Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.25/32(1045).1 Հոդ.511.14
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.05.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/0459/02/11

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/0459/02/11 

2014 թ.

Նախագահող դատավոր`  Ա. Պետրոսյան

Դատավորներ`   

Դ. Խաչատրյան

 

Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

 

 

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ավետիս Ավետիսյանի վճռաբեկ բողոքը քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.05.2012 թվականի որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ` ըստ հայցի Շանթ Կնյազյանի ընդդեմ Ավետիս Ավետիսյանի` ինքնակամ կառույցը քանդելու, հողամասը նախկին տեսքի բերելու և վնասները փոխհատուցելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Շանթ Կնյազյանը պահանջել է վերականգնել իր խախտված իրավունքները, պարտավորեցնել Ավետիս Ավետիսյանին քանդել ինքնակամ կառույցը, հողամասը բերել նախկին տեսքի և փոխհատուցել պատճառված վնասները:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս. Մնացյան) (այսուհետ` Դատարան) 26.01.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է «պարտավորեցնել Ավետիս Ավետիսյանին քանդելու իր իսկ կողմից Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի Շանթ Կոլյայի Կնյազյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող 10,8քմ մակերեսով ինքնակամ կառույցը և վերականգնել հողամասի նախկին տեսքը: Ինքնակամ կառույցի քանդման և հողամասի նախկին տեսքի բերման աշխատանքները և ծախսերը դնել պատասխանող Ավետիս Ավետիսյանի վրա: Հայցապահանջը` վնասները փոխհատուցելու պահանջի մասով, մերժել` անհիմն լինելու պատճառով: Ավետիս Ավետիսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես չվճարված, հետաձգված պետական տուրքի գումար»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.05.2012 թվականի որոշմամբ Ավետիս Ավետիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.01.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.07.2012 թվականի որոշմամբ Դատարանի 26.01.2012 թվականի վճռի և Վերաքննիչ դատարանի 24.05.2012 թվականի որոշման դեմ Ավետիս Ավետիսյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ավետիս Ավետիսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 29.04.2013 թվականի թիվ ՎԴ5/0429/05/12 վճռով վերացվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) աշխատակազմի Շիրակի մարզային տարածքային ստորաբաժանման գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 4-5 մատյանի 0028 համարի տակ Շանթ և Գոռ Կնյազյանների անվամբ Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքի Ուսուցչի տանը հարակից թիվ 036-019 ծածկագրով 0,008հա մակերեսով հողատարածքի նկատմամբ կատարված գրառումը, իսկ Կադաստրի 01.02.2014 թվականի թիվ ԱՏ-31/01/2014-39-0027 տեղեկանքով հայտնվել է, որ ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքի թիվ 08-109-036-019 ծածկագրով Շանթ և Գոռ Կնյազյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը դադարեցված է, և անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 25.09.2003 թվականի թիվ 1443918 վկայականը չեղարկված է:

Տվյալ դեպքում ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 29.04.2013 թվականի թիվ ՎԴ5/0429/05/12 վճռի հիմքով հողամասի նկատմամբ Շանթ և Գոռ Կնյազյանների սեփականության իրավունքի դադարումը սույն գործի համար նոր երևան եկած հանգամանք է, քանի որ Դատարանը և Վերաքննիչ դատարանը համապատասխանաբար վճիռ և որոշում կայացնելիս հիմք էին ընդունել այն հանգամանքը, որ Ավետիս Ավետիսյանի կողմից ինքնակամ շինությունը կառուցվել է Շանթ և Գոռ Կնյազյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ամբողջովին բեկանել Վերաքննիչ դատարանի 24.05.2012 թվականի որոշումը և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.07.2012 թվականի որոշումը` Շանթ Կոլյայի Կնյազյանի հայցը` ինքնակամ կառույցը քանդելու, հողամասը նախկին տեսքի բերելու պահանջի մասին, մերժել կամ գործն ուղարկել նոր քննության»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած 26.01.2012 թվականի թիվ ՇԴ1/0459/02/11 վճռով հաստատված է համարվել, որ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 24.05.1991 թվականի թիվ 1 որոշման հիման վրա Շանթ Կնյազյանին և Գոռ Կնյազյանին ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում հատկացվել է տնամերձ հողամաս, ինչը հաստատվում է 25.09.2003 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1443918 վկայականով, իսկ Ավետիս Ավետիսյանն առանց համապատասխան թույլտվության` չունենալով սեփականատիրոջ համաձայնությունը, ապօրինի կատարելով հողազավթում, Շանթ Կնյազյանին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասից 10,8քմ մակերեսով հողատարածքի վրա ապօրինի կառուցել է ինքնակամ կառույց (գ.թ. 45-49).

2. Վերաքննիչ դատարանի 24.05.2012 թվականի թիվ ՇԴ1/0459/02/11 որոշմամբ Ավետիս Ավետիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.01.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ` հաստատված համարելով, որ Ավետիս Ավետիսյանը Շանթ Կնյազյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասից ապօրինի զավթել է 10,8քմ մակերեսով տարածք, կառուցել է պատշգամբ, որի հետևանքով խախտվել է Շանթ Կնյազյանի սեփականության իրավունքը (գ.թ. 92-94):

3. ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 29.04.2013 թվականի թիվ ՎԴ5/0429/05/12 վճռով բավարարվել է Ավետիս Ավետիսյանի հայցն ընդդեմ Կադաստրի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման, երրորդ անձինք Շանթ և Գոռ Կնյազյանների, Սառնաղբյուր գյուղապետարանի` պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Վճռվել է «վերացնել Կադաստրի պետական աշխատակազմի Շիրակի մարզային տարածքային ստորաբաժանման գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 4-5 մատյանի 0028 համարի տակ գրանցված ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում Շանթ և Գոռ Կնյազյանների անվամբ կատարված գրառումը» (նշված վճիռը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

4. ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 22.10.2013 թվականի թիվ ՎԴ5/0429/05/12 որոշմամբ Շանթ Կնյազյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 29.04.2013 թվականի թիվ ՎԴ5/0429/05/12 վճիռը թողնվել է անփոփոխ (նշված որոշումը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

5. Ավետիս Ավետիսյանին հասցեագրված Կադաստրի 01.02.2014 թվականի թիվ ԱՏ-31/01/2014-39-0027 տեղեկանքով հայտնվել է, որ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.10.2013 թվականի թիվ ՎԴ5/0429/05/12 որոշման հիմքով դադարեցվել է ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում (ծածկագիր թիվ 08-109-036-019) Շանթ և Գոռ Կնյազյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, և չեղարկվել է 25.09.2003 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1443918 վկայականը (նշված տեղեկանքը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է գործի վարույթը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու հիմքի առկայության խնդրին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն։

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե`

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե ոչ (տե՛ս ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2392/02/08 գործով 13.03.2009 թվականի որոշումը)։

Սույն գործով Վերաքննիչ դատարանի 24.05.2012 թվականի որոշմամբ օրինական ուժի մեջ թողնված Դատարանի 26.01.2012 թվականի վճռով հաստատված է համարվել այն հանգամանքը, որ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 24.05.1991 թվականի թիվ 1 որոշման հիման վրա` Շանթ Կնյազյանին և Գոռ Կնյազյանին ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում հատկացվել է տնամերձ հողամաս, ինչը հաստատվում է 25.09.2003 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1443918 վկայականով, իսկ Ավետիս Ավետիսյանն առանց համապատասխան թույլտվության` չունենալով սեփականատիրոջ համաձայնությունը, ապօրինի կատարելով հողազավթում, Շանթ Կնյազյանին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասից 10,8քմ մակերեսով հողատարածքի վրա ապօրինի կառուցել է ինքնակամ կառույց:

Սույն գործով բողոք բերած անձը որպես նոր երևան եկած հանգամանքներ վկայակոչել է ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 29.04.2013 թվականի թիվ ՎԴ5/0429/05/12 վճռի և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.10.2013 թվականի թիվ ՎԴ5/0429/05/12 որոշման հիմքով Կադաստրի կողմից ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում (ծածկագիր թիվ 08-109-036-019) Շանթ և Գոռ Կնյազյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը դադարեցված և 25.09.2003 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1443918 վկայականը չեղարկված լինելու հանգամանքը:

ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 29.04.2013 թվականի թիվ ՎԴ5/0429/05/12 վճռով վերացվել է ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում Շանթ և Գոռ Կնյազյանների անվամբ հողամասի նկատմամբ միասնական թիվ 4-5 մատյանի 0028 համարի տակ կատարված իրավունքների պետական գրանցումը, իսկ Կադաստրի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը վերոգրյալի հիման վրա դադարեցրել է ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում (ծածկագիր թիվ 08-109-036-019) Շանթ և Գոռ Կնյազյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը և չեղարկել 25.09.2003 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1443918 վկայականը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 29.04.2013 թվականի թիվ ՎԴ5/0429/05/12 վճռի և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.10.2013 թվականի թիվ ՎԴ5/0429/05/12 որոշման հիման վրա Կադաստրի կողմից ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում (ծածկագիր թիվ 08-109-036-019) Շանթ և Գոռ Կնյազյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը հողամասի նկատմամբ դադարեցնելը և 25.09.2003 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1443918 վկայականը չեղարկելն էական նշանակություն ունեն սույն գործի լուծման համար, համարվում են նոր երևան եկած հանգամանքներ և հիմք են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.07.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու համար։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի և 204.32-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.07.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 24.05.2012 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.07.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.05.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան