Գլխավոր տեղեկություն
Համար
N 578-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.06.2014-01.04.2021)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.25/32(1045).1 Հոդ.499
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2014 թվականի N 578-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1823-Ն ԵՎ N 1821-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» կետին, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 15-րդ ու 16-րդ կետերին և «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալություն (այսուհետ` գործակալություն):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 15-ի N 379 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1823-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման N 2 հավելվածում գործակալության Արտաշատի, Արմավիրի, Աշտարակի, Գավառի, Վանաձորի, Գյումրու, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի և Իջևանի զբաղվածության մարզային կենտրոնները վերակազմավորման ձևով համապատասխանաբար վերակազմակերպել Արտաշատի, Արմավիրի, Աշտարակի, Գավառի, Վանաձորի, Գյումրու, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի և Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնների.

2) որոշման N 2 հավելվածում վերանվանել`

ա. գործակալության աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման բաժինը` աշխատաշուկայի վերլուծության, կանխատեսման և գնահատման բաժին,

բ. գործակալության ծրագրերի համակարգման բաժինը` ծրագրերի իրականացման մեթոդական աջակցության և խորհրդատվության բաժին,

գ. գործակալության աշխատանքի խորհրդատվության և տեղեկատվության բաժինը` տեղեկատվության ապահովման բաժին,

դ. գործակալության տարածքային կենտրոնների աշխատանքների համակարգման բաժինը` գործատուների և աշխատաշուկայում ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ համագործակցության բաժին,

ե. գործակալության տնտեսագիտական բաժինը` ֆինանսատնտեսագիտական բաժին,

զ. գործակալության ֆինանսահաշվապահական բաժինը` հաշվապահական հաշվառման բաժին.

3) գործակալությունում ստեղծել նոր կառուցվածքային ստորաբաժանում` աշխատանքային միգրացիայի բաժին.

4) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

5) հիմք ընդունելով սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում կատարված փոփոխությունները` որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1821-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում`

ա. «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրության, վերլուծության, ազդեցության գնահատման և կանխատեսման իրականացում.»,

բ. «է» ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «էա», «էբ», «էգ» և «էդ» ենթակետերով.

«էա) աշխատաշուկայի վիճակի մասին տեղեկատվության հասանելիության ապահովում.

էբ) տեղեկատվական շտեմարանի ձևավորում և վարում` զբաղվածության ոլորտի նպատակային կառավարման, զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի հասցեականության ապահովման, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, այդ թվում՝ պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում, աշխատաշուկայի օբյեկտիվ վերլուծության և կանխատեսման նպատակներով.

էգ) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետ համագործակցություն և այդ կազմակերպությունների` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի իրականացմանը մասնակցության ապահովում` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

էդ) նախարարության հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հաշվառում և հաշվառումից հանում, պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում ներառում և այդ ցանկից հանում.».

2) որոշման N 2 հավելվածի II բաժնում և որոշման N 3 հավելվածի 2-րդ սյունակում «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական գործակալություն» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 10

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

մայիսի 29-ի N 578-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 14-ի N 1823-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ զբաղվածության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

4. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

6. Գործակալության նպատակներն են՝

1) աշխատանք փնտրող անձի կայուն զբաղվածության ապահովմանը միտված զբաղվածության պետական ծրագրերի իրականացման ապահովումը.

2) աշխատուժի պահանջարկի բավարարման և առկա աշխատուժի առաջարկի արդյունավետ իրացման ապահովումը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7. Գործակալությունն իր նպատակների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) աշխատաշուկայի ընթացիկ վիճակի ուսումնասիրություն, վերլուծություն, ազդեցության գնահատում և կանխատեսում.

2) էլեկտրոնային պաշտոնական կայքէջի վարում և աշխատաշուկայի վիճակի մասին տեղեկատվության հավաքագրման, թարմացման ու հասանելիության ապահովում.

3) տեղեկատվական շտեմարանի ձևավորում և վարում` զբաղվածության ոլորտի նպատակային կառավարման, ամենամյա պետական ծրագրի հասցեականության ապահովման, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, այդ թվում՝ պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում, աշխատաշուկայի օբյեկտիվ վերլուծության և կանխատեսման նպատակներով.

4) աշխատանք փնտրող անձանց` զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության, զբաղվածության պետական ծրագրերի և մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.

5) աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատում, անհատական ծրագրի կազմում և անհատական ծրագրի իրականացման մասին երկկողմ պայմանագրի կնքում.

6) աշխատանք փնտրող անձի հաշվառում, գործազուրկի կարգավիճակ տալը, դրա կասեցումը, վերականգնումը և դադարեցումը.

7) զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի (այսուհետ` ամենամյա ծրագիր) մշակման աշխատանքներին մասնակցություն.

8) նախարարին ամենամյա ծրագրի` ըստ մարզերի, տարածքային կենտրոնների և աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների) տեղաբաշխման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

9) ամենամյա ծրագրի իրականացում.

10) ամենամյա ծրագրի մոնիթորինգի ու գնահատման իրականացմանը մասնակցություն.

11) աշխատուժի առաջարկի ու պահանջարկի գնահատման արդյունքների հիման վրա նախարարին նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար ուսուցանվող մասնագիտությունների ցանկի ու տեղերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

12) աշխատանք փնտրող անձանց ուղեգրում գործատուների մոտ` համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում.

13) գործատուներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններից տեղեկությունների ստացում թափուր աշխատատեղերի, զանգվածային ազատումների, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին, որոնց հետևանքով կարող են լինել աշխատանքից ազատումներ.

14) գործատուներին զբաղվածության պետական ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի վիճակի վերաբերյալ տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության տրամադրում.

15) հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ձևավորման ու արդյունավետ գործունեության ապահովում.

16) զանգվածային լրատվության միջոցներով` պարբերաբար և էլեկտրոնային պաշտոնական կայքէջի միջոցով` նոր ստեղծվող ու թափուր աշխատատեղերի, աշխատաշուկայի վիճակի, ամենամյա ծրագրի կատարման ընթացքի (ծախսված ֆինանսական միջոցների և արդյունքների) մասին տեղեկատվության առցանց հրապարակում.

17) ամենամյա ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման ապահովում.

18) նախարարին զբաղվածության պետական ծրագրերի իրականացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

19) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար ոչ նպատակային ծախսված ֆինանսական միջոցների վերադարձման գործընթացի ապահովում.

20) օտարերկրյա պետություններում աշխատանքային գործունեության ծավալման, մասնագիտական ուսուցման ցանկություն ունեցող անձանց իր իրավասության սահմաններում տեղեկատվության տրամադրում և խորհրդատվության իրականացում, ինչպես նաև նրանց և օտարերկրյա պետությունների գործատուների միջև միջնորդության իրականացում.

21) արտագնա աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հարցերի մասին կնքված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (այսուհետ` միջազգային պայմանագիր) շրջանակներում` արտագնա աշխատանքների համար աշխատանքային միգրանտների հավաքագրման, վերապատրաստման կազմակերպում.

22) նախարարին զբաղվածության բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

23) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

24) նախարարի կամ նախարարի տեղակալի հանձնարարությամբ` միջազգային պայմանագրերի շրջանակներում` զբաղվածության կարգավորման համատեղ ծրագրերի իրականացում.

25) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիների առաջարկություններին, դիմումներին և բողոքներին ընթացք տալը.

26) իր իրավասության սահմաններում` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` զբաղվածության պետական ծրագրերի ու պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացի իրականացման ապահովում.

27) գործակալության բյուջետային պլանավորման և ֆինանսավորման գործընթացին մասնակցություն.

28) գործակալության հաշվապահական հաշվառման վարում.

29) զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին հայտի կազմում և այն նախարարին ներկայացնելը.

30) զբաղվածության պետական ծրագրերի ծախսերի նախահաշիվները նախարարին ներկայացնելը.

31) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) կազմում ու ներդնում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

32) տարածքային կենտրոններից ստացված զբաղվածության մասին վիճակագրական ու ֆինանսական հաշվետվությունների ամփոփում և դրանք սահմանված կարգով նախարարին ու Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացնելը.

33) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր կանոնադրական նպատակների իրականացման համար համապատասխան մարմիններից տեղեկատվության ստացում:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

8. Գործակալությունը կառավարում է նախարարը:

9. Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

10. Գործակալության պետն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Գործակալության պետը`

1) պատասխանատու է բնակչության զբաղվածության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար.

2) հաշվետու է նախարարին, նախարարի՝ գործակալության գործունեությունը համակարգող համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին.

3) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար.

4) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

5) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

6) գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

7) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

8) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

9) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան՝ սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների, տարածքային կենտրոնների իրավասությունները.

10) սահմանում է իր տեղակալների իրավասությունները.

11) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

12) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների, տարածքային կենտրոնների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

13) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների, տարածքային կենտրոնների օգտագործմանը հանձնված` պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության նկատմամբ.

14) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

15) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

12. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքերում գործակալության պետի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

14. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային կենտրոններ:

15. Իր նպատակների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

16. Գործակալության տարածքային կենտրոնն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, գործակալության և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք:

17. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային կենտրոնների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

18. Գործակալության վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

մայիսի 29-ի N 578-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 14-ի N 1823-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Ծրագրերի իրականացման մեթոդական աջակցության և խորհրդատվության բաժին

 

Գործատուների և աշխատաշուկայում ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ

համագործակցության բաժին

 

Տեղեկատվության ապահովման բաժին

 

Աշխատաշուկայի վերլուծության, կանխատեսման և գնահատման բաժին

 

Աշխատանքային միգրացիայի բաժին

 

Ֆինանսատնտեսագիտական բաժին

 

Հաշվապահական հաշվառման բաժին

 

II. Տարածքային կենտրոններ

 

Արտաշատի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Արարատի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Վեդու զբաղվածության տարածքային կենտրոն

 

Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Բաղրամյանի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Արմավիրի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Վաղարշապատի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Աշտարակի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Ապարանի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Ծաղկահովտի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Թալինի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Գավառի զբաղվածության տարածքայի կենտրոն

 

Ճամբարակի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Մարտունու զբաղվածության տարածքային կենտրոն

 

Սևանի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Վարդենիսի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Ալավերդու զբաղվածության տարածքային կենտրոն

 

Սպիտակի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Ստեփանավանի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Տաշիրի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Հրազդանի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Չարենցավանի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոն

 

Ամասիայի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Աշոցքի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Արթիկի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Մարալիկի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Կապանի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոն

 

Սիսիանի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Եղեգնաձորի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Վայքի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Ջերմուկի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Բերդի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Դիլիջանի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Կենտրոնի, Նորք-Մարաշի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Էրեբունու, Նուբարաշենի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Արաբկիրի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Մալաթիա-Սեբաստիայի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Աջափնյակի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Դավթաշենի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Շենգավիթի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Քանաքեռ-Զեյթունի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Ավանի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Նոր Նորքի զբաղվածության տարածքային կենտրոն»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան