ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 2014 թվականի N 618-Ն
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացին վերջնական սպառողի մասնակցության ապահովման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հունիսի 27 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 19-ի N 618-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացին վերջնական սպառողի մասնակցությունն իրականացվում է սույն կարգով: Սույն կարգով բնապահպանական ծրագրեր են Հայաստանի Հանրապետության բյուջետային և հանրային հատվածների հաշվապահական հաշվառման դասակարգման «0500 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժնին դասվող աշխատանքները և միջոցառումները:
2. Բնապահպանական ծրագրերը մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 197-Ն որոշմամբ հաստատված բնապահպանական ծրագրերի մշակման (նախագծման) կարգին համապատասխան:
3. Բնապահպանական ծրագրեր իրականացնող պետական մարմիններն այդ ծրագրերի և դրանց իրականացման մասին հասարակությանն իրազեկում են` համապատասխան համայնքների ղեկավարներին տրամադրելով նշված ծրագրերին վերաբերող փաստաթղթերը: Բնապահպանական ծրագրերի և դրանց իրականացման մասին հասարակությունն իրազեկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33.1-ին հոդվածի պահանջներին համապատասխան:
4. Իրազեկումն իրականացվում է`
1) azdarar.am կայքում հրապարակային ծանուցման միջոցով.
2) ծրագրերի և նախագծերի ցուցադրման միջոցառումներով, հրապարակումներով, տեղական ինքնակառավարման մարմինների համացանցային կայքերում տեղադրմամբ.
3) հասարակական քննարկումներով:
5. Հասարակության ներկայացուցիչները «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կազմակերպված հանրային լսումների կամ քննարկումների արդյունքներով նորմատիվ և այլ իրավական ակտերով հիմնավորված առարկությունները, առաջարկությունները, ինչպես նաև հրապարակված բնապահպանական ծրագրերի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ սեփական միջոցներով կատարված անկախ փորձաքննության եզրակացությունները գրավոր ներկայացնում են համապատասխան համայնքի ղեկավարին:
6. Սույն կարգի 4-րդ կետում նշված առարկությունները, առաջարկությունները, ինչպես նաև անկախ փորձաքննության եզրակացությունները քննարկվում են բնապահպանական ծրագրեր իրականացնող պետական մարմինների կողմից` դրանց ստացումից հետո մեկամսյա ժամկետում, դրանք ներկայացրած հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
7. Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական ծրագրերի իրականացման գործընթացին վերջնական սպառողի մասնակցությունն ապահովելու նպատակով բնապահպանական ծրագրերի իրականացման արդյունքների ընդունման համար ծրագիրն իրականացնող պետական մարմնի ղեկավարի որոշմամբ ստեղծվում է տվյալ ծրագրի իրականացման արդյունքներն ընդունող հանձնաժողով, որի կազմում ներգրավվում են`
1) այդ մարմնի և կապալառուի ներկայացուցիչները, տեխնիկական հսկողություն իրականացնող անձինք.
2) համապատասխան համայնքի աշխատակազմի ներկայացուցիչը, որի վարչական տարածքներում իրականացվում է բնապահպանական ծրագիրը.
3) տվյալ մարզում գրանցված բնապահպանության ոլորտի գծով հասարակական կազմակերպության ներկայացուցիչը (համաձայնությամբ):
8. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի իրագործման արդյունքներն ընդունող հանձնաժողովների կազմում լրացուցիչ ընդգրկվում է նաև համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչը:
9. Ընդունող հանձնաժողովի անդամների թիվը չպետք է գերազանցի տասը: Ընդունող հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանվում է ծրագիրն իրականացնող պետական մարմնի ղեկավարի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |