ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
10 հունիսի 2014 թ. |
2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Միրումյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի ապրիլի 11-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2014 թվականի մայիսի 26-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2014 թվականի ապրիլի 11-ին Երևանում` առկա բարեկամական հարաբերությունները գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով ամրապնդելու և խորացնելու և Հայաստանի Հանրապետության զարգացմանը նպաստելու նպատակով:
2. Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից փոխադարձ համաձայնությամբ ընտրվելիք այլ հասցեատերերի հնարավորություն է ընձեռում Վերականգնման վարկերի բանկից (այսուհետ` Բանկ) ստանալ`
- «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի իրականացման և համակարգման համար անհրաժեշտ հարակից միջոցառումների անցկացման համար` ֆինանսական օժանդակություն մինչև 2.500.000 եվրո գումարի չափով,
- «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի համար` արտոնյալ վարկեր մինչև 30.000.000 եվրո գումարի չափով:
3. Համաձայնագրի 1-ին հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` 1-ին պարբերությունում նշված ծրագիրը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև փոխադարձ համաձայնությամբ կարող է փոխարինվել այլ ծրագրերով, իսկ 5-րդ պարբերության համաձայն` 1-ին պարբերության 1-ին կետով նշված ֆինանսական օժանդակությունները կփոխարինվեն վարկերով, եթե դրանք չօգտագործվեն այդ միջոցառումների համար:
4. Համաձայնագրի 1-ին հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն ավելի ուշ ժամանակահատվածում հնարավորություն է ընձեռում Բանկից ստանալ լրացուցիչ վարկեր կամ ֆինանսական օժանդակություններ` Համաձայնագրով նշված ծրագրերի նախապատրաստման կամ իրականացմանն ու համակարգմանն անհրաժեշտ հարակից միջոցառումների անցկացման համար, ապա կիրառվում է սույն Համաձայնագիրը:
5. Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` վերը նշված գումարների օգտագործումը, գումարների տրամադրման պայմանները, ինչպես նաև հանձնարարականների տրման ընթացակարգը Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործող օրենսդրության համաձայն սահմանվում են Բանկի և վարկեր կամ ֆինանսական օժանդակություններ ստացողների միջև կնքվող պայմանագրերում:
Ըստ Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության` նշված գումարների հատկացումները չեն կատարվում, եթե նախնական հատկացման տարվան հաջորդող յոթ տարիների ընթացքում չեն կնքվում համապատասխան վարկային կամ ֆինանսական պայմանագրեր: Ընդ որում, նշված գումարների համար ժամկետն ավարտվում է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին:
6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- վճարել Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված պայմանագրերի կնքման և իրականացման շրջանակներում առաջացող` ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր տեսակի հարկերը և պետական այլ տուրքերը,
- վարկի և ֆինանսական օժանդակության օգտագործումից անհրաժեշտաբար բխող` ծովային, ցամաքային և օդային ճանապարհներով անձերի և գույքի տեղափոխման համար ուղևորներին և առաքողներին տալ տրանսպորտային ձեռնարկության ազատ ընտրության հնարավորություն, չձեռնարկել միջոցներ, որոնք կբացառեն կամ կդժվարացնեն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող տրանսպորտային ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը, իսկ անհրաժեշտության դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել պահանջվող թույլտվություններ տրանսպորտային հիշյալ ձեռնարկությունների մասնակցության համար,
- Համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` երաշխավորել Բանկի օգտին վճարումները եվրոյով` ի կատարումն 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն կնքվելիք պայմանագրով վարկառուների ստանձնած պարտավորությունների, եթե վարկառուն Հայաստանի Հանրապետության կառավարությունը չէ,
- Համաձայնագրի 2-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` Բանկին տալ երաշխիք, որ կկատարվեն պարտքի վերադարձման այն պահանջները, որոնք կարող են բխել 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն կնքվելիք ֆինանսավորման պայմանագրերից, եթե վարկառուն Հայաստանի Հանրապետության կառավարությունը չէ:
7. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած վերոհիշյալ պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրությամբ պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրներից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2014 թվականի ապրիլի 11-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
10 հունիսի 2014 թ. ՍԴՈ-1155 |