Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1153
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.06.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.11/30(1043) Հոդ.455
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
03.06.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

3 հունիսի 2014 թ.

 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 224-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` «ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ» ԴՐՈՒՅԹԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 68 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածի` «անկախ սեփականության պատկանելությունից» դրույթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` 27.12.2013 թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ մաքսային օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ մաքսային օրենսգիրքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 06.07.2000 թվականին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 09.08.2000 թվականին, ուժի մեջ է մտել 01.01.2001 թվականից: ՀՀ մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածը փոփոխվել է «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-25-Ն օրենքով, որն ԱԺ կողմից ընդունվել է 22.12.2010 թվականին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 15.01.2011 թվականին, ուժի մեջ է մտել 05.02.2011 թվականին, և «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-125-Ն օրենքով, որն ԱԺ կողմից ընդունվել է 11.12.2013 թվականին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 27.12.2013 թվականին և ուժի մեջ է մտել 07.01.2014 թվականին:

Դիմողի կողմից ՀՀ սահմանադրական դատարանում վիճարկվում է ՀՀ մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Մաքսային օրենսգիրք) 224-րդ հոդվածը` ԱԺ կողմից 22.12.2010 թվականին ընդունված` «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-25-Ն օրենքով նախատեսված խմբագրությամբ:

Մաքսային օրենսգրքի վիճարկվող խմբագրությամբ 224-րդ հոդվածը սահմանում է. «Անձը, որից սույն օրենսգրքի 212-րդ հոդվածով սահմանված կարգով կամ տուգանքի, մաքսային վճարների գանձումն ապահովելու նպատակով վերցվել են ապրանքներ` անկախ սեփականության պատկանելությունից, կարող է դրանք ստանալ տուգանքի վճարումից, մաքսային վճարների և պարտավորությունների կատարումից հետո` տասնհինգօրյա ժամկետում»:

 

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ին մատակարարված արտադրանքը մաքսային պահեստում 2010 թվականի հունիսի 1-ին զննության է ենթարկվել, ինչի արդյունքում հայտնաբերվել է, որ արտադրանքը սխալ է հայտարարագրվել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի լիազոր ներկայացուցիչ` «ԱՍԲՍ» ՍՊԸ-ի տնօրեն Կամո Պետրոսյանի կողմից: Փաստի առթիվ Կամո Պետրոսյանի նկատմամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշների ուժով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ ներմուծված արտադրանքը վերցվել և ի պահ է հանձնվել «Տրանս Ալյանս» ՍՊԸ-ի մաքսային պահեստ: ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետի 12.08.2010թ. որոշմամբ Կամո Պետրոսյանը ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված մաքսային կանոնների խախտման մեջ և տուգանվել:

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն 09.02.2012 թվականին դիմել է ՀՀ ԿԱ ՊԵԿ` վերցված արտադրանքի բացթողումը թույլատրելու խնդրանքով: Ի պատասխան հայցվորի դիմումի` գրությամբ վերջինիս հայտնվել է, որ «...տուգանքի գանձումն ապահովելու նպատակով վերցված ապրանքները` անկախ սեփականության պատկանելությունից, ՀՀ մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն, կարող են վերադարձվել տուգանքի վճարումից հետո` տասնհինգօրյա ժամկետում»:

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ ԿԱ ՊԵԿ` վերոնշյալ վարչական ակտն անվավեր ճանաչելու և բեռի բացթողումն ապահովելու պահանջով: ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային մարմնի գանգատարկման հանձնաժողովի որոշմամբ բողոքը թողնվել է առանց քննության, իսկ բողոքարկված վարչական ակտը` անփոփոխ:

Վարչական դատարանը տվյալ գործով ներկայացված հայցը մերժել է՝ հայցի մերժման հիմքում դնելով Մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածը:

Ներկայումս «ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/6421/05/12 վարչական գործն ըստ հայցի «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» (հայցը հարուցելիս «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի») ՓԲ ընկերության ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 17.02.2012թ. թիվ 13-2/1350-12 վարչական ակտը` «Միաժամանակ հայտնում եմ, որ տուգանքի գանձումն ապահովելու նպատակով վերցված ապրանքներն անկախ սեփականության պատկանելությունից, ՀՀ մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն կարող են վերադարձվել տուգանքի վճարումից հետո` տասնհինգօրյա ժամկետում» մասով, անվավեր ճանաչելու և այդ մասը «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ին թույլատրել Մեծ Բրիտանիայից ՀՀ ներմուծված 8584 կգ ընդհանուր քաշով FLEXADUX PLASTICS մեծբրիտանական ընկերության արտադրության օդափոխության խողովակների բացթողումը» մասով փոփոխելու պահանջների մասին»:

Վերաքննիչ վարչական դատարանը 23.12.2013 թվականին որոշել է կասեցնել տվյալ գործով վարույթը և դիմել ՀՀ սահմանադրական դատարան ՀՀ մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածի` «անկախ սեփականության պատկանելությունից» դրույթի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար:

 

3. Դիմողը գտնում է, որ քննության առարկա հոդվածի վիճարկվող` «անկախ սեփականության պատկանելությունից» դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 8 և 31-րդ հոդվածներին, քանի որ պարտավորություն չունեցող սեփականատիրոջը, սեփականությունից օգտվելու խոչընդոտներ ստեղծելով, սահմանադրաիրավական առումով զրկում է սեփականությունից` առանց օրենքով սահմանված` Հայաստանի Հանրապետության մաքսային քաղաքականության հետապնդվող նպատակներին հասնելու հնարավորության: Դիմողը գտնում է նաև, որ վիճարկվող դրույթն առաջացնում է իրավական անորոշություն: Համաձայն դիմողի դիրքորոշման` ըստ մեղքի պատասխանատվության և անձնական պատասխանատվության սկզբունքների, ինչպես նաև վարչական տույժի նպատակի համատեքստում տուգանքը պետք է վճարվի բացառապես իրավախախտում կատարած անձի սեփականությունը համարվող գույքի հաշվին, մինչդեռ վիճարկվող դրույթի ուժով, որպես տուգանքի վճարման, մաքսային վճարների և պարտավորությունների կատարման ապահովում, սահմանափակվում է այն գույքի բացթողումը, որը Մաքսային օրենսգրքի 212-րդ հոդվածով սահմանված կարգով վերցվել է անգամ պարտավորություն չունեցող սուբյեկտներից:

Դիմողը նաև նշում է, որ տվյալ դեպքում սեփականության իրավունքին միջամտությունն օրենքով ՀՀ մաքսային քաղաքականության հետապնդվող նպատակներին հասնելու պիտանի և անհրաժեշտ միջոց չի կարող դիտարկվել, քանի որ սեփականության իրավունքին միջամտությամբ սեփականատիրոջից այդ նպատակներին հասնելու համար որևէ վարքագիծ չի պահանջվում, իրավունքի սահմանափակման վերացման նախապայման է սահմանվել ինքնուրույն սուբյեկտ հանդիսացող երրորդ անձի կողմից տուգանքի վճարումը:

 

4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ քննարկվող կանոնակարգումը «իր ձևի մեջ սանկցիայի կատարումն ապահովող միջոց է, որի ուժով բացի զանցառու անձին անձնական պատասխանատվության ենթարկելուց, վերջինիս ապօրինի գործողությունների բացասական հետևանքների ազդեցությանն է ենթարկվում այն ընկերությունը, որի կողմից լիազորված է տվյալ սուբյեկտը»: Ըստ պատասխանող կողմի` «...այն իրավիճակում, երբ ընկերության կողմից լիազորված անձի ապօրինի գործողությունների հետևանքով իրավասու մարմինների կողմից նշանակվել է տուգանք, որը պետք է վճարի անձամբ իրավախախտում թույլ տված անձը, իսկ ընկերությունը, կատարելով համապատասխան ձևակերպումները, հնարավորություն կունենա անարգել իրականացնելու իր սեփականության իրավունքը, ապա վերջինս ոչ միայն չի նպաստի իր ներկայացուցչի կողմից տուգանքի վճարմանը, այդ պահին միջոցներ չի ձեռնարկի ապահովելու սանկցիայի կատարումը, այլև հետագայում միջոցներ չի ձեռնարկի նման իրավիճակներից խուսափելու համար: Այնինչ գործող իրավակարգավորումների պարագայում ներմուծող ընկերությունը, որպես սեփականատեր, շահագրգռված է ապահովելու տուգանքի վճարումը` իրեն սեփականության իրավունքով պատկանող ապրանքը լիովին տնօրինելու իրավունքի վերականգնման համար»:

Անդրադառնալով սեփականության իրավունքից զրկման վերաբերյալ դիմողի ներկայացրած փաստարկներին` պատասխանող կողմը նշում է, որ «…սեփականատիրոջ իրավազորությունների իրականացման հնարավորությունների սահմանափակումը, այնուամենայնիվ պետք է տարբերակել իրավաբանորեն սեփականության իրավունքից զրկելուց, հաշվի առնելով դրանցից բխող իրավական հետևանքների տարբերությունները…»:

 

5. Սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցը պարզելու համար սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող կանոնակարգումը դիտարկել դրա հետ համակարգային առումով փոխկապակցված` Մաքսային օրենսգրքի վերաբերելի դրույթների հետ համադրության լույսի ներքո` բացահայտելու համար.

- որքանո՞վ է ապահովված վիճարկվող կանոնակարգման իրացման օրենսդրական կառուցակարգերի ամբողջականությունը,

- ինչո՞ւմն է կայանում «սեփականության իրավունքից զրկում» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը,

- որքանո՞վ է վիճարկվող դրույթով նախատեսված իրավակարգավորումը ներառվում ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով նախատեսված` «սեփականության իրավունքից զրկելու» ինստիտուտի բովանդակային շրջանակներում,

- արդյո՞ք վիճարկվող դրույթն առաջացնում է սեփականության իրավունքի սահմանափակում, արդյո՞ք այն հետապնդում է իրավաչափ նպատակ, համաչափ է և անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում իրավաչափ նպատակին հասնելու համար,

- արդյո՞ք ՀՀ օրենսդրությամբ սահմանված են անհրաժեշտ և բավարար երաշխիքներ սույն կանոնակարգման կիրառության շրջանակներում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխավորման համար:

 

6. Վիճարկվող կանոնակարգման` դրա հետ համակարգային առումով փոխկապակցված` Մաքսային օրենսգրքի համապատասխան դրույթների հետ համադրված վերլուծության արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մաքսային վարույթի ընթացքում ապրանքներ վերցնելու ինստիտուտն ամրագրված է Մաքսային օրենսգրքի 38-րդ գլխում, որի 212-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները, մաքսային սահմանով դրանց տեղափոխման համար օգտագործվող տրանսպորտային միջոցները, ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման նպատակով պատրաստված գաղտնարանները, ինչպես նաև մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթի քննության համար անհրաժեշտ փաստաթղթերը ենթակա են վերցման:

Նշված կանոնակարգումից բխում է, որ օրենսդիրը լիազորել է մաքսային մարմնին վերցնել բացառապես հետևյալ առարկաները`

- մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները,

- մաքսային սահմանով դրանց տեղափոխման համար օգտագործվող տրանսպորտային միջոցները,

- ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման նպատակով պատրաստված գաղտնարանները,

- մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթի քննության համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Նույն հոդվածով օրենսդիրը սահմանել է այդ առարկաները վերցնելու ընթացակարգը, որը տվյալ գործընթացում ապահովում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի` պետական մարմնի առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը: Մաքսային օրենսգրքի ուսումնասիրության արդյունքում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ վերը նշված իրավակարգավորումը միակն է Մաքսային օրենսգրքում, որը սահմանում է այն առարկաների ցանկը, որոնք կարող են վերցվել մաքսային մարմնի կողմից, և դրանք վերցնելու կարգը: Որևէ այլ նորմով սահմանված չէ, որ նույն կամ այլ ընթացակարգով կարող են վերցվել նաև այլ առարկաներ:

Միաժամանակ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ապրանքներ վերցնելու ինստիտուտը կոչված է ապահովելու մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթի արդյունավետությունը, որը հնարավորություն է ընձեռում մաքսային մարմնին հայտնաբերելու և կանխելու մաքսային իրավախախտումները: Իսկ վերջինն այն հանրային շահն է, որն արդարացնում է ապրանքներ տեղափոխող անձանց իրավունքների սահմանափակման անհրաժեշտությունը: Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող կանոնակարգումն ամրագրված է «Վերցված ապրանքները վերադարձնելու ժամկետը» վերտառությամբ հոդվածում, արձանագրում է, որ այս հոդվածի ենթադրյալ նպատակը պետք է ուղղված լիներ ապահովելու Մաքսային օրենսգրքով նախատեսված ապրանքների վերցման ինստիտուտի իրացման տրամաբանական զարգացումը` ապրանքները վերադարձնելու ժամկետներ սահմանելու միջոցով: Նման հետևությունը բխում է թե՛ վերաբերելի նորմերի համադրված վերլուծությունից, թե՛ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնակարգման պահանջից, համաձայն որի` «…հոդվածների վերնագրերը պետք է համապատասխանեն հոդվածների բովանդակությանը…»: Այստեղից հետևում է, որ քննարկվող հոդվածի շրջանակներում տեղ են գտել ոչ միայն Մաքսային օրենսգրքի 212-րդ հոդվածով նախատեսված կանոնակարգման կիրառման արդյունքում ապրանքներ վերցնելու պարագայում դրանց վերադարձման ժամկետները, այլ նաև մեկ այլ ինստիտուտ` տուգանքների, մաքսային վճարների կատարման ապահովման համար ապրանքների վերցման ինստիտուտը, մինչդեռ որևէ այլ նորմ Մաքսային օրենսգրքում չի կանոնակարգում ո՛չ մաքսային մարմնի համապատասխան լիազորությունը, ո՛չ էլ այդ լիազորության իրացման ընթացակարգը: Արդյունքում` որոշակի կոնկրետ իրավահարաբերության կանոնակարգմանը նվիրված ընթացակարգային նորմ պարունակող հոդվածում տեղ է գտել մեկ այլ իրավահարաբերության կարգավորման ընթացակարգային նորմ` համապատասխան իրավահարաբերության նյութաիրավական կանոնակարգման բացակայության պայմաններում, ինչի հետևանքով, մի կողմից, առաջ է եկել անձի սեփականության իրավունքին միջամտության իրավիճակ` առանց մաքսային մարմնի համապատասխան լիազորության, մյուս կողմից` այն իրացվում է անհրաժեշտ կառուցակարգերի բացակայության պայմաններում: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում անձն իր սեփականության իրավունքին միջամտության գործընթացում զրկվում է իր իրավունքն արդյունավետ պաշտպանելու հնարավորությունից:

 

7. ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը»։ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը։

Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի։

Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ…»։

ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-903 որոշման մեջ սահմանել է, որ. «ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը նախատեսում է սեփականության իրավունքի իրականացման սահմանափակման միմյանցից տարանջատվող չորս հանգամանք.

ա) սեփականության իրավունքի իրականացման սահմանափակում` շրջակա միջավայրին վնաս պատճառելու, այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը խախտելու արգելքով (31-րդ հոդվ. 1-ին մասի երկրորդ նախադասություն),

բ) սեփականազրկում (31-րդ հոդվ. 2-րդ մաս),

գ) սեփականության հարկադիր օտարում հասարակության և պետության կարիքների համար (31-րդ հոդվ. 3-րդ մաս),

դ) հողի սեփականության իրավունքի սահմանափակում՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար…»:

ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում արտահայտել է նաև իրավական դիրքորոշումներ «սեփականությունից զրկելու» ինստիտուտի առնչությամբ (ՍԴՈ-903, ՍԴՈ-1073, ՍԴՈ-1142): Մասնավորապես, իր` 13 հուլիսի 2010 թվականի ՍԴՈ-903 որոշման մեջ սահմանադրական դատարանը, անդրադառնալով «սեփականությունից զրկելու» բնութագրիչ տարրերին, մասնավորապես արձանագրել է. «… սահմանադրական դատարանը գտնում է, որ սեփականությունից զրկելու ինստիտուտին բնորոշ են հետևյալ հիմնական պարտադիր տարրերը.

- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում սեփականատիրոջ կամքին և համաձայնությանը հակառակ տվյալ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի անհատույց դադարեցում,

- սեփականությունից զրկումը կիրառվում է որպես պատասխանատվության միջոց,

- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում տվյալ գույքի նկատմամբ սեփականատիրոջ ունեցած` տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավազորությունների միաժամանակյա և լիակատար դադարում` առանց շարունակականության երաշխավորման»։

Սեփականությունից զրկելու տեսանկյունից վիճարկվող դրույթի գնահատման համար սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող դրույթն ուսումնասիրել դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դրույթների հետ, այդ թվում բացահայտել վիճարկվող դրույթը ներառող իրավանորմի հետապնդած նպատակը: Այսպես, Մաքսային օրենսգրքի` վիճարկվող խմբագրությամբ 224-րդ հոդվածը սահմանում է` անձը, որից սույն օրենսգրքի 212-րդ հոդվածով սահմանված կարգով կամ տուգանքի, մաքսային վճարների գանձումն ապահովելու նպատակով վերցվել են ապրանքներ` անկախ սեփականության պատկանելությունից, կարող է դրանք ստանալ տուգանքի վճարումից, մաքսային վճարների և պարտավորությունների կատարումից հետո` տասնհինգօրյա ժամկետում: Վիճարկվող կանոնակարգման համատեքստում ապրանքների վերցման նպատակն ուղղակիորեն բխում է նույն այդ կանոնակարգումից, մասնավորապես` ապրանքները վերցվում են տուգանքի, մաքսային վճարների գանձումն ապահովելու նպատակով: Նշված բնորոշումից ակնհայտ է, որ այն հանդես չի գալիս որպես պատասխանատվության միջոց, չնայած որ իրականացվում է անձի կամքին հակառակ` որպես հարկադիր գործողություն (այսինքն՝ պետության կողմից կիրառվող հարկադրանքի միջոց է), քանզի տարբեր են սեփականությունից զրկելու և քննարկվող ինստիտուտի նպատակները: Սեփականությունից զրկելը դիտվում է որպես պատասխանատվության միջոց, որն առաջացնում է անբարենպաստ հետևանքներ սեփականատեր անձի համար օրենքի պահանջներին չհամապատասխանող վարքագիծ դրսևորելու պարագայում, իսկ խնդրո առարկա իրավակարգավորումը պատասխանատվության միջոց չէ, այլ միտված է ապահովելու անձի կողմից օրենքով նախատեսված պարտավորության կատարումը: Բացի դրանից, այն հանգամանքը, որ ապրանքների վերցնումն իրականացվում է պարտավորության կատարումն ապահովելու նպատակով, վկայում է, որ պարտավորության կատարման արդյունքում սեփականության իրավունքի սահմանափակումները վերանալու են, այսինքն` ապրանքների վերցման պարագայում երաշխավորվում է տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնումը, մինչդեռ սեփականությունից զրկելն անվերապահ է: Այս մասին է վկայում նաև Մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածում ամրագրված այն դրույթը, ըստ որի` «…կարող է դրանք ստանալ տուգանքի վճարումից, մաքսային վճարների և պարտավորությունների կատարումից հետո` տասնհինգօրյա ժամկետում»:

Վերոգրյալի հիման վրա սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունքին` խնդրո առարկա միջամտությունն իր բնույթով չի հանդիսանում սեփականությունից զրկում ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի իմաստով:

 

8. ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1073 որոշմամբ, քննության առնելով անձի սեփականության իրավունքի սահմանափակման հիմնահարցը, նշել է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը միանշանակ սահմանում է, որ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Շեշտադրվում է նաև, որ նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար: Եվրոպական դատարանը, իր հերթին, Սպորոնգը և Լոնրոթն ընդդեմ Շվեդիայի գործով (CASE OF SPÖRRONG AND L`NNROTH v. SWEDEN, Application no. 7151/75; 7152/75) սահմանել է, որ «...արձանագրության առաջին հոդվածը բաղկացած է երեք կանոններից` առաջին կանոնը, որը ընդհանուր բնույթի է, նախատեսում է սեփականությունից անարգել օգտվելու իրավունքը, դա նշված է առաջին պարբերության առաջին նախադասությունում: Երկրորդ կանոնը նախատեսում է սեփականությունից զրկելը և որոշակի պայմաններ վերջինիս համար: Երրորդը ամրագրում է պետության իրավունքը վերահսկելու սեփականության օգտագործումը ընդհանուր հետաքրքրությանը համապատասխան, այնպիսի օրենքներ կիրառելու միջոցով, որոնք անհրաժեշտ են երկրորդ պարբերության մեջ նշված նպատակների համար»:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև վիճարկվող դրույթի ուժով սեփականության զրկում տեղի չի ունենում, այնուհանդերձ, ի հայտ է գալիս անձի սեփականության իրավունքի բովանդակությունը կազմող իրավազորություններից օգտվելու հնարավորությունների բացակայություն, քանի որ ակնհայտ է, որ վերցման ենթարկված գույքը, որոշակի ժամանակահատվածում որպես սեփականություն հանդիսացող օբյեկտ, սեփականատիրոջ կողմից տնօրինվել, օգտագործվել կամ կառավարվել չի կարող: Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դիտարկել քննության առարկա կանոնակարգումը ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` սեփականության իրավունքը շրջակա միջավայրի պաշտպանության, այլ անձանց, հանրության, պետության իրավունքների և օրինական շահերի հետ ներդաշնակ իրականացնելու սահմանադրաիրավական սկզբունքի տրամաբանության լույսի ներքո: Ինչպես նշվեց, վիճարկվող կանոնակարգումը նպատակ է հետապնդում ապահովել մաքսային իրավահարաբերությունների շրջանակներում տուգանքի, մաքսային վճարների գանձումը, այսինքն` կոչված է ապահովելու համապատասխանաբար տուգանք վճարելու, մաքսային վճար կատարելու համար պատասխանատու անձի կողմից իր պարտավորության կատարումը: ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1073 որոշմամբ, քննության առնելով հարկային իրավահարաբերությունների շրջանակներում կիրառվող արգելանքի ինստիտուտը, որը կոչված է ապահովելու անձի կողմից իր հարկային պարտավորությունների կատարումը, որոշակի իրավապայմանների առկայության պայմաններում իրավաչափ է համարել սեփականության իրավունքի սահմանափակումը` ի կատարումն ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածով նախատեսված` անձի պարտավորության: Այդուհանդերձ, սույն գործով վիճարկվող դրույթը, նախատեսելով սեփականության իրավունքի սահմանափակում` առանց վերոնշյալ որոշման մեջ արձանագրված իրավապայմանների, միաժամանակ տարբերակում չի դնում իրավախախտում կատարած սուբյեկտի և այլ սուբյեկտների սեփականության հարցում: Եթե ՍԴՈ-1073 որոշմամբ քննության առնված սեփականության իրավունքի սահմանափակումն իրացվում է ի ապահովումն անձի կողմից իր պարտավորությունների կատարման` իր իսկ գույքի հաշվին, այն էլ ոչ ամբողջ, այլ միայն չկատարված պարտավորության չափով, ապա Մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածով նախատեսված կանոնակարգման պայմաններում ոչ միշտ է, որ անձի մեղքով օրենքի խախտման հետևանքով իր սեփականության իրավունքն է սահմանափակվում` որպես երաշխիք ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունների կատարման: Քննարկվող կանոնակարգման պայմաններում հնարավոր է երկու իրավիճակ` առաջինը, երբ անձը ՀՀ մաքսային սահմանով տեղափոխում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը, երկրորդ դեպքում` այլ անձի կամ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքը: Մասնավորապես, նման իրավիճակ է առաջանում, երբ ապրանք տեղափոխողն օգտվում է մաքսային բրոքերի (միջնորդ) ծառայություններից՝ քաղաքացիաիրավական պարտավորությունների շրջանակներում: Եթե առաջին դեպքում սեփականության իրավունքին միջամտությունը կարող է իրավաչափ համարվել, քանզի անձն իր իսկ մեղքով թույլ տրված խախտման համար ենթարկվում է վարչական տույժի, և որպես դրա կատարման երաշխիք` իր գույքի նկատմամբ նրա սեփականության իրավունքն է սահմանափակվում, ապա երկրորդ դեպքում անձը կրում է բացասական հետևանքներ` անկախ իր մեղքից, մեկ այլ անձի վարքագծի (գործողությունների կամ անգործության)` այսինքն, վերջինիս կողմից ստանձնված քաղաքացիաիրավական պարտականությունների ոչ պատշաճ կատարման պատճառով:

ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշման մեջ արձանագրել է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9, 32 և 279-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը վկայում է, որ վարչական պատասխանատվության սկզբունքներից է «պատասխանատվությունը մեղքի համար» սկզբունքը, ինչը նշանակում է, որ վարչական տույժը (պատասխանատվությունը) կարող է կիրառվել միայն վարչական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր անձի նկատմամբ: Այդ սկզբունքն է ընկած նաև մաքսային կանոնների խախտման համար պատասխանատվության հիմքում: Մասնավորապես, ՀՀ մաքսային օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական և պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության: Հետևաբար` մեղքը, որպես վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հանդիսանում է վարչական պատասխանատվության իրավական միակ նախապայմանն ու նախադրյալը: Նշված սկզբունքը սերտորեն առնչվում է նաև վարչական պատասխանատվության մեկ այլ սկզբունքի` անձնական պատասխանատվության սկզբունքին, որի համաձայն անձը ենթակա է պատասխանատվության միայն անձամբ կատարած իրավախախտման համար…»:

Զարգացնելով ՍԴՈ-920 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, քանի որ պատասխանատվության սուբյեկտ է համարվում անձը, ով թույլ է տվել օրենքի խախտումը, հետևապես` պարտավորության կատարումն ապահովելու միջոցները պետք է իրացվեն բացառապես իրավախախտում թույլ տված և պատասխանատվության ենթարկված անձի գույքի հաշվին: Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ եթե ապրանքների վերցման նպատակը տուգանքի վճարման, մաքսային վճարների կատարման պարտավորության ապահովումն է, ապա այն չի կարող իրացվել` անկախ վերցման ենթակա ապրանքի սեփականության պատկանելությունից, քանի որ իրավախախտը համապատասխան պարտավորությունը պատշաճ կատարելու շահագրգռվածություն կարող է ունենալ իր սեփականության իրավունքի սահմանափակումը վերացնելու և սեփական գույքի հանդեպ բացասական հետևանքներ կրելուց խուսափելու հեռանկարի պարագայում, մինչդեռ վիճարկվող կանոնակարգումը չի ապահովում պարտավորության կատարման շահագրգռվածության և սեփականության իրավունքի սահմանափակման` որպես նպատակի և միջոցի հարաբերակցության տրամաբանական փոխպայմանավորվածությունը: Ավելին, հիշյալ իրավակարգավորմամբ գործնականում խախտվում են իրավական պատասխանատվության ինստիտուտի կիրառման հանրային-իրավական սկզբունքները (անհատականացում, մեղքի առկայություն և այլն), որի արդյունքում այն չի կարող արդյունավետորեն ծառայել դրանցով հետապնդվող նպատակներին:

Վերոգրյալի հիման վրա սահմանադրական դատարանը գտնում է, որ այլ անձի ոչ իրավաչափ վարքագծով (գործողությունով կամ անգործությամբ) պայմանավորված անձի սեփականության իրավունքի սահմանափակումը` ապահովելու համար խախտումը թույլ տված անձի կողմից իր պարտավորության կատարումը, հանդես է գալիս որպես ոչ իրավաչափ միջամտություն իրավախախտում թույլ չտված անձի սեփականության իրավունքի նկատմամբ և աղերսներ չունի մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթի բնականոն ընթացքի երաշխավորման անհրաժեշտության հետ:

 

9. Անդրադառնալով վիճարկվող կանոնակարգման կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների հիմնահարցին` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Մաքսային օրենսգրքում բացակայում են այն երաշխիքները, որոնց համադրության լույսի ներքո է բացառապես ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչել սեփականության իրավունքի իրացման հնարավորության սահմանափակումը` որպես ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածով նախատեսված պարտավորության իրացման ապահովմանն ուղղված` ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` սեփականության իրավունքի իրացման սահմանադրաիրավական սկզբունքի դրսևորման ձև: ՍԴՈ-1073 որոշմամբ մատնանշված երաշխիքներն առավելապես հանգում են նրան, որ պարտավորությունների կատարումն ապահովելու համար գույքի նկատմամբ արգելանք/վերցնում կարող է կիրառվել պարտավորությունների կատարումն այլ միջոցներով ապահովելու բոլոր հնարավորություններն սպառելուց հետո: Մինչդեռ սույն գործով քննության առարկա իրավիճակում գույքը վերցվում է անմիջապես` անկախ սեփականության պատկանելությունից, հետևաբար՝ ոչ իրավաչափ եղանակով: Բացի դրանից, Մաքսային օրենսգրքում չկան գույքի վերցման այլընտրանքային կառուցակարգեր, մինչդեռ հարկային իրավահարաբերությունների շրջանակներում արգելանքի ինստիտուտի սահմանադրականության հարցը քննելիս սահմանադրական դատարանն այդպիսիների առկայությունը դիտարկել է որպես գործուն կառուցակարգ անձի իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում: Մաքսային օրենսգրքում բացակայում է նաև գույքի այն տեսակների ցանկը, որոնց պահումն արգելվում է: Մինչդեռ նման կանոնակարգման առկայությունը «Հարկերի մասին» ՀՀ օրենքում ևս ՍԴՈ-1073 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է որպես արգելանքի իրացման ընթացքում կարևոր երաշխիք:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև նշել, որ Մաքսային օրենսգրքի վիճարկվող դրույթից պարզ չի դառնում, թե տուգանք նշանակելու պարագայում գույքի սեփականատերը կարող է վճարել տուգանքն իրավախախտում կատարած սուբյեկտի փոխարեն, թե` ոչ: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նման հնարավորության բացակայության պայմաններում մեծանում է անձի իրավունքների խախտման ռիսկը, քանի որ անձի սեփականության իրավունքի սահմանափակման վերացումը պայմանավորվում է մեկ այլ անձի վարքագծով, և գույքի սեփականատերը իրավախախտում կատարած սուբյեկտի կողմից երկարատև ժամանակահատվածում տուգանքը չվճարելու պարագայում կարող է կրել լուրջ ֆինանսական և այլ կորուստներ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ թեև սեփականության իրավունքի իրացումը կարող է ժամանակավորապես կասեցվել տուգանքների, մաքսային վճարների կատարման ապահովման նպատակով, սակայն այս հիմքով սեփականության իրավունքին միջամտության օրենսդրական կանոնակարգումը պետք է հնարավորություն ընձեռի անձին պաշտպանելու իր իրավունքը: Անձի սեփականության իրավունքին միջամտությունը պետք է բխի տվյալ անձի կողմից տուգանքի և մաքսային վճարի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից, պետք է լինի բավարար և անհրաժեշտ այդ նպատակին հասնելու համար, իրավասու մարմնի լիազորությունը և այդ լիազորության ընթացակարգը պետք է որոշակիորեն ամրագրված լինեն օրենսդրական մակարդակում` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտացոլված` սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիքներ ամրագրելու անհրաժեշտությունը:

Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալին.

նախ` վեճի առարկա իրավակարգավորումը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի /մասնավորապես` 41-րդ հոդվածի 1-ին մաս, 36-րդ հոդվածի 4-րդ մաս/ պահանջներին,

երկրորդ` Մաքսային օրենսգրքով սահմանված չէ մաքսային տուգանքների և պարտավորությունների կատարման նպատակով ապրանքներ վերցնելու ընթացակարգ, իսկ 224-րդ հոդվածում «վերցնել» եզրույթը, ի տարբերություն 212-րդ հոդվածով նախատեսված` մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտների առնչությամբ գործողության, վերաբերում է ոչ թե մաքսային իրավախախտումների բացահայտմանն ու կանխարգելմանը, այլ տուգանքի, մաքսային վճարների և պարտավորությունների կատարման ապահովմանը,

երրորդ` վեճի առարկա իրավադրույթի կիրառման պայմաններում հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ վերցված ապրանքը հետագայում չի կարող դառնալ բռնագանձման առարկա, որի պարագայում այդ ապրանքը վերցնելը չի կարող նպատակ ունենալ ապահովելու մաքսային տուգանքների և վճարների կատարման պարտականությունը,

չորրորդ` վիճարկվող դրույթն այնքանով, որքանով տարբերակում չի դնում տարբեր սեփականատերերի գույքի միջև և առաջացնում է անբարենպաստ իրավական հետևանքներ այն սուբյեկտների համար, որոնց վարքագծով պայմանավորված չէ իրավախախտման փաստը, հանգեցնում է վերջիններիս սեփականության իրավունքի իրացման ոչ իրավաչափ միջամտության:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64, 68 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածի` «անկախ սեփականության պատկանելությունից» դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

3 հունիսի 2014 թ.

ՍԴՈ-1153