Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.25/32(1045).1 Հոդ.511.2
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.05.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3313/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3313/02/08

2014 թ.

Նախագահող դատավոր՝  Լ. Գրիգորյան

Դատավորներ՝   

Գ. Մատինյան
 

Ն. Տավարացյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

 

 

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Զարա Թովմասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.11.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լեյլա Խեչումյանի ընդդեմ Լեոնիդ Թովմասյանի իրավահաջորդներ Զարա Թովմասյանի, Լաուրա Վարդազարյանի` բնակարանի ձեղնահարկի կառուցման և շինարարական աշխատանքները դադարեցնելուն պարտավորեցնելու, բնակարանին 708.565 ՀՀ դրամի չափով պատճառված վնասի բռնագանձման և տարածքը նախկին տեսքի բերելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լեյլա Խեչումյանը պահանջել է պարտավորեցնել Զարա Թովմասյանին և Լաուրա Վարդազարյանին դադարեցնել Երևանի Հանրապետության 79-րդ շենքի թիվ 15 բնակարանի ձեղնահարկի կառուցման և շինարարական աշխատանքները և տարածքը բերել նախկին տեսքի, ինչպես նաև բռնագանձել այդ աշխատանքների հետևանքով նույն շենքի թիվ 4 բնակարանին պատճառված վնասը` 708.565 ՀՀ դրամի չափով:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2011 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է Լեոնիդ Թովմասյանի մահվան հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.06.2011 թվականի որոշմամբ Լեյլա Խեչումյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2011 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 31.08.2011 թվականի որոշմամբ որպես Լեոնիդ Թովմասյանի ներկայացուցիչներ Յուրի և Վլադիմիր Հայրապետյանների վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 25.06.2013 թվականի վճռով պատճառված վնասի հատուցման մասով հայցը բավարարվել է մասնակիորեն, իսկ հայցապահանջը բնակարանի ձեղնահարկի կառուցման և շինարարական աշխատանքները դադարեցնելուն պարտավորեցնելու և տարածքը նախկին տեսքի բերելու մասերով բավարարվել է ամբողջությամբ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.11.2013 թվականի որոշմամբ Զարա Թովմասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.06.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.02.2014 թվականի որոշմամբ Զարա Թովմասյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զարա Թովմասյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Լեյլա Խեչումյանը, Զարա Թովմասյանը և Լաուրա Վարդազարյանը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 14.04.2014 թվականի հաշտության համաձայնությունը:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր, իսկ նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:

Ուսումնասիրելով Լեյլա Խեչումյանի, Զարա Թովմասյանի և Լաուրա Վարդազարյանի 14.04.2014 թվականի հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լեյլա Խեչումյանի, Զարա Թովմասյանի և Լաուրա Վարդազարյանի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Հաստատել Լեյլա Խեչումյանի, Զարա Թովմասյանի և Լաուրա Վարդազարյանի միջև կնքված 14.04.2014 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.

 

«Հաշտության համաձայնություն

14.04.2014թ.

 

Թիվ ԵԿԴ/3313/02/08 քաղաքացիական գործով ըստ հայցի Լեյլա Խեչումյանի (այսուհետ` Հայցվոր) ընդդեմ Զարա Թովմասյանի և Լաուրա Վարդազարյանի (այսուհետ` Պատասխանող)` Երևան քաղաքի Հանրապետության 79-րդ շենքի թիվ 15 բնակարանի ձեղնահարկի (այսուհետ` Ձեղնահարկ) կառուցման և շինարարական աշխատանքները դադարեցնելու ու տարածքը նախկին տեսքի բերելու, ինչպես նաև այդ աշխատանքի հետևանքով նույն շենքի թիվ 4 բնակարանին պատճառված վնասը` 708.565 ՀՀ դրամի չափով բռնագանձելու պահանջի մասին, կողմերը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածով, կնքեցին սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.

 

1. Պատասխանողները Հայցվորին սույն համաձայնության ստորագրման պահին վճարել են 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ հրաժարագին` որպես պատճառված վնասի հետ կապված վեճի լուծման փոխհատուցում:

2. Հայցվորը սույնով հայտարարում է, որ ամբողջությամբ ստացել է հրաժարագինը (1-ին կետ), և Պատասխանողների, ինչպես նաև Ձեղնահարկի սեփականատիրոջ կամ որևէ հիմքով տիրապետողի նկատմամբ որևէ պահանջ չունի և հետագայում որևէ պահանջ չի ներկայացնելու:

3. Կողմերը համաձայնում են, որ թիվ ԵԿԴ/3313/02/08 քաղաքացիական գործով դատական ծախսերը (բացառությամբ փաստաբանական ծախսերի) վճարելու պարտականությունը կրում են պատասխանողները: Կողմերի փաստաբանական ծախսերի հարցը լուծում են կողմերը` յուրաքանչյուրն իր փաստաբանի մասով:

4. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

5. Սույն համաձայնագիրը գործում է նույնիսկ այն դեպքում, երբ ՀՀ վճռաբեկ դատարանը չհաստատի այն: Սույն կետում նշված դեպքում, Հայցվորը պարտավորվում է կատարողական թերթ չներկայացնել, իսկ ներկայացնելու դեպքում, սույն համաձայնությունը հիմք է կատարողական վարույթը կարճելու համար:

6. Պատասխանողները հետագայում խոչընդոտներ չեն ստեղծի Հայցվորի համար` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի իրավական հիմքով նախագծեր և շինաշխատանքներ կատարելիս:

7. Կողմերի ստորագրությունները`

 

Հայցվոր`

Լեյլա Ժորայի Խեչումյան (ստորագրություն)

Պատասխանողներ`

Զարա Լեոնիդի Թովմասյան (ստորագրություն)

Լաուրա Լևոնի Վարդազարյան (ստորագրություն)»:

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.11.2013 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. ՀՀ քաղաքացաիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով Զարա Թովմասյանից և Լաուրա Վարդազարյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 14.171 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված և չվճարված պետական տուրքի գումար, 31.256 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.05.2011 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար պակաս վճարված պետական տուրքի գումար:

Զարա Թովմասյանից և Լաուրա Վարդազարյանից հօգուտ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի բռնագանձել 29.400 ՀՀ դրամ և 32.340 ՀՀ դրամ` որպես համապատասխանաբար 10.11.2010 թվականի թիվ 09-2388 փորձագետի եզրակացության համար 10.11.2010 թվականի թիվ 433 հաշիվ-ապրանքագրով վճարման ենթակա գումար և 22.09.2009 թվականի թիվ 08-1777 փորձագետի եզրակացության համար 22.09.2009 թվականի թիվ 236 հաշիվ-ապրանքագրով վճարման ենթակա գումար:

Զարա Թովմասյանից և Լաուրա Վարդազարյանից հօգուտ «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի բռնագանձել 45.000 ՀՀ դրամ` որպես 27.10.2008 թվականի թիվ 00810807 փորձագետի եզրակացության համար 27.10.2008 թվականի թիվ 4080 հաշիվ-ապրանքագրով վճարման ենթակա գումար:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան
 

Է. Հայրիյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան