Գլխավոր տեղեկություն
Համար
N 1438-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.07.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1438
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.12.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2009 թվականի N 1438-Ն

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 47-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների կողմից Հայաստանի Հանրապետության անունից «Սևան» ազգային պարկի տարածքի պետական սեփականություն հանդիսացող և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացված հողամասերի վարձակալության, անհատույց օգտագործման կամ կառուցապատման իրավունքի մասին կնքված պայմանագրերով նախատեսված Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորություններն անցնում են «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ այդ պայմանագրերով նախատեսված հողօգտագործման համար նախատեսված վճարները պետք է փոխանցվեն «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին.

2) «Սևան» ազգային պարկի տարածքի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման համար «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից գանձված վճարների ավելացված արժեքի հարկ և հողի հարկ վճարելուց հետո մնացած մասի առնվազն 30 տոկոսը պետք է փոխանցվի այն համայնքի բյուջե, որի վարչական սահմաններում գտնվում է տվյալ հողամասը` «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության և համապատասխան համայնքի ղեկավարի միջև կնքված պայմանագրերին համապատասխան.

3) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության և Սևանա լճի ջրհավաք ավազանի համայնքների ղեկավարների միջև կարող են կնքվել բնապահպանական ծրագրերի իրականացման մասին համապատասխան պայմանագրեր, որոնցում պետք է ներառվեն համայնքի վարչական սահմաններում գտնվող հողային, ջրային և օդային տարածքներում Սևանա լճի բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը և շրջակա միջավայրի պահպանությանը նպատակաուղղված հետևյալ միջոցառումները`

ա. թափոնների օգտահանմանը, դրանց անվտանգ հեռացմանը, թափոնների հեռացման մասնագիտացված պոլիգոնների ստեղծմանը, գործող աղբավայրերի բարելավմանը, աղտոտված տարածքների մաքրմանն ու վերականգնմանը նպատակաուղղված գործողություններ,

բ. կեղտաջրերի վերամշակման և կոյուղու համակարգերի կառավարման, կառուցման, պահպանման կամ բարելավման աջակցմանը նպատակաուղղված գործողություններ,

գ. շրջակա միջավայրի տեղական և տարածաշրջանային աղտոտվածության դեմ պայքար,

դ. կենսաբազմազանության` անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբանական ռեսուրսների պահպանության ու կայուն օգտագործման գծով գործողություններ, որոնք ներառում են կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների պահպանության, կենդանիների բնադրավայրերի և բնության գեղագիտական արժեքների պահպանության (այդ թվում` խախտված տարածքների գեղագիտական արժեքի բարձրացման նպատակով դրանց վերականգնման) աշխատանքներ,

ե. շրջակա միջավայրի պահպանության գծով կիրառական, հետազոտական ու փորձարարական նախագծային աշխատանքներ և շրջակա միջավայրի վրա ներգործության հետազոտություններ և (կամ) ուսումնասիրություններ,

զ. շրջակա միջավայրի պահպանության խթանմանն ուղղված տեղական կամ տարածաշրջանային քաղաքականության (ռազմավարության) և այլ ծրագրային փաստաթղթերի, իրավական ակտերի ու ստանդարտների մշակում, շրջակա միջավայրի պահպանության մասին տեղեկատվության տարածման կամ իրազեկման, էկոլոգիական կրթության գծով աշխատանքներ ու գործողություններ, բնապահպանությանը վերաբերող վերապատրաստման դասընթացների կազմակերպում և ինստիտուցիոնալ հզորությունների ամրապնդում,

է. համայնքահեն բնապահպանական հասարակական կազմակերպություններին սույն կետում նշված միջոցառումների իրականացման գործում աջակցության ցուցաբերում.

4) ծրագրի կամ ծրագրերի կատարման նկատմամբ հսկողության և դրանց մասին հաշվետվությունը ներկայացնելու կարգն ու ժամկետները որոշվում են «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության և համապատասխան համայնքի ղեկավարի միջև կնքված պայմանագրով:

(1-ին կետը լրաց. 27.06.13 N 674-Ն, լրաց., փոփ. 10.07.14 N 690-Ն)

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` օրենքով սահմանված կարգով ձեռնարկել միջոցներ` «Սևան» ազգային պարկի տարածքի հողամասերի մասին կնքված պայմանագրերը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու, անհրաժեշտության դեպքում, ապօրինի կնքված պայմանագրերն անվավեր ճանաչելու նպատակով Հայաստանի Հանրապետության անունից դատարան հայց ներկայացնելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. դեկտեմբերի 17
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.07.2014, N 690-Ն 28.07.2014, N 1438-Ն
27.06.2013, N 674-Ն 11.07.2013, N 1438-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան