ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
2 սեպտեմբերի 2014 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ - ԾՐԱԳԻՐ 2» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Առաքելյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի հունվարի 21-ին և 2014 թվականի հունիսի 11-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 2» վարկային համաձայնագրում (հատուկ գործողություններ) փոփոխություն կատարելու մասին նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2014 թվականի հուլիսի 14-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, ինչպես նաև լսելով նրա բանավոր պարզաբանումները, հետազոտելով նամակ-համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 2» վարկային համաձայնագրում (հատուկ գործողություններ) փոփոխություն կատարելու մասին նամակ-համաձայնագիրը (այսուհետ նաև` Նամակ-համաձայնագիր) ստորագրվել է Ասիական զարգացման բանկի կողմից 2014 թվականի հունվարի 21-ին, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից` 2014 թվականի հունիսի 11-ին:
Նամակ-համաձայնագրի պայմանագրաիրավական հիմք հանդիսացող` 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 2 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագիրը (Վարկային համաձայնագիր), ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2011 թվականի հունիսի 16-ի ՍԴՈ-979 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2011 թվականի հունիսի 23-ի ԱԺՈ-280-Ն որոշմամբ:
2. Նամակ-համաձայնագրով Վարկային համաձայնագրով նախատեսված Ծրագիր 2-ի շրջանակներում վարկի փակման ժամկետը երկարաձգվում է 24 ամսով: Այդ նպատակով Վարկային համաձայնագրի 3.05-րդ բաժնի` «2015 թվականի հունիսի 30» բառերը փոխարինվում են «2017 թվականի հունիսի 30» բառերով:
Ելնելով սույն գործի նյութերի ուսումնասիրության արդյունքներից` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Նամակ-համաձայնագրով նախատեսված փոփոխությունը պայմանավորված է Ծրագրում ներառված բաղադրիչների, մասնավորապես` Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների բնականոն, ամբողջական և պատշաճ կատարման ապահովման անհրաժեշտությամբ: Համաձայն Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրության` կառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի համար շինարարական աշխատանքների կապալի պայմանագիրը կնքվել է 2012 թվականի ապրիլի 27-ին: Սակայն շինարարական աշխատանքները մեկնարկել են միայն 2013 թվականի հունիսի 13-ին` կապված նշված հատվածում Ծրագրով պահանջվող հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացման ու ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ տարածքը երրորդ անձանց իրավունքներից ազատելու գործընթացի ավարտման հետ: Հարկ է նկատել, որ հողերի օտարման և տարաբնակեցման ընթացակարգը բարեփոխելու նպատակով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-105-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 9-ին: Շինարարական աշխատանքների պայմանագրի համաձայն` աշխատանքների տևողության ժամկետը սահմանված է 1096 օր, ինչի արդյունքում շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2016 թվականի հունիսի 12-ին, այսինքն` մոտ մեկ տարի ավելի ուշ, քան վարկի փակման ամսաթիվն է: Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը, ինչպես նաև այն, որ թերությունների վերացման համար նախատեսված է մեկ տարի ժամկետ, ուստի Հայաստանի Հանրապետությունը և Ասիական զարգացման բանկը համաձայնել են վարկի փակման ամսաթիվը երկարաձգել 24 ամսով, այսինքն` մինչև 2017 թվականի հունիսի 30-ը:
Նամակ-համաձայնագրով նախատեսված փոփոխությամբ Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է պարտավորություն` վճարել լրացուցիչ պարտավճար` շուրջ 240 հազար ԱՄՆ դոլարի չափով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի հունվարի 21-ին և 2014 թվականի հունիսի 11-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 2» վարկային համաձայնագրում (հատուկ գործողություններ) փոփոխություն կատարելու մասին նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
2 սեպտեմբերի 2014 թ. ՍԴՈ-1158 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|