ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագրի պահանջներից և տնտեսական բարեփոխումների ընթացքը խթանելու անհրաժեշտությունից, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա) մեկամսյա ժամկետում ապահովել սեփականաշնորհման սերտիֆիկատների` որպես վճարման միջոց ընդունման, փոխանակման, մարման, շրջանառությունից դուրսբերման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունումը.
բ) արագացնել նախապատրաստական բոլոր աշխատանքներն այն հաշվով, որպեսզի առնվազն 1994 թվականի հոկտեմբերի 1-ից ապահովվի Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի կիրարկումը.
գ) երկշաբաթյա ժամկետում հաստատել սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգը.
դ) մեկամսյա ժամկետում ընդունել սեփականաշնորհման ինվեստիցիոն հիմնադրամների, ընկերությունների կարգավիճակը սահմանող համապատասխան ակտեր:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին` ձեռնարկված միջոցների, պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքի մասին, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, զեկուցել Հայաստանի Հանրապետության նախագահին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 173 հրամանագրի 2-րդ կետի «զ» ենթակետը:
4. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
9 օգոստոսի 1994 թ. ՆՀ-357 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|