանով: Եթե ամբաստանյալին հնարավոր չէ անհապաղ ապահովել պաշտպանով, ապա դատարանը պաշտպանի մասնակցությունն ապահովելու նպատակով դատական նիստը հետաձգում է: Եթե ամբաստանյալը հրաժարվում է պաշտպան ունենալուց, ապա դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժում է` անցնելով ընդհանուր կարգով գործի քննությանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի համաձայն`

«(…)

3. Դատավորը հարցեր է տալիս ամբաստանյալին համոզվելու համար` պարզ է արդյոք նրան առաջադրված մեղադրանքը, համաձայն է արդյոք նա մեղադրանքի հետ, պնդում է արդյոք արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին միջնորդությունը, արդյոք միջնորդությունը ներկայացվել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը արդյոք խորհրդակցել է պաշտպանի հետ (եթե ամբաստանյալն ունի այդպիսին), գիտակցում է արդյոք արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները:

4. Հարցերի արդյունքում դատարանը, համոզվելով, որ առկա են սույն օրենսգրքի 375.1 հոդվածով նախատեսված պայմանները, որոշում է կայացնում արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին: Հակառակ դեպքում դատական քննությունն իրականացվում է ընդհանուր կարգով:

(…)

6. Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը:

(…)»:

Վերոշարադրյալ քրեադատավարական նորմերով սահմանված՝ դատական քննության արագացված կարգ կիրառելու հիմքերն ու պայմանները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Շ.Ամիրխանյանի և Գ.Ֆարմանյանի, ինչպես նաև Ա.Առուստամյանի գործերով կայացված որոշումներում (տե՛ս mutatis mutandis Շողակաթ Ժուլվերնի Ամիրխանյանի և Գառնիկ Մարտինի Ֆարմանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0209/01/10 և Անդրանիկ Գարիկի Առուստամյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ՏԴ/0145/01/11 որոշումները):

18. ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-931 որոշման համաձայն՝

«(…) Արագացված կարգով դատական քննությունը քրեական դատավարության ձև է, որն օրենքով սահմանված կարգով միտված է գործն առավել սեղմ ժամկետում և պարզեցված կանոններով լուծելուն: Այս ինստիտուտի առանցքում «գործարքն» է քրեական դատավարության երկու կողմերի` մեղադրանքի և պաշտպանության կողմերի միջև, որի շրջանակներում մեղադրյալը համաձայնում է առաջադրված մեղադրանքին, ինչի դիմաց նրա համար երաշխավորվում է պատժի այնպիսի չափ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժ, ինչպես նաև ամբաստանյալն ազատվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 2-8-րդ կետերով նախատեսված դատական ծախսերից: Համաձայնելով արագացված դատաքննությանը` ամբաստանյալը նաև կամովին հրաժարվում է մի շարք սահմանադրաիրավական երաշխիքներից, այն է` անմեղության կանխավարկածի սկզբունք, գործի հրապարակային քննության և այլ իրավունքներ: Մյուս կողմից` մեղադրողը հրաժարվում է մեղադրանքը պաշտպանելու իր գործառույթը լրիվ ծավալով իրականացնելուց` դրանով հնարավորություն ստանալով տնտեսել իր միջոցները, ինչպես նաև մեղադրյալին (ամբաստանյալին) խրախուսել համագործակցելու քրեական հետապնդման մարմինների հետ» (տե՛ս Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-ին հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-931 որոշման 6-րդ, 8-րդ և 11-րդ կետերը):

19. Սույն որոշման 17-18-րդ կետերում վկայակոչված՝ Վճռաբեկ դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական քննության արագացված կարգը գործող օրենսդրական կարգավորման պայմաններում կիրառվում է օրենսդրորեն սահմանված և դատական պրակտիկայում մշակված հստակ պայմանների առկայության պարագայում: Այդ պայմանների վերլուծությունը ցույց է տալիս, որ դատավարական այս կառուցակարգի նախադրյալներից մեկը համապատասխան սուբյեկտների (դատախազ, տուժող) կամարտահայտություն է: Բացի այդ, դատական քննության արագացված կարգի կիրառումը կախված է դրա համար անհրաժեշտ պայմանների առկայության մասին դատարանի տված իրավական գնահատականից, և ըստ այդմ, առանձին պայմանների գնահատման հարցում ենթադրում է որոշակի հայեցողություն դրսևորելու հնարավորություն (խոսքը, մասնավորապես, վերաբերում է դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությունը հարկադրաբար ներկայացնելու կամ միջնորդության բնույթն ու հետևանքները չգիտակցելու պայմաններին): Նշված հայեցողությունը, սակայն, բացարձակ բնույթ չի կրում, և դրա հնարավոր դրսևորման շրջանակները հստակ կանխորոշված են օրենքով (օրինակ՝ դատարանը մերժում է դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին միջնորդությունը, երբ առկա են հիմնավոր կասկածներ մեղադրյալի անմեղսունակության առնչությամբ, կամ ամբաստանյալը հրաժարվում է պաշտպան ունենալուց և այլն): Այլ կերպ` դատական քննության արագացված կարգի կիրառման, ինչպես նաև համապատասխան միջնորդության մերժման հիմքերն ու պայմանները հստակ սահմանված են օրենքով, և դրանց առկայության կամ բացակայության իրավական գնահատականը կախված չէ դատարանի սուբյեկտիվ դատողություններից: Փաստորեն, համապատասխան պայմանների առկայության պարագայում դատարանի կողմից դատական քննության արագացված կարգի կիրառումն օրենսդրի պարտադիր պահանջն է, իսկ դատավարական այս մեխանիզմի գործադրման անխուսափելի արդյունքը մեղադրական դատավճիռ կայացնելու դեպքում այնպիսի պատիժ նշանակելն է, որը չի կարող գերազանցել անձին մեղսագրվող հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, կամ եթե այն փոքր է տվյալ հանցագործության համար օրենքով նախատեսված առավել մեղմ պատժից, ապա` առավել մեղմ պատիժը:

20. Հիմք ընդունելով սույն որոշման 16-րդ կետում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառելիության հարցը լուծելիս անհրաժեշտ է պարզել, թե առկա չէ արդյոք արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք, որը ենթակա է կիրառման նախքան Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառումը: Անձի վիճակն այլ կերպ բարելավող է այն օրենքը, որը քրեական պատասխանատվության և պատժի նշանակման, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու կարգի ու պայմանների հետ կապված առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցանք կատարած անձի համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի իմաստով դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը: Այլ խոսքով՝ արագացված դատական քննության արդյունքում անձի նկատմամբ նշանակվող պատժի առավելագույն ժամկետը ավելի մեղմ է, քան ընդհանուր կարգով գործի քննության արդյունքում նշանակվող պատիժը, ինչը նշանակում է, որ արագացված դատական քննության արդյունքում կիրառվող պատժի նշանակման կանոնները, ի համեմատ ընդհանուր կարգով գործի քննության արդյունքում կիրառվող պատժի նշանակման կանոնների, առավել նպաստավոր պայմաններ են ստեղծում հանցանք կատարած անձի համար:

Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ արագացված դատական քննության արդյունքում պատիժ նշանակելու կարգը Համաներման ակտի 18-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք:

21. Սույն որոշման նախորդ կետում առկա եզրահանգման լույսի ներքո գնահատելով բողոքաբերի փաստարկներն առ այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասում ամրագրված նորմը չի կարող դիտարկվել որպես բարելավող օրենք Համաներման ակտի 18-րդ կետի իմաստով (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձը տարածական է մեկնաբանում Համաներման ակտի 18-րդ կետում ամրագրված կարգավորումը՝ փորձելով նույնացնել այն ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասում առկա կարգավորման հետ: Մինչդեռ Համաներման ակտի 18-րդ կետն անհրաժեշտ է մեկնաբանել տառացի (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը): Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի վերնագրից, այնպես էլ այդ հոդվածի 1-ին մասում ամրագրված նորմից ակնհայտ է, որ այն վերաբերում է քրեական օրենքի հետադարձության խնդրին: Այսպես, նշված հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց (…) վրա (…)»: Մինչդեռ, Համաներման ակտի վերոհիշյալ կետը սահմանում է միայն, որ Համաներման ակտը կիրառվում է արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո: Այսինքն՝ Համաներման ակտի 18-րդ կետում, ի տարբերություն ՀՀ քրեական օրենսգրքի վերը հիշատակած 13-րդ հոդվածի 1-ին մասի, չկա որևէ մատնանշում նոր ընդունված կամ փոփոխված օրենքը համապատասխան արարք կատարած անձանց վրա տարածելու կանոնի մասին: Բացի այդ, հետադարձ ուժի կանոնն արդեն իսկ կարգավորված է ՀՀ քրեական օրենսգրքում, կրում է համապարտադիր բնույթ, և այդ կանոնը գործելու է անկախ Համաներման ակտում նախատեսված լինելու հանգամանքից: Այսինքն՝ Համաներման ակտի 18-րդ կետը ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի վերարտադրությունը չէ: Եվ վերոնշյալ նորմերի համեմատական վերլուծությունից բխում է, որ Համաներման ակտում խոսքը ոչ թե բացառապես նոր ընդունված կամ փոփոխված, այլև հանցանք կատարած անձի վիճակը բարելավող նաև գործող օրենքը կիրառելու մասին է: Իսկ դատական քննության արագացված կարգի դատավարական ինստիտուտը, մասնավորապես այս դեպքում պատժի նշանակման առանձնահատկությունները կանոնակարգող նորմերը միանշանակ բարելավում են անձի վիճակը, քանի որ դրանց կիրառման արդյունքում էապես կրճատվում է անձի կատարած համապատասխան արարքի համար նախատեսված պատժաչափը:

22. Սույն որոշման 20-րդ կետում առկա եզրահանգման լույսի ներքո գնահատելով բողոքաբերի փաստարկներն առ այն, որ սույն գործով քննարկվող խնդրի առնչությամբ ստորադաս դատարանների ձևավորած դիրքորոշումը հակասում է իրավական որոշակիության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներին (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ անձին մեղսագրվում է այնպիսի հանցագործություն, որի համար օրենքով նախատեսված պատիժն ի սկզբանե չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, վարույթն իրականացնող մարմինն իրավասու է Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ քրեական գործով վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել: Իսկ ինչ վերաբերում է դատական քննության արագացված կարգի կիրառման արդյունքում Համաներման ակտի վերը հիշտակված դրույթի կիրառմանը, ապա դա նշված որոշման գործողության տակ ընկնելու լրացուցիչ հնարավորություն է այն անձանց համար, ովքեր ներկայացրել են դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին միջնորդություն, որը համապատասխան հիմքերի և պայմանների առկայության շնորհիվ բավարարվել է, և ինչի արդյունքում օրենքի իմպերատիվ դրույթի ուժով վերջիններիս վերագրվող հանցագործության համար օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը երկու երրորդով կրճատվելու արդյունքում իջեցվել է` բավարարելով հինգ տարի ժամկետով ազատազրկումը չգերազանցելու չափանիշին կամ պատժի վերին սահման է դարձել տվյալ հանցագործության համար օրենքով նախատեսված առավել մեղմ պատիժը, որը դարձյալ չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը: Իսկ Համաներման ակտի քննարկվող դրույթի բովանդակային մեկնաբանությունը նշված լրացուցիչ երաշխիքն անձին ընձեռելու որևէ արգելք չի պարունակում: Եվ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքին չի հակասում այն իրավիճակը, երբ համապատասխան հիմքերի և պայմանների բացակայության արդյունքում մերժվում է դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին միջնորդությունը, ինչի արդյունքում անհնար է դառնում նաև Համաներման ակտի կիրառումը, քանի որ որպես օրենքով նախատեսված պատիժ շարունակում է մնալ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածի սանկցիայով նախատեսված պատիժը: Ընդ որում, Համաներման ակտի քննարկվող դրույթը կարող է կիրառելի չլինել անգամ դատական քննության արագացված կարգը կիրառելու արդյունքում, երբ օրենքով համապատասխան ենթադրյալ հանցագործության համար նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդը գերազանցի հինգ տարի ժամկետով ազատազրկումը:

23. Սույն որոշման 20-րդ կետում առկա եզրահանգման հիման վրա Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում բողոքաբերի այն փաստարկի հետ, որ դատական քննության արագացված կարգի կիրառման արդյունքում նշանակվող առավելագույն պատժաչափը որպես օրենքով նախատեսված պատիժ դիտարկելը կարող է խախտել հանցագործությունների ընդունված դասակարգումը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Հանցագործությունների դասակարգման կանոնի համաձայն (ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդված)` հիմք է ընդունվում ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան նորմի սանկցիայով նախատեսված պատժատեսակն ու պատժաչափը: Ասվածը, սակայն, չի նշանակում, որ դատական քննության արագացված կարգի կիրառման արդյունքում անձի նկատմամբ նշանակվող պատժաչափի փոփոխությունը որևէ կերպ անդրադառնում է անձին մեղսագրվող հանցագործության ծանրության աստիճանի վրա:

24. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արագացված դատաքննության օրենսդրական կանոնակարգման տրամաբանությունից չի բխում նաև բողոքաբերի մտավախությունն օրենքով նախատեսված այն սահմանափակման հնարավոր ձևական բնույթի մասին, համաձայն որի` դատական քննության արագացված կարգ կարող է կիրառվել միայն այն հանցագործություններով, որոնց համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Օրենքով նախատեսված այդ սահմանափակումը դատական քննության արագացված կարգի կիրառման պայմաններից մեկն է, որը, ինչպես հստակ սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-ին հոդվածի 1-ին մասում, որոշվում է ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան նորմի սանկցիայով, և այն մեկնաբանությունը, որ իբրև ելակետ պետք է ընդունել այն պատիժը, որը կարող է նշանակվել առավել խիստ պատժի երկու երրորդով կրճատման արդյունքում, օրենսդրական հիմքեր չունի: ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան նորմի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդով կրճատումը քննարկվող պայմանի, ի թիվս այլոց, առկայության պարագայում դատական քննության արագացված կարգի կիրառման արդյունքն է:

25. Ինչ վերաբերում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի միջև առկա հակասության և ըստ այդմ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կոլիզիոն նորմերը կիրառելու մասին դիրքորոշման հետ բողոք բերած անձի անհամաձայնությանը (տե՛ս սույն որոշման 7-րդ և 10-րդ կետերը), ապա Վճռաբեկ դատարանը համաձայն է բողոքաբերի այս փաստարկի հետ և գտնում է, որ տվյալ դեպքում նման հակասությունը ոչ միայն բացակայում է, այլ ակնհայտ է ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի կապն այն առումով, որ դատական քննության արագացված կարգը կանոնակարգող դատավարական իրավունքի նորմերը պարունակում են հղումներ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերին: Այսպես, դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններից մեկը, ինչպես արդեն նշվել է, անձին այնպիսի հանցագործության մեղսագրումն է, որի համար օրենքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 (տասը) տարի ժամկետով ազատազրկումը, իսկ այս պայմանը բնականաբար որոշվելու է ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան դրույթների հիման վրա, կամ արագացված դատական քննության արդյունքում երկու երրորդով կրճատվում է հենց ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատիժը:

26. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանում դատական քննության արագացված կարգը կիրառվել է օրենքով հստակ սահմանված հիմքերի և պայմանների առկայության պարագայում: Օրենքով սահմանված դատավարական կարգի պահպանմամբ դատական քննության արագացված կարգի կիրառման արդյունքում Առաջին ատյանի դատարանը, ղեկավարվելով Գ.Մինասյանին մեղսագրվող հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի, այն է` 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկման երկու երրորդը որպես առավելագույն պատիժ նշանակելու օրենսդրական պահանջով, հաշվարկել է, որ այս կանոնի կիրառման արդյունքում տվյալ հանցագործության համար օրենքով նախատեսված առավել խիստ պատիժ է դառնում 4 (չորս) տարի 8 (ութ) ամիս ժամկետով ազատազրկումը (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2014 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ: Համաձայնելով Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ առկա պատճառաբանությունների հետ՝ Վերաքննիչ դատարանը վկայակոչել է Համաներման ակտի 18-րդ կետը, որը հստակ սահմանում է, որ նշված ակտը կիրառվում է արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

27. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-20-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը դատական քննության արագացված կարգով քննելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ պատիժ նշանակելու կանոնները կիրառելու պայմաններում Գ.Մինասյանի նկատմամբ տարածվում է Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետը: Հետևաբար, միանգամայն իրավաչափ է Համաներման ակտի քննարկվող դրույթի կիրառմամբ Գ.Մինասյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործով վարույթը կարճելը և վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելը:

28. Հիմք ընդունելով սույն որոշման 14-27-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հիմնավորված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դատական սխալի` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտման առկայությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա: Ներկայացված վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական, հիմնավորված, պատճառաբանված է և համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին: Հետևաբար, վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 4-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանությունները:

Ուստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Գագիկ Հայկի Մինասյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 14-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի փետրվարի 4-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան