ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով ստեղծված պայմաններում պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների ծանր սոցիալական վիճակը, ելնելով ազգային արժեքների վերաիմաստավորման շրջանում նրանց ավանդի նկատմամբ պատշաճ վերաբերմունքի դրսևորման անհրաժեշտությունից և նպատակ ունենալով հանրապետության անցումային շրջանում տեղի ունեցող գործընթացներին մասնակից դարձնել ավագ սերնդին, որոշում եմ.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին` ապահովել պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների սոցիալական պաշտպանվածությանը վերաբերող համապատասխան ակտերի ընդունումը:
2. Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարիատներին` օգտագործել իրենց տարածքներում բնակվող պատերազմի և զինված ուժերի վետերանների ներուժը, ռազմական կառույցների ձևավորման, զորակոչի անցկացման և դրա կարևորության քարոզչության գործում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկամսյա ժամկետում քննության առնել և լուծել Հայաստանի Հանրապետության և Արցախի պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի միությանը համապատասխան աշխատանքային տարածք տրամադրելու հարցը:
4. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը` պարբերաբար եթերում տեղ հատկացնել պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերաններին վերաբերող հաղորդումներին` նրանց պրոբլեմներին լայն հասարակական հնչեղություն տալու համար:
5. Հայաստանի Հանրապետության հուշարձանների պահպանության վարչությանը, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել անհայտ զինվորի և երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հուշարձանների խնամքն ու պահպանությունը ուժեղացնելու համար:
6. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
25 դեկտեմբերի 1992 թ. ՆՀ-183 |