Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-377
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.1994-24.11.1994)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/19
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
30.09.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.09.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում նվազագույն և միջին աշխատավարձի հարաբերակցությունը կարգավորելու, որոշ կատեգորիայի նպաստ ստացողների պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման նպատակով, որոշում եմ.

1. 1994 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել 230 դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր սահմանամերձ բնակավայրերում` 253 դրամ:

Բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքների, համաձայն տարիֆային դրույքի նվազագույն չափերի սահմանել`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 1,25 դրամ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`

36-ժամյա աշխատանքային շաբաթ` 1,50 դրամ.

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 1,79 դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 1,50 դրամ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`

36-ժամյա աշխատանքային շաբաթ` 1,62 դրամ.

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 1,98 դրամ:

2. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման գումարների, աշխատողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին տրվող փոխհատուցման գումարների չափերին սահմանել 104 դրամ հավելում:

3. 1994 թվականի հոկտեմբերի 1-ից հետո նոր նշանակվող ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում` տարիքային աշխատանքային կենսաթոշակների և հաշմանդամների կենսաթոշակների, ինչպես նաև ծերության և հաշմանդամության սոցիալական կենսաթոշակների չափերը, դրանց տրվող հավելումները որոշվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` նվազագույն աշխատավարձի չափին ավելացնելով 251 դրամ հավելում` ստացված գումարն ընդունելով որպես հաշվարկման հիմք:

4. 1994 թվականի հոկտեմբերի 1-ից հետո նոր նշանակվող զինծառայողների կենսաթոշակների, դրանց տրվող հավելումների, ինչպես նաև զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական կենսաթոշակների չափերը որոշվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան նվազագույն աշխատավարձի չափին ավելացնելով 251 դրամ հավելում` ստացված գումարն ընդունելով որպես հաշվարկման հիմք:

 5. Մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ- տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափը սահմանել 200 դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նշված նպաստի չափը սահմանել 220 դրամ:

6. Մինչև 17 տարեկան երեք և ավելի երեխաներ (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) ունեցող ընտանիքների համար մեկ երեխային տրվող ամսական նպաստի չափը սահմանել 250 դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նշված նպաստի չափը սահմանել 275 դրամ:

7. Մինչև երեխայի 2 տարին լրանալը նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամսական նպաստի չափը սահմանել 200 դրամ:

8. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխայի խնամքի համար վճարել նպաստ` ամսական 200 դրամի չափով:

9. Մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստի չափը սահմանել 200 դրամ:

10. Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի օգոստոսի 1-ի թիվ 352, սեպտեմբերի 5-ի թիվ 361 հրամանագրերով բարձրացված և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 14-ի թիվ 313 որոշմամբ սահմանված աշխատավարձերի, կենսաթոշակների, կրթաթոշակների և նպաստների չափերը չեն փոփոխվում:

11. Ձեռնարկություններում (անկախ սեփականության ձևից) աշխատողների աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովում է սեփական եկամուտների հաշվին:

12. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` վերանայել սպայական կազմի և ենթասպայական կազմի համար պարենամթերքների փոխհատուցման հավելման չափը.

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել սույն հրամանագրի պահանջներին:

13. 1994 թվականի հոկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» հրամանագրի 1-ին, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

30 սեպտեմբերի 1994 թ.

ՆՀ-377