Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-456
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.1995-20.10.1995)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1995/10
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
25.07.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.07.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.03.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85 հոդվածով, որոշում եմ.

I. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.

1. Ազգային անվտանգության նախարարություն

2. Առողջապահության նախարարություն

3. Առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն

4. Արդարադատության նախարարություն

5. Արդյունաբերության նախարարություն

6. Արտաքին գործերի նախարարություն

7. Բնապահպանության և ընդերքի նախարարություն

8. Գյուղատնտեսության և պարենի նախարարություն

9. Էկոնոմիկայի նախարարություն

10. Էներգետիկայի նախարարություն

11. Կապի նախարարություն

12. Կրթության և գիտության նախարարություն

13. Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն

14. Ներքին գործերի նախարարություն

15. Պաշտպանության նախարարություն

16. Սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն

17. Տեղեկատվության նախարարություն

18. Տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն

19. Քաղաքաշինության նախարարություն

20. Ֆինանսների նախարարություն

21. Արտակարգ իրավիճակների վարչություն

22. Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն

23. Հարկային տեսչություն

24. Ազգային ժողովի հետ կապերի գծով նախարար

25. ԱՊՀ-ի, Եվրոմիության և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարար

26. Տարածքային կառավարման գծով նախարար

27. Կառավարության քարտուղար-նախարար:

 

II. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հետևյալ կարգը.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` Կառավարություն), որի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Կառավարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի (այսուհետ` Վարչապետ) որոշումներով, ինչպես նաև սույն կարգով:

2. Վարչապետը ղեկավարում է Կառավարության ընթացիկ գործունեությունը և համակարգում նախարարների աշխատանքը:

Նախարարները ղեկավարում են համապատասխան նախարարությունները կամ համակարգում են պետական կառավարման առանձին բնագավառների գործունեությունը:

3. Սույն կարգը սահմանում է Կառավարության գործունեության կազմակերպման, նիստերի նախապատրաստման, հրավիրման, որոշումների ընդունման և դրանց կատարման ապահովման, այդ բնագավառում Կառավարության և Վարչապետի իրավունքների սահմանազատման և դրանց առնչությամբ ծագած մյուս հարաբերությունների կարգավորման հիմունքները:

Սույն կարգի նպատակն է լուծել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով Կառավարությանը վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպական խնդիրները, ապահովել Կառավարության գործունեության օպերատիվությունը և արդյունավետությունը:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Կառավարության գործունեությունն իրականացվում է աշխատանքային ծրագրերին համապատասխան:

5. Կառավարության աշխատանքային ծրագրերը կազմվում են յուրաքանչյուր տարվա համար` հունվար-դեկտեմբեր ամիսների ընդգրկմամբ:

6. Անհրաժեշտության դեպքում, ելնելով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման իրավիճակից, հեռանկարներից, առանձին տարածքների զարգացման անհրաժեշտությունից, ինչպես նաև արտակարգ իրավիճակների առաջադրած պահանջներից, կարող են կազմվել Կառավարության գործունեության առանձին ուղղությունների նպատակային և երկարաժամկետ աշխատանքային ծրագրեր:

7. Կառավարության գործունեության ծրագրերը քննարկում և հաստատում է Կառավարությունը:

Տարեկան և նպատակային ծրագրերը քննարկվում և հաստատվում են դրանց գործադրման ժամկետներից ոչ ուշ, քան 10 օր առաջ:

Տարեկան ծրագրերը կազմվում են ըստ եռամսյակների:

8. Կառավարության աշխատանքային ծրագրերի նախագծեր կազմելուն մասնակցում են Վարչապետի խորհրդականները, Կառավարության քարտուղարությունը, Հայաստանի Հանրապետության նախարարությունները և պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմինները:

9. Սույն կարգի 8-րդ կետում նշված մարմինները մինչև յուրաքանչյուր եռամսյակին նախորդող ամսվա 1-ը Կառավարություն առաջարկություններ են ներկայացնում տվյալ եռամսյակի աշխատանքային ծրագրի մեջ լրացուցիչ հարցեր ընդգրկելու վերաբերյալ, որից հետո Կառավարությունը հաստատում է տվյալ եռամսյակի վերջնական աշխատանքային ծրագիրը:

10. Կառավարության աշխատանքային ծրագրերում փոփոխություններ կարող են կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահը, Կառավարությունը, Վարչապետը:

11. Կառավարության աշխատանքային ծրագրերի նախագծերի նախապատրաստումը և հաստատված աշխատանքային ծրագրերի կատարման ստուգումն իրականացնում է Կառավարության քարտուղարությունը:

12. Կառավարության քարտուղարությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում նախապատրաստում և Վարչապետին տեղեկանք է ներկայացնում Կառավարության տվյալ եռամսյակում քննարկած հարցերի վերաբերյալ:

13. Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում Կառավարության քարտուղարությունը Վարչապետին զեկուցագիր է ներկայացնում Կառավարության տարեկան աշխատանքային ծրագրերի կատարման վերաբերյալ:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՐՑԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

14. Կառավարության քննարկմանն են ներկայացվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նրա իրավասությանը վերապահված հարցեր:

Կառավարության քննարկմանն են ներկայացվում նաև այն հարցերը, որոնք լուծում չեն ստացել Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման մյուս հանրապետական ու տարածքային մարմինների կողմից` ինքնուրույնաբար կամ գործադիր իշխանության մյուս իրավասու մարմինների հետ համատեղ:

15. Կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնում են Կառավարության անդամները: Վերջիններիս բացակայության (ժամանակավոր անաշխատունակության, գործուղման, արձակուրդի, պաշտոնի թափուր լինելու) դեպքում Կառավարության քննարկմանը հարցեր կարող են ներկայացնել նրանց փոխարինող պաշտոնատար անձինք:

Կառավարության կառուցվածքի մեջ մտնող նախարարություններին և պետական կառավարման մյուս հանրապետական մարմիններին ենթակա ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները Կառավարության քննարկմանը հարցեր են ներկայացնում համապատասխան նախարարությունների և պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների միջոցով:

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները` գյուղական և քաղաքային համայնքները Կառավարության քննարկմանը հարցեր են ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ոչ պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները իրենց գործունեության ոլորտների հետ առնչվող հարցերը Կառավարության քննարկմանը կարող են ներկայացնել սույն կետում նշված մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով` ելնելով հարցերի բնույթից և նշված մարմինների կամ պաշտոնատար անձանց իրավասությունից:

16. Կառավարության քննարկմանը հարցեր ներկայացվում են որպես կանոն`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի իրավասության հարցերով` հրամանագրերի կամ կարգադրությունների նախագծերի ձևով.

բ) Կառավարության և Վարչապետի իրավասության հարցերով` համապատասխանաբար Կառավարության որոշման և Վարչապետի որոշման նախագծերի ձևով.

գ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Կառավարության օրենսդրական նախաձեռնության իրավունքի իրականացման հարցերով` Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերի ձևով:

Օրենսդրական և ենթաօրենսդրական լուծում չպահանջող հարցերը Կառավարության քննարկմանն են ներկայացվում հաշվետվությունների, զեկուցագրերի, առաջարկությունների և գործնականում ընդունված, օրենսդրության պահանջներին չհակասող այլ ձևերով, որոնք ենթակա չեն սույն կարգով նախատեսված համաձայնեցման, եթե այլ բան չի բխում նշված փաստաթղթերի հիմքը հանդիսացող հանձնարարականներից:

17. Կառավարության քննարկմանը կարող են ներկայացվել միայն հիմնավորված, միմյանց չկրկնող և արդեն լուծում ստացած հարցերին սկզբունքորեն նոր լուծում տալու կամ նոր ընդունված օրենսդրության պահանջներին դրանց համապատասխանեցնելու նպատակ հետապնդող հարցեր:

18. Կառավարության քննարկմանը ներկայացվող հարցերի հիմնավորվածության, դրանց որակի, ներկայացված նյութերի արժանահավատության և ամբողջականության համար պատասխանատվություն են կրում հարցը ներկայացնող պաշտոնատար անձինք:

19. Կառավարության քննարկմանը ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին:

Օրենքների նախագծերը կարող են չհամապատասխանել մյուս օրենքների պահանջներին, եթե դրանք որոշակի բնագավառի իրավահարաբերությունների կարգավորման նոր սկզբունքներ են նախատեսում, ինչպես նաև նպատակ ունեն փոփոխություններ և լրացումներ առաջարկել արդեն իսկ գործող օրենքներում:

20. Կառավարության քննարկմանը ներկայացվող մնացած հարցերը պետք է բխեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից և օրենքներից, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերից և կարգադրություններից, Կառավարության և Վարչապետի որոշումներից, եթե դրանք Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի կամ կարգադրությունների, Կառավարության և Վարչապետի որոշումների փոփոխություններ, լրացումներ կամ դրանցով կարգավորվող հարցերի նոր լուծումներ չեն նախատեսում:

21. Կառավարության քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը պետք է ունենան ներքին փոխկապակցված կառուցվածք, պարունակեն կոնկրետ առաջարկություններ, ներառյալ գործող օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ, եթե այդպիսիք ակնկալվում են, բովանդակեն քննարկման ներկայացվող հարցի սպառիչ վերլուծությունը, կատարողների առջև դնեն հստակ ձևակերպված նպատակներ ու խնդիրներ, անհրաժեշտության դեպքում` պարունակեն նշումներ առաջադրանքների կատարման ժամկետների և կոնկրետ կատարողների վերաբերյալ:

22. Կառավարության քննարկմանը ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների նախագծերը պարտադիր կարգով համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների նախագծերը համաձայնեցվում են նաև շահագրգիռ նախարարությունների կամ պետական կառավարման հանրապետական մյուս մարմինների հետ:

Եթե սույն կետում նշված օրենսդրական ակտերի նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կամ շահագրգիռ պետական կառավարման մյուս մարմիններն ունեն առարկություններ, դիտողություններ կամ առաջարկություններ, ապա դրանք կցվում են այդ ակտերի նախագծերին:

Սույն կետով նախատեսված փաստաթղթերի համաձայնեցումը կատարվում է դրանք ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, եթե նախագծերի ծավալից ելնելով ավելի կարճ ժամկետում հնարավոր չէ կատարումն ապահովել:

23. Կառավարության քննարկմանը կամ Վարչապետին ներկայացվող և նորմատիվ բնույթ կրող Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և Վարչապետի որոշումների նախագծերը 10-օրյա ժամկետում պարտադիր կարգով համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

Սույն կետով նախատեսված ակտերի նախագծերը, նախքան Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համաձայնեցմանը ներկայացնելը, պետք է համաձայնեցվեն մյուս շահագրգիռ նախարարությունների կամ պետական կառավարման հանրապետական մարմինների հետ: Այդ դեպքում համաձայնեցման համար սահմանվում է ոչ ավելի, քան 5-օրյա ժամկետ:

Եթե սույն կետում նշված ակտերի նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կամ պետական կառավարման մյուս շահագրգիռ մարմիններն ունեն առարկություններ, դիտողություններ, կամ առաջարկություններ, ապա դրանք կցվում են այդ ակտերի նախագծերին:

24. Սույն կարգի 22-րդ և 23-րդ կետերով նախատեսված համաձայնեցումը կատարում է պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` փոխարինող պաշտոնատար անձը` փաստաթղթերի նախագծերի վրա նշագրում կատարելով կամ առանձին նամակով:

25. Սույն կարգի 22-րդ և 23-րդ կետերով նախատեսված կարգով Կառավարության քննարկմանը հարց ներկայացնող պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ինչպես նաև իրավասու կամ շահագրգիռ մյուս նախարարությունների և այլ պետական մարմինների կարծիքների շուրջ տարաձայնություններ ունենալու դեպքում կազմում են իրենց հիմնավոր առարկությունները և ներկայացնում համապատասխան փաստաթղթերի նախագծեր` իրենց առաջարկած խմբագրությամբ:

26. Հայաստանի Հանրապետության տնտեսության առանձին ճյուղերի զարգացման, կապիտալ ներդրումների, նյութական ռեսուրսների և ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ առաջարկությունները սույն կարգի 15-րդ կետում նշված պաշտոնատար անձինք և մարմինները Կառավարություն են ներկայացնում միայն Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հաջորդ տարվա ծրագրի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կազմավորման ժամանակաշրջանում:

Սույն կետի պահանջներից բացառություններ են թույլատրվում, եթե նշված հարցերը ծագում են տարվա ընթացքում` վերը հիշատակված պաշտոնատար անձանցից կամ մարմիններից անկախ պատճառներով:

27. Իրավասու կամ շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցված փաստաթղթերի նախագծերը Կառավարություն են ներկայացվում երկու օրինակից` սույն կարգի 15-րդ կետում նշված պաշտոնատար անձանց նշագրումով և ուղեկցական նամակով:

Կառավարություն ներկայացվող փաստաթղթերում անհրաժեշտության դեպքում հստակ նշվում է, թե գործող օրենսդրության որ ակտերում և որ մասերում է առաջարկվում փոփոխություններ կամ լրացումներ կատարել կամ, որ ակտերն է անհրաժեշտ ուժը կորցրած ճանաչել, կամ պետք է նախատեսվեն համապատասխան ակտերը փոփոխելու, լրացնելու կամ դրանք ուժը կորցրած ճանաչելու մասին առաջարկություններ նախապատրաստելու վերաբերյալ հանձնարարություններ:

28. Կառավարության քննարկմանը ներկայացվող հարցերի վերաբերյալ փաստաթղթերը ուղեկցական նամակի հետ սահմանված կարգով հանձնվում են Կառավարության քարտուղարության ընդհանուր բաժին, որտեղ դրանք հաշվառվում են և համապատասխան ընթացք ստանում:

Փաստաթղթերի և ուղեկցական նամակի մասին, դրանց ստացման պահից ոչ ուշ, քան մեկօրյա ժամկետում սահմանված կարգով զեկուցվում է Վարչապետին կամ դրանք հանձնվում են Վարչապետի համապատասխան խորհրդականին:

29. Կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և Վարչապետի որոշումների նախագծերի կամ այլ փաստաթղթերի կատարման կամ դրանց վերաբերյալ եզրակացություն կամ կարծիք հայտնելու հանձնարարականներ կարող են տալ Վարչապետը կամ վերջինիս հանձնարարությամբ այդ հանձնարարականները փոխանցել տարածքային կառավարման գծով նախարարը, Ազգային ժողովի հետ կապերի գծով նախարարը, ԱՊՀ-ի, Եվրոմիության և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարարը, Կառավարության քարտուղար-նախարարը, Վարչապետի խորհրդականները:

Սույն կետով նախատեսված հանձնարարությունները կատարվում են Վարչապետի սահմանած ժամկետներում, իսկ այդպիսի ժամկետներ սահմանված չլինելու դեպքում` գործող օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում` հաշվի առնելով սույն կարգի պահանջները:

30. Եթե սույն կարգի 29-րդ կետով նախատեսված դեպքերում հանձնարարությունը տրվում է միաժամանակ մի քանի նախարարությունների կամ պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների, ապա հանձնարարության կատարման պատասխանատվությունը դրվում է առաջին հասցեատիրոջ վրա: Հանձնարարություն ստացած մյուս պետական կառավարման մարմինները պարտավոր են կատարման ենթակա փաստաթղթերի վերաբերյալ պատասխանատու կատարողին առաջարկություններ, դիտողություններ և անհրաժեշտ նյութեր ներկայացնել այն հաշվով, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա սահմանված ժամկետում պատասխան ներկայացնել Կառավարություն:

Անհրաժեշտության դեպքում պատասխանատու կատարողն իր մոտ խորհրդակցություն է անցկացնում մյուս կատարողների իրավասու ներկայացուցիչների մասնակցությամբ:

31. Սույն կարգով նախատեսված ժամկետները օբյեկտիվ կամ այլ հիմնավոր պատճառներով խախտելու հանգամանքներ առաջանալու դեպքում ժամկետի պահպանման համար պատասխանատու պետական մարմինը հիմնավորված նամակով միջնորդում է Վարչապետին սահմանված ժամկետը երկարաձգելու համար` կոնկրետ նշելով իր առաջարկած վերջնական ժամկետը:

Առաջարկությունը հիմնավորված համարելու դեպքում Վարչապետը երկարաձգում է ժամկետը:

32. Կառավարություն ներկայացված փաստաթղթերը նախօրոք քննության են առնում Վարչապետի խորհրդականները, Կառավարության քարտուղարության իրավասու կառուցվածքային ստորաբաժանումները:

Անհրաժեշտության դեպքում այդ քննարկումներին մասնակցում են Կառավարություն հարց ներկայացրած պետական կառավարման մարմինների և տվյալ հարցով իրավասու կամ շահագրգիռ մյուս պետական կառավարման մարմինների ղեկավարները կամ այլ պատասխանատու անձինք:

Այդ ընթացքում Կառավարության քննարկմանը հարց ներկայացնող, ինչպես նաև իրավասու կամ շահագրգիռ պետական կառավարման մարմիններից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, նյութեր, հիմնավորումներ:

Ներկայացված հարցերը Կառավարության քարտուղարության իրավասու կառուցվածքային ստորաբաժանումները պարտավոր են համաձայնեցնել մյուս ստորաբաժանումների հետ, եթե դրանցում շոշափվում են համապատասխան բնագավառներին վերաբերող հարցեր: Տարաձայնությունների առկայության դեպքում փաստաթղթերին կցվում է չհամաձայնեցված հարցերի վերաբերյալ տեղեկանք` տարաձայնության պատճառների հիմնավորմամբ:

33. Կառավարություն ներկայացված փաստաթղթերը Կառավարության քննարկմանն են դրվում Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Վարչապետի մակագրությամբ` ներկայացված փաստաթղթերի ուղեկցական նամակի վրա, Կառավարության քարտուղարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման և իրավաբանական վարչության եզրակացությունների հիման վրա:

Վարչապետի իրավասությանն առնչվող հարցերը Վարչապետի համապատասխան խորհրդականի, Կառավարության քարտուղարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման և իրավաբանական վարչության եզրակացությամբ ներկայացվում են Վարչապետին:

34. Սույն կարգի պահանջների խախտումով Կառավարություն ներկայացված օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերը և դրանց վերաբերյալ մյուս նյութերը Կառավարության քարտուղար-նախարարը վերադարձնում է` դրանք սահմանված կարգով ներկայացնելու համար:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

35. Կառավարությունն իր գործունեությունը իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են հինգշաբթի օրերին:

Անհրաժեշտության դեպքում Կառավարության նիստերը կարող են հրավիրվել նաև այլ, այդ թվում` ոչ աշխատանքային օրերի:

Կառավարության նիստերի նախապատրաստման ամբողջ աշխատանքը, ինչպես նաև նիստերի անցկացումն ապահովում է Կառավարության քարտուղարությունը:

36. Կառավարության նիստերը հրավիրվում են դրանց վերաբերյալ կազմված ամենամսյա ժամանակացույցին համապատասխան, որով նախատեսվում են հերթական նիստերի անցկացման օրը, նիստերի օրակարգի հարցերը, զեկուցողները, հրավիրվողների ցուցակը:

37. Կառավարության նիստերի ժամանակացույցը, ներառյալ օրակարգը, հաստատում է Վարչապետը:

Կառավարության նիստերի ժամանակացույցում, դրանով նախատեսված օրակարգի հարցերում փոփոխություններ կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության նախագահի, Վարչապետի նախաձեռնությամբ, ինչպես նաև Կառավարության անդամների առաջարկությամբ:

38. Կառավարության նիստերի ժամանակացույցը մշակում է Կառավարության քարտուղարությունը` ելնելով Կառավարության գործունեության տարեկան նպատակային աշխատանքային ծրագրերից և ընթացիկ հրատապ խնդիրներից` պահպանելով սույն կարգով նախատեսված պահանջները:

39. Արտահերթ նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Վարչապետի նախաձեռնությամբ կամ Կառավարության որոշմամբ:

40. Կառավարության նիստերի և դրանցում քննարկվելիք հարցերի մասին նախօրոք, ոչ ուշ, քան նիստերը սկսվելուց երեք օր առաջ, տեղեկացվում են Կառավարության անդամները, քննարկման ենթակա հարցերով զեկուցող պատասխանատու պաշտոնատար անձինք և հրավիրվողները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ անձինք:

Կառավարության անդամներին և հրավիրվող պատասխանատու անձանց սույն կետով նախատեսված ժամկետից ոչ ուշ տրամադրվում են նաև քննարկման ենթակա հարցերին առնչվող նյութերը:

41. Կառավարության նիստերն անցկացվում են Կառավարության նստավայրում:

42. Անհրաժեշտության դեպքում Կառավարության նիստերը կարող են անցկացվել արտագնա:

Արտագնա նիստերը կարող են անցկացվել հետևյալ դեպքերում`

ա) արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում, երբ դրանից բխող Կառավարության իրավասության հարցերը կարող են առավել արդյունավետ քննարկվել և լուծվել արտակարգ իրավիճակի առաջացման վայրում.

բ) պետական կարևոր նշանակություն ունեցող իրադարձության կապակցությամբ` այդպիսի իրադարձության վայրում:

Կառավարության արտագնա նիստեր կարող են անցկացվել նաև այլ դեպքերում` Վարչապետի նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետության նախագահի համաձայնությամբ:

43. Կառավարության նիստերը սկսվում են նախօրոք նշանակված ժամին և ավարտվում են նույն օրը: Նիստերը կարող են անցկացվել ընդմիջումներով:

Տևական քննարկում պահանջող հարցերի քննարկումները կարող են հետաձգվել հաջորդ օրը, իսկ լրացուցիչ փաստաթղթեր կամ ուսումնասիրություններ պահանջող հարցերը` հաջորդ հերթական կամ արտահերթ նիստի օրը:

44. Կառավարության նիստերին (այդ թվում` դռնփակ) մասնակցում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Կառավարության նիստերին հրավիրվում են Վարչապետի խորհրդականները, օգնականները, Կառավարության քարտուղար-նախարարի տեղակալները, քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մամուլի ծառայության ղեկավարը:

Կառավարության քարտուղարության այլ պատասխանատու աշխատողները Կառավարության նիստերին ներկա են գտնվում միայն այն հարցերի քննարկման ժամանակ, որոնց նախապատրաստմանը նրանք մասնակցել են:

Կառավարության նիստերին կարող են հրավիրվել նաև գիտության գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անձինք:

45. Կառավարության նիստերն անցկացվում են դռնփակ, եթե`

ա) քննարկվում են Հայաստանի Հանրապետության գաղտնիք համարվող տեղեկությունների հետ առնչվող հարցեր.

բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 59 հոդվածով նախատեսված դեպքերում քննարկվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին դիմելու հարցը:

46. Վարչապետը հրավիրում և վարում է Կառավարության հերթական և արտահերթ նիստերը, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության Նախագահն ինքն է ստանձնում նիստերի հրավիրման կամ վարման պարտականությունները:

47. Կառավարության նիստերին Կառավարության անդամների մասնակցությունը պարտադիր է:

Կառավարության նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Կառավարության անդամների առնվազն կեսից ավելին:

48. Տվյալ նիստի օրակարգի հարցերը ընդունվում են առանց քվեարկության` նիստը վարողի հրապարակմամբ:

Կառավարության անդամի (անդամների) առարկության դեպքում տվյալ հարցը օրակարգում թողնելու խնդիրը լուծվում է քվեարկությամբ` առարկողի (առարկողների) հիմնավորումները լսելուց հետո:

49. Օրակարգի հարցերի քննարկման հերթականությունը սահմանում է Կառավարության նիստը վարողը:

50. Քննարկումներից առաջ տվյալ հարցի վերաբերյալ լսվում է համապատասխան զեկուցում, որով հանդես գալու իրավունք ունեն Կառավարության անդամները, վերջիններիս նախնական խնդրանքով և նիստը վարողի թույլտվությամբ` նաև նրանց փոխարինող պաշտոնատար անձինք:

Կառավարությունում քննարկվող հարցերի վերաբերյալ զեկուցման համար տրվում է մինչև 20 րոպե ժամանակ, ելույթների համար` մինչև 5 րոպե, տեղեկանքների համար` 2 րոպե: Նիստը վարողը, անհրաժեշտության դեպքում, կարող է սահմանել այլ ժամկետներ:

51. Զեկուցմանը հաջորդում են հարցի շուրջ ելույթները:

Նիստը վարողը քննարկվող հարցի վերաբերյալ իր կարծիքը արտահայտում է վերջում:

52. Ելույթներն ավարտված են համարվում զեկուցողի կողմից քննարկումների վերաբերյալ իր կարծիքն արտահայտելուց հետո, եթե նա չի հրաժարվում դրանից, կամ, եթե որևէ պատճառով բացակայում է նիստից:

53. Օրակարգի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Կառավարության որոշումն ընդունվում է այդ հարցի քննարկումն ավարտելուց հետո, նախքան հաջորդ հարցի քննարկմանն անցնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ հարցի քննարկումը հետաձգվում է:

54. Կառավարության որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցող Կառավարության անդամների կեսից ավելին:

Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:

Քվեարկությանը մասնակցում են միայն Կառավարության անդամները:

55. Հայաստանի Հանրապետության օրենքների և Ազգային ժողովի որոշումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների նախագծերը Կառավարության հավանությանն արժանանալու դեպքում համապատասխան արձանագրության հետ սահմանված կարգով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով կամ Հայաստանի Հանրապետության Նախագահին:

Եթե առաջանում է Հայաստանի Հանրապետության օրենքների և Ազգային ժողովի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների նախագծերի լրամշակման անհրաժեշտություն, ապա դրանք ներկայացնող կամ իրավասու պետական այլ մարմիններին տրվում են համապատասխան հանձնարարականներ: Ներկայացված նախագծերը մերժելու դեպքում դրանց վերաբերյալ կազմված արձանագրություններն ուղարկվում են նախագծերը ներկայացնողներին կամ այլ իրավասու պետական մարմիններին:

56. Վարչապետը 5-օրյա ժամկետում ստորագրում է Կառավարության որոշումները և ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացմանը:

Կառավարության որոշումների հավելվածները ստորագրում է Կառավարության քարտուղար-նախարարը:

Կառավարության որոշումները Վարչապետի ստորագրությանն է ներկայացնում Կառավարության քարտուղար-նախարարը:

57. Այն որոշումների նախագծերը, որոնք թեև սկզբունքորեն ընդունվել են, սակայն դրանց վերաբերյալ Կառավարության նիստերում քննարկումների ժամանակ արվել են դիտողություններ, կատարվել լրացումներ կամ փոփոխություններ, լրամշակվում են Կառավարության քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումների կամ նիստերում կազմված հանձնախմբերի կողմից` Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների հետ համատեղ, որից հետո ներկայացվում են Վարչապետի ստորագրմանը` վերջինիս կողմից սահմանված ժամկետում:

58. Կառավարության նիստերը արձանագրվում են: Նիստերի արձանագրությունը ապահովում է Կառավարության քարտուղար-նախարարը:

Կառավարության նիստերի արձանագրությունները ստորագրում է նիստը վարողը:

59. Նիստերի ավարտից հետո Կառավարություն ներկայացված փաստաթղթերի նախագծերը և դրանց կից նյութերը պահվում են Կառավարության քարտուղարությունում:

Եթե նիստերի արձանագրություններով հանձնարարություններ են տրվել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմիններին և այլ կազմակերպությունների, ապա Կառավարության քարտուղարությունը 24 ժամվա ընթացքում դրանք արձանագրություններից քաղվածքների ձևով ուղարկում է նշված մարմիններին և կազմակերպություններին:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

60. Կառավարության որոշումները Կառավարության քարտուղարությունը գրանցում է որոշումների գրանցման մատյանում` դրանց տալով հերթական համարներ:

Յուրաքանչյուր տարվա համար որոշումների համարակալումները սկսվում են հունվարի առաջին նիստի առաջին որոշումից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին որոշումով:

61. Կառավարության որոշումները վավերացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, որոնք ուժի մեջ են մտնում վավերացումից հետո` որոշմամբ նախատեսված պահից, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78 հոդվածով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրման պահից, եթե Ազգային ժողովը այլ ժամկետ չի սահմանում:

62. Կառավարության որոշումները Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացնելուց հետո պահվում են Կառավարության քարտուղարությունում: Վավերացնելուց հետո դրանք եռօրյա ժամկետում Կառավարության քարտուղարությունը առաքում է Հայաստանի Հանրապետության նախարարություններ, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմիններ, ինչպես նաև այլ շահագրգիռ կազմակերպություններ:

Կառավարության որոշումները առաքում է քարտուղարությունը` իր սահմանած կարգով:

63. Կառավարության որոշումները հրապարակվում են հատուկ ժողովածուներում: Անհրաժեշտության դեպքում դրանք հրապարակվում են մամուլում:

Կառավարության այն որոշումները, դրանց առանձին կետերը կամ մասերը, որոնք պարունակում են Հայաստանի Հանրապետության գաղտնիք համարվող տեղեկություններ, հրապարակման ենթակա չեն:

64. Մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին վերաբերող կառավարության որոշումները, ինչպես նաև այն որոշումները, որոնք նախատեսած միջոցառումների կարևորության կամ հրատապության առումով ենթակա են անհապաղ հրապարակման, զանգվածային լրատվության միջոցներով հայտնվում են ի գիտություն բոլորի:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

65. Վարչապետի աշխատակազմի ղեկավարը Հայաստանի Հանրապետության նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից փաստաթղթեր ստանալու մասին նույն օրը զեկուցում է Վարչապետին:

66. Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմիններից ստացված գրություններին, նամակներին, հեռագրերին և Կառավարության կամ Վարչապետի որոշում չպահանջող մյուս փաստաթղթերին ընթացք է տրվում այն դեպքում, երբ դրանցում բարձրացված հարցերը մտնում են Կառավարության կամ Վարչապետի իրավասության շրջանակների մեջ կամ, եթե այդ հարցերը համապատասխան նախարարություններում, գործադիր իշխանության հանրապետական և տարածքային մյուս մարմիններում լուծում չեն ստացել:

67. Կառավարությունում ստացված և Կառավարության կամ Վարչապետի որոշումների ընդունում չպահանջող գրությունների, նամակների, հանձնարարականների, հեռագրերի ու մյուս փաստաթղթերի կապակցությամբ Վարչապետը մակագրության ձևով հանձնարարականներ է տալիս պետական կառավարման համապատասխան մարմիններին անմիջականորեն կամ դրանք փոխանցում Կառավարության քարտուղար-նախարարի միջոցով: Վարչապետի կողմից սահմանված կարգով տարածքային կառավարման գծով նախարարը, Ազգային ժողովի հետ կապերի գծով նախարարը, ԱՊՀ-ի, Եվրոմիության և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարարը, Կառավարության քարտուղար-նախարարը, Վարչապետի խորհրդականները հանձնարարականներ են տալիս Կառավարության քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին:

Անհրաժեշտության դեպքում սույն կետում նշված փաստաթղթերի առնչությամբ օպերատիվ խորհրդակցություններ են անցկացնում Վարչապետը, նրա կողմից լիազորված Կառավարության որևէ անդամը կամ Կառավարության քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը: Խորհրդակցությունների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ստորագրում են դրանք անցկացնող պաշտոնատար անձինք:

68. Սույն կարգի 66-րդ կետով նախատեսված փաստաթղթերի վերաբերյալ Վարչապետին զեկուցելու համար դրանք նախապատրաստելու, համապատասխան մակագրություններով հանձնարարականներ, խորհրդակցությունների արձանագրություններ ձևակերպելու, կատարողներին և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին, պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմիններին տալու կարգը սահմանում է Վարչապետը:

Սույն կետում նշված հանձնարարականները կարող են տրվել Կառավարության կամ Վարչապետի որոշումների, ինչպես նաև Վարչապետի կամ վերջինիս հանձնարարությամբ` Կառավարության քարտուղար-նախարարի ստորագրությամբ փոխանցված հանձնարարականների կատարման ապահովման, Կառավարության կամ Վարչապետի որոշումների նախագծերի կամ դրանց վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման, ինչպես նաև Վարչապետի կողմից նախարարների աշխատանքների համակարգման նպատակով:

69. Սույն բաժնով նախատեսված հարցերի կապակցությամբ տրված հանձնարարականները Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմինները պետք է կատարեն դրանցում նախատեսված ժամկետներում, իսկ այդպիսի ժամկետներ սահմանված չլինելու դեպքում` գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

Հանձնարարականների կատարման ժամկետը կարող է երկարաձգել միայն այն սահմանող պաշտոնատար անձը:

70. Եթե հանձնարարությունը տրվում է միաժամանակ մի քանի կատարողների, ապա դրա կատարման համար պատասխանատու է համարվում առաջին հասցեատերը: Մյուս կատարողները համահավասար պատասխանատվություն են կրում հանձնարարության ժամանակին և որակով կատարման համար և պարտավոր են հանձնարարականի վերաբերյալ իրենց կարծիքը, եզրակացությունը, առաջարկությունները կամ դիտողությունները առաջին հասցեատիրոջը ներկայացնել այն հաշվով, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա սահմանված ժամկետներում պատասխանել Կառավարությանը:

71. Հանձնարարությունը համարվում է կատարված, եթե լուծված են դրանում բարձրացված բոլոր հարցերը կամ դրա վերաբերյալ տրվել է ըստ էության պատասխան:

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

72. Վարչապետը որոշումներ է ընդունում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

73. Վարչապետը որոշումներ ընդունում է իր նախաձեռնությամբ:

Վարչապետի որոշումներ ընդունելու վերաբերյալ հարց կարող են բարձրացնել նաև սույն կարգի 15-րդ կետում նշված պաշտոնատար անձինք:

Վարչապետն իր որոշումներով`

ա) լուծում է օպերատիվ կառավարման հետ կապված ընթացիկ հարցերը.

բ) հաստատում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների կանոնադրությունները, կառուցվածքը, նախարարությունների կոլեգիաների կազմը և կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը:

Ազգային անվտանգության նախարարության, արտաքին գործերի նախարարության, ներքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության կանոնադրությունների, կառուցվածքի, նախարարությունների կոլեգիաների կազմի վերաբերյալ Վարչապետի որոշումները վավերացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը.

գ) օգտագործում է Կառավարության պահուստային ֆոնդի միջոցները.

դ) լուծում է ֆինանսավարկային, բանկային, բյուջետային վճարումների համակարգի, արժեթղթերի շուկայի կարգավորման հետ կապված հարցերը.

ե) կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների կիրարկման հետ կապված հարցերը.

զ) որոշում է գործուղումների, ընդունելությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերը.

է) օպերատիվ հարցերի լուծման նպատակով ստեղծում է հանձնաժողովներ` հաստատելով դրանց կանոնադրությունները և անհատական կազմը.

ը) վավերացնում է Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական միջազգային պայմանագրերը.

թ) տալիս է միջկառավարական պայմանագրեր ստորագրելու լիազորություն.

ժ) նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության նախարարների և պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների ղեկավարների տեղակալներին` խորհրդակցելով համապատասխան նախարարների և պետական կառավարման հանրապետական մարմինների ղեկավարների հետ:

Ազգային անվտանգության, արտաքին գործերի, ներքին գործերի և պաշտպանության նախարարների տեղակալներին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Վարչապետի ներկայացմամբ.

ժա) խրախուսում և կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում նախարարների, նրանց տեղակալների, պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների նկատմամբ:

Վարչապետը կարող է նպատակահարմարությունից ելնելով իր իրավասության մեջ մտնող առանձին հարցերի լուծումը կարգավորել Կառավարության որոշումներով:

Վարչապետը`

ա) հաշվեկշռից հաշվեկշիռ է հանձնում նախարարությունների և պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների տնօրինության տակ գտնվող շենքերը, կառույցները.

բ) փոփոխում է նախարարությունների, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ենթակայությունը.

գ) որոշումներ է ընդունում`

- պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների, բյուջետային ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների աշխատանքի վարձատրման համակարգի կարգավորման մասին.

- կազմակերպական միջոցառումների մասին.

- Վարչապետի աշխատակազմի կառուցվածքի և գործունեության կարգի մասին.

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության կազմում Կառավարության ներկայացուցիչներ նշանակելու և ազատելու մասին.

- միջազգային և միջկառավարական մարմիններում Կառավարության ներկայացուցիչներ նշանակելու մասին.

- գերատեսչական նորմատիվ և պետական կառավարման տարածքային մարմինների ակտերը կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու մասին.

- օրենսդրությամբ նախատեսված այլ հարցերի մասին:

74. Վարչապետի որոշումները ուժի մեջ են մտնում դրանցում նախատեսված պահից:

Վարչապետի որոշումները ստորագրում է (են) նաև դրանք իրագործող նախարարը (նախարարները), եթե`

ա) այն ուղղակիորեն բխում է գործող օրենքների պահանջներից.

բ) որոշումը պարունակում է պետական բյուջեի միջոցներից օրենսդրությամբ թույլատրվող նպատակներով հատկացումներ կատարելու հանձնարարական (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից).

գ) որոշմամբ կարգավորվում են սեփականաշնորհման և ապապետականացման հետ կապված հարցերը (Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից).

դ) որոշմամբ տրվում են հարկային արտոնություններ (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից).

ե) Վարչապետն ինքն է անհրաժեշտ գտնում, որպեսզի իր կողմից ընդունվող որոշումը ստորագրվի նաև համապատասխան նախարարի (նախարարների) կողմից:

75. Վարչապետի բացակայության դեպքում, նրա որոշումներին առնչվող հարցերի շրջանակներում, վերջինիս պարտականությունները կատարում է Կառավարության անդամներից որևէ մեկը` Վարչապետի որոշման հիման վրա` նրա կողմից սահմանված կարգով:

76. Վարչապետի որոշումները գրանցվում, հաշվառվում և համարակալվում են Կառավարության որոշումների համար սահմանված կարգով` առանձին գրանցամատյանում: Վարչապետի որոշումները պահպանվում են Կառավարության քարտուղարությունում:

77. Վարչապետի որոշումները դրանց ստորագրման պահից երկօրյա ժամկետում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության նախարարություններ, պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմիններ, ինչպես նաև այլ շահագրգիռ կազմակերպություններ:

78. Վարչապետի որոշումները հրապարակվում են հատուկ ժողովածուներում: Անհրաժեշտության դեպքում Վարչապետի որոշումները հրապարակվում են մամուլում:

Վարչապետի որոշումների ընդունման և հրապարակման հետ կապված կիրառվում են Կառավարության որոշումների համար սույն կարգով նախատեսված պայմանները:

79. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների կողմից ընդունված նորմատիվ ակտերը (գերատեսչական նորմատիվ ակտեր) իրավաբանական ուժ են ստանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից սահմանված կարգով պետական գրանցման պահից:

Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգը սահմանում է Կառավարությունը:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

80. Կառավարությունը մշտական վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմինների գործունեության, ինչպես նաև Կառավարության և Վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման ապահովման նկատմամբ:

81. Վարչապետը կամ նրա հանձնարարությամբ Կառավարության քարտուղար-նախարարը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և Կառավարության քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները պարբերաբար քննության են առնում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմինների կողմից Կառավարության և Վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման արդյունքները և միջոցներ ձեռնարկում թերությունները վերացնելու և ծագած դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ:

Կառավարությունը և Վարչապետը պարբերաբար լսում են Հայաստանի Հանրապետության նախարարների, պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների ղեկավարների հաշվետվությունները Կառավարության և Վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման ընթացքի և դրանց կատարման ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին:

82. Կառավարության և Վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման ստուգման կարգը սահմանվում է Կառավարության քարտուղարության կանոնադրությամբ:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

83. Կառավարության աշխատակազմը քարտուղարությունն է, որն իրականացնում է Կառավարությունում քննարկվելիք հարցերի նախապատրաստումը և ապահովում Կառավարության և Վարչապետի որոշումների կատարման ստուգումը:

84. Կառավարության քարտուղարությունը ղեկավարում է քարտուղար-նախարարը, որը Կառավարության անդամ է:

85. Կառավարության քարտուղարությունը կազմված է վարչություններից և կառուցվածքային այլ ստորաբաժանումներից:

Կառավարության քարտուղարության կառուցվածքը, իրավասությունը, ինչպես նաև գործունեության կարգը որոշվում են Վարչապետի հաստատած կանոնադրությամբ: Քարտուղարության հաստիքները հաստատվում են Վարչապետի որոշմամբ:

86. Կառավարության քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումները գործում են իրենց կանոնադրություններին համապատասխան, որոնք հաստատում է քարտուղար-նախարարը: Քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին նշանակում և պաշտոնից ազատում է Վարչապետը` խորհրդակցելով Կառավարության քարտուղար-նախարարի հետ:

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ

 

87. Վարչապետի խորհրդականները Վարչապետի անունից Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների ղեկավարներին են փոխանցում Վարչապետի հանձնարարականները, անցկացնում խորհրդակցություններ, օժանդակում օպերատիվ կառավարման հարցերի լուծմանը, անհրաժեշտության դեպքում պետական կառավարման համապատասխան մարմիններից պահանջում տեղեկատվություն, նախապատրաստում օրենսդրական ակտերի նախագծեր և դրանք ներկայացնում Վարչապետին:

Վարչապետի խորհրդականների միջև պարտականությունների բաշխումը կատարում է Վարչապետը:

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

88. Կառավարությունում քաղաքացիների ընդունելությունը, ինչպես նաև նրանց դիմումների, գանգատների և առաջարկությունների քննարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Կառավարության որոշումներին համապատասխան:

89. Կառավարությունում քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև նրանց դիմումների, գանգատների և առաջարկությունների քննարկումը կազմակերպում է Կառավարության քարտուղարությունը:

Կառավարությունում քննարկվում և ընթացք են տրվում քաղաքացիների այն դիմումներին, գանգատներին և առաջարկություններին, որոնք լուծում չեն ստացել համապատասխան նախարարություններում, պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմիններում:

90. Կառավարության քարտուղարությունը`

ա) վերլուծում և ամփոփում է Կառավարությանը հասցեագրված քաղաքացիների դիմումները, գանգատները և առաջարկությունները ու պարբերաբար Վարչապետին տեղեկացնում այդ աշխատանքների վիճակի մասին.

բ) ստուգում է քաղաքացիների ընդունելության, նրանց դիմումների, գանգատների և առաջարկությունների քննարկման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների կողմից տարվող աշխատանքը, առաջարկում է միջոցառումներ այդ աշխատանքները բարելավելու ուղղությամբ:

91. Կառավարության քարտուղարությունում քաղաքացիների ընդունելության և նրանց դիմումների, գանգատների ու առաջարկությունների քննարկման գծով տարված աշխատանքի արդյունքները, ինչպես նաև այդ աշխատանքի վիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առանձին նախարարությունների, պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների հաշվետվությունները պարբերաբար քննության են առնվում Կառավարության նիստերում:

 

ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

92. Կառավարության գործավարության կազմակերպումը իրականացնում է Կառավարության քարտուղարությունը:

93. Կառավարության գործավարությունը տարվում է Կառավարության քարտուղար-նախարարի հաստատած հրահանգին համապատասխան:

III. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` կազմավորումից հետո մեկամսյա ժամկետում`

ա) ձեռնարկել համապատասխան միջոցներ Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման կամ վերակառուցման գործընթացն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու համար.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության ակտերը համապատասխանեցնել սույն հրամանագրի պահանջներին, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության դեպքում օրենսդրական նախաձեռնության կարգով դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

IV. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
  25 հուլիսի 1995 թ.
ՆՀ-456

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան