«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014307
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
24 հունիսի 2014 թ. |
թիվ 146-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով համապատասխանեցնել կապիտալի համարժեքության նորմատիվի և դրա առանձին տարրերի հաշվարկման կարգը միջազգային նոր ստանդարտների պահանջներին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածը և 5-րդ գլուխը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերով և 36-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 2-ի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Կենտրոնական բանկը բանկերի համար սահմանում է բանկային գործունեության հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.
1) բանկի կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը (բացառությամբ` օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի),
2) բանկի կապիտալի համարժեքության նորմատիվները.
ա. հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը.
բ. ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը,
3) բանկի իրացվելիության նորմատիվները.
ա. բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը (ընդհանուր իրացվելիություն).
բ. բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև սահմանային հարաբերակցությունը (ընթացիկ իրացվելիություն),
4) մեկ փոխառուի, խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).
ա. մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը.
բ. խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը.
5) բանկի հետ կապված մեկ անձի, բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).
ա. բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը,
բ. բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը,
6) Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը.
ա. Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց.
բ. արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց,
7) արտարժույթի տնօրինման նորմատիվը.
ա. ըստ առանձին արտարժույթների արտարժութային դիրք.
բ. համախառն արտարժութային դիրք:»:
2) Կանոնակարգ 2-ի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է հինգ միլիարդ (5.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ:»:
3) Կանոնակարգ 2-ը լրացնել նոր 16.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«16.1. Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը (Ն11 նորմատիվ) 2018 թվականի հունվարի 1-ից սահմանվում է 10 տոկոս:»:
4) Կանոնակարգ 2-ի 17-րդ և 31-րդ կետերում «Ն1» բառը փոխարինել «Ն12» բառով:
5) Կանոնակարգ 2-ի 25-րդ և 30-րդ կետերում «Ն1» բառը փոխարինել «Ն11, Ն12» բառերով:
6) Կանոնակարգ 2-ի 28-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընդ որում, հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ առավելագույնը հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի 28.1-րդ կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) 40 տոկոսի չափով, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ առավելագույնը հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի 28.1-րդ կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) 30 տոկոսի չափով, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից` առավելագույնը հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի 28.1-րդ կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) 20 տոկոսի չափով:»:
7) Կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28.1. Հիմնական կապիտալը սույն կետի 1-ին ենթակետում նշված տարրերի հանրագումարի և սույն կետի 2-րդ ենթակետում նշված հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերի տարբերությունն է:
1) Հիմնական կապիտալի կազմում ընդգրկվող տարրերն են.
ա. ամբողջությամբ վճարված սովորական բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայերի (այսուհետ՝ սովորական բաժնետոմս) անվանական արժեք` գումարած սովորական բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցրած զեղչ,
բ. բանկի կորուստները ծածկելու նպատակով օրենքի հիման վրա ստեղծված պահուստային հիմնադրամ կամ այլ ֆոնդ (այսուհետ՝ գլխավոր պահուստ),
գ. չբաշխված շահույթ: Ընդ որում, բանկի չբաշխված շահույթը բանկի հիմնական կապիտալի հաշվարկում ներառվում է ամբողջությամբ վճարված սովորական բաժնետոմսերի և հավելված 9-ի բոլոր պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքների` գումարած բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցրած զեղչ, առավելագույնը 150 տոկոսի չափով,
դ. սույն կանոնակարգի հավելված 9-ի բոլոր պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեք` գումարած արտոնյալ բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցրած զեղչ: Ընդ որում, արտոնյալ բաժնետոմսերը նվազեցվում են սույն կանոնակարգի հավելված 9-ի բոլոր պահանջներին բավարարող այն արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքի չափով, որոնք հետ են գնվել բանկի կողմից (եթե արդեն իսկ չեն նվազեցվում հիմնական կապիտալից կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն) կամ ձեռք են բերվել այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնցում բանկը հանդիսանում է նշանակալից մասնակից, կամ որոնք բանկը որևէ իրավաբանական փաստաթղթի հիման վրա պարտավոր է կամ կարող է պարտավորվել ձեռք բերել (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր հետգնման դեպքերի) հետագայում: 2018 թվականի հունվարի 1-ից արտոնյալ բաժնետոմսերը բանկի հիմնական կապիտալի հաշվարկում ներառվում են սույն ենթակետի «ա»-«գ» պարբերություններում նշված տարրերի հանրագումարի և սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն կատարվող պակասեցումների տարբերության առավելագույնը 20 տոկոսի չափով:
2) Հիմնական կապիտալը պակասեցվում (նվազեցվում) է.
ա. բանկի կողմից տրամադրված երկարաժամկետ ստորադաս փոխառությունների հաշվեկշռային արժեքի չափով: Ընդ որում, սույն պարբերության իմաստով՝ երկարաժամկետ ստորադաս փոխառություն է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այն ստորադաս փոխառությունը, որը տրամադրվել է առնվազն հինգ տարի ժամկետով:
բ. բանկի կողմից թողարկված այն սովորական բաժնետոմսերի անվանական արժեքի չափով, որոնք`
բ1. հետ են գնվել բանկի կողմից, եթե արդեն իսկ չեն նվազեցվում հիմնական կապիտալից կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն, կամ
բ2. ձեռք են բերվել այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնցում բանկը հանդիսանում է նշանակալից մասնակից, կամ ձեռք են բերվել բանկի անուղղակի ֆինանսավորմամբ, կամ
բ3. բանկը, որևէ իրավաբանական փաստաթղթի հիման վրա, պարտավոր է կամ կարող է պարտավորվել ձեռք բերել հետագայում (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր հետգնման դեպքերի), կամ
բ4. ապահովված են բանկի հետ փոխկապակցված անձանց երաշխիքով կամ երաշխավորությամբ, կամ որոնց սեփականատերերը տնտեսապես կամ իրավական տեսանկյունից ավելի բարենպաստ կարգավիճակում են հայտնվում այն բանի արդյունքում, որ նրանց` սովորական բաժնետոմսի նկատմամբ սեփականության իրավունքից բխող պահանջը, կանոնադրության համաձայն կամ որևէ այլ կերպ ենթակա է բավարարման ավելի շուտ, քան օրենքով տվյալ պահանջի համար սահմանված բավարարման հերթը:
գ. ոչ նյութական ակտիվների (այդ թվում` շահագործումից դուրս ոչ նյութական ակտիվների), ինչպես նաև ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով: Ընդ որում, բանկի գործունեության ընթացքում օգտագործվող համակարգչային ծրագրերը և դրանց օգտագործման իրավունքները, Վիզա, Մաստեր Քարտ, Ամերիքան էքսպրես, Սվիֆտ, ՍիԲիԷյՆեթ, Արքա և Կենտրոնական բանկի խորհրդի կողմից տրված համաձայնությամբ` նաև այլ վճարահաշվարկային (այդ թվում` էլեկտրոնային պլաստիկ քարտերի սպասարկման) համակարգերից օգտվելու իրավունք տվող վճարումները նվազեցվում են դրանց հաշվեկշռային արժեքի 50%-ի չափով` 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից սկսած` ամբողջությամբ:
դ. բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում` գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս և այլ հիմնական միջոցների), ինչպես նաև դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով, այդ ակտիվները օրենքով սահմանված կարգով բանկի սեփականությունը դառնալու օրվանից վեց ամիս հետո, իսկ ակտիվը ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրամադրվելու նպատակով ձեռք բերվելու կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի լուծման կամ ավարտի դեպքում` այդ ակտիվը բանկի հաշվեկշռում որպես հիմնական միջոց ճանաչվելու օրվանից մեկ տարի հետո:
ե. գրավի առարկայի տնօրինման արդյունքում բանկի սեփականությանն անցած բաժնետոմսերի հաշվեկշռային արժեքի չափով այդ բաժնետոմսերը օրենքով սահմանված կարգով բանկի սեփականությունը դառնալու օրվանից վեց ամիս հետո: Ընդ որում, սույն ենթակետում նշված բաժնետոմսերը ենթակա չեն նվազեցման (առավելագույնը՝ այդ բաժնետոմսերով ապահովված պահանջի գումարի չափով) բանկի հիմնական կապիտալից մինչև սույն կետում նշված վեցամսյա ժամկետի ավարտը միայն այն դեպքում, երբ տվյալ բաժնետոմսերի իրական արժեքի վերաբերյալ առկա է անկախ գնահատողի գնահատականը, որը տրվել է սույն ենթակետում նշված բաժնետոմսերը օրենքով սահմանված կարգով բանկի սեփականությունը համարվելու օրվանից առավելագույնը 2 ամիս առաջ, հակառակ դեպքում բաժնետոմսերը նվազեցվում են հիմնական կապիտալի մեծությունից բանկի սեփականությունը դառնալու օրվանից:
զ. բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների արժեքի` հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Սույն պարբերության իմաստով` նյութական ակտիվի արժեքը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների հանրագումարին` նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով:
է. բանկի կողմից վարձակալված հիմնական միջոցի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդի չափով:
ը. հետաձգված հարկային ակտիվների հաշվեկշռային արժեքի և հետաձգված հարկային պարտավորությունների հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով:
թ. այլ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ֆինանսական գործառնություններ իրականացնող անձանց կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով (բացառությամբ՝ սույն ենթակետի «ժ» պարբերությամբ նախատեսված դեպքի), եթե`
թ1. կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 4.99 տոկոսը կամ ավելին, կամ
թ2. բոլոր անձանց (այդ թվում` սույն ենթակետի «ժա» պարբերությունում նշված) կանոնադրական կապիտալներում ներդրումները գերազանցում են բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության (նվազեցրած սույն ենթակետի «ա»-«ը» պարբերություններում նշված տարրերը) 10 տոկոսը:
ժ. սույն ենթակետի «թ» պարբերությամբ նախատեսված այն ներդրումները, որոնց արդյունքում բանկը սույն ենթակետի «թ» պարբերությամբ նշված կազմակերպության կապիտալում ձեռք է բերում 100 տոկոս մասնակցություն, և ներդրումը կատարվել է այդ կազմակերպությունը հետագայում լուծարելու (նաև՝ բանկին միացնելու) նպատակով, և Կենտրոնական բանկը տեղեկացվել է այդ նպատակի մասին, իրենց հաշվեկշռային արժեքի չափով նվազեցվում են ներդրումը կատարելու պահից 6 ամիս հետո:
ժա. սույն ենթակետի «թ» պարբերությունում չնշված այլ կազմակերպության կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների հաշվեկշռային արժեքի և սույն պարբերության «ժա1»-«ժա2» ենթապարբերություններում նշված մեծությունների տարբերություններից առավելագույնի չափով, եթե՝
ժա1. կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 4.99 տոկոսը կամ ավելին, կամ
ժա2. բոլոր անձանց (այդ թվում` սույն ենթակետի «թ» պարբերությունում նշված) կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության (նվազեցրած սույն ենթակետի «ա-ը» պարբերություններում նշված տարրերը) 10 տոկոսը:
ժբ. այլ կազմակերպություններում կատարված փոխադարձ ներդրումների դեպքում բանկի կապիտալում կատարված ներդրման հաշվեկշռային արժեքի չափով, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով՝ այդ ներդրումը կատարվել է բանկի կապիտալն արհեստականորեն մեծացնելու նպատակով: Սույն պարբերության իմաստով՝ փոխադարձ է համարվում այն ներդրումը, որի արդյունքում բանկը կամ այն կազմակերպությունը, որի կապիտալում բանկն ունի նշանակալից մասնակցություն (այսուհետ՝ սույն պարբերությունում` բանկ), մասնակցություն է ձեռք բերում մեկ այլ անձի կամ այն կազմակերպության կապիտալում, որում այդ անձն ունի նշանակալից մասնակցություն, և վերջինս (վերջինիս նշանակալից մասնակիցը) իր հերթին մասնակցություն ունի (ունեն) բանկի կապիտալում:»:
8) Կանոնակարգ 2-ի 28.2-րդ կետում՝
ա. «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) Սույն կանոնակարգի հավելված 9-ի բոլոր պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերից (հիմնական կապիտալի հաշվարկում ընդգրկված մեծությունը գերազանցող գումարի չափով)՝ սկսած 2018 թվականի հունվարի 1-ից, որոնք լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվում են անվանական արժեքով` գումարած արտոնյալ բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցրած զեղչ: Ընդ որում, բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառման առումով սույն կետում նշված գումարն ունի առաջնահերթություն, լրացուցիչ կապիտալի այլ տարրերի նկատմամբ:
բ. «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) Բանկի կողմից ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառություններից: Սույն կանոնակարգի իմաստով (բացառությամբ՝ սույն կանոնակարգի 28.1-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության)՝ երկարաժամկետ ստորադաս փոխառություն է համարվում այն փոխառությունը, որը բավարարում է սույն կանոնակարգի 10-րդ հավելվածի բոլոր պայմաններին միաժամանակ: Ընդ որում, բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառման առումով երկարաժամկետ ստորադաս փոխառություններն ունեն առաջնահերթություն՝ լրացուցիչ կապիտալի այլ տարրերի նկատմամբ, բացառությամբ արտոնյալ բաժնետոմսերի: Ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառությունները, սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից, լրացուցիչ կապիտալի հաշվարկից պետք է նվազեցվեն դրանց սկզբնական ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով:»:
գ. ավելացնել «ե» պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«ե) Այլ պահուստներից»:
9) Կանոնակարգ 2-ի 29-րդ կետում «34-րդ հոդվածով» բառերը փոխարինել «34-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով:
10) Կանոնակարգ 2-ի 29.1-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
11) Կանոնակարգ 2-ը լրացնել 30.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«30.1. Բանկի հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև նվազագույն հարաբերակցությունը որոշվում է
|
Կհիմն |
բանաձևով, |
——— | ||
ՌԿԱ |
որտեղ`
Կհիմն - հիմնական կապիտալն է` ամսվա միջին օրական հաշվարկով,
ՌԿԱ - վարկային ռիսկի, շուկայական ռիսկի և գործառնական ռիսկի հանրագումարն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՌԿԱ = ՎՌ + (25/3)*(ՇՌ+ԳՌ),
ՎՌ - վարկային ռիսկն է` հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված կարգի համաձայն,
ՇՌ – շուկայական ռիսկն է` հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 4-ով սահմանված կարգի համաձայն,
ԳՌ – գործառնական ռիսկն է` հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 5-ով սահմանված կարգի համաձայն:»:
12) Կանոնակարգ 2-ի 53.1-րդ կետում «29.1 կետի երկարաժամկետ ստորադաս փոխառությունների սահմանմանը» բառերը փոխարինել «10-րդ հավելվածով սահմանված բոլոր պայմաններին միաժամանակ» բառերով:
13) Կանոնակարգ 2-ը լրացնել Հավելված 9-ով և Հավելված 10-ով` համաձայն սույն որոշման համապատասխանաբար հավելված 1-ի և հավելված 2-ի (կցվում են):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված կամ երկարաձգված երկարաժամկետ ստորադաս փոխառությունների այն պայմանագրերը, որոնցով ներգրավված փոխառությունները չեն համապատասխանում սույն որոշմամբ երկարաժամկետ ստորադաս փոխառությունների նկատմամբ սահմանված պահանջներին, և որոնք 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընդգրկված են բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում` ենթակա են դուրսգրման՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի.
Ամսաթիվ |
Մինչև 01/01/2015 թվականը կնքված երկարաժամկետ ստորադաս փոխառությունների հետագա ընդգրկումը բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում` արտահայտված 01/01/2015 թվականի դրությամբ դրանց` բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկված գումարի նկատմամբ տոկոսով |
01/01/2015 |
80% |
01/01/2016 |
60% |
01/01/2017 |
40% |
01/01/2018 |
20% |
01/01/2019 |
0% |
Ընդ որում, եթե սույն կետով նախատեսված դուրսգրումը կատարվում է ավելի կարճ ժամկետում, ապա դուրս գրվող գումարը ըստ տարիների պետք է բաշխվի հավասարաչափ:
4. Մինչև 2016 թվականի հունվարի 1-ը Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանիշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ ավանդների ներգրավման Ա+(Ա1) և Ա+(Ա1)–ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված երկարաժամկետ ստորադաս փոխառությունների այն պայմանագրերը, որոնք չեն համապատասխանում սույն որոշմամբ երկարաժամկետ ստորադաս փոխառությունների նկատմամբ սահմանված պահանջներին, սակայն համապատասխանում են մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը դրանց նկատմամբ սահմանված պահանջներին, ենթակա են դուրսգրման առավելագույնը 5 տարվա ընթացքում՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի.
Ամսաթիվ |
Մինչև 2016 թվականի հունվարի 1-ը կնքված երկարաժամկետ ստորադաս փոխառությունների հետագա ընդգրկումը բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում` արտահայտված 01/01/2015 թվականի դրությամբ դրանց` բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկված գումարի նկատմամբ տոկոսով |
01/01/2015 |
100% |
01/01/2016 |
80% |
01/01/2017 |
60% |
01/01/2018 |
40% |
01/01/2019 |
20% |
01/01/2020 |
0% |
Այն դեպքում, երբ սույն կետով սահմանված երկարաժամկետ ստորադաս փոխառության պայմանագիրը կնքվել է 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, ապա երկարաժամկետ ստորադաս փոխառության գումարը 2016 թվականի հունվարի 1-ից ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է 80%-ով՝ շարունակելով նվազեցվել սույն կետով սահմանված աղյուսակին համապատասխան:
Ընդ որում, եթե սույն կետով նախատեսված դուրսգրումը կատարվում է ավելի կարճ ժամկետում, ապա դուրս գրվող գումարը ըստ տարիների պետք է բաշխվի հավասարաչափ:
5. Այն ստորադաս փոխառությունները, որոնք չեն համապատասխանում Կանոնակարգ 2-ի 10-րդ հավելվածով սահմանված բոլոր պայմաններին միաժամանակ, սակայն ընդգրկված են ընդհանուր կապիտալի հաշվարկում, սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված ժամանակացույցերին համապատասխան, ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկված գումարի չափով Կանոնակարգ 2-ի 53.1 կետին համապատասխան ենթակա չեն պարտադիր պահուստավորման:
6. Սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով սահմանված պահանջից բացառություն են կազմում այն երկարաժամկետ ստորադաս փոխառությունները (այդ թվում՝ երկարաձգված), որոնք 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ արդեն սկսել են նվազեցվել լրացուցիչ կապիտալի հաշվարկից Կանոնակարգ 2-ի 28.2-րդ կետի «դ» ենթակետի համաձայն: Տվյալ դեպքում սույն կետում նշված ստորադաս փոխառությունները լրացուցիչ կապիտալի հաշվարկից շարունակում են նվազեցվել Կանոնակարգ 2-ի 28.2-րդ կետի «դ» ենթակետի պահանջներին համապատասխան:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. հուլիսի 3 Երևան |
|
Հավելված 1 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի2014 թվականի հունիսի 24-ի թիվ 146-Ն որոշման |
Հավելված 9
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի
թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության
կարգավորումը, բանկային գործունեության հիմնական
տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի
ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԱՐՏՈՆՅԱԼ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
1. Արտոնյալ բաժնետոմսն ընդգրկվում է բանկի հիմնական կապիտալի հաշվարկում, եթե բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ.
1) այն ամբողջությամբ վճարված է և օրենքով սահմանված կարգով հաշվապահական հաշվեկշռում արտացոլվում է կանոնադրական հիմնադրամի «Արտոնյալ բաժնետոմսեր» հաշվում.
2) բանկի լուծարման դեպքում արտոնյալ բաժնետիրոջ պահանջները (այդ թվում` շահութաբաժինների գծով) ենթակա են բավարարման բանկի մյուս բոլոր պահանջատերերի պահանջները բավարարվելուց հետո, բացառությամբ սովորական բաժնետերերի պահանջների.
3) ապահովված չէ բանկի հետ փոխկապակցված անձանց երաշխիքով կամ երաշխավորությամբ, և (կամ) արտոնյալ բաժնետոմսի սեփականատերը տնտեսապես և (կամ) իրավական տեսանկյունից ավելի բարենպաստ կարգավիճակում չի հայտնվում այն բանի արդյունքում, որ նրա պահանջը, կանոնադրության համաձայն կամ որևէ այլ կերպ, ենթակա է բավարարման ավելի շուտ, քան բանկի լուծարման դեպքում օրենքով տվյալ պահանջի համար սահմանված բավարարման հերթը: Ընդ որում, արտոնյալ բաժնետոմսի սեփականատիրոջ պահանջը չի կարող հաշվանցվել (զուտացվել) արտոնյալ բաժնետոմսի սեփականատիրոջ` բանկի հանդեպ ունեցած այլ պարտավորությունների հետ.
4) թողարկված է անժամկետ.
5) արտոնյալ բաժնետոմսի գծով շահութաբաժինը՝ ամբողջությամբ կամ մասամբ, ենթակա չէ վճարման, եթե դա կհանգեցնի բանկի տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը կամ բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը, ընդ որում`
ա. շահութաբաժնի լրիվ կամ մասնակի չվճարումը ենթակա չէ կուտակման և վճարման հետագայում,
բ. բանկի և արտոնյալ բաժնետիրոջ միջև որևէ իրավաբանական փաստաթղթով չի կարող նախատեսվել որևէ սահմանափակում բանկի համար շահութաբաժնի ամբողջական կամ մասնակի չվճարման դեպքում, ինչպես նաև որևէ իրավաբանական փաստաթղթով չի կարող նախատեսվել այդպիսի սահմանափակումներ նախատեսելու իրավունքի տրամադրում արտոնյալ բաժնետիրոջը, բացառությամբ, եթե սահմանափակումը վերաբերում է սովորական բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարմանը: Ընդ որում, սովորական բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարման՝ սույն պարբերությամբ նշված սահմանափակումը կարող է վերաբերել միայն այն ժամանակահատվածին, որի ընթացքում ամբողջությամբ կամ մասամբ չի վճարվել արտոնյալ բաժնետոմսին հասանելիք շահութաբաժինը.
6) տվյալ բաժնետոմսի գծով շահութաբաժինները ենթակա են վճարման միայն բանկի զուտ շահույթից և (կամ) դրա հաշվին ձևավորված հիմնադրամներից, ընդ որում, շահութաբաժինները վճարվում են միայն դրամական միջոցով.
7) տվյալ բաժնետոմսերի գծով վճարվող շահութաբաժնի չափը չի կարող կախվածության մեջ դրվել բանկի վարկանիշից, ֆինանսական վիճակը բնութագրող որևէ ցուցանիշից կամ արտոնյալ բաժնետոմսերի գծով նախկինում վճարված շահութաբաժինների փաստացի մեծությունից.
8) բանկն անուղղակիորեն չի ֆինանսավորել այդ բաժնետոմսերի ձեռքբերումը.
9) առկա չէ համաձայնություն (որոշում, պայմանագիր, համաձայնագիր), որով արտոնյալ բաժնետոմսի սեփականատերն իրավունք կունենա որևէ սահմանափակում կամ խոչընդոտ նախատեսել բանկի կողմից լրացուցիչ սովորական կամ արտոնյալ բաժնետոմսերի հետագա թողարկման կամ նոր ստորադաս փոխառությունների ներգրավման համար.
10) ցանկացած իրավաբանական փաստաթղթով (բացառությամբ՝ բանկի կանոնադրության), որով կարգավորվում են բանկի և արտոնյալ բաժնետիրոջ միջև արտոնյալ բաժնետոմսի հետ կապված հարաբերությունները, սահմանված է, որ սույն հավելվածով սահմանված պահանջները (պայմանները) փոփոխվելու դեպքում, այդ փոփոխությունները ներկայացվում են Կենտրոնական բանկի նախնական համաձայնությանը, առանց որի փոփոխությունները պարտադիր իրավական ուժ չունեն (կողմերի համար չեն առաջացնում իրավական հետևանքներ):
|
Հավելված 2 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի2014 թվականի հունիսի 24-ի թիվ 146-Ն որոշման |
Հավելված 10
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի
թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության
կարգավորումը, բանկային գործունեության հիմնական
տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՍՏՈՐԱԴԱՍ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
1. Երկարաժամկետ ստորադաս փոխառությունը (այսուհետ նաև` փոխառություն) ընդգրկվում է բանկի լրացուցիչ կապիտալի հաշվարկում, եթե փոխառությունը (փոխառության պայմանագիրը) բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ.
1) Փոխառությունը չի տրամադրվել բանկի հանդեպ ունեցած որոշակի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:
2) Փոխառությունը ներգրավված է Հայաստանի Հանրապետության դրամով կամ առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով:
3) Բանկի լուծարման դեպքում փոխատուի պահանջները (այդ թվում` տոկոսների գծով) ենթակա են բավարարման բանկի մյուս բոլոր պարտատերերի պահանջները բավարարվելուց հետո:
4) Փոխառությունն ապահովված չէ բանկի և (կամ) բանկի հետ փոխկապակցված անձանց երաշխիքով կամ երաշխավորությամբ, և (կամ) փոխատուն տնտեսապես և (կամ) իրավական տեսանկյունից ավելի բարենպաստ կարգավիճակում չի հայտնվում այն բանի արդյունքում, որ նրա պահանջը ենթակա է բավարարման ավելի շուտ, քան բանկի լուծարման դեպքում օրենքով տվյալ պահանջի համար սահմանված բավարարման հերթը: Ընդ որում, փոխատուի պահանջը չի կարող հաշվանցվել (զուտացվել) փոխատուի` բանկի հանդեպ ունեցած այլ պարտավորությունների հետ:
5) Փոխառությունը տրամադրվել է առնվազն 5 տարի ժամկետով: Ընդ որում, փոխառության պայմանագրով փոխառության մայր գումարի մարում կարող է նախատեսվել միայն փոխառության գումարի լրիվ մարման վերջնաժամկետին նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում, իսկ փոխառության պայմանագրի երկարաձգման դեպքում` երկարաձգված ամբողջական մարման վերջնաժամկետին նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում (բացառությամբ՝ սույն Հավելվածի 7-րդ ենթակետով սահմանված կարգով փոխառության ամբողջ գումարի վաղաժամկետ մարման դեպքերի):
6) Փոխառության պայմանագիրը չի պարունակում այնպիսի դրույթներ (խթաններ), որոնք տնտեսապես կամ այլ կերպ կարող են ստիպել (խթանել) բանկին ժամկետից շուտ ամբողջությամբ կամ մասնակիորեն մարել փոխառության գումարը: Սույն հավելվածի 17-րդ ենթակետով սահմանված փոխառության` բաժնետոմսերի փոխարկվելու դրույթը չի համարվում սույն ենթակետի իմաստով խթան:
7) Փոխառությունը (մայր գումարը և տոկոսները) ժամկետից շուտ մարման ենթակա չէ, բացառությամբ`
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի,
բ. եթե ժամկետից շուտ մարման դեպքում փոխառության ամբողջ գումարն ուղղվում է բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը (սույն կանոնակարգի 28.1-րդ կետի համաձայն հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի տեսքով),
գ. եթե փոխառությունը ժամկետից շուտ մարվում է բանկի նախաձեռնությամբ, և եթե պահպանվել են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.
գ1. փոխառությունը ժամկետից շուտ մարելու նպատակով բանկը ստացել է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը,
գ2. փոխառության ժամկետից շուտ մարման ամսաթվի և փոխառության ստացման ամսաթվի միջև տարբերությունը կազմում է առնվազն 5 օրացուցային տարի:
8) Սույն հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված նախնական համաձայնությունը ստանալու նպատակով բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում ստորադաս փոխառությունը վաղաժամկետ մարելու նպատակահարմարությունը և դրա հետևանքով անցանկալի հետևանքներ չառաջանալը հիմնավորող տեղեկատվությունը և (կամ) փաստաթղթերը: Կենտրոնական բանկը փաստաթղթերը ստանալու պահից 30-օրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական համաձայնության տրամադրման կամ մերժման վերաբերյալ, որի մասին ծանուցում է բանկին 30-օրյա ժամկետի ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու և (կամ) բանկի կողմից ներկայացված փաստաթղթերում փոփոխություններ, ճշգրտումներ կատարելու անհրաժեշտության դեպքում 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել Կենտրոնական բանկի որոշմամբ: Կենտրոնական բանկը սույն հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված նախնական համաձայնությունը տրամադրում է, եթե`
ա. բանկը փոխարինում է ստորադաս փոխառությունը սույն հավելվածի պահանջներին բավարարող մեկ այլ երկարաժամկետ ստորադաս փոխառությամբ կամ սույն կանոնակարգի 9-րդ հավելվածի պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերով, և այդ փոխարինումը բացասաբար չի անդրադառնա բանկի ֆինանսական վիճակի վրա, կամ
բ. բանկը հիմնավորում է, որ իր նորմատիվային կապիտալի մակարդակը, առանց սույն կետում նշված ստորադաս փոխառության, բավարար չափով բարձր է, և նոր կապիտալի գործիքով փոխարինելու անհրաժեշտությունը բացակայում է:
9) Պայմանագրի համաձայն՝ փոխառությունը (մայր գումարը կամ տոկոսները) ենթակա չէ մարման բանկի կողմից, եթե փոխառության գումարի և (կամ) դրա գծով տոկոսների մարումը վճարման օրվա դրությամբ կհանգեցնի բանկի տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը: Ընդ որում, բանկի և փոխատուի միջև որևէ պայմանագրով կամ բանկի ներքին կամ անհատական իրավական ակտով չի կարող նախատեսվել որևէ սահմանափակում բանկի համար փոխառության գումարի և (կամ) դրա գծով տոկոսների ամբողջական կամ մասնակի չվճարման դեպքում, ինչպես նաև այդպիսի սահմանափակումներ նախատեսելու իրավունք տրամադրել փոխատուին, բացառությամբ, եթե սահմանափակումը վերաբերում է բանկի կողմից թողարկված բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարմանը և (կամ) բանկի լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվող այլ ստորադաս փոխառությունների գծով վճարումների իրականացմանը:
10) Սույն հավելվածի 9-րդ ենթակետում նշված դեպքում փոխառության մայր գումարի և (կամ) տոկոսների մասնակի կամ ամբողջական չվճարումը չի հանդիսանում բանկի կողմից պարտավորությունների չկատարում կամ ոչ պատշաճ կատարում:
11) Փոխառության գծով վճարման ենթակա տոկոսների մեծությունը չի կարող կախվածության մեջ դրվել բանկի վարկանիշից, ֆինանսական վիճակը բնութագրող որևէ ցուցանիշից կամ փոխառության գծով կատարված մայր գումարի և (կամ) տոկոսների փաստացի վճարումների մակարդակից: Փոխառության գծով վճարման ենթակա տոկոսների չափը չի կարող նվազել այն դեպքում, երբ փոխառության գծով սահմանված վճարումները բանկը կատարում է ամբողջությամբ և ժամանակին:
12) Որևէ իրավաբանական փաստաթղթով սահմանված չէ փոխատուի համար իրավունք` ժամկետից շուտ պահանջելու փոխառության գումարը միայն այն հիմքով, որ բանկը պատշաճ կերպով չի կատարել այլ պարտավորությունների գծով իր ստանձնած պարտավորությունները:
13) Փոխառությունը չի տրամադրվել այնպիսի իրավաբանական անձի կողմից, որում բանկը հանդիսանում է նշանակալից մասնակից, և (կամ) բանկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի ֆինանսավորել այդ փոխառության ներգրավումը:
14) Որևէ իրավաբանական փաստաթղթով սահմանված չէ, որ փոխատուն կարող է որևէ կերպ սահմանափակել կամ խոչընդոտել բանկին այլ փոխատուներից նոր փոխառությունների ներգրավման հարցում:
15) Փոխառության գծով վճարվող գումարների վճարման ժամանակացույցը հստակ նշված է փոխառության պայմանագրում:
16) Այն դեպքում, երբ փոխառության գումարը բանկին տրամադրվում է փուլերով (տրանշերով), ապա լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվելու նպատակով յուրաքանչյուր այդպիսի փուլ (տրանշ) պետք է բավարարի սույն հավելվածով սահմանված բոլոր պայմաններին, այդ թվում` յուրաքանչյուր փուլ պետք է տրամադրվի առնվազն 5 տարի ժամկետով:
17) Փոխառության պայմանագրով նախատեսված է, որ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման դեպքում փոխառությունը մարվում է փոխառության համապատասխան գումարի չափով բանկի կողմից, իսկ փոխատուն պարտավորվում է մարված փոխառության գումարն անհապաղ ուղղել բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը (այսուհետ՝ փոխարկում)՝ սույն կանոնակարգի 28.1-րդ կետի համաձայն հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի տեսքով: Ընդ որում, սույն ենթակետի իմաստով՝ փոխառության համապատասխան գումար է համարվում այն գումարը, որը, Կենտրոնական բանկի կարծիքով, անհրաժեշտ է բանկի ֆինանսական վիճակի վատթարացման հիմքերը վերացնելու (մեղմելու) համար, սակայն ոչ ավելի, քան այն առավելագույն գումարը, որով փոխառությունը սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված իրավիճակն ի հայտ գալուն նախորդող 120 օրվա ընթացքում ներառվել է բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում: Եթե փոխառությունը ներգրավված է առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ապա բանկի կանոնադրական կապիտալի համալրմանն ուղղվող գումարը փոխարկվում է Հայաստանի Հանրապետության դրամի՝ հիմք ընդունելով Կենտրոնական բանկի կողմից փոխարկման օրվա համար հայտարարված տվյալ արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:
18) Փոխառության պայմանագրով հստակ սահմանվում է այն հարաբերակցությունը, ըստ որի՝ սույն հավելվածի 17-րդ ենթակետով սահմանված փոխարկումն իրականացնելու նպատակով փոխառությունը պետք է փոխարկվի հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի:
19) Փոխառության պայմանագրով սահմանվում է, որ փոխառության պայմանագրի փոփոխության և (կամ) լուծելու դեպքում անհրաժեշտ է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը, առանց որի պայմանագրի ցանկացած փոփոխությունը և (կամ) լուծումը պարտադիր իրավական ուժ չունեն (կողմերի համար չեն առաջացնում իրավական հետևանքներ):
2. Սույն կանոնակարգի իմաստով՝ ֆինանսական վիճակի վատթարացում է համարվում հետևյալ իրավիճակներից որևէ մեկի ի հայտ գալը.
1) բանկի հիմնական կապիտալի համարժեքությունը նվազում է 10.5 տոկոսից կամ բանկի ընդհանուր կապիտալի համարժեքությունը նվազում է 12.5 տոկոսից.
2) Կենտրոնական բանկը գրավոր կերպով տեղեկացնում է բանկին այն մասին, որ կապիտալի գործիքի դուրսգրումը կամ փոխարկումը հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի՝ անհրաժեշտ է, քանի որ առանց դրա բանկի մոտ կառաջանան (հնարավոր է, որ առաջանան) օրենքով սահմանված անվճարունակության կամ սնանկության հիմքեր.
3) Կենտրոնական բանկը գրավոր կերպով տեղեկացնում է բանկին այն մասին, որ առանց «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով սահմանված վարկի տրամադրման կամ Կենտրոնական բանկի կամ պետական այլ օժանդակության բանկի մոտ կառաջանան (հնարավոր է, որ կառաջանան) օրենքով սահմանված անվճարունակության կամ սնանկության հիմքեր:
3. Այն դեպքերում, երբ փոխառության ներգրավման արդյունքում տվյալ փոխատուից ներգրավված ստորադաս փոխառության արժեքը կգերազանցի բանկի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10, 20, 50 կամ 75 տոկոսը, կամ փոխատուի՝ բանկի կանոնադրական կապիտալում ունեցած ձայնի իրավունք տվող մասնակցության և բանկին տրամադրած փոխառության հանրագումարը կգերազանցի բանկի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10, 20, 50 կամ 75 տոկոսը, ապա նախքան փոխառության գումարը (կամ դրա մի մասը) բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկելը, փոխատուն պետք է ստանա բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» Կանոնակարգ 1-ի համաձայն:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.12.2014, թիվ 339-Ն | 10.12.2014, թիվ 146-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|