ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2014 թվականի N 798-Ն
ԳՈՐԾԱՏՈՒԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԵՎ ՆՈՏԱՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԳՈՐԾԱՏՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել գործատուի սնանկության կամ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի (այդ թվում` գործատու հանդիսացող) մահվան դեպքում սոցիալական վճարի պարտավորությունները մարելու և համապատասխան կուտակային հատկացումները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 13 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 798-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳՈՐԾԱՏՈՒԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԵՎ ՆՈՏԱՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԳՈՐԾԱՏՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են գործատուի սնանկության կամ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի (այդ թվում` գործատու հանդիսացող) մահվան դեպքում սոցիալական վճարի պարտավորությունները մարելու և համապատասխան կուտակային հատկացումները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իմաստը:
3. Գործատուին (այդ թվում` անհատ ձեռնարկատեր և նոտար հանդիսացող) սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև սնանկության գործի ավարտը (այդ թվում` ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում) կասեցվում են սոցիալական վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տույժերի հաշվարկումը, վճարումը կամ գանձումը, և կարճվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները:
4. Սնանկության դեպքում սոցիալական վճարի պարտավորության գծով պարտատեր է հանդիսանում հարկային մարմինը, որը գործատուին է ներկայացնում պարտավորությունների մարման պահանջ:
5. Սնանկության գործընթացում գտնվող գործատուների` սոցիալական վճարի գծով պարտավորությունները (որպես չապահովված պահանջ) մարվում են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հերթականությանը և կարգին համապատասխան: Ընդ որում, սոցիալական վճարների պարտավորությունները գանձապետարանի կամուրջ հաշվին փոխանցելու պարտավորությունը կրում է սնանկության կառավարիչը:
6. Սնանկության գործընթացում գտնվող գործատուի ֆինանսական առողջացման հիմքով սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում հանվում են սույն կարգի 3-րդ կետում նշված կասեցումները:
7. Սնանկության գործընթացում գտնվող գործատուին դատարանի վճռի հիման վրա լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի գործունեության դադարեցման) կապակցությամբ սնանկության գործընթացի ավարտի դեպքում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում պարտապան գործատուի լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) պետական գրանցման հաջորդ օրվանից սոցիալական վճարի չկատարված պարտավորությունը դադարեցվում և հաշվառումից հանվում է (համարվում է մարված):
8. Անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) մահվան դեպքում`
1) անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) սոցիալական վճարի պարտավորությունը դադարեցվում և հաշվառումից հանվում է (համարվում է մարված) մահվան հաջորդ օրվանից.
2) որպես գործատու` սոցիալական վճարի պարտավորությունները փոխանցվում են ժառանգին (ժառանգներին, ովքեր կրում են համապարտ պարտավորություն), իսկ ժառանգի բացակայության դեպքում` դադարում են և հաշվառումից հանվում են անժառանգ գույքը համայնքի սեփականությանն անցնելու հաջորդ օրվանից: Ժառանգական գույքի բացակայության կամ անբավարարության դեպքում պարտավորությունը դադարեցվում և հաշվառումից հանվում է (համարվում է մարված) ժառանգության բացման վայրի նոտարին ժառանգությունը պահպանելու և կառավարելու միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ հարկային մարմնի կողմից ներկայացված դիմումի կատարման շրջանակում ժառանգական գույքի բացակայության կամ անբավարարության մասին գրավոր տեղեկացնելու հաջորդ օրվանից: Դիմումի և տեղեկացման ձևերը, ինչպես նաև տեղեկությունների փոխանակման կարգը հաստատվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համատեղ հրամանով:
9. Սնանկության գործընթացում, ինչպես նաև գործատուի ֆինանսական առողջացման հիմքով սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում կուտակային հատկացումները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Ընդ որում, սնանկության գործընթացում գտնվող գործատուի սոցիալական վճարի պարտավորությունը տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար համարվում է մարված, եթե կամուրջ հաշվին մուտքագրված սոցիալական վճարի պարտավորությունների գումարները բավարար են այդ հաշվետու ժամանակահատվածի սոցիալական վճարը մարելու համար:
10. Սնանկության գործընթացում գտնվող գործատուին դատարանի վճռի հիման վրա լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի գործունեության դադարեցման) կապակցությամբ սնանկության գործընթացի ավարտի դեպքում կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ և սոցիալական վճարի պարտավորությունների փաստացի փոխանցված գումարներին համապատասխան` կուտակային հատկացման, ինչպես նաև եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկի հիման վրա հաշվարկված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կուտակային հատկացման (օրենքով սահմանված դեպքում) գումարները հարկային մարմնի համապատասխան հանձնարարականի հիման վրա փոխանցվում են ռեեստրը վարողի հաշվին:
11. Անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) մահվան դեպքում`
1) որպես գործատու` սոցիալական վճարի պարտավորությունները ժառանգին անցնելու դեպքում մինչև մահվան ամիսը ներառյալ հաշվարկված կուտակային հատկացումները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով.
2) անժառանգ ճանաչվելու կամ ժառանգական գույքի բացակայության և սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում կատարվում է մինչև մահվան ամիսը ներառյալ հաշվարկված սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ և սոցիալական վճարի պարտավորությունների փաստացի փոխանցված գումարներին համապատասխան` կուտակային հատկացման, ինչպես նաև եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ և տարեկան եկամուտների մասին հաշվարկների հիման վրա հաշվարկված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կուտակային հատկացման (օրենքով սահմանված դեպքում) գումարները հարկային մարմնի համապատասխան հանձնարարականի հիման վրա փոխանցվում են ռեեստրը վարողի հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |