Գլխավոր տեղեկություն
Համար
N 319-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.09.2014-11.07.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.04.14/15(749) Հոդ.389
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.03.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2010 թվականի N 319-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. ապրիլի 7

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մարտի 4-ի N 319-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ)

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում`

1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, մարզպետը, Երևանի քաղաքապետը (այսուհետ` լիազորված մարմին) ըստ ենթակայության նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար, որը չի կարող լինել տվյալ հաստատության խորհրդի անդամ.

2) հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին:

(2-րդ կետը փոփ. 31.07.14 N 817-Ն)

3. Խորհուրդն առավելագույնը եռամսյա ժամկետում, հաշված տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից, կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:

4. Խորհրդի նախագահը հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնում է լիազորված մարմին: Լիազորված մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում խորհուրդ գրավոր ներկայացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման վերաբերյալ իր առարկությունները և առաջարկությունները:

(4-րդ կետը փոփ. 31.07.14 N 817-Ն)

5. Լիազորված մարմնի կողմից առարկություններ և առաջարկություններ չներկայացվելու դեպքում խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում:

6. Խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ) հնգօրյա պարբերականությամբ` առնվազն երկու անգամ: Մրցույթ անցկացնելու մասին հայտարարության տեքստում պարտադիր պետք է նշվեն մրցույթի անցկացման վայրը, օրը, ժամը, տեղը, սույն կարգի 9-րդ կետով սահմանված պայմանները, հայտերի ընդունման վերջնաժամկետը և սույն կարգի 10-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը: Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը պետք է հրապարակվի նաև azdarar.am կայքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(6-րդ կետը լրաց. 25.08.11 N 1221-Ն)

6.1. Խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակելուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ սույն կարգի 6-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը տրամադրում է կրթության կառավարման պետական լիազորված մարմնին (այսուհետ` նախարարություն), որը երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ տեղեկատվությունը հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում:

(6.1-ին կետը լրաց. 25.08.11 N 1221-Ն)

7. Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 30 օրվա ընթացքում: Մրցույթը նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո յոթերորդ աշխատանքային օրը:

(7-րդ կետը խմբ. 25.08.11 N 1221-Ն, փոփ. 31.07.14 N 817-Ն)

8. Խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի հայտն ընդունում է մրցույթ հայտարարած հաստատությունում:

9. Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) բարձրագույն կրթությունը.

3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):

10. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).

5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).

6) աշխատանքային գրքույկի պատճենը:

11. Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:

12. Հաստատության տնօրենի պաշտոնակատարը պարտավոր է հավակնորդներին տրամադրել տվյալ հաստատության զարգացման ծրագիր կազմելու համար անհրաժեշտ տեղեկատվություն` հաստատության գործունեության վերաբերյալ (տվյալներ մանկավարժական, աշակերտական համակազմի, ուսումնադաստիարակչական, արտադպրոցական գործունեության, կառավարման և խորհրդակցական մարմինների մասին):

13. Մրցույթն անցկացնում է խորհուրդը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի (այսուհետ` ներկայացուցիչ) պարտադիր մասնակցությամբ:

14. Մրցույթի, այդ թվում` հետաձգված, անցկացման վերաբերյալ խորհրդի նախագահը կամ նախագահին փոխարինող խորհրդի անդամը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է նախարարություն` ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու համար` նշելով մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը` միաժամանակ այդ մասին տեղեկացնելով նաև խորհրդի բացակա անդամներին, հավակնորդներին, լիազոր մարմնին: Դիմումը ներկայացվում է նախարարություն` մրցույթից, այդ թվում` հետաձգված, առնվազն 1 օր առաջ:

(14-րդ կետը խմբ. 31.07.14 N 817-Ն)

15. (կետն ուժը կորցրել է 31.07.14 N 817-Ն)

 16. Ներկայացուցիչը քվեարկելու իրավունք չունի:

17. Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամներից առնվազն 6-ը:

(17-րդ կետը խմբ. 09.09.10 N 1176-Ն) 

18. Խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկ անգամ և ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով, եթե խորհրդի նիստն իրավազոր չէ:

(18-րդ կետը խմբ. 31.07.14 N 817-Ն)

18.1. 18-րդ կետով հետաձգված խորհրդի նիստն իրավազոր չլինելու և հավակնորդների թիվը 1-ից ավելի լինելու դեպքում խորհուրդը (կամ լիազորված մարմինը) երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատության մարզային ենթակայության դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին, իսկ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում համապատասխան լիազորված պետական մարմին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները:

(18.1-ին կետը լրաց. 31.07.14 N 817-Ն)

19. Եթե հավակնորդներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթի, ապա սույն կարգի պահանջներին համապատասխան` հայտարարվում է նոր մրցույթ:

(19-րդ կետը խմբ. 31.07.14 N 817-Ն)

20. Հայաստանի Հանրապետության մարզպետի (Երևանի քաղաքապետի)` խորհրդի անդամ չհանդիսացող ներկայացուցիչը մրցույթին կարող է մասնակցել որպես դիտորդ:

21. Կրթության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները ընտրությանը կարող են մասնակցել դիտորդի կարգավիճակով:

22. Հավակնորդը բանավոր ներկայացնում է տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը:

23. (կետն ուժը կորցրել է 31.07.14 N 817-Ն)

24. Խորհուրդն անցկացնում է հարցազրույց, որի ընթացքում հավակնորդին տրվում են հարցեր տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրից:

(24-րդ կետը խմբ. 31.07.14 N 817-Ն)

25. Մրցույթի ընթացքն արձանագրվում է խորհրդի քարտուղարի կողմից և վավերացվում խորհրդի նախագահի ստորագրությամբ: Ընտրության ընթացքը կարող է ձայնագրվել:

26. Տնօրեն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

27. Խորհրդի նախագահը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո մինչև նիստի ավարտը հավակնորդների ներկայությամբ հրապարակում է քվեարկության արդյունքները:

28. Եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ հավակնորդ և մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում և, սույն կարգի համաձայն, հայտարարվում է նոր մրցույթ: Եթե հավակնորդների թիվը մեկից ավելի է, ապա`

1) հավակնորդների թիվը 2 լինելու և տնօրեն չընտրվելու դեպքում կրկնակի քվեարկություն չի անցկացվում, և խորհուրդը երեք աշխատանքային օրվա ընթացքում մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում համապատասխան լիազորված պետական մարմին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները.

2) հավակնորդների թիվը 3 և ավելի լինելու և տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությանը մասնակցում են առավելագույն «կողմ» ձայներ ստացած 2 հավակնորդները: Եթե բոլոր հավակնորդները հավաքել են նույն քանակությամբ ձայներ, ապա կրկնակի քվեարկությանը մասնակցում են բոլոր հավակնորդները: Կրկնակի քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու դեպքում հաստատության խորհուրդը երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատության մարզային ենթակայության դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին, իսկ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում համապատասխան լիազորված պետական մարմին է ներկայացնում է խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի` կրկնակի քվեարկության փուլ անցած հավակնորդների անձնական գործերի պատճենները:

(28-րդ կետը խմբ. 31.07.14 N 817-Ն)

28.1. Սույն կարգի 18.1-ին և 28-րդ կետերով նախատեսված դեպքերում ներկայացված փաստաթղթերի հիման վրա, 5 աշխատանքային օրվա ընթացքում, հաստատության` մարզային ենթակայության դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը լիազոր մարմնի ղեկավարին գրությամբ առաջարկում է հավակնորդներից որևէ մեկի թեկնածությունը` օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու համար: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում հավակնորդին ընտրում և օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր են կնքում համապատասխան լիազոր մարմինները: Ընտրության արդյունքների մասին լիազոր մարմինը գրությամբ տեղեկացնում է հաստատության խորհրդին` հավակնորդներին պատշաճ կերպով տեղյակ պահելու համար:

(28.1-ին կետը լրաց. 25.08.11 N 1221-Ն, խմբ. 31.07.14 N 817-Ն)

29. Մրցույթի արդյունքները չեղյալ են ճանաչվում`

1) դատական կարգով կամ`

2) ներկայացուցչի բացասական եզրակացության կամ լիազորված մարմնի կամ հավակնորդի կամ խորհրդի անդամի կողմից մրցույթի անցկացման ընթացակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ուղղված գրավոր բողոքի ուսումնասիրության համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացության հիման վրա` լիազորված մարմնի կողմից:

(29-րդ կետը խմբ. 31.07.14 N 817-Ն)

30. Հանձնաժողովը ձևավորվում է բողոքը նախարարություն մուտքագրվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում`

1) հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, լիազորված մարմնի մասնագետները և տեղական ինքնակառավարման մարմնի լիազոր ներկայացուցիչը` առնվազն 3 անդամ: Հանձնաժողովի կազմը հաստատելու համար նախարարությունը դիմում է համապատասխան մարմիններին` 3 աշխատանքային օրվա ընթացքում թեկնածու առաջադրելու համար.

2) հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` հանձնաժողովի ձևավորումից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը ներկայացվում է եզրակացության հետ միասին:

(30-րդ կետը խմբ. 31.07.14 N 817-Ն)

31. Խորհրդի նախագահը տնօրենի ընտրության մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է լիազորված մարմնին` ներկայացնելով նիստի արձանագրությունը, ընտրված տնօրենի անձնական գործը, փաստաթղթերը և ներկայացուցչի եզրակացությունը:

32. (կետն ուժը կորցրել է 31.07.14 N 817-Ն)

33. (կետն ուժը կորցրել է 31.07.14 N 817-Ն)

34. Լիազորված մարմինն ընտրված տնօրենի կամ սույն կարգի 28.1-ին կետի համաձայն առաջարկված թեկնածուի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:

(34-րդ կետը լրաց. 25.08.11 N 1221-Ն, խմբ. 31.07.14 N 817-Ն)

35. Խորհրդի արձակումը, կազմի փոփոխումը կամ լիազորությունների ավարտը չեն կարող հիմք հանդիսանալ տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:

36. Տնօրենի լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

(հավելվածը խմբ. 09.09.10 N 1176-Ն, լրաց., խմբ. 25.08.11 N 1221-Ն, փոփ., խմբ., լրաց. 31.07.14 N 817-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան