Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.25/32(1045).1 Հոդ.511.33
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.03.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Ս-930/05

Գործ թիվ Ս-930/05

Նախագահող դատավոր՝  Լ. Թադևոսյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

 

2014 թվականի մարտի 28-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի դեկտեմբերի 26-ի որոշման դեմ Վահե Միշայի Գրիգորյանի պաշտպան Մ.Շուշանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2005 թվականի հունիսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62203805 քրեական գործը:

2005 թվականի հունիսի 14-ին նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)՝ խնդրելով թույլատրել կատարել խուզարկություն «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում՝ «Ռայթ իրավաբանական խումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվարկային և տարադրամային հաշիվներով կատարված գործարքների և գործառնական կողմերի վերաբերյալ բանկային փաստաթղթերն առգրավելու համար:

 Առաջին ատյանի դատարանի 2005 թվականի հունիսի 14-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և թույլատրվել է կատարել խուզարկություն «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում՝ «Ռայթ իրավաբանական խումբ» ՍՊԸ-ի հաշվարկային և տարադրամային հաշիվներով կատարված գործարքների և գործառնական կողմերի վերաբերյալ բանկային փաստաթղթերն առգրավելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչ Ս.Համբարձումյանի 2013 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ թիվ 62203805 քրեական գործի մասը կարճվել է, Վահե Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը` դադարեցվել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով:

2. 2013 թվականի դեկտեմբերի 13-ին Վ.Գրիգորյանի պաշտպան Մ.Շուշանյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ խնդրելով ճանաչել իր պաշտպանյալի իրավունքների խախտումը և վերացնել խուզարկություն կատարելու, բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր առգրավելու թույլտվություն տալու մասին Առաջին ատյանի դատարանի 2005 թվականի հունիսի 14-ի որոշումը:

Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ պաշտպան Մ.Շուշանյանի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

3. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 26-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Վ.Գրիգորյանի պաշտպան Մ.Շուշանյանը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ պաշտպան Մ.Շուշանյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

4. 2013 թվականի դեկտեմբերի 23-ին Վերաքննիչ դատարանը գրությամբ դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ ՀՀ ԱԱԾ) քննչական վարչության պետի տեղակալին՝ խնդրելով հայտնել, թե «(…) Վահե Միշայի Գրիգորյանի նկատմամբ թիվ 62203805 քրեական գործի մասը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 06.09.2013թ. որոշումը երբ է ուղարկվել Վ.Գրիգորյանին կամ նրա պաշտպաններին, երբ են վերջիններս դիմել քրեական գործի նյութերին ծանոթանալու համար, երբ է նրանց հնարավորություն ընձեռվել ծանոթանալու քրեական գործի նյութերին, և երբ [են] քրեական գործի նյութերը տրամադրվել՝ ծանոթանալու համար (…)» (տե´ս նյութեր, թերթ 26):

5. 2013 թվականի դեկտեմբերի 24-ի գրությամբ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետը Վերաքննիչ դատարանին հայտնել է, որ «(…) 19.09.2013թ. թիվ 8/2767 գրությամբ (փոստով առաքվել է 20.09.2013թ-ին) Վահե Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 06.09.2013թ. որոշման օրինակն ուղարկվել է վերջինիս պաշտպան (…) Տիգրան Աթանեսյանին,

25.09.2013թ-ին ստացվել է Վահե Գրիգորյանի մեկ այլ պաշտպան Մուշեղ Շուշանյանի գրությունը, ըստ որի խնդրվել է տրամադրել թիվ 62203805 քրեական գործի բոլոր նյութերի լուսապատճենները,

27.09.2013թ-ի թիվ 8/2878 գրությամբ (փոստով առաքվել է 28.09.2013թ-ին) Մուշեղ Շուշանյանին պարզաբանվել է, որ թիվ 62203805 քրեական գործի վարույթը 06.09.2013թ-ին կասեցվել է՝ ՀՀ քր. դատ. օր-ի 31 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, (…) ուստի քրեական գործի բոլոր նյութերի լուսապատճենները իրեն տրամադրվել չեն կարող, և նա (…) կարող է իր համար նախընտրելի աշխատանքային ժամերին (…) ծանոթանալ կասեցված քրեական գործում առկա այն նյութերի հետ և ստանալ դրանց լուսապատճենները, որոնք վերաբերում են Վահե Գրիգորյանին, ամրագրված են 06.09.2013թ. որոշման մեջ և հիմք են հանդիսացել նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար, սակայն փաստաբանը և Վահե Գրիգորյանը հեռախոսազանգերի միջոցով պնդել են, որ իրենց անհրաժեշտ են քրեական գործի բոլոր նյութերը և մինչև 03.12.2013թ. չեն ներկայացել ՀՀ ԱԱԾ ՔՎ՝ Վահե Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար հիմք հանդիսացած, քրեական գործում առկա փաստաթղթերի լուսապատճենները ստանալու համար:

03.12.2013թ. արձանագրությամբ Մուշեղ Շուշանյանին հանձնվել են Վահե Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար հիմք հանդիսացած քրեական գործում առկա փաստաթղթերի լուսապատճենները» (տե´ս նյութեր, թերթ 28-29):

6. Պաշտպան Մ.Շուշանյանն Առաջին ատյանի դատարանի 2005 թվականի հունիսի 14-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել փոստի միջոցով: Վերաքննիչ բողոքի ծրարի վրա առկա է փոստային ծառայության դրոշմակնիքը, որի համաձայն` ծրարը փոստային ծառայությունում մուտք է եղել 2013 թվականի դեկտեմբերի 13-ին (տե´ս նյութեր, թերթ 25):

7. Պաշտպան Մ.Շուշանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) Տվյալ դեպքում, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2005թ. հունիսի 14-ի որոշման դեմ պաշտպան Մ.Շուշանյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան մուտք է եղել 2013թ. դեկտեմբերի 17-ին (համաձայն ծրարի վրա առկա կնիքի բողոքաբերի կողմից այն փոստին է հանձնվել (…) 2013թ. դեկտեմբերի 13-ին), այն դեպքում, երբ Վ.Գրիգորյանի մասով հ.62203805 քրեական գործի վարույթը կարճվել է 2013թ. սեպտեմբերի 06-ին, ինչի մասին, համաձայն ներկայացված նյութերի, 2013թ. սեպտեմբերի 19-ի գրությամբ տեղեկացվել են նաև Վ.Գրիգորյանն ու վերջինիս պաշտպան Տ.Աթանեսյանը (…), իսկ վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու և քրեական գործի նյութերին՝ այդ թվում վիճարկվող որոշմանը ծանոթանալու իրական հնարավորությունը բողոքաբերի համար ծագել է դեռևս 2013թ. սեպտեմբերի 25-ից, երբ համաձայն ներկայացված նյութերի՝ վերջինիս հնարավորություն է վերապահվել ծանոթանալու Վ.Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նյութերին՝ այդ թվում վիճարկվող որոշմանը, ինչից հետևում է, որ վարույթն իրականացնող մարմինը դրսևորել է անհրաժեշտ ու բավարար ջանասիրություն գործի նյութերին, այդ թվում՝ վիճարկվող որոշմանը պաշտպանության կողմին ծանոթացնելու համար, որն իր այդ իրավունքն իրացրել է միայն 2013թ. դեկտեմբերի 03-ին՝ ինքն իրեն զրկելով գործն ըստ էության չլուծող դատական ակտը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածով ամրագրված ժամկետում վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, հետևաբար ներկայացված վերաքննիչ բողոքը ժամկետանց է, ինչն էլ ինքնին բավարար հիմք է, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի կարգով, այն առանց քննության թողնելու համար» (տե´ս նյութեր, թերթ 55-58):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը նշել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ինչի արդյունքում թույլ է տվել Վ.Գրիգորյանի դատական պաշտպանության իրավունքի խախտում:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չեն բխում գործով ձեռք բերված նյութերից և չեն համապատասխանում իրականությանը: Համաձայնելով ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի գրության մեջ առկա այն պնդմանը, որ պաշտպանության կողմին հնարավորություն է տրվել «ծանոթանալ կասեցված քրեական գործում առկա այն նյութերի հետ և ստանալ դրանց լուսապատճենները, որոնք վերաբերում են Վահե Գրիգորյանին, ամրագրված են 06.09.2013թ. որոշման մեջ և հիմք են հանդիսացել նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար»՝ բողոքաբերն ընդգծել է, որ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը ոչ միայն ամրագրված չէ քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին որոշման մեջ, այլև հիմք չի հանդիսացել Վ.Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար:

Վերոգրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ պաշտպանության կողմը զրկված է եղել խուզարկություն կատարելու, բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր առգրավելու թույլտվություն տալու մասին Առաջին ատյանի դատարանի որոշմանը ծանոթանալու և դրա պատճենն ստանալու հնարավորությունից: Այս կապակցությամբ քննիչի անգործությունը պաշտպանության կողմը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին, իսկ այնուհետև՝ դատարան: Ի վերջո, 2013 թվականի դեկտեմբերի 3-ին մինչդատական վարույթն իրականացնող մարմինը պաշտպանության կողմին տրամադրել է քրեական գործում առկա նյութերի մի մասը, այդ թվում՝ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը, որի դեմ օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում ներկայացվել է վերաքննիչ բողոք:

9. Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է լսված լինելու իրենց իրավունքն այն իմաստով, որ հնարավորություն չի ընձեռել դիրքորոշում ներկայացնել ձեռք բերված փաստաթղթերի և տեղեկությունների վերաբերյալ: Մասնավորապես, պաշտպանության կողմին հասանելի չի դարձվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի՝ դատարանին ուղղված գրությունը, որպիսի պայմաններում պաշտպանության կողմը զրկված է եղել նշված գրության մեջ արձանագրված փաստական տվյալների կապակցությամբ իր պարզաբանումները ներկայացնելու հնարավորությունից և որպես հետևանք Վերաքննիչ դատարանն անհիմն որոշում է կայացրել բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելու մասին:

10. Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ վերաքննիչ բողոքի քննության անհնարինությունը հանգեցրել է Վ.Գրիգորյանի՝ ՀՀ Սահմանադրության 21-րդ, 23-րդ հոդվածներով, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 8-րդ հոդվածներով սահմանված իրավունքների խախտմանը: Այս կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշմամբ տեղի է ունեցել անհամաչափ միջամտություն Վ.Գրիգորյանի անձնական և մասնագիտական կյանքին, բացի այդ, դատարանն իր որոշման մեջ օգտագործել է այնպիսի ձևակերպումներ, որոնք խախտել են Վ.Գրիգորյանի անմեղության կանխավարկածը:

11. Հիմք ընդունելով վերոշարադրյալ հիմնավորումները` բողոքի հեղինակը խնդրել է ճանաչել Վ.Գրիգորյանի իրավունքների խախտումները և բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետի համատեքստում անձին դատական պաշտպանության արդյունավետ միջոց տրամադրելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. պաշտպանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելով` Վերաքննիչ դատարանն անհամաչափորեն սահմանափակե՞լ է արդյոք Վ.Գրիգորյանի դատական պաշտպանության իրավունքը:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոք բերվում [է] առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»:

Մեջբերված քրեադատավարական դրույթը Վճռաբեկ դատարանը ՀՀ սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի ՍԴՈ-1052 որոշման լույսի ներքո մեկնաբանել է Տ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) Անձի կողմից դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացման, մասնավորապես` իր շահերին առնչվող դատական ակտի դեմ հիմնավոր բողոք բերելու համար անհրաժեշտ է, որ անձն իր ձեռքի տակ ունենա վիճարկվող դատական ակտը: Մինչդեռ, դատական ակտը հրապարակելուց հետո մինչև շահագրգիռ անձի կողմից այն փաստացի ստանալն օբյեկտիվորեն անցնում է որոշակի ժամանակահատված, ինչը կարող է անձի կամքից անկախ հանգամանքներում հանգեցնել սահմանված ժամկետից ուշ կամ ակնհայտ անհիմն, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող բողոքի ներկայացմանը:

Հետևաբար, (…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում առկա՝ «հրապարակման պահից» բառակապակցությունը պետք է մեկնաբանվի որպես դատական ակտն ստանալու պահը, և ժամկետների հաշվարկման ելակետ պետք է համարել որոշումը շահագրգիռ անձին հանձնելու պահը» (տե´ս Տիգրան Վարազդատի Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշման 23-րդ կետը):

15. Վերահաստատելով և զարգացնելով Տ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն կիրառելի է նաև մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության շրջանակներում կայացված՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման նկատմամբ: Այսինքն մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության շրջանակներում կայացված՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերաքննության կարգով բողոքարկելու անձի իրավունքը ծագում է այն պահին, երբ նրան փաստացի հասու է դառնում նշված դատական ակտը:

16. Սույն որոշման նախորդ կետում նշված՝ «փաստացի հասու է դառնում» ձևակերպումը նշանակում է, որ անձը փաստացի ստացել է մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության շրջանակներում կայացված՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտը կամ փաստացի ծանոթացել է դրան:

«Փաստացի հասու է դառնում» ձևակերպումը ենթադրում է նաև, որ անձը չի խուսափել գործն ըստ էության չլուծող դատական ակտն ստանալուց կամ վարույթն իրականացնող մարմինն ինքը չի խոչընդոտել անձի կողմից նշված դատական ակտն ստանալուն կամ դրան ծանոթանալուն: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության շրջանակներում կայացված՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտն ստանալուց կամ դրան ծանոթանալուց խուսափումն առկա չէ այն դեպքում, երբ շահագրգիռ անձն օբյեկտիվ (հարգելի) պատճառներով (օրինակ՝ հիվանդությունը, բնակության վայրից բացակայությունը, անհաղթահարելի ուժի առկայությունը և այլն) մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության շրջանակներում կայացված՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտը փաստացի ստանում է կամ դրան փաստացի ծանոթանում է դրա իրական հնարավորության առաջացումից ողջամիտ ժամանակահատված հետո: Նման դեպքերում մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության շրջանակներում կայացված՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտի բողոքարկման ժամկետի սկիզբ պետք է դիտել նշված ակտն անձի կողմից փաստացի ստանալու կամ դրան փաստացի ծանոթանալու պահը:

17. Մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության շրջանակներում կայացված՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի «փաստացի հասու դառնալու» պահը կարող է տարբեր լինել: Մասնավորապես, անձը մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության շրջանակներում կայացված՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտի վերաբերյալ կարող է տեղեկացվել կամ կոնկրետ քննչական գործողությունը (օրինակ՝ խուզարկությունը) կատարելիս, նախաքննությունն ավարտելիս (օրինակ՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկման և այլ դեպքերում), գործը դատարան ուղարկելիս և այլն: Ասվածը նշանակում է, որ վերոնշյալ դատական ակտի բողոքարկման ժամկետի սկիզբ պետք է դիտել՝

ա) նշված ակտն անձի կողմից փաստացի ստանալու կամ դրան փաստացի ծանոթանալու պահը (օրինակ՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկման և այլ դեպքերում):

բ) դատարանի որոշմամբ թույլատրված կոնկրետ քննչական գործողությունը, օրինակ՝ խուզարկությունն սկսելու պահը, եթե խուզարկությունը կատարելու ժամանակ անձը պաշտոնապես ծանուցվում է կատարվող քննչական գործողության հիմքի վերաբերյալ (խուզարկություն կատարելու միջնորդության վերաբերյալ որոշման բողոքարկման՝ օրենքով նախատեսված ժամկետի սկզբի մասին mutatis mutandis տե´ս «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԿԴ/1133/07/11 որոշման 13-16-րդ կետերը):

18. Քննարկվող իրավիճակում հնարավոր է նաև, որ անձն անբարեխղճորեն է օգտվում գործի նյութերին ծանոթանալու իր իրավունքից (օրինակ՝ առանց հարգելի պատճառների հրաժարվում է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, ստանալ գործի նյութերի պատճենները): Այս պարագայում դատարանի որոշման բողոքարկման ժամկետի մեկնարկը նշված ակտն անձի կողմից փաստացի ստանալու պահից հաշվելու դեպքում չի ապահովվի դատական պաշտպանության հիմնարար իրավական արժեքին հակակշռող հանրային շահի կենսագործումը, և դատական ակտի վերադասության կարգով բողոքարկման համար կսահմանվի անորոշ ժամկետ: Հետևաբար, նման դեպքերում դատական ակտի բողոքարկման ժամկետը պետք է հոսի այն պահից, երբ անձն օբյեկտիվորեն կարող էր ծանոթանալ իր շահերին առնչվող դատական ակտին:

19. Ամփոփելով սույն որոշման 15-18-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության շրջանակներում կայացված և անձի հիմնարար իրավունքներն ու ազատությունները սահմանափակող օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների իրականացումը թույլատրող դատական ակտերը վերաքննության կարգով բողոքարկելու ժամկետը հաշվարկելիս դատարանները պետք է պատշաճ գնահատման ենթարկեն հետևյալ հանգամանքները, այն է՝

ա) երբ է անձը փաստացի ստացել դատական ակտը կամ ծանոթացել դրան,

բ) արդյոք անձը խուսափել է դատական ակտն ստանալուց կամ դրան ծանոթանալուց, այդ թվում՝ առանց օբյեկտիվ (հարգելի) պատճառների չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին, հրաժարվել է ստանալ գործի նյութերի պատճենները, անբարեխղճորեն է օգտվել գործի նյութերին ծանոթանալու իր իրավունքից և այլն,

գ) արդյոք վարույթն իրականացնող մարմինը խոչընդոտել է դատական ակտն ստանալու կամ դրան ծանոթանալու անձի իրավունքի իրացմանը:

Վերոնշյալ հանգամանքների գնահատման արդյունքում դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է պարզի, թե երբ է փաստացի ծագել վիճարկվող որոշմանը ծանոթանալու անձի իրավունքը և արդյոք վերջինս ողջամիտ ժամկետում ծանոթացել է այդ դատական ակտին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ յուրաքանչյուր դեպքում, երբ դատական ակտին ծանոթանալու հնարավորության առաջացման և փաստացի ծանոթացման միջև առկա ժամանակային խզումն առերևույթ թվում է ոչ ողջամիտ, անձի դատական պաշտպանության իրավունքի անհամաչափ սահմանափակումից խուսափելու նպատակով դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի ժամանակային նման խզման պատճառները:

20. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ դատարանը հաստատված կհամարի, որ անձն անբարեխղճորեն է օգտվել քրեական գործի նյութերին, այդ թվում՝ վիճարկվող դատական ակտին ծանոթանալու իր իրավունքից, ապա իրավասու է ըստ էության չքննարկել ներկայացված բողոքը և այն թողնել առանց քննության: Մինչդեռ այն դեպքերում, երբ կհաստատվի, որ գործի նյութերին ծանոթանալու իրավունքի առաջացման և այդ իրավունքի փաստացի իրացման միջև առկա ժամանակային խզումը պայմանավորված է օբյեկտիվ (հարգելի) պատճառներով, և բողոքը ներակայացվել է ակտը ստանալու պահից սահմանված ժամկետում, դատարանը պարտավոր է ներկայացված բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում դատական ստուգման ենթարկել վիճարկվող որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ անկախ այն հանգամանքից, թե երբ է հրապարակվել նշված դատական ակտը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նկարագրված կարգավորման պայմաններում կապահովվի մի կողմից իրավական պաշտպանություն հայցող անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատական քննության իրավունքների արդյունավետ իրականացումը, մյուս կողմից՝ արդարադատության պատշաճ իրականացումը և համապատասխանությունն իրավական որոշակիության սկզբունքին:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ պաշտպանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ իր որոշումը Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է նրանով, որ քրեական գործի նյութերին, այդ թվում՝ Առաջին ատյանի դատարանի 2005 թվականի հունիսի 14-ի որոշմանը ծանոթանալու իրական հնարավորությունը բողոքաբերի համար ծագել է դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 25-ից, մինչդեռ պաշտպանն իր իրավունքն իրացրել է միայն 2013 թվականի դեկտեմբերի 3-ին՝ ինքն իրեն զրկելով գործն ըստ էության չլուծող դատական ակտը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածով սահմանված ժամկետում վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից (տե´ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը):

Իր որոշման հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է նաև ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի գրությունը, որտեղ ներկայացված է, թե քրեական գործի մասը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2013 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումը երբ է ուղարկվել Վ.Գրիգորյանի պաշտպանին, երբ է նրանց հնարավորություն ընձեռվել ծանոթանալու քրեական գործի նյութերին, և երբ են տրամադրվել քրեական գործի նյութերը (տե´ս սույն որոշման 4-5-րդ կետերը):

22. Սույն որոշման 14-20-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով 21-րդ կետում շարադրված և վերլուծված փաստերը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելով` Վերաքննիչ դատարանը անհամաչափորեն սահմանափակել է Վ.Գրիգորյանի դատական պաշտպանության իրավունքը: Մասնավորապես՝

ա) Վերաքննիչ դատարանը, մերժելով պաշտպան Մ.Շուշանյանի բողոքը, չի փորձել պարզել, թե ինչն էր պատճառը, որ նախաքննության մարմինը պաշտպանության կողմին դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 25-ին առաջարկել էր ծանոթանալ գործի նյութերի մի մասին, սակայն պաշտպանն իր այդ իրավունքն իրացրել է 2013 թվականի դեկտեմբերի 3-ին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքի պարզումն անհրաժեշտ էր հասկանալու համար, թե երբ է անձը փաստացի ծանոթացել բողոքարկվող դատական ակտին, արդյոք նա չի խուսափել նշված դատական ակտին ծանոթանալուց կամ վարույթն իրականացող մարմինն ինքը չի խոչընդոտել դատական ակտին ծանոթանալու անձի իրավունքի իրացմանը (տե´ս սույն որոշման 19-րդ կետը): Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պաշտպանն իր վճռաբեկ բողոքում փաստարկել է, որ ի սկզբանե զրկված են եղել գործի բոլոր նյութերին, այդ թվում՝ խուզարկություն կատարելու, բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր առգրավելու թույլտվություն տալու մասին Առաջին ատյանի դատարանի որոշմանը ծանոթանալու հնարավորությունից, որպիսի պայմաններում պաշտպանության կողմը դիմել է իրավական պաշտպանության միջոցների, մասնավորապես, քննիչի անգործությունը բողոքարկել է գլխավոր դատախազին, իսկ այնուհետև նաև՝ դատարան: Ի վերջո, 2013 թվականի դեկտեմբերի 3-ին մինչդատական վարույթն իրականացնող մարմինն իրենց տրամադրել է քրեական գործում առկա նյութերի մի մասը, այդ թվում՝ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը, որի դեմ օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում ներկայացվել է վերաքննիչ բողոք (տե´ս սույն որոշման 8-րդ կետը):

բ) Վերաքննիչ դատարանը ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի գրությունը հասանելի չի դարձրել պաշտպանության կողմին, ինչի արդյունքում վերջիններս զրկվել են գրության մեջ արձանագրված փաստական տվյալների վերաբերյալ իրենց պարզաբանումները ներկայացնելու հնարավորությունից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպանության կողմին նման հնարավորություն ընձեռելու դեպքում Վերաքննիչ դատարանը հնարավորություն կունենար պարզելու, թե առկա են արդյոք բողոքարկված դատական ակտին անձի կողմից ուշ ծանոթանալու հարգելի (օբյեկտիվ) պատճառներ: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի վերոնշյալ գրությունը պաշտպանության կողմին չտրամադրելով՝ Վերաքննիչ դատարանը խախտել է մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքները, ինչի արդյունքում թույլ է տվել արդար դատական քննության իրավունքի խախտում (այս մասին տե´ս, ի թիվս այլոց, Ամալյա Սերժիկի Ղարիբյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԿԴ/0008/06/11 որոշման 22-րդ կետը):

23. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Գրիգորյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի ընդունելիության հարցը լուծելիս Վերաքննիչ դատարանը պաշտպանության կողմին հնարավորություն չի տվել իր դիրքորոշումն արտահայտել քրեական հետապնդման մարմնի ներկայացրած տեղեկությունների և փաստերի վերաբերյալ, ինչի հետևանքով չի անդրադարձել և գնահատական չի տվել պաշտպանության կողմի համար՝ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշմանը ծանոթանալու հնարավորության առաջացման և փաստացի ծանոթացման միջև առկա ժամանակային խզման պատճառներին: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը բացառապես ձևական նկատառումներով Վ.Գրիգորյանի պաշտպան Մ.Շուշանյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ անհամաչափորեն սահմանափակելով Վ.Գրիգորյանի դատական պաշտպանության իրավունքը:

24. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: (…)»:

Վերոնշյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

25. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ սույն որոշման մեջ արձանագրված խախտումների առկայության պայմաններում հնարավոր չէ քննության առնել Առաջին ատյանի դատարանի 2005 թվականի հունիսի 14-ի որոշմամբ Վ.Գրիգորյանի անձնական կյանքի անձեռնմխելիության և անմեղության կանխավարկածի իրավունքների ենթադրաբար տեղի ունեցած խախտումների վերաբերյալ բողոքաբերի փաստարկները (տե´ս սույն որոշման 10-րդ կետը): Ուստի, սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն այդ հարցին չի անդրադառնում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վահե Միշայի Գրիգորյանի պաշտպան Մ.Շուշանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

 

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան