Գլխավոր տեղեկություն
Համար
N 813-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.2014-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.08.27/46(1059) Հոդ.755
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2014 թվականի N 813-Ն

 

ՄԻ ՔԱՆԻ ԱՂԲՅՈՒՐԻՑ ՍՏԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ (ՍՏԱՑՎԱԾ) ԵԿԱՄՏԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՆՑՎԱԾ (ԳԱՆՁՎԱԾ)` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)` սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 19

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 31-ի N 813-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՄԻ ՔԱՆԻ ԱՂԲՅՈՒՐԻՑ ՍՏԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ (ՍՏԱՑՎԱԾ) ԵԿԱՄՏԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՆՑՎԱԾ (ԳԱՆՁՎԱԾ)` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)` սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները (այսուհետ` վերադարձվող գումար) մասնակիցներին վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը, մասնավորապես`

1) սոցիալական վճարի ամսական առավելագույն չափ` համախառն եկամտի ամսական առավելագույն շեմից հաշվարկված սոցիալական վճարի գումար.

2) սոցիալական վճարի տարեկան առավելագույն չափ` համախառն եկամտի տարեկան առավելագույն շեմից հաշվարկված սոցիալական վճարի և «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով վճարված տարեկան սոցիալական վճարի տարբերություն.

3) վերադարձվող ամսական գումար` հաշվարկված և գանձապետարանի կամուրջ հաշվին փոխանցված` ամսական սոցիալական վճարի առավելագույն չափը գերազանցող գումար.

4) վերադարձվող տարեկան գումար` հաշվարկված և գանձապետարանի կամուրջ հաշվին փոխանցված` տարեկան սոցիալական վճարի առավելագույն չափը գերազանցող գումար:

3. Եթե մասնակիցը միաժամանակ վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր (նոտար) է, ապա տարեկան եկամուտների մասին հաշվարկի հիման վրա կատարվում է վճարման ենթակա սոցիալական վճարի հաշվարկ` հաշվի առնելով տվյալ տարվա ամիսների համար հաշվարկված սոցիալական վճարի գումարները: Ընդ որում, տարեկան եկամուտների մասին հաշվարկով տարեկան սոցիալական վճարի առավելագույն չափը գերազանցող գումարներ չեն հաշվարկվում:

4. Վերադարձվող գումարը գանձապետարանի կամուրջ հաշվից մասնակիցների ռեեստրը վարողի հաշվին չի փոխանցվում:

5. Վերադարձվող գումարի հաշվառումը կատարվում է մասնակցի անհատական հաշվում:

6. Վերադարձվող գումարը մասնակցին փոխանցվում է անկանխիկ եղանակով:

7. Վերադարձվող գումարի հաշվարկը կատարվում է հաշվետու ժամանակահատվածի համար հաշվարկված սոցիալական վճարի գումարի մարումից հետո:

8. Հարկային մարմինն առաջին անգամ վերադարձվող գումարի առկայության մասին մասնակիցներին ծանուցում է հաշվետու ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով և (կամ) տարեկան եկամուտների մասին հաշվարկով հաշվարկված սոցիալական վճարի մարման օրվանից հետո տասնօրյա ժամկետում` էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` փոստային առաքմամբ: Հարկային մարմինն անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման (նոտարի պաշտոնավարման ավարտի) դեպքում վերադարձվող գումարի առկայության մասին մասնակցին ծանուցում է տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում:

9. Ծանուցման մեջ արտացոլվում են հետևյալ տվյալները`

1) մասնակցի անունը, ազգանունը.

2) մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

3) վերադարձվող գումարի չափը.

4) հաշվետու ժամանակահատվածը և ծանուցման ամսաթիվը.

5) նշում վերադարձվող գումարը փոխանցելու նպատակով մասնակցի բանկային տվյալները ներկայացնելու անհրաժեշտության մասին:

10. Մասնակիցն իր բանկային հաշվի մասին տեղեկատվությունը` ծանուցագրի հետ միասին ներկայացնում է իր գտնվելու վայրի (բնակության վայրի) հարկային (տարածքային) տեսչություն: Բանկային տվյալների փոփոխության դեպքում մասնակիցը փոփոխված տվյալները ներկայացնում է հարկային մարմին:

11. Առաջին անգամ վերադարձվող գումարը մասնակցին փոխանցելու նպատակով հարկային մարմինը մասնակցի կողմից իր բանկային տվյալները հարկային մարմին ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական: Հետագայում վերադարձվող գումարի առաջացման դեպքերում հարկային մարմինը մասնակցին չի ծանուցում, իսկ վճարման հանձնարարականը գանձապետարան է ներկայացնում վերադարձվող գումարի առաջացման օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

12. Վերադարձվող գումարի առաջացման օր է համարվում սոցիալական վճարի գծով պարտավորությունն ամբողջությամբ մարելու օրը:

13. Վերադարձվող գումարը հանձնարարականը ներկայացնելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է մասնակցի բանկային հաշվին:

14. Վերադարձվող գումարը նվազեցվում է անձնական հաշվի քարտում արտացոլված` հաշվետու ժամանակահատվածի սոցիալական վճարի վճարված գումարից և արտացոլվում է մասնակցի անհատական հաշվում:

15. Հարկային մարմնի կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) մասնակցի անունը, ազգանունը.

2) մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

3) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կամուրջ հաշվի համարը.

4) մասնակցի բանկի անվանումը և հաշվի համարը.

5) վերադարձվող գումարի չափը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան