Գլխավոր տեղեկություն
Համար
N 988-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
OBMOFA RA 2013.07.26/16(24) Հոդ.888
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 սեպտեմբերի 2013 թվականի N 988-Ն

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 605-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածն ու 14-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 14.08.14 N 842-Ն)

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի «Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ հիմնադրելու, կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի տնօրինման ու կառավարման գործառույթները կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամին վերապահելու, կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի տնօրինման ու կառավարման կարգը հաստատելու և կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու, գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 605-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը, 3-րդ կետի 2-րդ ենթակետը և 4-րդ ու 5-րդ կետերը.

2) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:

2. Հիմնադրել կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ:

3. Սահմանել, որ կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի հիմնադրի անունից հանդես եկող կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության:

4. Հաստատել կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

5. Մինչև հիմնադրամի խորհրդի կողմից հիմնադրամի տնօրենի ընտրությունը` հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Հերմինե Արծրունի Հարությունյանին և հանձնարարել սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 23

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 5-ի N 988-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադրման հիմնական նպատակը պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կողմից կատարված սոցիալական վճարների` ճշգրտված տարեկան գնաճով վերադարձելիություն երաշխավորող ֆոնդի կառավարումն է:

(1-ին կետը փոփ. 14.08.14 N 842-Ն)

2. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Կուտակային կենսաթոշակների մասին» ու «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ օրենքների և իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

3. Հիմնադրամի հայերեն անվանումն է` Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ:

4. Հիմնադրամի անգլերեն անվանումն է` Pension Guarantee Fund Management Foundation.

5. Հիմնադրամի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 6:

6. Հիմնադրամն ունի իր անվամբ դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև` այլ անհատականացման միջոցներ:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ

 

7. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է (այսուհետ` հիմնադիր)` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է (այսուհետ` նախարարություն):

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿԸ

 

8. Հիմնադրամի գործունեության նպատակը պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կողմից կատարված սոցիալական վճարների (այսուհետ` երաշխավորված կուտակային հատկացումներ)` ճշգրտված տարեկան գնաճով վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդի (այսուհետ` ֆոնդ) կառավարումն է:

(8-րդ կետը փոփ. 14.08.14 N 842-Ն)

9. Իր առջև դրված նպատակն իրագործելու համար` հիմնադրամը`

1) օրենքով սահմանված պայմաններով կառավարում է ֆոնդի միջոցները.

2) միջնորդություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` օրենքով սահմանված երաշխիքային վճարները չվճարած կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների ներկայացրած հաշվետվությունների արժանահավատությունը պարզելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստուգումներ անցկացնելու համար.

3) հավաքագրում է օրենքով սահմանված երաշխիքային վճարները.

4) իրականացնում է ֆոնդի միջոցների, երաշխավորված վճարների, կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների թվի և այլ վերլուծություններ.

5) ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն` հատուցումն օրենքով սահմանված կարգով կազմակերպելու համար.

6) լուսաբանում է կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կողմից կատարված սոցիալական վճարների երաշխավորման և հատուցման գործընթացը.

7) կազմակերպում է հատուցման գործընթացը.

8) իրականացնում է օրենքով ֆոնդի համար սահմանված այլ գործառույթներ:

(9-րդ կետը փոփ. 14.08.14 N 842-Ն)

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Հիմնադրամն անձամբ չի իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն:

11. Հիմնադրամը կարող է`

1) կնքել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր և գործարքներ.

2) օրենքով սահմանված կարգով ձեռք բերել, ստանալ, վարձակալել կամ այլ պայմաններով, այդ թվում նաև` անվճար, օգտագործել անշարժ գույք, հիմնական միջոցներ, օրենքով չարգելված այլ գույք.

3) օտարել կամ վարձակալության և անվճար օգտագործման հանձնել հիմնադրամին պատկանող ցանկացած անշարժ և շարժական գույք.

4) կնքել համաձայնագրեր օտարերկրյա ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ, իր աշխատողներին և այլ անձանց գործուղել այլ երկրներ, այլ երկրներից հրավիրել քաղաքացիների.

5) ներդրումներ կատարել սույն կանոնադրության V գլխի 20-րդ կետում նշված ֆինանսական ակտիվներում.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` անդամակցել տեղական, միջազգային և օտարերկրյա պետական և ոչ պետական կազմակերպություններին.

7) ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` ստանալ վարկեր, փոխառություններ, դրամաշնորհներ, հանգանակություններ, ձեռք բերել գույքային և ոչ գույքային իրավունքներ, տիրապետել ու տնօրինել դրանք և դրանցից ստացված եկամուտները.

8) օրենքով սահմանված կարգով ստանալ կենսաթոշակային գաղտնիք կազմող և այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

9) հիմնադրամի կողմից կուտակային հատկացումների երաշխավորման և հատուցման գործընթացի լուսաբանման համար ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ.

10) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:

(11-րդ կետը փոփ. 14.08.14 N 842-Ն)

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՖՈՆԴԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

12. Հիմնադրամի գույքի սկզբնական արժեքը` սույն կանոնադրությունը հաստատելու պահին կազմում է 100000 դրամ:

13. Հիմնադրամը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

14. Հիմնադրամի սկզբնական միջոցներն են հիմնադրի կողմից ստեղծման պահին փոխանցված նյութական և (կամ) ֆինանսական միջոցները:

15. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով:

16. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների` բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրը, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները հանդիսանում են սույն կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:

17. Ֆոնդի սկզբնական գույքը ձևավորվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից` օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվում կուտակվող երաշխիքային վճարների գումարներից, որոնք ֆոնդի ստեղծման պահից տասն օրվա ընթացքում փոխանցվում են ֆոնդի հաշվին: Ֆոնդի անունով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվին են փոխանցվում նաև կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից` օրենքի համաձայն փոխանցման ենթակա պարբերական վճարները: Ֆոնդն իր անունով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացում է նաև դեպո հաշիվ:

18. Ֆոնդի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել`

1) օրենքով սահմանված երաշխիքային վճարների գումարները.

2) դրանց կառավարումից ստացված եկամուտները.

3) ֆոնդի կողմից հատուցված և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների նկատմամբ ձեռք բերված պահանջի հիման վրա կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից ստացված գումարները.

4) օրենքով չարգելված այլ եկամուտներն ու միջոցները:

19. Ֆոնդի գույքի տնօրինումը և կառավարումն իրականացվում են օրենքով, ֆոնդի միջոցների տնօրինման ու կառավարման կարգով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

20. Ֆոնդի միջոցների ներդրումը կատարվում է համաձայն ֆոնդի տնօրինման և կառավարման կարգի:

21. Հիմնադրամի ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրն են`

1) հիմնադրամի ծախսերը`

ա. գործառնական ծախսերը,

բ. վարչական ծախսերը.

2) կապիտալ ներդրումների ծրագիրը`

ա. հիմնադրամի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվող կապիտալ ներդրումները,

բ. վարչական նպատակներով իրականացվող կապիտալ ներդրումները:

22. Հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը, գործառնական ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրը հաստատվում են հոգաբարձուների խորհրդի (այսուհետ` խորհուրդ) կողմից` հիմնադրամի ընթացիկ գործունեությունն ապահովելու, նրա կողմից օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով:

23. Վարչական ծախսերը ներառում են հիմնադրամի գործադիր մարմնի, վերստուգիչ հանձնաժողովի անդամների (վերստուգիչի), աշխատողների աշխատավարձը, խորհրդի անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված` փոխհատուցման ենթակա ծախսերը, ինչպես նաև այլ ծախսեր` հիմնադրամի ընթացիկ գործունեության իրականացումն ապահովելու համար:

24. Հիմնադրամի և ֆոնդի միջոցների հաշվառումն իրականացվում է առանձնացված: Ֆոնդի միջոցները չեն համարվում հիմնադրամի միջոցներ:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ

 

25. Հիմնադրամի շահառուներն են կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցները:

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

26. Հիմնադրամն ստեղծված է համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվելու պահից և գործում է անժամկետ:

 

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

27. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի խորհուրդն է:

28. Խորհուրդը կազմված է հինգ անդամից` խորհրդի նախագահ և մյուս անդամներ:

29. Խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի անդամների կողմից՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

30. Խորհրդի անդամները նշանակվում են հետևյալ կարգով`

1) երկու անդամ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից.

2) մեկ անդամ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից.

3) մեկ անդամ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համաձայնությամբ.

4) մեկ անդամ` մասնակիցների ռեեստր վարողից` մասնակիցների ռեեստր վարողի համաձայնությամբ:

31. Խորհրդի անդամները ներկայացվում են համապատասխան մարմնի ղեկավարի կողմից և հաստատվում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

32. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության` հասարակական հիմունքներով:

33. Խորհրդի անդամի` իր կողմից խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են խորհրդի կողմից սահմանված կարգով:

34. Խորհրդի անդամների լիազորությունները դադարում են օրենքով սահմանված դեպքերում:

35. Խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում հիմնադրամի տնօրենը դրա մասին տեղեկացնում է լիազորությունները դադարած անդամին ներկայացրած մարմնին, որն օրենքով սահմանված կարգով ներկայացնում է նոր խորհրդի անդամին, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

 

IX. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ

 

36. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է խորհրդի առնվազն երեք անդամ, ընդ որում, խորհրդի անդամները խորհրդի նիստերին մասնակցում են անձամբ: Խորհրդի նիստերում յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհուրդը որոշումներն ընդունում է խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

37. Խորհրդի նիստերին խորհրդի որոշմամբ կարող է (կարող են) հրավիրվել խորհրդակցական ձայնի իրավունքով փորձագետ (փորձագետներ): Հիմնադրամի տնօրենը մասնակցում է խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով:

38. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը երկու օրվա ընթացքում ստորագրվում է նիստին ներկա բոլոր անդամների կողմից և հիմնադրամում պահվում է առնվազն հինգ տարի` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

39. Հիմնադրամի խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով` խորհրդի նախագահի կողմից` համապատասխան պահանջը ներկայացվելուց 10 օրվա ընթացքում: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային կամ այլ կապի միջոցների կիրառմամբ:

40. Եթե նշված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստը կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:

41. Խորհրդի նիստը գումարվում է նաև հիմնադրամի տնօրենի առաջարկով, եթե`

1) առաջացել է օրենքով սահմանված հատուցման դեպք.

2) հատուցման ընթացքում առաջացել են խնդիրներ, որոնց լուծման իրավասությունը պատկանում է խորհրդին.

3) անհրաժեշտություն է առաջացել խորհրդի նիստերին հրավիրել խորհրդակցական ձայնի իրավունքով փորձագետների.

4) կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից ընդունվել է պարբերական երաշխիքային վճարների դադարեցման վերաբերյալ որոշում.

5) հիմնադրամի բնականոն գործունեության ընթացքում առաջացել է անհապաղ լուծում պահանջող խնդիրների լուծման անհրաժեշտություն:

42. Սույն կանոնադրության 41-րդ կետով նախատեսված հիմքերով խորհրդի նիստը գումարվում է հիմնադրամի տնօրենի կողմից առաջարկը ներկայացվելու հաջորդ օրը:

 

X. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

43. Խորհրդի անդամները, մինչև խորհրդի նիստի անցկացման օրվան նախորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն կանոնադրության 41-րդ կետով նախատեսված դեպքերի, հիմնադրամի տնօրենին են ներկայացնում այն հարցերը և դրանց վերաբերյալ անհրաժեշտ նյութերը, որոնք պետք է ընդգրկվեն խորհրդի նիստի օրակարգում:

44. Հիմնադրամի տնօրենը, ստացված հարցերի և իր կողմից բարձրացված հարցերի հիման վրա կազմում է խորհրդի նիստի օրակարգը և խորհրդի համապատասխան որոշումների նախագծերը: Հիմնադրամի տնօրենը կազմված օրակարգը, որոշումների նախագծերը և կից նյութերը ներկայացնում է խորհրդի անդամներին` խորհրդի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:

45. Խորհուրդը խորհրդի նիստի ընթացքում հաստատում է հիմնադրամի տնօրենի կողմից ներկայացված օրակարգը կամ, անհրաժեշտության դեպքում, օրակարգում համապատասխան փոփոխություններ և լրացումներ է կատարում:

 

XI. ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

46. Խորհուրդն իրականացնում է հետևյալ լիազորությունները`

1) ընդունում է որոշում երաշխավորված կուտակային հատկացումների հատուցումն սկսելու մասին.

2) ընդունում է որոշում երաշխավորված կուտակային հատկացումների հատուցման և հատուցելը կազմակերպելու համար անհրաժեշտ միջոցների չափի մասին.

3) ընդունում է որոշումներ հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին.

4) հաստատում է հիմնադրամի գործունեությունը կարգավորող ներքին կարգերը.

5) հաստատում է հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը.

6) որոշում է ֆոնդի միջոցների կառավարման նպատակով ֆոնդի միջոցների ներդրման ուղենիշային պայուսակը.

7) ընդունում է որոշում հատուցման համար ֆոնդի միջոցների անբավարարության մասին.

8) հատուցման համար ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում ընդունում է որոշում անհրաժեշտ միջոցներ ներգրավելու ուղղությունների և պայմանների մասին.

9) առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, իսկ հատուցման դեպք առաջանալու դեպքում` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ լսում է հիմնադրամի տնօրենի հաշվետվությունները.

10) ընտրում է հիմնադրամի աուդիտն իրականացնող անձին (աուդիտորին), սահմանում նրան վճարելու չափը.

11) վերահսկում է իր որոշումների կատարման ընթացքը.

12) վերահսկում է հիմնադրամի ընթացիկ և ֆինանսատնտեսական գործունեությունը.

13) ընդունում է որոշումներ խորհրդի նախագահի, հիմնադրամի տնօրենի ընտրության և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաև` հիմնադրամի այլ մարմիններ ձևավորվելու մասին, սահմանում է հիմնադրամի տնօրենի վարձատրության չափը.

14) հաստատում է հիմնադրամի վարչական ծախսերը և դրանց փոփոխությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունները.

15) հաստատում է հիմնադրամի աշխատողների վարձատրման, պարգևատրման և խորհրդի անդամների` իրենց կողմից խորհրդի անդամների պարտականությունների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման վճարման կարգը.

16) նշանակում է հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովի անդամներին կամ վերստուգիչին, սահմանում է նրանց վարձատրության չափը.

17) վերահսկում է հիմնադրամի կողմից օրենքների, այլ իրավական ակտերի կատարումը.

18) գնահատում է իրականացված աուդիտորական արդյունքները, վերահսկում է բացահայտված թերությունների վերացման միջոցառումների կատարումը.

19) ապահովում է ներքին հսկողության իրականացումը.

20) համաձայնություն է տալիս խոշոր գործարքների կնքմանը.

21) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություն տվյալ խորհրդի անդամին պաշտոնից ազատելու վերաբերյալ.

22) ընդունում է որոշում խորհրդին կից հանձնաժողովների ստեղծման վերաբերյալ.

23) սահմանում է վարկանիշների թույլատրելի սահմանաչափերը և վարկանիշ սահմանող ընդունելի կազմակերպությունների ցանկը՝ համաձայնեցնելով նախարարության հետ.

24) ընդունում է որոշում խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով փորձագետներ հրավիրելու վերաբերյալ.

25) ընդունում է որոշում կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից պարբերական երաշխիքային վճարների դադարեցման վերաբերյալ.

26) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(46-րդ կետը փոփ. 14.08.14 N 842-Ն)

47. Սույն կանոնադրության իմաստով խոշոր գործարք է համարվում մեկ կամ մի քանի փոխկապակցված գործարքների կնքումը, որոնք ուղղակի կամ անուղղակի կապված են հիմնադրամի կողմից գույքի ձեռքբերման, օտարման կամ գույքի օտարման հնարավորության հետ, և որոնց արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է տվյալ տարվա համար հաստատված վարչական ծախսերի 5 տոկոսը:

48. Խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

49. Խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու հիմնադրամի բոլոր փաստաթղթերին:

 

XII. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

50. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, ստորագրում է խորհրդի կողմից ընդունված որոշումները.

2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.

4) համակարգում է խորհրդին կից հանձնաժողովների գործունեությունը.

5) սույն կանոնադրության XI գլխի 46-րդ կետի 13-րդ ենթակետի հիման վրա ընդունված խորհրդի որոշման համաձայն հիմնադրամի անունից կնքում է հիմնադրամի և հիմնադրամի տնօրենի միջև պայմանագիրը:

51. Խորհրդի նախագահը պատասխանատվություն է կրում խորհրդի նիստի արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:

52. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում` խորհրդի որոշմամբ նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից մեկը:

 

XIII. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

53. Խորհրդի անդամների միջև պարտականությունների բաշխումն իրականացնում է խորհուրդը` խորհրդի նախագահի առաջարկությամբ:

54. Խորհրդի անդամը համակարգում է հիմնադրամի գործունեության` իրեն վերապահված կոնկրետ ոլորտի աշխատանքները և պատասխանատվություն է կրում այդ ոլորտում խորհրդի կողմից իր վրա դրված պարտականությունների կատարման համար:

 

XIV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԸ

 

55. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է հիմնադրամի տնօրենը: Հիմնադրամի տնօրենը`

1) ապահովում է հիմնադրամի բնականոն գործունեությունը.

2) իր իրավասությունների սահմաններում պատրաստում է խորհրդի նիստերի օրակարգերը և որոշումների նախագծերը.

3) խորհրդի որոշած ուղենիշային պայուսակին համապատասխան` կառավարում է ֆոնդի միջոցները.

4) առանց լիազորագրի հանդես է գալիս հիմնադրամի անունից, տալիս է լիազորագրեր.

5) հիմնադրամի անունից կնքում է գործարքներ, իսկ խորհրդի համաձայնության դեպքում նաև սույն կանոնադրությամբ սահմանված խոշոր գործարքներ.

6) հիմնադրամի անունից կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

7) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգերը, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը և հաստիքացուցակը.

8) սահմանված կարգով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

9) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի տարեկան վարչական, գործառնական ծախսերի նախահաշիվը և կապիտալ ներդրումների ծրագիրը.

10) առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, իսկ հատուցման դեպք առաջանալու դեպքում` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ խորհրդին ներկայացնում է հաշվետվություն ֆոնդի գործունեության և միջոցների վերաբերյալ.

11) իրականացնում է մոնիթորինգ և խորհրդին է ներկայացնում հատուցման ընթացքի վերաբերյալ հաշվետվություններ.

12) ներկայացնում է առաջարկություն արտահերթ խորհրդի նիստ գումարելու վերաբերյալ.

13) հատուցման դեպք առաջանալու դեպքում խորհրդի հաստատմանն է ներկայացնում հատուցումը կազմակերպելու համար անհրաժեշտ ծախսերը (այդ թվում` հատուցման համար).

14) հատուցման համար ֆոնդի միջոցները չբավարարելու դեպքում խորհրդին է ներկայացնում չբավարարող գումարի չափը, ինչպես նաև խորհրդի քննարկմանն է ներկայացնում լրացուցիչ միջոցների ներգրավման ուղիները.

15) խորհրդի հաստատմանն է ներկայացնում տարեկան հաշվետվությունները.

16) կնքում է խորհրդի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության և հիմնադրամի միջև աուդիտորական ստուգումն իրականացնելու մասին պայմանագիրը.

17) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում է դրանց կատարումը.

18) միջոցներ է ձեռնարկում հիմնադրամի ֆինանսական տարվա ավարտից հետո` օրենքով սահմանված ժամկետում հիմնադրամի գործունեության վերաբերյալ անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը հրապարակելու համար.

19) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

56. Հիմնադրամի տնօրենն առանց խորհրդի համաձայնության չի կարող զբաղեցնել այլ պաշտոն, կատարել վճարովի այլ աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

57. Հիմնադրամի և հիմնադրամի տնօրենի միջև կնքված պայմանագիրը կարող է ցանկացած ժամանակ լուծվել խորհրդի կողմից` տվյալ պայմանագրով սահմանված կարգով:

58. Հիմնադրամի տնօրենը պատասխանատվություն է կրում հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված մարմիններին ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև հիմնադրամի մարմիններին և այլ անձանց տրամադրվող տեղեկությունների հավաստիության համար: Հիմնադրամի տնօրենի` օրենքին, սույն կանոնադրությանը չհակասող այլ իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունը սահմանվում են սույն գլխի 57-րդ կետում նշված պայմանագրով:

 

XV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ (ԿԱՄ ՎԵՐՍՏՈՒԳԻՉԸ), ԴՐԱ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

59. Հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովը (կամ վերստուգիչը) նշանակվում է խորհրդի կողմից` մինչև 3 տարի ժամկետով:

60. Հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովի քանակական կազմը սահմանվում է խորհրդի որոշմամբ:

61. Հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովը (կամ վերստուգիչը) իր լիազորությունների շրջանակներում`

1) իրականացնում է հսկողություն հիմնադրամի ընթացիկ գործունեության և գործառնական ռիսկերի նկատմամբ.

2) սահմանում է հսկողություն հաշվապահական հաշվառման և հաշվետվության վարման նկատմամբ.

3) իրականացնում է հսկողություն հիմնադրամի տնօրենի և ստորաբաժանումների կողմից օրենքների, այլ իրավական ակտերի և հիմնադրամի ներքին ակտերի, տրված հանձնարարականների կատարման նկատմամբ.

4) խորհրդին ներկայացնում է հաշվետվություն օրենքներին և այլ իրավական ակտերին հիմնադրամի գործունեության համապատասխանության մասին.

5) եզրակացություններ և առաջարկություններ է տալիս խորհրդի ներկայացրած, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ առաջադրված հարցերի վերաբերյալ։

62. Վերստուգիչ հանձնաժողովը (կամ վերստուգիչը) ստուգում է հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեությունը` սեփական նախաձեռնությամբ, ցանկացած ժամանակ կամ խորհրդի որոշմամբ:

63. Վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի) պահանջով նրան պետք է ներկայացվեն հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը և բացատրությունները:

64. Վերստուգիչ հանձնաժողովը (կամ վերստուգիչը) կարող է պահանջել արտահերթ խորհրդի նիստի գումարում` խորհրդի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

65. Վերստուգիչ հանձնաժողովի նիստերը գումարվում են ամսական առնվազն մեկ անգամ: Արտահերթ նիստ կարող է հրավիրվել խորհրդի կամ վերստուգիչ հանձնաժողովի առնվազն երկու անդամի պահանջով:

66. Վերստուգիչ հանձնաժողովի (կամ վերստուգիչի) իրավասություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել հիմնադրամի այլ մարմինների լուծմանը:

67. Վերստուգիչ հանձնաժողովի անդամները (կամ վերստուգիչը) չեն կարող հիմնադրամում զբաղեցնել այլ պաշտոն, կամ լինել հիմնադրամի կառավարման մարմինների հետ փոխկապակցված անձինք:

68. Վերստուգիչ հանձնաժողովը (կամ վերստուգիչը) հաշվետու է խորհրդին: Վերստուգիչ հանձնաժողովը (կամ վերստուգիչը) խորհրդին ներկայացնում է հաշվետվություններ` խորհրդի որոշմամբ սահմանված կարգով:

69. Վերստուգիչ հանձնաժողովը (կամ վերստուգիչը) օրենքների, այլ իրավական ակտերի խախտումներ բացահայտելու դեպքում պարտավոր է դրանք ներկայացնել խորհրդին` միաժամանակ առաջարկելով այդ խախտումները վերացնելու և ապագայում չկրկնելու համար ձեռնարկվելիք միջոցներ:

 

XVI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

70. Հիմնադրամը կարող է լուծարվել կամ անվճարունակ (սնանկ) ճանաչվել միայն օրենքով սահմանված կարգով:

71. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա: Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշման ընդունումից հետո խորհուրդը նշանակում է լուծարման (լուծարող) հանձնաժողով և, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն, սահմանում է լուծարման կարգը և ժամկետները: Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում հիմնադրամի գործերի կառավարման լիազորությունները:

72. Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը պարտատերերի նկատմամբ չունի պարտավորություններ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

73. Լուծարումը հիմնադրամի գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

74. Ֆոնդը չի համարվում հիմնադրամի գույքը կամ նրա մի մասը:

(հավելվածը փոփ. 14.08.14 N 842-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան