Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.07.15/16(495).1 Հոդ.511.5
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.05.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1459/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1459/02/10

2014 թ.

Նախագահող դատավոր`  Ա. Թումանյան

Դատավորներ`   

Լ. Գրիգորյան
 

Գ. Մատինյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

 

 

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նարինե Նալբանդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.05.2013 թվականի որոշման դեմ` ըստ Նարինե Նալբանդյանի հայցի ընդդեմ «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն), երրորդ անձինք Հրաչ-Ներսես Կապրիելյանի, Վարդան Սիրմաքեսսի` 04.08.2010 թվականի ընդհանուր ժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նարինե Նալբանդյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության ընդհանուր ժողովի 04.08.2010 թվականի` Ընկերության կողմից փոխարկվող պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման, ինչպես նաև ընկերության կողմից թողարկվող պարտատոմսերն Ընկերության հասարակ անվանական բաժնետոմսերի փոխարկման նպատակով լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման մասին որոշումը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 29.11.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.05.2013 թվականի որոշմամբ Նարինե Նալբանդյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.11.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նարինե Նալբանդյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ընկերությունը, երրորդ անձ Վարդան Սիրմաքեսսը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ կետը, 42-րդ հոդվածի 1-ին կետը, 47-րդ հոդվածի 1-ին կետը, 61-րդ հոդվածի 2-րդ կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին կետը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ կետը, 46-րդ հոդվածի 1-ին կետը, 47-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությունն ու 2-րդ կետը, 48-րդ հոդվածը, 62-րդ հոդվածը, 64-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետը և 64-րդ հոդվածի 6-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 58-րդ հոդվածի 2-րդ կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 47-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով Դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չիրականացնելու հանգամանքը, չի անդրադարձել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 46-րդ, 47-րդ և 48-րդ հոդվածների փոխադարձ կապին և վիճելի հարաբերությունների նկատմամբ դրանց համակցված կիրառմանը: Ավելին, Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությամբ սահմանված դրույթը, այն առանձնացնելով բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման դեպքում բաժնետերերի շահերի ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ իրավանորմերից, ձևափոխել է դրա իմաստն ու բովանդակությունը։ Նշված նորմը, ըստ որի` բաժնետոմսեր ձեռք բերելու իրավունք տվող ընկերության արժեթղթերի սեփականատերերն իրենց իրավունքից օգտվում են բաժնետերերից առաջ` կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, որևէ կերպ չի բացառում բաժնետիրոջ` կանոնադրական կապիտալում իր բաժնեմասին համամասնորեն նոր բաժնետոմսերի կամ բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի ձեռքբերման նախապատվության իրավունքը։ Տվյալ պարագայում Ընկերության բաժնետերերի 04.08.2010 թվականին կայացած արտահերթ ընդհանուր ժողովի վիճարկվող որոշումը վերաբերում է այն արժեթղթերի (տվյալ դեպքում` պարտատոմսերի) թողարկմանը և տեղաբաշխմանը, որոնք բաժնետոմսեր ձեռք բերելու իրավունք էին վերապահում միայն Ընկերության մյուս բաժնետերերին։ Այսինքն` Նարինե Նալբանդյանի կողմից վիճարկվել է այն հանգամանքը, որ միայն այդ բաժնետերերն ունեին բաժնետոմսեր ձեռք բերելու իրավունք տվող պարտատոմսեր ձեռք բերելու իրավունք։ Վերաքննիչ դատարանի կողմից կատարված եզրահանգումն ինքնին հակասում է գործի փաստական հանգամանքներին և վկայակոչված իրավանորմը որևէ կերպ կիրառելի չի կարող լինել, քանի որ բացակայել է դրա կիրառման օբյեկտիվ պայմանը` բաժնետոմսեր ձեռք բերելու իրավունք տվող ընկերության արժեթղթերի սեփականատիրոջ գոյությունը, քանզի այդպիսիք լինելու համար այդ արժեթղթերը պետք է առնվազն թողարկված և տեղաբաշխված լինեին, որպիսի փաստական հանգամանք սույն գործով հաստատված չէ և չէր էլ կարող հաստատված լինել այն պարզ տրամաբանությամբ, որ վիճարկվում է Ընկերության բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի թողարկում և տեղաբաշխում կատարելու մասին որոշման իրավաչափությունը, այսինքն` այդ պահի դրությամբ փոխարկելի պարտատոմսեր չեն եղել, ինչն իր հերթին բացառում է գոյություն չունեցող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի, այսինքն` նաև այդ իրավունքի սեփականատիրոջ գոյությունը։

Բացի այդ, բաժնետոմսերը վճարելու պարտականությունից բաժնետիրոջն ազատելն արգելելու վերաբերյալ իրավանորմը չկիրառելը պայմանավորելով պարտավորության դիմաց թողարկված պարտատոմսերով բաժնետոմսերի համար վճարելու հանգամանքով, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջը չի նախատեսում որևէ բացառություն` բաժնետիրական ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցների առումով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Ընկերության բաժնետերերի 04.08.2010 թվականին կայացած ընդհանուր ժողովի նախապատրաստման և անցկացման ընթացքում թույլ են տրվել մի շարք խախտումներ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության բաժնետերերի 04.08.2010 թվականին կայացած արտահերթ ընդհանուր ժողովում ընդունված որոշումը հանդիսացել է նաև շահագրգիռ գործարք, և որ նման պարագայում պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման, Ընկերության պարտատոմսերը բաժնետոմսերով փոխարկելու վերաբերյալ վերը նշված որոշումը կարող էր ընդունվել բացառապես Նարինե Նալբանդյանի` որպես գործարքի կնքման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետիրոջ կողմից։ Ընկերության բաժնետերերի 04.08.2010 թվականի ընդհանուր ժողովի որոշմամբ, ըստ էության, սույն քաղաքացիական գործով որպես երրորդ անձինք հանդես եկող բաժնետերերի հանդեպ Ընկերության սկզբնական պարտավորությունը (Ընկերությանը տրամադրված փոխառությունների հիմքով) փոխարինվել է մեկ այլ պարտավորությամբ, որը նախատեսել է կատարման այլ եղանակ, կամ որ նույնն է` տեղի է ունեցել պարտավորությունների նորացում, կայացվել է որոշում` գործարք կնքելու մասին, որի կողմ են հանդիսանում երրորդ անձինք (մյուս երկու բաժնետերերը), իսկ նման պարագայում, հիմք ընդունելով Ընկերության բաժնետերերի 04.08.2010 թվականի ընդհանուր ժողովի որոշումն ընդունելու պահին գործող խմբագրությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը և 64-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված պահանջները, այդ որոշումը կարող էր ընդունվել տվյալ գործարքում շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ, որպիսին տվյալ պարագայում հանդիսացել է բացառապես Նարինե Նալբանդյանը։

Փաստացի ընդունելով Ընկերության կողմից հայցվորին չծանուցելու հանգամանքը` վերջինիս մոտ Ընկերությունից բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի առաջացման և հետգնման կարգի մասին, Վերաքննիչ դատարանն այն հիմք չի համարել ժողովի որոշումն անվավեր ճանաչելու համար` պատճառաբանելով, թե հայցվորը զրկված չի եղել իր այդ իրավունքը ժողովի որոշումից հետո իրականացնելու հնարավորությունից:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.05.2013 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Նարինե Նալբանդյանի կողմից բերված վճռաբեկ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. սույն պարագայում խոսել նախապատվության իրավունքի կիրառման մասին անիմաստ է, քանի որ խոսքը գնում է փոխարկելի պարտատոմսերի մասին, որոնք տրամադրվում են բաժնետերերին իրենց հանդեպ Ընկերությունում արդեն իսկ ձևավորված պարտավորությունների դիմաց, որոնց Նարինե Նալբանդյանը որևէ մասնակցություն չի ունեցել: Եթե նույնիսկ մի պահ դիտարկենք, թե իբր խախտվել է վերջինիս նախապատվության իրավունքը, ապա մինչև 04.08.2010 թվականի արտահերթ ժողովը, 16.06.2010 թվականի ընդհանուր ժողովում փոխառության ձևով ներդրումներ կատարելուց հրաժարվելն արդեն իսկ հիմնավորում է վերջինիս իրավունքների խախտման բացակայությունը: Ավելին, հրաժարվելով փոխառությունների տրամադրման ձևով ներդրումներ կատարելուց և չունենալով ներդրում, Նարինե Նալբանդյանը չէր կարող մասնակից լինել փոխարկելի պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացին: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը, գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, համապատասխան իրավական նորմերի կիրառմամբ կայացրել է փաստարկված և իրավական առումով հիմնավոր և օրինական որոշում, հետևաբար բերված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության` ի դեմս նախարար Դավիթ Վարդանյանի, և Ընկերության` ի դեմս տնօրեն Արագած Ախոյանի միջև 07.04.2003 թվականին կնքվել է պետական գույքի մասնավորեցման թիվ 173-Մ պայմանագիրը, որի համաձայն` վաճառողը 27.800.000 ՀՀ դրամ արժեքով վաճառել և գնորդի սեփականությանն է փոխանցել «Ավտոսեյսմանախագիծ» ՓԲԸ-ի ինժեներալաբորատոր մասնաշենքի համար նախատեսված անավարտ շինարարության օբյեկտը: Նշված պայմանագրի 5.3.5 ենթակետով նշվել է, որ գնորդը պարտավորվում է կատարել 1.200.000 ԱՄՆ դոլարի ներդրումներ, ընդ որում, ներդրվող գումարից 200.000 ԱՄՆ դոլարը ծախսել ապամոնտաժման աշխատանքների վրա, մնացած 1.000.000 ԱՄՆ դոլարը` միայն շինարարական աշխատանքների, արտաքին և ներքին ձևավորման վրա (հատոր 1-ին, գ.թ. 37-40).

2) Հայաստանի Հանրապետության, որի անունից հանդես է եկել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը` ի դեմս վարչության պետ Կարինե Կիրակոսյանի, և Ընկերության` ի դեմս լիազորված անձ` Վարուժան Էմեքսիզյանի միջև 18.02.2008 թվականին կնքվել է պետական գույքի մասնավորեցման թիվ 173-Մ պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագիր, որի 2-րդ կետի համաձայն` պայմանագրի 5.3.5 կետը պետք է շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5.3.5 Օբյեկտի շինարարության ընթացքում ապահովել ոչ պակաս 3.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրման փաստացի ներգրավում (ներգրավված միջոցների գնորդին փաստացի հանձնելու օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով)` Գնորդ ընկերության փաստացի համալրված կանոնադրական կապիտալի ավելացման կամ Գնորդ ընկերությանը բաժնետերերի կողմից երկարաժամկետ (ոչ պակաս քան մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը) ստորադաս նպատակային փոխառության տրամադրման տեսքով և նման կերպով ներգրավված ներդրումների փաստացի իրացում ողջ ծավալով և շինարարական աշխատանքների ավարտում մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը (ի լրումն 2006 թվականի հունիսի 06-ը փաստացի իրացված ներդրումների) ուղղությամբ կապիտալ ծախսերի տեսքով` չներառելով Գնորդի վարչական, գործառնական և այլ կապիտալ ծախսերը, ինչը պետք է հաստատվի նաև Օբյեկտի շինարարությունը հավաստող ավարտական ակտով» (հատոր 1-ին, գ.թ. 48-50).

3) Հայաստանի Հանրապետության Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրված 25.05.2010 թվականի դրությամբ գրանցված սեփականատերերի (անվանատերերի) տոկոսային բաշխման ցուցակի համաձայն` Ընկերության (պետական ռեգիստրի գրանցման վկայական թիվ 03Ա 055624) կանոնադրական կապիտալը 100.000 ՀՀ դրամ է, ԱԹ տեսակը` հասարակ անվանական բաժնետոմս, ԱԹ քանակը` 100 հատ, գրանցված սեփականատերեր (անվանատերեր)` Վարդան Նազարեթի Սիրմաքեսս` ԱԹ քանակը` 45, տոկոսը` 45.0000000, Հրաչ-Ներսես Կապրիելյան` ԱԹ քանակը` 35, տոկոսը` 35.0000000, Նարինե Նալբանդյան` ԱԹ քանակը` 20, տոկոսը` 20.0000000 (հատոր 1-ին, գ.թ. 12).

4) Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի 16.06.2010 թվականի թիվ 1/2010 արձանագրության համաձայն` օրակարգում քննարկվել է երեք հարց` 1) Ընկերության տարեկան հաշվետվության, հաշվապահական հաշվեկշռի հաստատումը, շահույթների և վնասների հաշվի հաստատումը, 2) 07.04.2003 թվականին Ընկերության և ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության միջև կնքված թիվ 173-Մ պետական գույքի մասնավորեցման պայմանագրով բաժնետերերի կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունների կատարման ընթացքի հարցի քննարկումը, 3) Ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման հարցը:

Ժողովում ներկայացվել է օրակարգի երկրորդ հարցը և նշվել է, որ Ընկերությունը պայմանագրային պարտավորություն ունի ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ, որի կատարման համար Ընկերության մասնակիցները պարտավոր են Ընկերության կանոնադրական կապիտալում մինչև 30.11.2010 թվականը կատարել ներդրումներ հետևյալ համամասնությամբ` Հրաչ-Ներսես Կապրիելյան` 1.050.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Վարդան Սիրմաքեսս` 1.350.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Նարինե Նալբանդյան` 600.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: 20% բաժնեմաս ունեցող բաժնետեր Նարինե Նալբանդյանի ներկայացուցիչ Վահե Մովսիսյանին առաջարկվել է անհապաղ համամասնորեն մասնակցել վերոնշյալ ներդրումային ծրագրին` կատարելով 100.000 ԱՄՆ դոլարի վճարում` որպես ծրագրով նախատեսված բանկային երաշխիքի մասնակցություն, և 500.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես ծրագրի իրականացման ներդրում: Առաջարկը մերժվել է Վահե Մովսիսյանի կողմից` պատճառաբանելով, որ պարտավորությունը ստանձնել է Ընկերությունը, և ոչ թե բաժնետերը:

Երկրորդ հարցի քննարկման ընթացքում պարզաբանվել է, որ ներդրումներ իրականացնելը բաժնետերերի իրավունքն է, և եթե բաժնետերերից մեկը չի ցանկանում կատարել ներդրում, դա նրա իրավունքն է: Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ ընթերցվել է որոշման նախագիծը, և հարցը դրվել է քվեարկության: Նարինե Նալբանդյանի ներկայացուցիչ Վահե Մովսիսյանն իր վստահորդի անունից հրաժարվել է ներդրումներ կատարելուց` հիմնավորելով, որ վերը նշված պայմանագրի շրջանակներում պետության դեմ պարտավորությունը ստանձնել է Ընկերությունը, և ոչ թե բաժնետերերը: Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ ժողովը որոշել է «07.04.2003 թվականին Ընկերության և ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության միջև կնքված թիվ 173-Մ պետական գույքի մասնավորեցման պայմանագրի և համաձայնագրերի համաձայն իրականացնել բաժնետերերի կողմից ներդրումներ, ք.Երևան, Պարույր Սևակի թիվ 9 հասցեի անավարտ շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով` մինչև 30.11.2010 թվականը հետևյալ համամասնությամբ` Հրաչ-Ներսես Կապրիելյան` 1.050.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Վարդան Սիրմաքեսս` 1.350 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Նարինե Նալբանդյան` 600.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Ներդրումների իրականացման ժամանակացույցը լրացուցիչ համաձայնեցնել Ընկերության բաժնետերերի հետ: Առաջարկել Նարինե Նալբանդյանին կատարել Ընկերության բաժնետեր լինելու հետ կապված իր պարտականությունը` 07.04.2003 թվականին Ընկերության և ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության միջև կնքված թիվ 173-Մ պետական գույքի մասնավորեցման պայմանագրի և համաձայնագրերի շրջանակներում տրված բանկային երաշխիքի հետ կապված` երկշաբաթյա ժամկետում Ընկերությանը 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով վճարում կատարելով»: Քվեարկության արդյունքներն են` կողմ` 80 ձայն, դեմ` 20 ձայն (հատոր 1-ին, գ.թ. 57-60).

5) Ընկերության կնիքով և Ընկերության տնօրեն Հրաչ-Ներսես Կապրիելյանի ստորագրությամբ հաստատված բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին 20.07.2010 թվականի ծանուցման համաձայն` բաժնետերերին հայտնվել է, որ 04.08.2010 թվականին` ժամը 12:00-ին, գումարվելու է Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով ՀՀ, քաղաք Երևան, Ագաթանգեղոսի թիվ 2 հասցեում: Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմված է առ 19.07.2010 թվականի դրությամբ: Նշվել է նաև ժողովի օրակարգը, այն է` Ընկերության կողմից փոխարկվող պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման, ինչպես նաև Ընկերության կողմից փոխարկվող պարտատոմսերն Ընկերության հասարակ անվանական բաժնետոմսերի փոխարկման նպատակով լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման հարցի քննարկում (հատոր 1-ին, գ.թ. 15).

6) Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի 04.08.2010 թվականի թիվ 2/2010 արձանագրության համաձայն` «04.08.2010 թվականին` ժամը 12:00-ին, Ընկերության բաժնետերերի տարեկան արտահերթ ընդհանուր ժողովին ներկա են Ընկերության 100 ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերեր` Վարդան Սիրմաքեսսի լիազոր ներկայացուցիչ Բուրակ Կիրկորյանը` 45 ձայնի իրավունքով, Հրաչ-Ներսես Կապրիելյանի լիազոր ներկայացուցիչ Պարույր Ղարիբյանը` 35 ձայնի իրավունքով, Նարինե Նալբանդյանի լիազոր ներկայացուցիչ Վահե Մովսիսյանը` 20 ձայնի իրավունքով: Օրակարգի հարցերի վերաբերյալ ժողովը որոշել է` «Հաստատել Ընկերության և ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության հետ 07.04.2003 թվականին կնքված պետական գույքի մասնավորեցման թիվ 173-Մ պայմանագրի և 18.02.2008 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Ընկերության միջև կնքված «Պետական գույքի մասնավորեցման N 173-Մ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրի շրջանակներում, ինչպես նաև Ընկերության ինվեստիցիոն գործունեության նպատակով փոխառությունների ձևով Ընկերության բաժնետերեր` Վարդան Նազարեթի Սիրմաքեսսի և Հրաչ-Ներսես Կապրիելյանի կողմից կատարված ներդրումների չափերը հետևյալ համամասնությամբ` Սիրմաքեսս Վարդան Նազարեթ` 383.889.467 ՀՀ դրամ, Հրաչ-Ներսես Կապրիելյան` 698.713.875 ՀՀ դրամ:

Թողարկել Ընկերության կողմից սահմանափակ շրջանառության իրավունքով, թողարկման և տեղաբաշխման ենթակա 1.082.603.342 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 12.736.509,91 ՀՀ դրամ անվանական արժեքով 85 հատ անվանական փոխարկվող պարտատոմսեր և դրանք տեղաբաշխել ներդրումներ կատարած բաժնետերերի միջև հետևյալ համամասնությամբ` Սիրմաքեսս Վարդան Նազարեթ` 30 հատ, Հրաչ-Ներսես Կապրիելյան` 55 հատ:

Ընկերության փոխարկման ենթակա 1.000 ՀՀ դրամ անվանական արժեքով սովորական անվանական բաժնետոմսերի շուկայական արժեքը, համաձայն անկախ գնահատող «Արմենբրոկ» ՓԲԸ-ի, կկազմի 1.260.040 ՀՀ դրամ: Թողարկել Ընկերության 850.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 1.000 ՀՀ դրամ անվանական արժեքով 850 հատ սովորական անվանական լրացուցիչ բաժնետոմսեր: Սահմանել, որ Ընկերության լրացուցիչ թողարկվող և տեղաբաշխվող 1.000 ՀՀ դրամ անվանական արժեքով սովորական անվանական բաժնետոմսերի քանակը 850 հատ ընդհանուր ծավալով 850.000 ՀՀ դրամ, կանոնադրությամբ հայտարարված 10.000 հատ սովորական անվանական բաժնետոմսերից 850 հատի սահմաններում:

Անվանական փոխարկվող պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է փակ տեղաբաշխմամբ` սույն որոշման սահմանված ներդրումներ կատարված բաժնետերերին համապատասխան:

Անվանական փոխարկվող պարտատոմսերի թողարկման օր համարել ժողովի օրը` 04.08.2010 թվականը:

Փոխարկվող անվանական պարտատոմսերի փոխարկումն իրականացնել Ընկերության ոչ փաստաթղթային սովորական անվանական բաժնետոմսերով` փոխարկվող անվանական պարտատոմսերի թողարկման օրվանից 15 օրյա ժամկետը լրանալու հաջորդ օրը` 19.08.2010 թվականին: Փոխարկվող անվանական պարտատոմսի սեփականատիրոջ 1 հատ 12.736.509,91 ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական պարտատոմսի փոխարկման ժամկետը լրանալու հաջորդ օրը` 20.08.2010 թվականին, փոխարկվում է Ընկերության 10 հատ 1.000 ՀՀ դրամ անվանական արժեքով ոչ փաստաթղթային սովորական անվանական բաժնետոմսի:

Լրացուցիչ տեղաբաշխվող սովորական անվանական բաժնետոմսերը տեղաբաշխվում են անվանական փոխարկվող պարտատոմսերի փոխարկման միջոցով և ամբողջությամբ սեփականության իրավունքով անցնում են բաժնետիրոջը և համարվում են ամբողջությամբ տեղաբաշխված:

Ընկերության 85 հատ փոխարկվող անվանական պարտատոմսը 12.736.509,91 ՀՀ դրամ անվանական արժեքով սույն որոշմամբ սահմանված ժամկետում և կարգով փոխարկվում է ընկերության 850 հատ 1.000 ՀՀ դրամ անվանական արժեքով ոչ փաստաթղթային սովորական անվանական բաժնետոմսի:

Ընկերության անվանական փոխարկվող պարտատոմսերի փոխարկման միջոցով լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների ամփոփումն իրականացնել սույն ժողովի որոշման ընդունման պահից ոչ պակաս քան` 18 օրվա ընթացքում»:

Քվեարկության արդյունքը նշվել է` կողմ` 80 ձայն, դեմ` 20 ձայն (հատոր 1-ին, գ.թ. 61-65).

7) Ընկերության 04.08.2010 թվականի ժամը 12:00-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի քվեաթերթիկների վրա որպես օրակարգի հարց նշվել է Ընկերության կողմից փոխարկվող պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման, ինչպես նաև Ընկերության կողմից փոխարկվող պարտատոմսերն Ընկերության հասարակ անվանական բաժնետոմսերի փոխարկման նպատակով լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման հարցի քննարկում, որպես բաժնետեր Հրաչ-Ներսես Կապրիելյան նշված քվեաթերթիկում վերջինիս լիազորված անձ Պարույր Ղարիբյանը քվեարկել է կողմ, որպես բաժնետեր Նարինե Նալբանդյան նշված քվեաթերթիկում վերջինիս ներկայացուցիչ Վահե Մովսիսյանը նշել է դեմ, իսկ որպես բաժնետեր Վարդան Սիրմաքեսս նշված քվեաթերթիկում վերջինիս լիազոր ներկայացուցիչ Բուրակ Կիրկորյանը նշել է կողմ (հատոր 1-ին, գ.թ. 16).

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է Վճռաբեկ դատարանի` օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից, իսկ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումն էական նշանակություն ունի նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդրին.

- այն դեպքերում, երբ փակ բաժնետիրական ընկերության բաժնետերը հրաժարվել է փոխառություն տրամադրել ընկերությանը, իսկ բաժնետերերի ընդհանուր ժողովում` դեմ քվեարկել բաժնետոմսերի փոխարկվող պարտատոմսերի թողարկմանն ու տեղաբաշխմանը, արդյո՞ք վերջինս զրկվում է որպես ընկերության բաժնետեր այդ պարտատոմսերի գնման նախապատվության իրավունքից.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտատոմսը և բաժնետոմսն ինվեստիցիոն (ներդրումային) արժեթղթեր են:

Նույն օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն` պարտատոմս է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը` դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանանական արժեքը կամ գույքային այլ համարժեք: Պարտատոմսը դրա տիրապետողին իրավունք է տալիս նաև ստանալ պարտատոմսի անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունքներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:

Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հետապնդվող նպատակի առումով ինչպես փոխառությունը, այնպես էլ պարտատոմսը փոխառու միջոցների ներգրավվման ձևեր են: Մասնավորապես, թե՛ փոխառության պայմանագրի, և թե՛ պարտատոմսի պարագայում խոսքը գնում է ապրանքային շրջանառության մի մասնակցի կողմից մյուսին հատուցմամբ և վերադարձնելու պայմանով դրամ կամ այլ գույք տալու մասին: Այդուհանդերձ, պետք է փաստել, որ ապրանքային շրջանառության մասնակիցների միջև փոխառության տնտեսական ընդհանրության առկայության պայմաններում տարբեր են փոխառության պայմանագրի և պարտատոմսի իրավական ձևակերպումները և կարգավորումները:

Այսպես, օրինակ, եթե փոխառության պայմանագիրը կնքվում է իրավահարաբերության կողմերի միջև, ապա պարտատոմսը թողարկում է էմիտենտը, ընդ որում, եթե փոխառության պայմանագրի կողմերը` փոխատուն և փոխառուն, հայտնի են ի սկզբանե, ապա պարտատոմսի դեպքում երբեմն հայտնի չէ, թե ով է լինելու դրա տիրապետողը, եթե փոխառության պայմանագիրը կնքվում է հասարակ գրավոր ձևով, ապա օրենքով սահմանված են պարտատոմսի` որոշակի պարտադիր վավերապայմաններ և այլն: Հետևաբար, փոխառության պայմանագիրը և պարտատոմսը չեն կարող նույնացվել քաղաքացիաիրավական կարգավորման էական տարբերությունների պատճառով:

Վերոգրյալ մեկնաբանությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընկերությունն իրավունք ունի համաձայն իր կանոնադրության թողարկել պարտատոմսեր և օրենքով սահմանված այլ արժեթղթեր: Պարտատոմսերի և այլ արժեթղթերի տեղաբաշխումն իրականացվում է խորհրդի որոշմամբ, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Պարտատոմսերի և այլ արժեթղթերի թողարկումը և տեղաբաշխումն իրականացվում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտատոմս է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը` դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած ընկերությունից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք: Պարտատոմսը դրա տիրապետողին իրավունք է տալիս նաև ստանալ պարտատոմսի անվանական արժեքից տոկոսադրույք կամ այլ գույքային իրավունքներ` ընկերության սահմանած ժամկետներում:

Պարտատոմսերի թողարկման մասին որոշմամբ պետք է սահմանվեն դրանց մարման ձևը, ժամկետները և պայմանները:

Պարտատոմսերը պետք է ունենան անվանական արժեք:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ընկերությունը կարող է թողարկել փոխարկվող պարտատոմսեր և այլ արժեթղթեր, որոնք տալիս են ընկերության պարտատոմսերը և այլ արժեթղթերը բաժնետոմսերի փոխարկման կամ բաժնետոմսերի արտոնյալ ձեռքբերման իրավունք:

Վերը նշված հոդվածի վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգելու, որ ինվեստիցիոն (ներդրումային) արժեթուղթ հանդիսացող պարտատոմսը, ունենալով անվանական արժեք և գին, դրա տեղաբաշխումից հետո այն ձեռք բերողին (ներդրողին) հատուցում ստանալու իրավունք է վերապահում` դրամով կամ այլ գույքային համարժեքով: Ընդ որում, օրենսդիրը նախատեսել է պարտատոմսի մարումն ընկերության բաժնետոմսի փոխարկելու ձևով իրականացնելու հնարավորություն:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ընկերությունը համարվում է փակ, եթե ընկերության բաժնետոմսերը բաշխվում են միայն նրա բաժնետերերի (այդ թվում` հիմնադիրների) կամ նախապես որոշված այլ անձանց միջև: Փակ ընկերությունն իրավունք չունի անցկացնել իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ անսահմանափակ թվով անձանց այլ կերպ առաջարկել ձեռք բերել դրանք:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Ընկերության լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխումը, որն իրականացվում է Ընկերության արժեթղթերի փոխարկումը բաժնետոմսերի ապահովելու համար, կատարվում է միայն այդ փոխարկման միջոցով: Փոխարկման կարգը սահմանվում է փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշմամբ:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ և 3-րդ պարբերությունների համաձայն` փակ ընկերությունն իրավունք չունի կատարել բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխում` բաց բաժանորդագրության միջոցով կամ այլ կերպ առաջարկել ձեռք բերել դրանք անսահմանափակ թվով անձանց:

Ընկերության լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխումը` բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերն ընկերության բաժնետոմսերի փոխարկման միջոցով, իրականացվում է ընկերության բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված կարգով:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընկերության բաժնետերերն ունեն կանոնադրությամբ սահմանված ժամկետի ընթացքում կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համամասնորեն նոր բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունք, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ կետով և «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի:

Բաժնետոմսեր ձեռք բերելու իրավունք տվող ընկերության արժեթղթերի սեփականատերերն իրենց իրավունքից օգտվում են բաժնետերերից առաջ` Կանոնադրությամբ սահմանված ժամկետներում:

Վերը նշված իրավական դրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արժեթղթի փոխարկումը, ըստ էության, բաժնետոմսերի տեղաբաշխման ձևերից մեկն է: Ընկերությունն իրավունք ունի լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնել բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերն ընկերության բաժնետոմսերի փոխարկելու միջոցով:

Հաշվի առնելով, որ արժեթղթի փոխարկումը, ըստ էության, բաժնետոմսերի տեղաբաշխման ձևերից մեկն է, ապա պետք է հանգել այն եզրակացության, որ Ընկերության բաժնետերերն ունեն կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համամասնորեն նաև բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի ձեռքբերման նախապատվության իրավունք: Հակառակ պարագայում, բաժնետոմսի փոխարկվող ընկերության արժեթղթերը ձեռք բերելու` բաժնետիրոջ նախապատվության իրավունքի բացակայությունը կամ սահմանափակումը կհանգեցնի վերջինիս` նոր բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքի խախտման:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ նշում է, որ օրենսդիրը բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման ընթացքում բաժնետերերի կողմից դրանց ձեռքբերման նախապատվության իրավունքի համար չի սահմանել որևէ նախապայման, այդ թվում` մինչև արժեթղթի թողարկումն ու տեղաբաշխումը փոխառության կամ օրենքով չարգելված այլ ձևով ներդրում անելու կամ գույք և դրան համարժեք իրավունքներ փոխանցելու պայման:

Ավելին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` ընկերության բաժնետոմսերը վճարելու պարտականությունից բաժնետիրոջն ազատել, ներառյալ` Ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով, չի թույլատրվում:

Հետևաբար, վերոգրյալ վերլուծության լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերը վճարելու պարտականությունից ևս բաժնետիրոջն ազատել չի թույլատրվում: Այսինքն` բաժնետոմսերի փոխարկվող պարտատոմսի տեղաբաշխման ընթացքում էական է դրա դիմաց իրական վճարումը դրամով կամ գույքային այլ համարժեքով, քանի որ բաժնետոմսերի թողարկումը և տեղաբաշխումը, հետևաբար նաև` բաժնետոմսերի փոխարկվող պարտատոմսի թողարկումը և տեղաբաշխումը հանգեցնում է ընկերության կանոնադրական կապիտալի մեծացմանը: Առկա պարտքերի դիմաց բաժնետոմսի փոխարկվող պարտատոմսի տրամադրումը հակասում է ինվեստիցիոն (ներդրումային) արժեթղթերի թողարկման ու տեղաբաշխման սկզբունքներին, քանի որ ներդրումային արժեթղթի թողարկումն ու տեղաբաշխումը նպատակ է հետապնդում նույն տեսակի և դասի արժեթղթերի համար որոշված ընդհանուր պայմաններով դրամական միջոցներ կամ այլ համարժեք գույքային իրավունքներ ներգրավել:

Սույն գործով քննարկվող դեպքում, եթե նույնիսկ Ընկերության բաժնետերերի կողմից արվել են ներդրումներ մասնավորեցման պայմանագրի հետ կապված Ընկերության պարտավորությունները պատշաճ կատարելու համար, ապա դրանք պետք է դիտվեն որպես առանձին գործարքներ, որոնցից ծագող իրավունքներն ու պարտականությունները պետք է ամրագրված լինեն համապատասխան պայմանագրերում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փակ բաժնետիրական ընկերության բաժնետիրոջ կողմից ընկերությանը տրամադրված փոխառության դիմաց չեն կարող թողարկվել ընկերության բաժնետոմսերի փոխարկվող պարտատոմսեր, իսկ ընկերության բաժնետոմսերի փոխարկվող պարտատոմսերը չեն կարող տեղաբաշխվել բացառապես փոխատուների միջև:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնետիրական ընկերություն է համարվում առևտրային կազմակերպություն հանդիսացող այն տնտեսական ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընկերության յուրաքանչյուր հասարակ (սովորական) բաժնետոմս տալիս է իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը միևնույն իրավունքներ: Հասարակ (սովորական) բաժնետոմսի սեփականատերը նույն օրենքի և կանոնադրության համաձայն իրավունք ունի`

ա) մասնակցել ժողովին` վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.

բ) մասնակցել ընկերության կառավարմանը.

գ) ստանալ շահութաբաժիններ` ընկերության գործունեությունից առաջացած շահույթից.

դ) առաջնահերթ կարգով ձեռք բերել ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը, եթե նույն օրենքով և կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ.

ե) ստանալ ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն` գաղտնի փաստաթղթերից բացի, այդ թվում` կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալ հաշվապահական հաշվեկշիռներին, հաշվետվություններին, ընկերության արտադրատնտեսական գործունեությանը.

զ) ժողովներում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի.

է) հանդես գալ առաջարկություններով ժողովներում.

ը) ժողովներում քվեարկել իրեն պատկանող բաժնետոմսերի ձայների չափով.

թ) դիմել դատարան` ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին ու այլ իրավական ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով.

ժ) ընկերության լուծարման դեպքում ստանալ ընկերության գույքի իր հասանելիք մասը.

ժա) ունենալ կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներ:

Վերը նշված իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընկերության կառավարմանը մասնակցելու իր իրավունքը հասարակ (սովորական) բաժնետոմսի սեփականատեր հանդիսացող բաժնետերը կարող է իրականացնել` մասնակցելով ժողովին` վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով, և ժողովներում քվեարկել իրեն պատկանող բաժնետոմսերի քանակի չափով:

Հետևաբար, ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը ձեռք բերելու իրավունքը չի կարող պայմանավորվել ժողովների ընթացքում քվեարկելու իրավունքով, քանի որ քվեարկելու իրավունքը բաժնետիրոջ մեկ այլ` ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունքի իրականացման միջոց է, իսկ ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունքը և ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը ձեռք բերելու իրավունքը զուգահեռ իրավունքներ են, որոնք ուղղված են բաժնետիրոջ հիմնական իրավունքի` ընկերության կառավարմանը մասնակցելու և շահույթից շահաբաժին ստանալու իրավունքի իրականացմանը:

Այսինքն` առանց որևէ նախապայմանի բաժնետերն ունի կանոնադրությամբ սահմանված ժամկետի ընթացքում կանոնադրական կապիտալում իր բաժնեմասին համամասնորեն նոր բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունք:

Վճռաբեկ դատարանի վերը նշված դիրքորոշումը հիմնվում է նաև սուբյեկտների քաղաքացիաիրավական հավասարության սկզբունքի վրա, որը, չնայած բաժնետիրական իրավունքում որոշակի ձևափոխման է ենթարկվում, մասնավորապես` միևնույն դասի, միևնույն տեսակի բաժնետոմսերի բաժնետերերն ունեն միևնույն իրավունքները, սակայն իրավունքների ամբողջ ծավալը որոշվում է վերջիններիս պատկանող բաժնետոմսերի քանակով, այդուհանդերձ հանգում է այն եզրակացության, որ փակ բաժնետիրական ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսեր ունեցող բոլոր բաժնետերերն ունեն նոր բաժնետոմսեր ձեռքբերելու նախապատվության իրավունք, և այդ իրավունքը բաժնետերերից որևէ մեկի համար որևէ նախապայմանով չի կարող պայմանավորված լինել:

Վերը նշված վերլուծության լույսի ներքո, հաշվի առնելով, որ արժեթղթի փոխարկումը, ըստ էության բաժնետոմսերի տեղաբաշխման ձևերից մեկն է, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ փակ բաժնետիրական ընկերության բաժնետիրոջ` բաժնետոմսի փոխարկվող պարտատոմս գնելու նախապատվության իրավունքը չի կարող պայմանավորված լինել այն հանգամանքով, որ վերջինս հրաժարվել է փոխառություն տրամադրել ընկերությանը կամ բաժնետերերի ընդհանուր ժողովում դեմ է քվեարկել բաժնետոմսերի փոխարկվող պարտատոմսերի թողարկմանն ու տեղաբաշխմանը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև «արժեթղթի թողարկում» և «արժեթղթի տեղաբաշխում» հասկացությունների տարանջատմանը, քանի որ օրենսդիրը բաժնետիրոջ կողմից փակ տեղաբաշխման դեպքում նախապատվության իրավունքից լրիվ կամ մասնակի օգտվելու իրավունքի իրականացման ժամկետները կապել է արժեթղթի տեղաբաշխման օրվա հետ:

«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է արժեթղթերի թողարկում և տեղաբաշխում հասկացությունները:

Այսպես` արժեթուղթ թողարկելն անձի գործողությունների ամբողջությունն է` ուղղված նույն դասի արժեթղթերի համախմբի առաջացմանը, իսկ տեղաբաշխումն արժեթղթերի առաջին վաճառքն է ներդրողին:

Այսպիսով` տեղաբաշխումն արժեթղթի (տվյալ դեպքում` պարտատոմսի) վաճառքը կամ այլ կերպ հատուցելի օտարումն է առաջին ձեռք բերողին:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի սեփականատերեր հանդիսացող բաժնետերերը պետք է նույն օրենքով ժողովի գումարման մասին սահմանված կարգով Ընկերության դրամական վճարման ենթակա քվեարկող բաժնետոմսերի և քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխումն սկսվելու օրվանից առնվազն երեսուն օր առաջ ծանուցվեն նույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված նախապատվության իրավունքի` իրենց կողմից իրականացման հնարավորության մասին:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` բաժնետերն իրավունք ունի իրականացնել իր նախապատվության իրավունքը լրիվ ծավալով կամ մասնակիորեն` քվեարկող բաժնետոմսերի կամ քվեարկող բաժնետոմսերի փոխարկող արժեթղթերի ձեռքբերման մասին Ընկերությանը գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով (...) Ծանուցումը պետք է ներկայացվի Ընկերության քվեարկող բաժնետոմսերի և քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխումն սկսելու օրվանից ոչ ուշ, քան մեկ օր առաջ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախապատվության իրավունքից լրիվ կամ մասնակի օգտվելու մասին բաժնետերը պետք է պատշաճ կարգով տեղեկացված լինի դրանց տեղաբաշխման օրվանից առնվազն երեսուն օր առաջ, իսկ նախապատվության իրավունքից օգտվելու համար բաժնետերը ընկերությանը պետք է ծանուցի արժեթղթերի տեղաբաշխումից առնվազն մեկ օր առաջ:

Սույն գործով Դատարանը, մերժելով հայցը, իր վճռի հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ «Նարինե Նալբանդյանին, հանձինս իր ներկայացուցիչ Վահե Մովսիսյանի, մինչև 04.08.2010 թվականի ժողովի գումարումը` 16.06.2010 թվականին կայացած Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում, 07.04.2003 թվականին Ընկերության և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության միջև կնքված թիվ 173-Մ պետական գույքի մասնավորեցման պայմանագրով բաժնետերերի կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունների կատարման ընթացքի հարցի քննարկման շրջանակներում առաջարկվել է կատարել ներդրումներ, սակայն վերջինս քվեարկել է դեմ: Հետևաբար Նարինե Նալբանդյանը, մինչև 04.08.2010 թվականի արտահերթ ժողովի որոշումը, հրաժարվել է կատարել ներդրումներ Ընկերությունում փոխառությունների տրամադրման ձևով, և վերջինս, չունենալով ներդրում, չէր կարող մասնակից լինել փոխարկելի պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացին: Նման պայմաններում, դատարանն արձանագրում է, որ Ընկերության ընդհանուր ժողովի 04.08.2010 թվականի` Ընկերության կողմից փոխարկվող պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման, ինչպես նաև Ընկերության կողմից փոխարկվող պարտատոմսերն Ընկերության հասարակ անվանական բաժնետոմսերի փոխարկման նպատակով լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման մասին որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր չկան, հետևաբար և հայցը ենթակա է մերժման: Ինչ վերաբերում է հայցվորի ներկայացուցչի այն պատճառաբանությանը, որ Նարինե Նալբանդյանը զրկվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասին համամասնորեն նոր բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքից, քանի որ ժողովը որոշել է փոխարկելի պարտատոմսերը տեղաբաշխել Ընկերության միայն 2 բաժնետերերին` շրջանցելով Նարինե Նալբանդյանին, որի արդյունքում էլ օտարվել են լրացուցիչ տեղաբաշխված հասարակ բաժնետոմսերը, անհիմն է և հայցը բավարարելու հիմք հանդիսանալ չի կարող ինչպես վերը նշված պատճառաբանությամբ, այնպես էլ այն պատճառաբանությամբ, որ հարցը վերաբերել է փոխարկելի պարտատոմսերին, որոնք տրամադրվել են բաժնետերերին նրանց հանդեպ Ընկերությունում արդեն իսկ ձևավորված փոխառությունների դիմաց, որին հայցվորը չի ցանկացել մասնակցել: Բացի այդ, փոխարկելի պարտատոմսերով պայմանավորված իրավահարաբերությունները չեն կարգավորվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներով, քանի որ սույն պարագայում բաժնետոմսերի դիմաց վճարում չի կատարվել, այլ վերաբերում է սահմանափակ շրջանառության իրավունքով փոխարկելի պարտատոմսերի թողարկմանը և տեղաբաշխմանը, որը կարգավորվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածով»:

Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Դատարանի վերոգրյալ եզրահանգմանը, մերժել է վերաքննիչ բողոքը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վկայակոչված պատճառաբանություններն անհիմն են, քանի որ սույն գործի փաստերից հետևում է, որ Ընկերության ժողովում ոչ միայն քննարկվել է բաժնետոմսերի փոխարկվող պարտատոմսերի թողարկման, այլև Ընկերության կոնկրետ բաժնետերերի միջև դրանց տեղաբաշխման հարցը` անտեսելով այն հանգամանքը, որ Ընկերության քսան տոկոսի բաժնետեր հանդիսացող Նարինե Նալբանդյանն օրենքով սահմանված ժամկետում լրիվ կամ մասնակի չի հրաժարվել իր նախապատվության իրավունքի իրականացումից: Ավելին, փոխարկելի պարտատոմսերի փոխարկումը բաժնետոմսերի նախատեսվել է արժեթղթերի թողարկումից 15 օր հետո, որը պակաս է օրենքով սահմանված ժամկետից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ Ընկերության կողմից պարտատոմսերի թողարկման հարցի որոշման ժամանակ չէր կարող որոշվել բաժնետիրոջ կողմից արժեթղթերի ձեռքբերման նախապատվության հարցը, քանի որ այդ իրավունքը իրացվում է ոչ թե արժեթղթերի թողարկման փուլում, այլ բաժնետիրոջ կողմից Ընկերությանն արժեթղթերի տեղաբաշխման փուլում` տեղաբաշխման օրվանից առնվազն մեկ օր առաջ բաժնետիրոջ կողմից Ընկերությանը գրավոր ծանուցմամբ:

Վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները նյութական իրավունքի մյուս խախտումների մասին սույն գործի լուծման համար էական չեն հետևյալ պատճառաբանությամբ.

Բողոքում մասնավորապես պատճառաբանվել է, որ Դատարանն առանց թույլատրելի ապացույցի հաստատված է համարել բաժնետերեր Հրաչ-Ներսես Կապրիելյանի և Վարդան Սիրմաքեսսի կողմից Ընկերությունում ներդրումներ անելու, ինչպես նաև շահագրգիռ անձանց կողմից քվեարկելու և որոշում կայացնելու հանգամանքները:

Սույն քաղաքացիական գործով վիճարկվող` Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը բովանդակային առումով բաժնետիրոջ օրենքով ամրագրված իրավունքները խախտում է փոխարկելի պարտատոմսերի փակ տեղաբաշխմանը մասնակցելու նախապատվության իրավունքի սահմանափակման առումով, քանի որ Ընկերության բաժնետերերի կողմից ընկերությունում օրենքով չարգելված այլ ձևերով ու եղանակներով կատարված ներդրումները չեն կարող պայմանավորել Ընկերության կողմից արժեթղթերի թողարկման ու փակ տեղաբաշխման ժամանակ որևէ ներդրողի օրենքով երաշխավորված իրավունքի իրականացման սահմանափակմանը, եթե նման սահմանափակումը նախատեսված չէ օրենքով:

Դրա հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ կետը նախատեսում է ընկերության բաց բաժանորդագրության միջոցով քվեարկող բաժնետոմսերի և քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման դեպքում ձեռքբերման նախապատվության իրավունքի սահմանափակում, սակայն այդ սահմանափակումը տարածվում է ընկերության բոլոր բաժնետերերի վրա և այս դեպքում ընկերության բաժնետիրոջ մոտ կարող է առաջանալ բաժնետոմսերի հետգնման իրավունք «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի հիմքով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փակ բաժնետիրական ընկերության դեպքում վերը նշված իրավիճակը բացակայում է այն պատճառաբանությամբ, որ բացակայում է բաց բաժանորդագրության հնարավորությունը, բաժնետոմսի հետգնման դեպքեր հնարավոր են միայն նույն հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից արժեթղթերի թողարկմանն ու տեղաբաշխմանը վերաբերող հարցի քննարկումն Ընկերության կանոնադրությամբ որոշված կառավարման մարմնում, այդ թվում` բաժնետերերի ընդհանուր ժողովում չի կարող դիտվել որպես գործարք, որի կապակցությամբ կիրառելի լինեն «գործարքի շահագրգիռ անձի» ինստիտուտը կարգավորող նորմերը: Այս իրավահարաբերությունների շրջանակը սահմանափակվում է զուտ Ընկերության արժեթղթերի թողարկման ու տեղաբաշխման պայմանների ու կարգի սահմանումով:

Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում բողոքի պատճառաբանությունը` Ընկերության բաժնետիրոջ բաժնետոմսերի հետգնման իրավունքի խախտման մասին:

Տվյալ դեպքում մինչև պարտատոմսի թողարկումը և տեղաբաշխումն առկա պարտքերի դիմաց պարտատոմսի տրամադրումը հակասում է ինվեստիցիոն (ներդրումային) արժեթղթերի թողարկման ու տեղաբաշխման սկզբունքներին, անկախ փոխառության ձևով Ընկերությունում ներդրում կատարած շահագրգիռ անձանց քվեարկությանը մասնակցելուց, քանի որ ներդրումային արժեթղթի թողարկումն ու տեղաբաշխումը նպատակ է հետապնդում նույն տեսակի և դասի արժեթղթերի համար որոշված ընդհանուր պայմաններով դրամական միջոցներ կամ այլ համարժեք գույքային իրավունքներ ներգրավել: Նույնիսկ եթե ժողովի որոշումը կայացվեր գործարքում շահագրգռություն չունեցող բաժնետիրոջ (բաժնետերերի) կողմից, որոշումը չէր կարող դիտվել օրենքին համապատասխանող վերը նշված պատճառաբանություններով:

Հիմնավոր է նաև բողոքի պատճառաբանությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածների խախտման մասով, քանի որ ստորադաս դատարանները ներկայացված ապացույցները գնահատել և հետազոտել են հիշատակված հոդվածներով սահմանված կանոնների խախտմամբ, ինչն էլ էական ազդեցություն է թողել գործի լուծման վրա:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.05.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Վ. Ավանեսյան
 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան
 

Է. Հայրիյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան