Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.25/32(1045).1 Հոդ.511.25
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.05.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0023/04/13

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0023/04/13

2014 թ.

Նախագահող դատավոր՝  Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝   

Ա. Խառատյան
 

Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Գ. Հակոբյանի

 

 

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի (այսուհետ՝ Կառավարիչ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.10.2013 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի ընդդեմ «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կառավարիչը պահանջել է Ընկերությանը սնանկ ճանաչել։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 12.07.2013 թվականի վճռով դիմումը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.10.2013 թվականի որոշմամբ Կառավարչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 12.07.2013 թվականի վճիռը բեկանվել, և գործի վարույթը կարճվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր, խախտել է նույն օրենսգրքի 14-րդ, 52-րդ, 53-րդ հոդվածները և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Թե՛ Դատարանի և թե՛ Վերաքննիչ դատարանի դատական ակտերը կայացվել են ՀՀ օրենքների խախտմամբ։ Սույն գործով պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը ենթակա է բավարարման, քանի որ վճարային պարտավորությունն անվիճելի է՝ ճանաչված է ՀՀ տնտեսական դատարանի՝ 27.12.2006 թվականի թիվ Տ-3181 օրինական ուժի մեջ մտած վճռով և գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, հետևաբար առկա են Ընկերությանը սնանկ ճանաչելու հիմքերն ու անվճարունակության հատկանիշները։ Վճարային պարտավորության անվիճելիության պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը սույն գործի լուծման համար կիրառելի չէ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 31.10.2013 թվականի որոշումը՝ «գործը կարճելու մասով», և այն փոփոխել՝ դիմումը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.07.2012 թվականի թիվ ԵՇԴ/0027/04/12 վճռով «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ, նույն դատարանի 21.02.2013 թվականի որոշմամբ Խաչատուր Ղահրամանյանը նշանակվել է «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ (գ.թ. 5-7).

2) ՀՀ տնտեսական դատարանի 27.12.2006 թվականի թիվ Տ-3181 վճռով Ընկերությունից հօգուտ «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի բռնագանձվել է 101.584.382 ՀՀ դրամ և 4.000 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար (գ.թ. 8-11).

3) Ընկերության` ՀՀ տնտեսական դատարանի վերը նշված վճռով ճանաչված վճարային պարտավորության վկայակոչմամբ այդ ընկերությանը սնանկ ճանաչելու մասին «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի դիմումը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 17.12.2009 թվականի վճռով մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Ընկերությունն ի վիճակի է կատարելու իր ժամկետանց դրամական պարտավորությունները, քանի որ Ընկերության ակտիվների չափը գերազանուցում է «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի հանդեպ ունեցած պարտքի չափը (գ.թ. 54-63).

4) ՀՀ տնտեսական դատարանի կողմից 01.06.2007 թվականին տրվել է թիվ ՏԿԹ-Տ-3181 կատարողական թերթը (գ.թ. 12).

5) ՀՀ տնտեսական դատարանի 01.06.2007 թվականին տրված թիվ ՏԿԹ-Տ-3181 կատարողական թերթի հիման վրա 18.06.2007 թվականին հարուցված թիվ 01/05-2185/07 կատարողական վարույթի շրջանակներում հարկադիր կատարողի կողմից 02.10.2012 թվականին որոշում է կայացվել Ընկերությանը պատկանող` Երևանի Մանանդյան թիվ 41/4 հասցեում գտնվող անշարժ գույքը ներկայացնել հարկադիր աճուրդի (գ.թ. 13).

6) Գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ պարտապան Ընկերության պարտավորությունները «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի նկատմամբ կատարվել են, կամ վերջինիս օգտին Ընկերությունից գումար է բռնագանձվել։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է հետևյալ իրավական խնդրին. արդյո՞ք պարտապանին սնանկ ճանաչելու գործի վարույթը ենթակա է կարճման, եթե նախկինում նույն պարտապանի դեմ սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումը մերժվել է։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերը նշված դրույթների համադրված վերլուծությունից հետևում է, որ սնանկության գործի քննության ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ սնանկության հիմքերի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ դիմումի մերժումը չի արգելում նույն անձին նույն դիմումով նույն պարտապանի դեմ դիմել դատարան` սնանկության հիմքերի առկայությունն ակնհայտ դառնալու պայմաններում:

Վերը նշված դրույթի վերլուծությունից հետևում է, որ սնանկության դիմումը մերժելու դեպքում սնանկության հիմքերի առկայությունն ակնհայտ դառնալու պայմաններում անձը հնարավորություն ունի նույն պարտապանի դեմ դիմելու դատարան` նույն դիմումով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումը դատարան է ներկայացվում քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ձևով և բովանդակությամբ, հետևաբար դիմումի ձևի և բովանդակության նկատմամբ ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված պահանջները: Մասնավորապես, վկայակոչված հոդվածի 2-րդ կետի համաձայն` հայցադիմումը պետք է պարունակի հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները, ինչպես նաև հայցվորի պահանջները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ նույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «հայցի հիմք» օրենսդրական եզրույթին` նշելով, որ այն ներառում է հայցի փաստական և իրավական հիմքերը, ընդ որում, հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար, իսկ հայցի իրավական հիմքը այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը (տե՛ս Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

 Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված «նույն դիմում» եզրույթը նշանակում է նույն ձևի և բովանդակության, այսինքն` միևնույն փաստական և իրավական հիմքեր պարունակող, նույն առարկայի մասին դիմում, որը ներկայացվել է նախկինում, և որի վերաբերյալ առկա է դիմումը մերժելու մասին վճիռ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի ուժով սնանկության հիմքերի առկայությունն ակնհայտ դառնալու պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը կիրառելի չէ, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով դիմում կրկին ներկայացնելու հնարավորություն:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը կայացրել է սնանկության գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշում և պատճառաբանել է, որ «սնանկության վերաբերյալ գործի վարույթը կարճելու առնչությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված չեն այլ կանոններ, քան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, որպիսի պարագայում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի ուժով հարկ է ղեկավարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետով, որը պահանջում է կարճել գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Տվյալ պարագայում Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին դիմումը ներկայացվել է «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի անունից՝ ՀՀ տնտեսական դատարանի կողմից թիվ Տ-3181 գործով 27.12.2006 թվականին կայացված վճռով ճանաչված վճարային պարտավորության վկայակոչմամբ, և առկա է Ընկերության` ՀՀ տնտեսական դատարանի 27.12.2006 թվականի վճռով ճանաչված վճարային պարտավորության վկայակոչմամբ այդ Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի դիմումը մերժելու մասին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 17.12.2009 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռը, ուստի սույն գործի վարույթը ենթակա է կարճման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմքով»։

Վերոնշյալ մեկնաբանությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմքը կիրառելի չէ, քանի որ.

1) «Սնանկության մասին» ՀՀ օրենքը չի արգելում նույն անձին նույն դիմումով նույն պարտապանի դեմ դիմել դատարան, հետևաբար Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի դիմումը մերժելու մասին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 17.12.2009 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ն զրկված չէ նույն պարտապանի դեմ նույն դիմումով դատարան դիմելու հնարավորությունից, բացի այդ`

2) սույն գործով դիմումը ներկայացված է այլ իրավական հիմքով:

Մասնավորապես, «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի դիմումը, որի վերաբերյալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 17.12.2009 թվականին կայացվել է դիմումը մերժելու մասին վճիռ, ներկայացված է եղել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության պահին գործող 3-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, այն է` պարտապանը կարող է հարկադրված սնանկության դիմումի հիման վրա սնանկ ճանաչվել, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է, նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ չէ: Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե նա առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը:

Իսկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 17.12.2009 թվականին կայացրած օրինական ուժի մեջ մտած վճռով դիմումը մերժվել է իրավահարաբերության ժամանակ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջների հիմքով, այն է` պարտապանն անվճարունակ է, եթե պարտապանի պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն): Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա օրենքի համաձայն բռնագանձում չի կարող տարածվել:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 17.12.2009 թվականի վճռի պատճառաբանական մասում նշվել է, որ «չնայած պարտապան Ընկերությունը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա և ավելի ժամկետով կետանց, ինչը ճանաչված է նաև օրինական ուժի մեջ մտած վճռով, այնուհանդերձ դատարանը գտնում է, որ բավարար փաստարկներ չկան նշված իրավական հիմքով Ընկերությանը սնանկ ճանաչելու համար, քանզի օրենսդիրը տվյալ դեպքում դատարանին ոչ թե պարտավորեցնում է պարտապանին սնանկ ճանաչել, այլ սնանկ ճանաչելու հարցի լուծումը թողնում է դատարանի հայեցողությանը՝ գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա ներքին համոզմամբ։ Եթե օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի հիմքերի առկայության պայմաններում հայեցողական մոտեցում է ցուցաբերում պարտապանին սնանկ ճանաչելու հարցում, ապա նույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում արդեն պարտավորեցնում է պարտապանին ճանաչել սնանկ, մինչդեռ վիճելի դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի իրավական հիմնավորմամբ Ընկերությանը սնանկ ճանաչելու որևէ հիմք չկա, քանզի Ընկերության պարտավորությունները չեն գերազանցում հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ նույն Ընկերության ակտիվների արժեքը, ընդհակառակը՝ պարտապանի ակտիվների արժեքը մի քանի անգամ գերազանցում է Ընկերության՝ ոչ միայն «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի, այլև մյուս բոլոր պարտատերերի հանդեպ ունեցած պարտավորությունները»։

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչը դիմումը ներկայացրել է գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով, այն է` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը որպես փաստացի անվճարունակության հիմք՝ նախատեսում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կետանցը, ինչը թույլ է տալիս պարտատիրոջը նախաձեռնելու սնանկության վարույթ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 22.12.2010 թվականին «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում կատարված փոփոխության պայմաններում, ըստ էության, փոխվել է ներկայացված դիմումի հիմքը, քանի որ մինչև 2010 թվականին «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելը նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված էր, որ պարտապանը կարող է հարկադրված սնանկության դիմումի հիման վրա սնանկ ճանաչվել, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է, նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ չէ։ Սակայն օրենսդրական փոփոխություններ ու լրացումներ կատարվելուց հետո վերը նշված օրենքի 3-րդ հոդվածի պահանջը սահմանվել է հետևյալ կերպ՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։

Բացի այդ, 22.12.2010 թվականին ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով վերացել է նաև Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 17.12.2009 թվականի վճռի մերժման հիմքում դրված «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասն ամբողջությամբ։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն են նաև Վերաքննիչ դատարանի դատողություններն առ այն, որ դիմումը ներկայացվել է միևնույն հիմքով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.10.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

    Ս. Անտոնյան
    Վ. Ավանեսյան
   

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան