Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.01/52(1065).1 Հոդ.878.24
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.05.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0182/11/13

ԵԿԴ/0182/11/13

Նախագահող դատավոր`   Ս. Համբարձումյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

մասնակցությամբ 
դիմող
Ա. Մակարյանի
դատախազ

Ա. Մնացականյանի

 

 

2014 թվականի մայիսի 31-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի մարտի 5-ի որոշման դեմ դիմող Արման Վարուժանի Մակարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2013 թվականի ապրիլի 21-ին Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի թիվ 29 հասցեի դիմաց Դավիթ Փիլոյանը «Օպել-Վեկտրա» մակնիշի 259 ԼՍ 61 պետհամարանիշի ավտոմեքենայով ընդհարվել է Արման Մակարյանի վարած «ԲՄՎ-X5» մակնիշի 96 VՍ 666 պետհամարանիշի ավտոմեքենային, որի հետևանքով երկու վարորդները և Ա.Մակարյանի ավտոմեքենայի ուղևոր Արտակ Մակարյանը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստվել են նյութեր:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կ.Գրիգորյանի 2013 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է և Ա.Մակարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` դիմողի բողոքի բացակայության, իսկ Դ.Փիլոյանի նկատմամբ` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

2. 2013 թվականի սեպտեմբերի 30-ին դիմող Ա.Մակարյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի դատախազին` խնդրելով վերացնել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչ Կ.Գրիգորյանի 2013 թվականի օգոստոսի 1-ի որոշումը:

Երևան քաղաքի դատախազի 2013 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ դիմող Ա.Մակարյանի բողոքը մերժվել է:

3. 2013 թվականի նոյեմբերի 8-ին Ա.Մակարյանը և նրա ներկայացուցիչ Ս.Ոսկանյանը բողոք են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչ Կ.Գրիգորյանի 2013 թվականի օգոստոսի 1-ի որոշումը և բողոքը մերժելու մասին դատախազի 2013 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումը:

Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ դիմող Ա.Մակարյանի և նրա ներկայացուցիչ Ս.Ոսկանյանի բողոքը մերժվել է:

4. Նույն անձանց վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի մարտի 5-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

5. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մարտի 5-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Ա.Մակարյանը:

Վճռաբեկ դատարանը 2014 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

6. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կ.Գրիգորյանի 2013 թվականի օգոստոսի 1-ի` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման համաձայն` «(…) Ա.Մակարյանի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների 94-րդ կետի խախտման հետևանքով Դ.Փիլոյանի առողջությանը պատճառվել է միջին ծանության վնաս, այսինքն` նրա արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, սակայն քանի որ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը բողոք չի ներկայացրել, ուստի անհրաժեշտ է Արման Մակարյանի վերաբերյալ նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` դիմողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ» (տե՛ս նյութեր, թերթ 8-9):

7. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման համաձայն` «(…) [Դ]ատարանը գտնում է, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը, այդ թվում` դատախազի քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը հաստատելու մասին որոշումն օրինական և հիմնավոր են, քանի որ վարույթն իրականացնող մարմինը նյութերով քրեական գործի հարուցումը մերժելիս մանրամասն կերպով քննարկման առարկա է դարձրել, ի թիվս այլոց, դեպքի վայրի զննության արձանագրությունը, Դավիթ Փիլոյանից, Արտակ և Արման Մակարյաններից վերցրած բացատրությունները և փորձագետների եզրակացությունները, տվել է դրանց պատշաճ իրավական գնահատական, ղեկավարվել է քրեական դատավարության օրենսգրքի նորմերով, (…) պաշտոնեական արդյունավետ քննություն է իրականացվել, որի ընթացքում վարույթն իրականացնող մարմինը` քննիչը և դատախազը, դրսևորել են անհրաժեշտ ջանասիրություն, որը, ի թիվս այլոց, արտահայտվել է Դավիթ Փիլոյանից, Արտակ և Արման Մակարյաններից բացատրություններ վերցնելով, ինչպես նաև դատաքիմիական, դատաբժշկական, դատաավտոտեխնիկական փորձաքննություններ նշանակելով: (…) ուստի Դատարանը փաստում է, որ քննիչի և դատախազության գործողություններով չեն խախտվել Արման Վարուժանի Մակարյանի իրավունքները և ազատությունները» (տե՛ս նյութեր, թերթ 42-51):

8. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մարտի 5-ի որոշման համաձայն` «(…) [Ա]ռաջին ատյանի դատարանը, դիմող Ա.Մակարյանի և վերջինիս ներկայացուցիչ Ս.Ոսկանյանի բողոքը քննության առնելիս գտնելով, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացվել է օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, օրինական և հիմնավորված որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին: Ուստի բերված վերաքննիչ բողոքը բավարարելու և առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու հիմքեր չկան» (տե՛ս նյութեր, թերթ 101-109):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները ճիշտ չեն գնահատել գործով ձեռք բերված տվյալները, ինչի արդյունքում սխալ են կիրառել նյութական և դատավարական իրավունքի նորմերը:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը նշել է, որ դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել այն հանգամանքը, որ սույն գործով չեն ձեռնարկվել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: Մասնավորապես, չեն ներգրավվել բոլոր հնարավոր վկաները, և չի նշանակվել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն:

Բողոք բերած անձը նշել է նաև, որ սույն գործով ձեռք բերված տվյալներն իրենց համակցության մեջ ճիշտ չեն գնահատվել և դրանց մի մասին մյուսների նկատմամբ առավել նշանակություն է տրվել, ինչի արդյունքում մի շարք էական հակասությունների առկայության պայմաններում կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում` հիմնված «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Դ.Փիլոյանի բացատրության վրա:

10. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կ.Գրիգորյանի 2013 թվականի օգոստոսի 1-ի` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմամբ խախտվել են իր իրավունքներն ու ազատությունները, քանի որ դրա կայացման արդյունքում որևէ կերպ չի փոխհատուցվել իր առողջությանն ու գույքին պատճառված վնասը: Ուստի, խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մարտի 5-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանը քննության է առնում այն հարցը, թե օրինական և հիմնավորվա՞ծ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ դիմողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելով վարույթն իրականացնող մարմինն Ա.Մակարյանի իրավունքների և ազատությունների խախտում թույլ չի տվել:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն`

«1. Կատարված հանցագործության ծանրությունից և բնույթից ելնելով` քրեական դատավարությունում հետապնդումն իրականացվում է հանրային և մասնավոր կարգով:

2. Մասնավոր հետապնդման գործեր են համարվում սույն օրենսգրքի 183 հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը:

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (…) 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: (…)»:

Մեջբերված իրավադրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Վ.Եղիազարյանի գործով որոշման մեջ: Նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված քրեական գործի հարուցումը մերժելու, ինչպես նաև հարուցված քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքն ինքնին ենթադրում է, որ մեղսագրվող արարքի կատարումն անվիճելի փաստ է: Այս հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու համար ընդամենը պետք է, որ վարույթն իրականացնող մարմինը քննությամբ ձեռք բերված (փաստական) տվյալների հիման վրա հաստատված համարի, որ անձը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ արարք է կատարել, և միևնույն ժամանակ բացակայում է դիմողի (տուժողի) բողոքը: Նման իրավակարգավորումը թույլ չի տալիս անձին դատական պաշտպանության իրավունքի ուժով վիճարկել իրեն քրեական պատասխանատվության կանչելու փաստը, իր դեմ առաջադրված կասկածների, մեղադրանքի օրինականությունն ու հիմնավորվածությունը, չի նախատեսում անձի իրավունքների վերականգնման կարգ այն պայմաններում, երբ նրա մեղքը դեռ ապացուցված չէ:

Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով քրեական գործի հարուցումը մերժելիս կամ քրեական հետապնդումը դադարեցնելիս ենթադրյալ հանցանք կատարած անձի կարծիքը հաշվի առնելու, այդ թվում` նրա համաձայնությունը ստանալու օրենսդրական պահանջի բացակայությունը հանդիսանում է անմեղության կանխավարկածի սկզբունքի և արդար դատաքննության իրավունքի խախտում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրության նման կարգավորման պայմաններում չի ապահովվում անձի իրավունքը դատական կարգով վիճարկելու այն դատավարական փաստաթղթի օրինականությունն ու հիմնավորվածությունը, որում, փաստորեն, քննարկվում է ենթադրյալ հանցանքի մեջ իր մեղավորության հարցը:

(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հարցը լուծելիս վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է հաշվի առնել ենթադրյալ հանցանք կատարած անձի դիրքորոշումը: Այն դեպքում, երբ մասնավոր հետապնդման գործերով անձն առարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով վարույթի դադարեցման դեմ, անկախ դիմողի (տուժողի) բողոքի բացակայության հանգամանքից, գործի վարույթը պետք է շարունակվի սովորական կարգով` հնարավորություն տալով ենթադրյալ հանցանք կատարած անձին արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ և անկողմնակալ դատարանի առջև ապացուցել իր անմեղությունը:

(…) դիմողի (տուժողի) բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության շրջանակներում ստուգման ենթարկելիս դատարանի խնդիրն է ներկայացված բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում պարզել, թե վարույթն իրականացնող մարմինն արդյոք ստուգման է ենթարկել և հաշվի է առել այն հանգամանքները, որոնք կարող էին ազդել քրեական գործի հարուցման հարցը լուծելու վրա կամ հանգեցնել անձի իրավունքների և ազատությունների խախտմանը: Դիմողի (տուժողի) բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս դատարանը պետք է պարզի նաև, թե հաշվի առնվել է արդյոք ենթադրյալ հանցանք կատարած անձի դիրքորոշումը: (...)» (տե՛ս Վահագն Լյովայի Եղիազարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՇԴ/0012/11/13 որոշման 17-18-րդ և 20-րդ կետերը):

13. Վերահաստատելով Վ.Եղիազարյանի գործով որոշմամբ ձևավորած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված նորմը կիրառելի է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

ա) վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ անձը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ արարք է կատարել,

բ) բացակայում է դիմողի (տուժողի) բողոքը,

գ) ենթադրյալ հանցանք կատարած անձը չի առարկում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ:

Համապատասխանաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության շրջանակներում ստուգման ենթարկելիս դատարանը ներկայացված բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում պետք է պարզի վերոշարադրյալ պայմանների առկայության մասին վարույթն իրականացնող մարմնի հետևությունների հիմնավորվածությունը:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նյութերի նախապատրաստության փուլում վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Ա.Մակարյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Նշված որոշումը պատճառաբանելիս վարույթն իրականացնող մարմինը նշել է, որ Ա.Մակարյանի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով Դ.Փիլոյանի առողջությանը պատճառվել է միջին ծանության վնաս, այսինքն` նրա արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, սակայն քանի որ Դ.Փիլոյանն Ա.Մակարյանի դեմ բողոք չունի, անհրաժեշտ է վերջինիս վերաբերյալ նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` դիմողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 1-ին և 6-րդ կետերը):

Դիմող Ա.Մակարյանի և նրա ներկայացուցիչ Ս.Ոսկանյանի բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը` Առաջին ատյանի դատարանը գտել է, որ վարույթն իրականացնող մարմինը դրսևորել է անհրաժեշտ ջանասիրություն, և ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի նորմերով` քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներին պատշաճ իրավական գնահատական է տվել, ուստի Ա.Մակարյանի իրավունքները և ազատությունները չեն խախտվել: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը 2013 թվականի դեկտեմբերի 13-ին որոշում է կայացրել Ա.Մակարյանի և նրա ներկայացուցիչ Ս.Ոսկանյանի բողոքը մերժելու մասին (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին, գտնելով, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացվել է օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, 2014 թվականի մարտի 5-ին որոշում է կայացրել բերված վերաքննիչ բողոքը մերժելու և Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին (տե՛ս սույն որոշման 4-րդ և 8-րդ կետերը):

15. Սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 14-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ.

ա) վարույթն իրականացնող մարմնի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման մեջ առկա չէ որևէ հիշատակում ենթադրյալ հանցանք կատարած անձի` Ա.Մակարյանի դիրքորոշման վերաբերյալ,

բ) Ա.Մակարյանը, իր հետագա դատավարական գործողություններով, մասնավորապես նշված որոշումը օրենքով սահմանված կարգով վերադաս դատախազին, իսկ այնուհետև նաև դատարան բողոքարկելով, արտահայտել է իր անհամաձայնությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով իր նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու դեմ (տե՛ս սույն որոշման 2-4-րդ կետերը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դիմողի բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս ստորադաս դատարանները քննարկման առարկա չեն դարձրել այն հարցը, թե վարույթն իրականացնող մարմինը որոշում կայացնելիս հաշվի առել է արդյոք ենթադրյալ հանցանք կատարած անձի դիրքորոշումը:

Հետևաբար, ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ դիմողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելով վարույթն իրականացնող մարմինն Ա.Մակարյանի իրավունքների և ազատությունների խախտում թույլ չի տվել, օրինական և հիմնավորված չեն:

16. Սույն որոշման 12-15-րդ կետերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում:

Ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա` սույն գործով Վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

17. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքաբերի այն փաստարկներին, որ սույն գործով չեն ձեռնարկվել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար և ձեռք բերված տվյալներն իրենց համակցության մեջ ճիշտ չեն գնահատվել (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Արման Վարուժանի Մակարյանի և նրա ներկայացուցիչ Ս.Ոսկանյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի մարտի 5-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան