Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.01/52(1065).1 Հոդ.878.20
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.05.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԳԴ5/0014/01/13

Գործ թիվ ԳԴ5/0014/01/13

Նախագահող դատավոր՝  Կ. Ղազարյան

  Դատավորներ` Հ. Տեր-Ադամյան
   

Գ. Մելիք-Սարգսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

     
  քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

  մասնակցությամբ պաշտպան

Գ. Հարությունյանի

 

2014 թվականի մայիսի 31-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սերգեյ Վահեի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի փետրվարի 3-ի որոշման դեմ ամբաստանյալ Ս.Ստեփանյանի պաշտպան Գ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2013 թվականի մարտի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 50101113 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2013 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ Սերգեյ Վահեի Ստեփանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 34-183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննության մարմնի 2013 թվականի մայիսի 30-ի որոշմամբ Ս.Ստեփանյանի նկատմամբ հարուցվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ:

2013 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ Ս.Ստեփանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով:

2013 թվականի հուլիսի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ Ս.Ստեփանյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից ու պատժից, և նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հատուկ տիպի հոգեբուժական հիվանդանոցում հարկադիր բուժում:

3. Ամբաստանյալ Ս.Ստեփանյանի պաշտպան Գ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ս.Ստեփանյանի պաշտպան Գ.Հարությունյանը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ ամբաստանյալ Ս.Ստեփանյանի պաշտպան Գ.Հարությունյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Ամբաստանյալ Ս.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «2013թ. մարտի 16-ին` ժամը 09.00-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գագարին թաղամասում վիճաբանության է բռնվել նույն թաղամասի բնակիչ Արտավազդ Ղազարյանի հետ, որի ժամանակ դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Արտավազդ Ղազարյանի աջ կրծքավանդակի առաջային երեսին, ձախ կրծքավանդակի կեսին և ձախ բազկի վերին երրորդի շրջանին` նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:

Բացի այդ, դեպքի վայրից փախուստի դիմելուց անմիջապես հետո Սերգեյ Ստեփանյանը, նախնական համաձայնության գալով Վիգեն Հունանյանի հետ, Գեղամավան-Գագարին ավտոճանապարհին դանակի գործադրման սպառնալիքով հարկադրաբար կանգնեցրել է և Վ.Հունանյանի հետ նստել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ Ռազմիկ Սարուխանի Զիրոյանի վարած «Գազ 3129» մակնիշի 17 LO 136 պետհամարանիշի ավտոմեքենան` փորձելով առանց հափշտակելու նպատակի տիրանալ դրան» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 246):

6. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(…) դատարանը գտնում է, որ Վիգեն Հունանյանի կողմից դանակը Ռազմիկ Զիրոյանի վրա պահելու և դրա գործադրման սպառնալիքով ավտոմեքենան վարելու պահանջ ներկայացնելու դիտավորությունը դուրս է մյուս հանցակցի` Սերգեյ Ստեփանյանի հետ նրա նախնական համաձայնության շրջանակից, այսինքն` կատարվել է հանցակցի սահմանազանցում:

(…)

Դատարանը (…) գտնում է, որ Սերգեյ Ստեփանյանը կատարել է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 34-183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք:

 (…)

Դատարանը, հետազոտելով ներկայացված ապացույցները, ապացուցված համարեց, որ Սերգեյ Ստեփանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, հետևաբար նրան պետք է ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 248):

7. Ամբաստանյալ Ս.Ստեփանյանի պաշտպան Գ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի համաձայն՝ «(…) տուժող Ռազմիկ Զիրոյանի, վկաներ Սիրուշ Գրիգորյանի, Սարգիս Ղազարյանի, Նվեր Մկրտչյանի և Էմմա Իսրայելյանի ցուցմունքները, որոնք սույն գործով որպես ապացույց են վկայակոչվել մեղադրանքի կողմից կազմված եզրափակիչ որոշմամբ, ձեռք են բերվել տվյալ քննչական գործողության` վկայի (տուժողի) հարցաքննության կատարման կարգի էական խախտմամբ, ուստի ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջների համաձայն` դատարանը չէր կարող դրանք օգտագործել և պարտավոր էր դրանք ճանաչել որպես ապացույց չթույլատրվող նյութ, (…):

(…) անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու բոլոր արձանագրությունները ձեռք են բերվել այդ քննչական գործողության համար օրենքով նախատեսված կատարման կարգի էական և կոպիտ խախտմամբ, ուստի (…) չեն կարող ճանաչվել որպես թույլատրելի ապացույցներ:

(…) դատաքննությունն իրականացվել է առանց պատշաճ ձևակերպված մեղադրանքի: (…) Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր մեղադրողի միջնորդության հիման վրա փոփոխել Ս.Ստեփանյանի մեղադրանքը, քանի որ նման դեպքում դատարանը, փաստորեն հանդես գալով մեղադրանքի կողմում, ինքնուրույն ձևակերպել է նոր մեղադրանք` դրանով իսկ թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի խախտում:

(…)

Դատարանը հաստատված է համարել, որ Սերգեյ Ստեփանյանը կատարել է արարքն անմեղսունակության վիճակում, այսինքն` նա ենթադրյալ հանցագործության սուբյեկտ չի հանդիսացել, հետևաբար հանցակցության մասին խոսք անգամ չի կարող լինել ու այս առումով ևս նախնական համաձայնության խմբի կազմում արարքը կատարելով վերաորակելը ևս սխալ է: Այս դեպքում էլ այն պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասով: Փաստորեն դատարանը այս մասով թույլ է տվել նյութական իրավունքի կոպիտ խախտում:

(…)

Ըստ բողոքաբերի` Սերգեյ Ստեփանյանի նկատմամբ կիրառելի է 03.10.2013թ. Համաներման ակտի 2-րդ կետի 1-ին ենթակետը, 3-րդ և 5-րդ կետերը, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան նախատեսում է ազատազրկման ձևով պատիժ` առավելագույնը հինգ տարի ժամկետով, Սերգեյ Ստեփանյանը 2-րդ խմբի հաշմանդամ է և համաներման կիրառմանը խոչընդոտող հանգամանքներ չկան» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 8-27):

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) ՀՀ քրեական օրենսգրքի 100 հոդվածի 1-ին մասի պահանջից ելնելով` դատարանը, իրավացիորեն Սերգեյ Ստեփանյանին ազատելով ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվությունից ու պատժից, նրա նկատմամբ կիրառել է հարկադիր բուժում` հատուկ տիպի հոգեբուժական հիվանդանոցում:

Ինչ վերաբերում է բողոքաբերի փաստարկներին` ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ Սերգեյ Ստեփանյանի անմեղությունը ճանաչելու կամ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից 183 հոդվածի 1-ին մասով վերաորակելու և քրեական գործի վարույթը կարճելու, ինչպես նաև Համաներման ակտը կիրառելու վերաբերյալ, ապա դրանք անհիմն են, քանի որ 03.10.2013թ. Համաներման ակտի 5-րդ կետի համաձայն` քրեական հետապնդում չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարելի իրականացնել, ինչպես նաև կարճվում են մինչև 01.09.2013թ. կատարած հանցագործությունների վերաբերյալ (…) քրեական գործերը, (…) Անմեղսունակության վիճակում հանրորեն վտանգավոր արարք կատարելու դեպքերում արարքում բացակայում է հանցակազմը, ուստի և քրեական պատասխանատվության հիմքը, իսկ նշված անձինք փաստորեն հանցանք չեն կատարում ու ենթակա չեն քրեական պատասխանատվության և պատժի, այդ անձանց նկատմամբ կարող են նշանակվել միայն բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, հետևաբար 03.10.2013թ. Համաներման ակտը նրա նկատմամբ կիրառելի չէ:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Սերգեյ Ստեփանյանի կողմից հանրորեն վտանգավոր արարք կատարելու փաստը հաստատվել է պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում դատաքննությամբ հետազոտված ապացույցներով, և վերաքննիչ բողոքում մատնանշված հանգամանքներն իրենց համակցությամբ արդեն իսկ հաշվի են առնվել Դատարանի կողմից, (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 85-86):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոք բերած անձը նշել է, որ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի մի շարք խախտումներ:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ խախտվել են ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 206-րդ հոդվածի 4-րդ մասը այն առումով, որ անձանց որպես տուժող և վկա հարցաքննելիս նախաքննական մարմինը նրանց չի տեղեկացրել, թե որ գործով են նրանք կանչվել հարցաքննության, չի պարզել մեղադրյալների հետ նրանց փոխհարաբերությունները: Բացի այդ, Ս.Ստեփանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք առաջադրելուց, ինչպես նաև անմեղսունակության վիճակում օրենքով արգելված արարք կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելուց հետո տուժողը և վկաները չեն հարցաքննվել և մեղադրանքի հիմքում դրված են եղել նրանց այն ցուցմունքները, որոնք տրվել են քրեական գործի հարուցման փուլում:

Բողոքաբերը նշել է նաև, որ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի պահանջներն այն առումով, որ սույն գործով մինչ լուսանկարով ճանաչման ներկայացնելը տուժողը և վկան չեն հարցաքննվել այն անձանց արտաքին տեսքի, նշանների և այն հանգամանքների մասին, որոնցում տեսել են այդ անձանց:

10. Բողոքաբերի պնդմամբ սույն գործով նախաքննական մարմինը, 2013 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ կարճելով քրեական գործի մի մասը, նոր մեղադրանքի առկայության պայմաններում չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-204-րդ և 456-րդ հոդվածների պահանջները՝ թույլ տալով պաշտպանության իրավունքի խախտում:

Առաջին ատյանի դատարանն էլ, իր հերթին, Ս.Ստեփանյանին մեղսագրվող արարքը վերաորակելիս թույլ է տվել մի շարք խախտումներ, մասնավորապես՝

ա) դատախազի բանավոր միջնորդության հիման վրա փոփոխել է Ս.Ստեփանյանի մեղադրանքը՝ նրան մեղսագրվող արարքը վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով.

բ) պատշաճ գնահատման չի ենթարկել այն հանգամանքը, որ Ս.Ստեփանյանին և Վ.Հունանյանին առաջադրվել է միևնույն մեղադրանքը՝ առանց հստակեցնելու ենթադրյալ հանցավոր արարքին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթն ու աստիճանը: Նրանց առաջադրված մեղադրանքի ձևակերպումից չի երևում, թե յուրաքանչյուրին մեղսագրված արարքն ինչպես է դրսևորվել և ինչում է արտահայտվել, այսինքն՝ մեղադրանքները հստակեցված չեն, այս առումով վարույթն իրականացնող մարմինները սահմանափակվել են հանցակազմի ընդհանրական նկարագրությամբ, ինչը հանգեցրել է պաշտպանության իրավունքի խախտման:

11. Բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտի նկարագրական-պատճառաբանական մասում բացարձակապես չի վերլուծել և ստուգել ապացույցների թույլատրելիության, մեղադրանքի փոփոխության, նյութական իրավունքի և այլ խախտումների վերաբերյալ վերաքննիչ բողոքում արված եզրահանգումները, այսինքն՝ կայացրել է չպատճառաբանված դատական ակտ:

Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանում գործերի քննության պարտադիր մասնակիցներից է ամբաստանյալը, որը ներկայացրել է բողոքը, կամ որի շահերի պաշտպանության համար բողոք է ներկայացրել պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը, մինչդեռ Վերաքննիչ դատարանում սույն գործի քննությունն իրականացվել է առանց Ս.Ստեփանյանի մասնակցության:

12. Անդրադառնալով Ս.Ստեփանյանի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը (այսուհետ նաև՝ Համաներման ակտ) կիրառելու անհրաժեշտությանը՝ բողոքաբերը նշել է, որ չնայած դեռևս մինչդատական վարույթում հարուցվում է անմեղսունակության վիճակում քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու վարույթ, սակայն քանի դեռ դատարանը վերջնական դատական ակտով այլ հարցերի հետ միաժամանակ հաստատված չի համարել, որ անձն արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, վերջինս դեռևս հանդես է գալիս մեղադրյալի կարգավիճակում, ուստի Համաներման ակտը կիրառելի է նաև այդպիսի գործերով: Ընդ որում, որևէ նշանակություն չունի, թե այդ պահին քննվողը քրեական գործ է, նյութ, թե՝ անմեղսունակ անձի նկատմամբ հարուցված վարույթ: Ըստ բողոք բերած անձի, քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված չէ, որ անձն արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, դատարանը գործ ունի «մեղսունակ մեղադրյալի» հետ, ում նկատմամբ պետք է կիրառվի Համաներման ակտը:

13. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 11-ի և այդ որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 3-ի որոշումները, փոփոխել դրանք և կայացնել գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ, որով մեղսագրվող արարքի կատարման մեջ ճանաչել և հռչակել Ս.Ստեփանյանի անմեղությունը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի կողմից փաստարկված Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանվածության (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը) առումով առկա է առերևույթ հակասություն սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտի և Վճռաբեկ դատարանի՝ Էրիկ Մարգարյանի գործով կայացված որոշման միջև: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերոնշյալ դատական ակտերի միջև առկա հակասություններին և նախկինում ընդունված որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումների հիման վրա արտահայտել մոտեցումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ բողոքաբերի փաստարկները (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը) փոխկապակցված են ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 206-րդ հոդվածի 4-րդ մասի խախտման վերաբերյալ փաստարկների հետ (տե՛ս սույն որոշման 9-10-րդ կետերը): Ուստի Վճռաբեկ դատարանն առաջին հերթին քննության է առնում Վերաքննիչ դատարանի դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ բողոքաբերի փաստարկը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի կողմից փաստարկված՝ անմեղսունակության վիճակում քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած անձի նկատմամբ Համաներման ակտի կիրառման կապակցությամբ (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը) առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Վերաքննիչ դատարանի դատական ակտի պատճառաբանվածությունը.

 

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից քննության առնվող առաջին իրավական հարցը հետևյալն է. պատճառաբանվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի դատական ակտն այն պայմաններում, երբ վերջինս պատշաճ գնահատման չի ենթարկել Ս.Ստեփանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով՝ հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները»:

Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ֆ.Գալստյանի, Գ.Խնուսյանի, Գ.Ղազարյանի, ինչպես նաև Է.Մարգարյանի գործերով կայացված որոշումներում: Մասնավորապես, Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

(…) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման:

(…) Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում՝ ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտել [է] «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` անձի արդար դատական քննության իրավունքի խախտում (տե՛ս Սալովն ընդդեմ Ուկրաինայի (Salov v. Ukraine) 06.09.2005 թվականի որոշումը, գանգատ թիվ 65518/01, Բոլդեան ընդդեմ Ռումինիայի (Boldea v. Romania) 15.02.2007 թվականի որոշումը, գանգատ թիվ 19997/02, Գրադինարն ընդդեմ Մոլդովայի (Gradinar v. Moldova) 08.04.2008 թվականի որոշումը, գանգատ թիվ 7170/02)» (տե՛ս Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը):

Գ. Խնուսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) հաշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է: (…)» (տե՛ս Գևորգ Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը):

Գ.Ղազարյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «[Ա]ռաջին ատյանի դատարանի կողմից կայացվող դատական ակտի՝ դատավճռի կառուցվածքին և բովանդակությանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ներկայացվող պահանջները վերաբերելի են նաև վերադաս դատական ատյանի՝ վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտին: Այլ կերպ՝ վերաքննիչ դատարանի դատական ակտերը ևս պետք է կազմված լինեն ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից, որոնց ներկայացվում են նույն բովանդակային պահանջները, ինչ դատավճռին:

(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատական ակտի կառուցվածքին և բովանդակությանը որոշակի պահանջներ ներկայացնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական ակտը պետք է ամբողջական տեղեկություն պարունակի քննված գործի վերաբերյալ, ինչպես նաև ներառի դատարանի կողմից լուծման ենթակա բոլոր հարցերի պատասխանները: Բացի այդ, դատական ակտի տարբեր կառուցվածքային մասերում (ներածական, նկարագրական-պատճառաբանական, եզրափակիչ) արտացոլված տեղեկությունը պետք է ներքին միասնություն և տրամաբանական կապ ունենա, (...) հակառակ պարագայում, դատարանի դատական ակտն անօրինական է» (տե՛ս Գեղամ Միսակի Ղազարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշման 19-20-րդ կետերը):

Է.Մարգարյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) դատական ակտի պատճառաբանվածության չափանիշը վերաբերելի է նաև վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտերին: Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում դատական ակտ կայացնելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե ինչու է եկել այս կամ այն հետևության և որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս:

(…) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերոնշյալ պահանջների պահպանման պարագայում միայն վճռաբեկ դատարանը հնարավորություն կունենա ստուգել կայացված դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը» (տե՛ս Էրիկ Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՍԴ3/0045/01/13 որոշման 13-րդ կետը):

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ պաշտպան Գ.Հարությունյանը վերաքննիչ բողոքում վիճարկել է իր պաշտպանյալի արարքի որակման հարցը՝ պնդելով, որ Ս.Ստեփանյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, հետևաբար նրա արարքը չէր կարող որակվել որպես մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, տուժող Ռ.Զիրոյանի, վկաներ Ս.Գրիգորյանի, Ս.Ղազարյանի, Ն.Մկրտչյանի և Է.Իսրայելյանի ցուցմունքները, անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու բոլոր արձանագրությունները պետք է ճանաչվեն որպես անթույլատրելի ապացույցներ, քանի որ ձեռք են բերվել տվյալ քննչական գործողության կատարման կարգի էական խախտմամբ, դատաքննությունն իրականացվել է առանց պատշաճ ձևակերպված մեղադրանքի, բացի այդ, Առաջին ատյանի դատարանը մեղադրողի միջնորդության հիման վրա փոփոխել է Ս.Ստեփանյանի մեղադրանքը` խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի պահանջը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, իր որոշման «Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը» բաժնում մանրամասն շարադրել է պաշտպանի վերաքննիչ բողոքում շարադրված փաստարկները, սակայն դատական ակտի պատճառաբանական մասում այն քննարկման առարկա չի դարձրել և միայն արձանագրել է դրանց անհիմն լինելը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

18. Սույն որոշման 16-րդ կետում մեջբերված և համապատասխանաբար նաև՝ Ֆ.Գալստյանի, Գ.Խնուսյանի, Գ.Ղազարյանի, Է.Մարգարյանի գործերով կայացված որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով սույն որոշման 17-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի իմաստով Վերաքննիչ դատարանը պարտավոր էր՝

ա) քննարկման առարկա դարձնել ապացույցների թույլատրելիության, Ս.Ստեփանյանին առաջադրված մեղադրանքի փոփոխության, Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված նյութական իրավունքի խախտումների վերաբերյալ վերաքննիչ բողոքում շարադրված փաստարկները և արդյունքում պատճառաբանված որոշում կայացնել այն մասին, թե որ իրավանորմերով ղեկավարվելու արդյունքում և ինչ հանգամանքների հիման վրա է եկել այս կամ այն հետևության.

բ) պատճառաբանել իր որոշման «Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը» բաժնում շարադրված՝ Ս.Ստեփանյանի արարքի որակման վերաբերյալ բողոքաբերի փաստարկի (տե՛ս սույն որոշման 7-րդ, 8-րդ և 17-րդ կետերը) հետ իր անհամաձայնությունը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է փաստարկված պատճառաբանել իր անհամաձայնությունը Ս.Ստեփանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքում առկա այն դատողության հետ, որ Ս.Ստեփանյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, հետևաբար նրա արարքը չէր կարող որակվել որպես մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված:

19. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի դատական ակտը պատճառաբանված չէ, և այս առումով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտում:

20. Սույն որոշման 18-րդ կետում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 206-րդ հոդվածի 4-րդ մասի խախտման վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 9-10-րդ կետերը) հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման 19-րդ կետում արձանագրված խախտումը վերացնելուց հետո:

 

II. Անմեղսունակության վիճակում քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած անձի նկատմամբ Համաներման ակտի կիրառումը

 

21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից քննության առնվող երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Ս.Ստեփանյանի նկատմամբ կիրառելի՞ է արդյոք Համաներման ակտն այն դեպքում, երբ նրա նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական հետապնդում, այլ բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու վարույթ:

22. ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական պատասխանատվության ենթակա է միայն մեղսունակ ֆիզիկական անձը, (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝

«1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, ով հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, այսինքն՝ քրոնիկ հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ հոգեկան այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող գիտակցել իր գործողության (անգործության) վտանգավորությունը կամ ղեկավարել դա:

2. Հանրության համար վտանգավոր արարքն անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ դատարանը կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:

(…)»:

Մեջբերված քրեաիրավական դրույթների համակարգային վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համաներման ակտը կիրառելի է հանցանք կատարած, քրեական պատասխանատվության ենթակա, մեղսունակ անձի նկատմամբ: Մինչդեռ անմեղսունակ անձի կողմից կատարված արարքը չի կարող որակվել որպես հանցագործություն, և, հետևաբար, նա չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության:

Անձի մեղսունակության խնդրին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հ.Շուքուրյանի գործով որոշման մեջ և իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) անձի մեղսունակությունն օրենսդիրը կապում է նրա կողմից իր գործողության (անգործության) փաստացի բնույթն ու նշանակությունը, դրա վտանգավորությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու ունակության հետ: (…)» (տե՛ս Հարություն Ապրեգզարի Շուքուրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մայիսի 4-ի թիվ ԵՔՐԴ/0350/01/08 որոշման 18-րդ կետը):

23. Անմեղսունակ անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթը կարգավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ գլխում առկա իրավադրույթներով:

Անմեղսունակության վիճակում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի կարգով որպես մեղադրյալ չի ներգրավվում, քանի որ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է: Բացի այդ, նրան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի կարգով մեղադրանք չի առաջադրվում: Նման պայմաններում քննիչը, դատախազը որոշում են կայացնում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ գլխում զետեղված 450-րդ հոդվածի համաձայն՝

«1. Բժշկական բնույթի հարկադրական միջոցները դատարանը կիրառում է այն անձանց նկատմամբ, ովքեր քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարել են անմեղսունակ վիճակում, եթե այդ անձինք շարունակում են վտանգավոր լինել հասարակության համար:

2. Բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին գործերով վարույթի կարգը որոշվում է սույն օրենսգրքի ընդհանուր կանոններով և սույն գլխի հոդվածներով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քննիչը, դատախազը որոշում են կայացնում բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 456-րդ հոդվածի համաձայն՝ «Անձը, որի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, օգտվում է մեղադրյալի բոլոր իրավունքներից: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Հավաքված ապացույցները գործով վարույթն ավարտելու համար բավարար համարելու դեպքում քննիչը կայացնում է (…) բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործը դատարան ուղարկելու մասին [որոշում]»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 461-րդ հոդվածի համաձայն՝ «Ավարտված վարույթի նյութերը բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործը դատարան ուղարկելու մասին քննիչի որոշման հետ հանձնվում են դատախազին, որ[ը] (…) հաստատում է քննիչի որոշումը և գործն ուղարկում է դատարան (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 464-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարքն անմեղսունակության վիճակում կատարելն ապացուցված համարելով` դատարանը որոշում է կայացնում անձին քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու ու նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին»:

Մեջբերված իրավադրույթների համակարգային վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ՝

ա) անմեղսունակ անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության. նախաքննության մարմնի որոշմամբ՝ նրա նկատմամբ հարուցվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ և ոչ թե քրեական հետապնդում: Նշված վարույթի ընթացքում, սակայն, քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձինք, չհանդիսանալով մեղադրյալ, օգտվում են մեղադրյալի իրավունքներից.

բ) քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ գործով որոշում կայացնելիս դատարանը պարզում է, թե վերոնշյալ անձի կողմից կատարվել է արդյոք հանրորեն վտանգավոր արարք և արդյոք այն կատարվել է անմեղսունակության վիճակում: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատարանը քննության է առնում անմեղսունակ անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք և ոչ թե հանցագործություն կատարված լինելու հարցը.

գ) նախորդ ենթակետում նշված գործի քննության արդյունքում ապացուցված համարելով, որ անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարվել է անմեղսունակության վիճակում՝ դատարանն անձին չի ենթարկում քրեական պատասխանատվության և պատժի, այլ որոշում է կայացնում նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու մասին, եթե այդ անձը շարունակում է վտանգավոր լինել հասարակության համար և կարիք ունի իր նկատմամբ այդպիսի միջոցի կիրառման:

24. Սույն որոշման 22-23-րդ կետերում շարադրված վերլուծության համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անմեղսունակ անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը և դրա հիման վրա ընդունված Համաներման ակտը կիրառելի չէ հետևյալ պատճառաբանությամբ՝

ա) Համաներման ակտը կիրառելի է մեղսունակ անձի նկատմամբ, մինչդեռ բժշկական բնույթի հարկադրական միջոցների ենթարկվում է անմեղսունակ անձը:

բ) Համաներման ակտը կիրառելի է քրեական պատասխանատվության ենթակա անձի նկատմամբ, մինչդեռ անմեղսունակության վիճակում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության:

գ) Համաներման ակտի հիման վրա հանցանք կատարած անձը կամ դատապարտյալը լրիվ կամ մասնակի ազատվում են քրեական պատասխանատվությունից և պատժից, մինչդեռ անմեղսունակ անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության և պատժի, այլ նրա նկատմամբ կարող են նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բժշկական բնույթի հարկադրական միջոցներ, որոնք պատժի տեսակ չեն (տե՛ս ՀՀ քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածը):

25. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 34-183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով այն բանի համար, որ նախնական համաձայնության գալով Վիգեն Հունանյանի հետ` Գեղամավան-Գագարին ավտոճանապարհին դանակի գործադրման սպառնալիքով հարկադրաբար կանգնեցրել է և Վ.Հունանյանի հետ նստել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ Ռ.Զիրոյանի վարած «Գազ 3129» մակնիշի 17 LO 136 պետհամարանիշի ավտոմեքենան` փորձելով առանց հափշտակելու նպատակի տիրանալ դրան:

Հետագայում նախաքննության մարմնի որոշմամբ Ս.Ստեփանյանի նկատմամբ հարուցվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով (տե՛ս սույն որոշման 1-ին և 5-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ ապացուցված է համարվել, որ Ս.Ստեփանյանը ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքը կատարել է անմեղսունակության վիճակում: Արդյունքում Ս.Ստեփանյանն ազատվել է նրա քրեական պատասխանատվությունից ու պատժից, և նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

Պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը (տե՛ս սույն որոշման 3-րդ և 8-րդ կետերը):

26. Սույն որոշման 25-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 22-25-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ`

ա) Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ Ս.Ստեփանյանը քրեական օրենսգրքով արգելված արարքը կատարել է անմեղսունակ վիճակում:

բ) Ս.Ստեփանյանի նկատմամբ իրականացվել է բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու վարույթ, որի արդյունքում Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել նրան քրեական պատասխանատվությունից ու պատժից ազատելու և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու մասին:

27. Սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստարկների հետ համադրելով սույն որոշման 24-րդ կետի (դ) ենթակետում առկա եզրահանգումն այն մասին, որ Համաներման ակտը չի նախատեսում անձին բժշկական բնույթի հարկադրական միջոցներից լրիվ կամ մասնակի ազատելու հնարավորություն՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Ստեփանյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու վարույթ և ոչ թե քրեական հետապնդում իրականացված լինելու պայմաններում նրա նկատմամբ Համաներման ակտը կիրառելի չէ:

Վերոշարադրյալ եզրահանգումների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է բողոքաբերի փաստարկն այն մասին, թե «քանի դեռ դատարանը վերջնական դատական ակտով այլ հարցերի հետ միաժամանակ հաստատված չի համարել, որ անձն արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, վերջինս դեռևս հանդես է գալիս մեղադրյալի կարգավիճակում, ուստի Համաներման ակտը կիրառելի է նաև այդպիսի գործերով: Ընդ որում, որևէ նշանակություն չունի, թե այդ պահին քննվողը քրեական գործ է, նյութ, թե՝ անմեղսունակ անձի նկատմամբ հարուցված վարույթ: Ըստ բողոք բերած անձի` քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված չէ, որ անձն արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, դատարանը գործ ունի «մեղսունակ մեղադրյալի» հետ, ում նկատմամբ պետք է կիրառվի Համաներման ակտը» (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը): Հետևաբար, այս առումով հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դատական սխալի` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտման առկայությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:

28. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի պատճառաբանվածության մասով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի խախտում (տե՛ս սույն որոշման 19-րդ կետը):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց՝ օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»: Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի խախտումն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Սերգեյ Վահեի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի փետրվարի 3-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

 

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան