Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.07.15/16(495).1 Հոդ.511.7
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.05.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ1/0030/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ1/0030/02/10

2014 թ.

Նախագահող դատավոր`  Ի. Վարդանյան

Դատավորներ`   

Ա. Մկրտչյան

 

Ն. Բարսեղյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

   

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լևոն Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդան Ղազարյանի ընդդեմ Լևոն Գրիգորյանի` ավտոմեքենան ապօրինի տիրապետումից հետ պահանջելու կամ դրա արժեքը վճարելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարդան Ղազարյանը պահանջել է վերադարձնել «Կամազ» ավտոմեքենան կամ 5.000.000 ՀՀ դրամ` ավտոմեքենայի արժեքը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.07.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 29.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է. «Պարտավորեցնել պատասխանող Լևոն Գրիգորյանին հայցվորին հետ վերադարձնելու «Կամազ-53212» մակնիշի 43-71ԱԴՇ պետհամարանիշի ավտոմեքենան կամ վճարելու մեքենայի շուկայական արժեքը։ Հայցապահանջը` մնացած մասով, մերժել»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.02.2010 թվականի թիվ 3-177(ՎԴ) որոշմամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 29.10.2007 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքների հիմքով բեկանվել և գործն ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Բ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 12.03.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է. «Պարտավորեցնել պատասխանող Լևոն Գրիգորյանին հայցվոր Վարդան Ղազարյանին վերադարձնել 1985 թվականի արտադրության, հենասարքը` 021921, շարժիչը` 616461, թափքը` ֆուրգոն, «Կամազ-53212» մակնիշի, նախկին պետհամարանիշը` 43-71ԱԴՇ ավտոմեքենան կամ դրա արժեքը` 3.150.315 ՀՀ դրամ: Հայցը` մնացած մասով, մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.07.2013 թվականի որոշմամբ Լևոն Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.03.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Գրիգորյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վարդան Ղազարյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, կիրառել է նույն օրենսգրքի 1058-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 31-րդ, 39-րդ, 53-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չեն հետազոտել և գնահատել գործում առկա ապացույցները։ Դատարանը վճիռ կայացնելիս դուրս է եկել հայցի շրջանակներից, իսկ Վերաքննիչ դատարանը, կայացնելով անհիմն դատական ակտ, վճիռը թողել է օրինական ուժի մեջ: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է և չի գնահատել Էդվարդ Շահբազյանի բացատրությունն ու ՀՀ Լոռու մարզի դատախազին ուղղված հայցվորի դիմումը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ պատասխանողի ոչ օրինաչափ վարքագծի, այն է` ավտոմեքենան չվերադարձնելու և վարձավճարը չվճարելու հետևանքով Վարդան Ղազարյանին պատճառվել է վնաս, ինչպես նաև հաստատված է համարել վնասի և ոչ օրինաչափ վարքագծի միջև պատճառական կապի առկայությունը` արձանագրելով, որ եթե պատասխանողը, պայմանավորվածության համաձայն, կատարեր իր ստանձնած պարտավորությունները, հայցվորը վնասներ չէր կրի։ Մինչդեռ, հայցվորը, դիմելով դատարան, պահանջել է ավտոմեքենան ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնել, հետևաբար պետք է ապացուցեր, որ ավտոմեքենան գտնվում է պատասխանողի ապօրինի տիրապետման ներքո։ Սույն քաղաքացիական գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց, որը կհիմնավորի այն փաստը, որ պատասխանողն է ապօրինի տիրապետում տվյալ գույքը։ Ավելին, գործի դատական քննության ժամանակ հիմնավորվել է, որ պատասխանողը ոչ օրինական և ոչ էլ ապօրինի հիմքերով չի տիրապետում վիճելի ավտոմեքենան։ Նշվածը հիմնավորվել է հայցվորի այն ցուցմունքով, որ Լևոն Գրիգորյանն է իրեն ասել, որ ավտոմեքենան Էդվարդ Շահբազյանի մոտ է, և այն տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն (այսուհետ` ՌԴ) հայցվորի գիտությամբ ու հանձնարարությամբ (հայցվորն այդ մասին իմացել է դեռ ավտոմեքենան հանձնելու պահին), ինչպես նաև հայցվորի` ՀՀ Լոռու մարզի դատախազին հասցեագրված դիմումով, որում հայցվորը մանրամասն նկարագրել է, թե ինչպես է ավտոմեքենան ապառիկ վաճառել Էդվարդ Շահբազյանին, և վերջինս էլ իր գիտությամբ այն տեղափոխել է ՌԴ։ Նշված ապացույցների ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ ցանկացած պարագայում ավտոմեքենան պատասխանողի տիրապետման ներքո չի գտնվել, հետևաբար վերջինս չի կարող համարվել պատշաճ պատասխանող։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ «Կամազ-53212» մակնիշի 1985 թվականի արտադրության բեռնատար ավտոմեքենայի սեփականատերը հանդիսանում է «Կարմրախայտ» կոոպերատիվը, իսկ գործում առկա չէ որևէ հիմնավոր ապացույց, որը կհաստատեր, որ Վարդան Ղազարյանը սույն քաղաքացիական գործով հանդիսանում է պատշաճ հայցվոր, մինչդեռ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերով հայցը բավարարվել է։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.07.2013 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Դատարանն ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում հանգել է հիմնավոր և պատճառաբանված եզրահանգման, որպիսի պայմաններում բացակայում է դատական սխալը, որը կարող է հիմք հանդիսանալ դատական ակտը բեկանելու համար, հետևաբար Լևոն Գրիգորյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն ակնհայտ անհիմն է և ենթակա չէ բավարարման։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 05.11.1992 թվականին տրված ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի համաձայն` «Կամազ-53212» մակնիշի թիվ 43-71ԱԴՇ պետհամարանիշի 1985 թվականի արտադրության (շարժիչը` 409715 համարի) բեռնատար ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է «Կարմրախայտ» կոոպերատիվին (հատոր 1-ին, գ.թ. 3).

2) Էդվարդ Շահբազյանը Վճռաբեկ դատարանին ուղղված, նոտարական կարգով հաստատված 25.03.2009 թվականի բացատրությամբ հայտնել է, որ Վարդան Ղազարյանի հետ իրեն ծանոթացրել է Լևոն Գրիգորյանը, 1996 թվականից իր և Վարդան Ղազարյանի միջև կնքվել են տարբեր ավտոտեխնիկայի ձեռքբերման գործարքներ, «Կամազ-53212» մակնիշի ավտոմեքենայի հետ կապված Լևոն Գրիգորյանը որևէ մասնակցություն չունի (հատոր 2-րդ, գ.թ. 76-77).

3) ՀՀ Լոռու մարզի դատախազությանը հասցեագրված իր դիմումով Վարդան Ղազարյանը հայտնել է, որ «Կամազ-53212» մակնիշի թիվ 43-71ԱԴՇ պետհամարանիշի ավտոմեքենան ապառիկ կարգով վաճառել է Էդվարդ Շահբազյանին, իսկ վերջինս իր գիտությամբ ավտոմեքենան տեղափոխել է ՌԴ և մեքենայի համար գումար չի վճարել (հատոր 2-րդ, գ.թ. 71-72).

4) Ստեփանավանի նոտարական տարածքի նոտար Ա. Հարությունյանի 12.04.2012 թվականի գրության համաձայն` վերջինիս կողմից ստուգվել է 1995, 1996, 1997 թվականների տրանսպորտային միջոցի օտարման գործարքները, և պարզվել է, որ Վարդան Ղազարյանի կողմից Վարդաբլուր գյուղի բնակիչ Լևոն Գրիգորյանի հետ բեռնատար տրանսպորտային միջոցի կամ այլ շարժական տեխնիկայի օտարման պայմանագրեր չեն կնքվել: Վարդան Ղազարյանի և Էդվարդ Շահբազյանի միջև 06.06.1996 թվականին թիվ 1392, 1393, 1394 սեղանամատյաններով և 28.06.1996 թվականին թիվ 1656 սեղանամատյանով կնքվել են ինքնագնաց տրանսպորտային միջոցի (տրակտորների) առուվաճառքի պայմանագրեր (հատոր 4, գ.թ. 80):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Քննության առարկա վճռաբեկ բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարևորում է`

- գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու հայցերով (վինդիկացիոն հայց) պատշաճ հայցվորի և պատշաճ պատասխանողի հարցը.

- վինդիկացիոն հայցի և վնասի հատուցման հայցի հարաբերակցության խնդիրը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ սեփականատերն իրավունք ունի գույքը հետ պահանջել միայն ապօրինի տիրապետողից: Տիրապետումն ապօրինի է, եթե այն իրականացվում է առանց որևէ օրինական հիմքի (տե՛ս Արմենուհի Թադևոսյանն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ՇԴ/0613/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը):

Ապօրինի տիրապետման փաստն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ ի սկզբանե բացակայում է տիտղոսային տիրապետումը, այլև երբ տիրապետումը հիմնված է օրինական հիմքի (տիտղոս) վրա, որը հետագայում վերանում է:

Ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու գործով ապացուցման առարկան պատասխանողի կողմից վեճի առարկա գույքն ապօրինի տիրապետելու և հայցվորի կողմից տվյալ գույքի սեփականատեր հանդիսանալու փաստերն են: Հետևաբար ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու պահանջ ներկայացնող կողմը կրում է նշված երկու փաստերի ապացուցման բեռը (տե՛ս Միսակ-Նուբար Թեբելեկյանն ընդդեմ Ռուբեն Քոչարի և մյուսների թիվ ԵԿԴ/0805/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում կայացրած որոշումներում արտահայտած դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հայցի իրավունքը նյութական և դատավարական իրավունքների ինստիտուտ է: Հայցի իրավունքի դատավարական կողմը ենթադրում է դատարան դիմելու իրավունքը, իսկ նյութաիրավական կողմը` օրինական և հիմնավորված հայցապահանջների բավարարում ստանալու իրավունքը:

Յուրաքանչյուր դեպքում հայցվորի պատշաճ լինելու հարցը լուծելիս դատարանները պետք է պարզեն հայցի իրավունքի նյութաիրավական կողմի առկայությունը, մասնավորապես` արդյոք հայցվորը հանդիսանում է վիճելի իրավահարաբերության մասնակից, և արդյոք վիճելի իրավունքը պատկանում է վերջինիս:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու հայցերով պատշաճ հայցվոր հանդիսանում է գույքի սեփականատերը:

Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 278-րդ հոդվածը սահմանում է, որ նույն օրենսգրքի 274-րդ հոդվածով նախատեսված իրավունքը պատկանում է նաև այն անձին, ով թեև սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով:

Վերոգրյալից հետևում է, որ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու հայցերով պատշաճ հայցվոր կարող է լինել նաև գույքն օրենքով կամ պայմանագրով տիրապետող, սեփականատեր չհանդիսացող անձը:

Վինդիկացիոն հայցը կարող է հարուցվել միայն ապօրինի տիրապետողի դեմ, հետևաբար այդպիսի հայցով պատշաճ պատասխանող կարող է լինել այն անձը, ում ապօրինի տիրապետման ներքո գտնվում է սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի գույքը:

Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ «Կամազ-53212» մակնիշի թիվ 43-71ԱԴՇ «Ֆուռ» տիպի բեռնատարը բեռնված վիճակում տեղափոխվել է Ռոստովի մարզի Սալսկ քաղաք պատասխանող Լևոն Գրիգորյանի և Էդվարդ Շահբազյանի ուղեկցությամբ, պատասխանողը թե՛ մեքենայի արժեքը, թե՛ «Բուլդոկ» տիպի ավտոմեքենան և թե՛ վարձավճարը չի վճարել, միևնույն ժամանակ չի վերադարձրել նաև ավտոմեքենան, որի հետևանքով հայցվորը կրել է վնաս, վճռել է հայցը բավարարել մասնակի` պարտավորեցնել պատասխանող Լևոն Գրիգորյանին հայցվոր Վարդան Ղազարյանին վերադարձնել 1985 թվականի արտադրության «Կամազ-53212» մակնիշի թիվ 43-71ԱԴՇ պետահամարանիշի ավտոմեքենան կամ դրա արժեքը` 3.150.315 ՀՀ դրամ:

 

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, պատճառաբանել է, որ «պատասխանող Լևոն Գրիգորյանը հայցվոր Վարդան Ղազարյանի հետ պայմանավորվել է մեքենան գնելու կամ վարձակալելու մասին, որին տեղյակ է եղել և հետագայում միացել է Էդվարդ Շահբազյանը: Հիմնավոր է Դատարանի հետևությունն առ այն, որ մեքենան տեղափոխելու վարձը վկա Բաբկեն Ղազարյանին` «Կայծ»-ին, վճարել է պատասխանողը, այսինքն` սկզբից մինչև վերջ հայցվորի հետ հարաբերությունների մեջ նախաձեռնող և գործնականում կապի մեջ է եղել պատասխանող Լևոն Գրիգորյանը»: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «տվյալ դեպքում պատասխանողի ոչ օրինաչափ վարքագծի հետևանքով, որը դրսևորվել է վերջինիս կողմից մեքենայի արժեքը, վարձավճարը չվճարելով, «Վոլգա-3129» մակնիշի ավտոմեքենաները չհանձնելով, միևնույն ժամանակ նաև ավտոմեքենան չվերադարձնելով, հայցվոր Վարդան Ղազարյանին պատճառվել է վնաս: Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում նաև վնասի և ոչ իրավաչափ վարքագծի միջև պատճառական կապի առկայությունը, քանզի եթե պատասխանողը, պայմանավորվածության համաձայն, կատարեր իր ստանձնած պարտականությունները, հայցվորը վնասներ չէր կրի»:

Թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանը հաստատված են համարել հետևյալ փաստերը` «Կամազ-53212» մակնիշի թիվ 43-71ԱԴՇ պետհամարանիշի ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է «Կարմրախայտ» կոոպերատիվին, հայցվոր Վարդան Ղազարյանը «Կարմրախայտ» կոոպերատիվի նախագահն է, պատասխանողը վիճելի ավտոմեքենան տեղափոխել է ՌԴ:

Վերոնշյալ վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Հայցվորը, հայցադիմումում վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, ներկայացրել է վինդիկացիոն հայց, որով պահանջել է պարտավորեցնել պատասխանողին վերադարձնել «Կամազ-53212» մակնիշի 1985 թվականի արտադրության (շարժիչը` 409715 համարի, պետհամարանիշը` թիվ 43-71ԱԴՇ) բեռնատարը: Հետևաբար հայցվորը պետք է ապացուցեր, որ հանդիսանում է վերոնշյալ ավտոմեքենայի սեփականատերը կամ օրինական տիրապետողը, և որ ավտոմեքենան գտնվում է պատասխանողի ապօրինի տիրապետման ներքո:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։ Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը։

Սույն գործում առկա ապացույցներով հիմնավորվում է այն փաստը, որ վիճելի «Կամազ-53212» մակնիշի 1985 թվականի արտադրության (շարժիչը` 409715 համարի, պետհամարանիշը` թիվ 43-71ԱԴՇ) բեռնատար ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է «Կարմրախայտ» կոոպերատիվին: Նշված փաստը գործի քննության ընթացքում ընդունել է նաև հայցվորը (հիմք` 27.03.2006 թվականի դատական նիստի արձանագրությունը` հատոր 1-ին, գ.թ. 11): Գործում առկա չէ որևէ ապացույց, որը կհիմնավորեր վիճելի ավտոմեքենան հայցվորի օրինական տիրապետմանը հանձնված լինելու հանգամանքը:

Նման պարագայում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարդան Ղազարյանը սույն գործով պատշաճ հայցվոր չէ, քանի որ չի հանդիսանում վիճելի «Կամազ-53212» մակնիշի 1985 թվականի արտադրության (շարժիչը` 409715 համարի, պետհամարանիշը` թիվ 43-71ԱԴՇ) բեռնատար ավտոմեքենայի սեփականատերը կամ օրինական տիրապետողը, մինչդեռ ստորադաս դատարանների կողմից գործի լուծման համար նշանակություն ունեցող նշված փաստը պատշաճ գնահատման չի արժանացել, ինչը հանգեցրել է հայցի անհիմն բավարարման:

Ավելին, ստորադաս դատարանները, հաստատված համարելով, որ հայցվոր Վարդան Ղազարյանը «Կարմրախայտ» կոոպերատիվի նախագահն է, նախ անտեսել են այն հանգամանքը, որ գործում առկա չէ այդ փաստը հաստատող որևէ ապացույց (կոոպերատիվի կանոնադրությունը, պետական ռեգիստրի վկայական), և երկրորդ` հայցը ներկայացված է ոչ թե կոոպերատիվի, այլ Վարդան Ղազարյանի անունից և ի շահ նրա իրավունքների պաշտպանության:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործով հայցվորի կողմից չի ապացուցվել նաև վիճելի ավտոմեքենան պատասխանողի ապօրինի տիրապետման ներքո գտնվելու փաստը: Մասնավորապես, ի հիմնավորումն այդ փաստի` հայցվորը հայցադիմումում նշել է, որ «1996 թվականին վիճելի ավտոմեքենան վարձավճարով կամ մեքենայի դիմաց երկու «Վոլգա-3129» մակնիշի ավտոմեքենա տալու կամ դրանց փոխարեն վեց ամիս հետո ավտոմեքենայի արժեքը` 12.000 ԱՄՆ դոլար վճարելու նպատակով այն հանձնել է պատասխանողին»: Մինչդեռ գործում առկա ապացույցներով, մասնավորապես` Էդվարդ Շահբազյանի` Վճռաբեկ դատարանին ուղղված, նոտարական կարգով հաստատված 25.03.2009 թվականի բացատրությամբ, ՀՀ Լոռու մարզի դատախազությանը հասցեագրված Վարդան Ղազարյանի դիմումով հիմնավորվում է այն փաստը, որ վերջինս վիճելի ավտոմեքենան հանձնել է այլ անձի, տվյալ պարագայում` Էդվարդ Շահբազյանին, որն էլ այն տեղափոխել է ՌԴ, և որտեղ էլ ներկայումս գտնվում է ավտոմեքենան: Հետևաբար անհիմն են Վերաքննիչ դատարանի այն հետևությունները, որ «պատասխանող Լևոն Գրիգորյանը հայցվոր Վարդան Ղազարյանի հետ պայմանավորվել է մեքենան գնելու կամ վարձակալելու մասին, որին տեղյակ է եղել և հետագայում միացել է Էդվարդ Շահբազյանը», «… սկզբից մինչև վերջ հայցվորի հետ հարաբերությունների մեջ նախաձեռնող և գործնականում կապի մեջ է եղել պատասխանող Լևոն Գրիգորյանը», «սույն գործով ներկայացված չեն բավարար թույլատրելի և վերաբերելի ապացույցներ, որոնցով կհիմնավորվեր այն հանգամանքը, որ ավտոմեքենան վերցրել և մեքենայի արժեքը վճարելու կամ այն վերադարձնելու պարտականություն ստանձնել է Էդվարդ Շահբազյանը»: Ավելին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ եզրահանգումներ չի արել սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի առկայության մասին: Մասնավորապես, վինդիկացիոն հայցի լուծման համար էական նշանակություն ունի վիճելի գույքի` վեճի քննության և լուծման պահին բնեղենով պատասխանողի ապօրինի տիրապետման ներքո գտնվելու փաստը, հետևաբար գործում առկա ապացույցների գնահատման արդյունքում Վերաքննիչ դատարանը պետք է հետևություններ աներ նշված փաստի առկայության կամ բացակայության վերաբերյալ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննության համար կարևորել է հայցվորի և պատասխանողի միջև գործարքի կնքման, այդ գործարքին պատասխանողի ցուցաբերած մասնակցության փաստերը և իր դատողությունները կառուցել է այդ փաստերի առկայության կամ բացակայության շուրջ, ինչն էլ հանգեցրել է գործի սխալ լուծման:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որով հիմնավորվում է վիճելի ավտոմեքենան բնեղենով պատասխանողի ապօրինի տիրապետման ներքո գտնվելու փաստը, հետևաբար վերջինս սույն գործով պատշաճ պատասխանող չի հանդիսանում:

Երկրորդ հարցադրման կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վինդիկացիոն հայցի միջոցով սեփականատերը կամ օրինական տիրապետողը ներկայացնում են գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից բնեղենով վերադարձնելու պահանջ: Այն դեպքում, երբ գույքը բնեղենով այլևս գոյություն չունի` ոչնչացվել է, օգտագործվել, էականորեն վերամշակվել կամ փոփոխվել, սեփականատերը կամ օրինական տիրապետողն իր իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացնել վնասի հատուցման հայց հարուցելով: Այս դեպքում սեփականատիրոջը կարող է փոխհատուցվել գույքի արժեքը կամ հատկացվել նույն տիպի գույք:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սեփականատերը (օրինական տիրապետողը), ելնելով այն հանգամանքից` գույքը բնեղենով գոյություն ունի, թե ոչ, իր իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացնել կա՛մ վինդիկացիոն հայցի, կա՛մ վնասի հատուցման հայցի միջոցով: Հետևաբար միևնույն գույքի կապակցությամբ խախտված իրավունքները վերականգնելու համար սեփականատերը չի կարող ակնկալել և՛ վինդիկացիոն, և՛ վնասի հատուցման պահանջների միաժամանակյա բավարարում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 276-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելիս սեփականատերն իրավունք ունի այն անձից, ով գիտեր կամ պետք է իմանար իր տիրապետման ապօրինի լինելու մասին (անբարեխիղճ տիրապետող), պահանջել վերադարձնելու կամ հատուցելու նաև այն բոլոր եկամուտները, որոնք այդ անձն ստացել է կամ կարող էր ստանալ գույքի ապօրինի տիրապետման ամբողջ ժամանակամիջոցում, իսկ բարեխիղճ տիրապետողից` վերադարձնելու կամ հատուցելու այն բոլոր եկամուտները, որոնք նա ստացել է կամ կարող էր ստանալ սկսած այն պահից, երբ նա իմացել է կամ պետք է իմանար իր տիրապետման ապօրինի լինելու մասին կամ ծանուցում է ստացել գույքը վերադարձնելու մասին սեփականատիրոջ հայցով:

Վկայակոչված իրավադրույթից հետևում է, որ վինդիկացիոն և վնասի հատուցման հայցերի զուգակցման հնարավորություն օրենսդիրը նախատեսել է բացառապես այն դեպքում, երբ վնասի հատուցման պահանջը կրում է ածանցյալ բնույթ և անմիջականորեն բխում է վինդիկացիոն հայցի բովանդակությունից:

Վերոնշյալ դիրքորոշման համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական պրակտիկայում, այդ թվում նաև սույն գործով արձանագրված այն դեպքերին, երբ միևնույն գույքի նկատմամբ խախտված իրավունքները վերականգնելու համար միաժամանակ հարուցվել է և՛ վինդիկացիոն հայց, և՛ վնասի հատուցման հայց: Նման դեպքերում դատարանները նախ և առաջ պետք է պարզեն գույքի` բնեղենով գոյության փաստը: Այս փաստի առկայությունը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող մյուս հանգամանքների հիմնավորման դեպքում հանգեցնում է վինդիկացիոն հայցի բավարարման և վնասի հատուցման հայցի մերժման, իսկ այդ փաստի բացակայությունը` պատճառված վնասի համար պատասխանատվության այլ պայմանների հաստատման դեպքում` վնասի հատուցման հայցի բավարարման և վինդիկացիոն հայցի մերժման, սակայն նշված հայցերի միաժամանակյա բավարարման հնարավորությունն օբյեկտիվորեն բացառվում է, որը բխում է նաև կրկնակի պատասխանատվության անթույլատրելիության սկզբունքից:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը բացառում է նաև նշված հայցերի միաժամանակյա բավարարումը պայմանով, քանի որ այն կարող է հանգեցնել դատական ակտի որոշակիության սկզբունքի խախտման, որպիսի սկզբունքը թեև քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված չէ, սակայն այն իրավական հասկացություն է և միջազգայնորեն ճանաչված սկզբունք ու ենթադրում է, որ դատական ակտը պետք է լինի որոշակի` այն պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի, դրա բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դատավարության մասնակիցների համար ակնառու և ակնհայտ լինի, թե իրենց ինչ իրավունք է տրամադրվում, իրենց որ իրավունքն է սահմանափակվում, իրենց ինչ իրավունքից են զրկում կամ իրենց վրա ինչ պարտականություն է դրվում (տե՛ս Դավիթ Ասատրյանն ընդդեմ Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի թիվ ԵՄԴ/0199/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Սույն գործով հայցվորը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, դատարանից պահանջել է պարտավորեցնել պատասխանողին ավտոմեքենան ապօրինի տիրապետումից հետ վերադարձնել կամ վճարել դրա արժեքը, այսինքն` միաժամանակ ներկայացրել է և՛ վինդիկացիոն հայց, և՛ վնասի հատուցման հայց:

Դատարանը, հայցը մասնակի բավարարելով, վճռել է պարտավորեցնել պատասխանող Լևոն Գրիգոյանին հայցվոր Վարդան Ղազարյանին վերադարձնել 1985 թվականի արտադրության «Կամազ-53212» մակնիշի թիվ 43-71ԱԴՇ պետահամարանիշի ավտոմեքենան կամ դրա արժեքը` 3.150.315 ՀՀ դրամ: Տվյալ պարագայում Դատարանը միաժամանակ բավարարել է և՛ վինդիկացիոն հայցը, և՛ վնասի հատուցման հայցը` կայացնելով պայմանով վճիռ:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը վերը շարադրված վերլուծությունների հիմքով անթույլատրելի է համարում նշված հայցերի միաժամանակյա բավարարումը` արձանագրելով իրավական որոշակիության և կրկնակի պատասխանատվության անթույլատրելիության սկզբունքների խախտում:

Միևնույն ժամանակ վնասի հատուցման պահանջի բավարարումը ստորադաս դատարանների կողմից Վճռաբեկ դատարանը գնահատում է ոչ իրավաչափ հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի և 1058-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությանը, արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե՛ս Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով հայցի հիմքը և վիճելի իրավահարաբերության բնույթը, գտնում է, որ սույն գործով վնասի հատուցման հայցապահանջի շրջանակներում պետք է հիմնավորվեր`

1) վնասը` վիճելի ավտոմեքենայի` բնեղենով գոյություն չունենալու փաստը, և

2) մինչ բնեղենով գոյության դադարումը` այդ ավտոմեքենայի` պատասխանողի ապօրինի տիրապետման ներքո գտնվելու փաստը:

Միայն նշված փաստերի հաստատման դեպքում դատարանները կարող էին անդրադառնալ և դատողություններ անել պատճառված վնասի համար պատասխանատվության մյուս պայմանների առկայության վերաբերյալ:

Մինչդեռ սույն գործով ստորադաս դատարանները վերոնշյալ փաստական հանգամանքների հիմնավորված չլինելու պարագայում հաստատված են համարել վնասի և ոչ օրինաչափ վարքագծի միջև պատճառական կապի առկայությունը, ինչը հանգեցրել է վնասի հատուցման պահանջի անհիմն բավարարման:

Վերոգրյալ պատճառաբանությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների` վնասի հատուցման հայցի բավարարման վերաբերյալ եզրահանգումներն ապացուցման առարկան կազմող փաստերի շրջանակը սխալ պարզելու և գործում առկա ապացույցները սխալ գնահատելու արդյունք են, որն էլ ազդել է սույն գործի ելքի վրա:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2013 թվականի որոշումը և այն փոփոխել. Վարդան Ղազարյանի հայցն ընդդեմ Լևոն Գրիգորյանի` ավտոմեքենան ապօրինի տիրապետումից հետ պահանջելու կամ դրա արժեքը վճարելու պահանջի մասին, մերժել։

2. Վարդան Ղազարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 104.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար վճարման ենթակա և ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 13.03.2006 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Վարդան Ղազարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար պակաս վճարված պետական տուրքի գումար:

Վարդան Ղազարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 114.510 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.12.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար։

Վարդան Ղազարյանից հօգուտ Լևոն Գրիգորյանի բռնագանձել 94.500 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Վարդան Ղազարյանից հօգուտ «ՀՀ Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես 19.11.2010 թվականի թիվ 17591010 փորձագետի եզրակացության համար 19.11.2010 թվականի թիվ 4030 հաշիվ-ապրանքագրով վճարման ենթակա գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան