Գլխավոր տեղեկություն
Համար
N 765-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.05.2014-08.03.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.06.16/31(330) Հոդ.758
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.05.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.06.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2004 թվականի N 765-Ն

 

ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 01.07.10 N 924-Ն)

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` ռազմական նշանակության արտադրանքի, երկակի նշանակության ապրանքների ու երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների (այսուհետ` հսկվող ապրանքներ և հսկվող ոչ նյութական արժեքներ) նկատմամբ հսկողության մեխանիզմի արդյունավետության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 01.07.10 N 924-Ն, լրաց. 08.05.14 N 491-Ն)

1. Հաստատել հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 01.07.10 N 924-Ն)

2. Սահմանել, որ հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված սերտիֆիկացման մարմինները:

(2-րդ կետը փոփ. 01.07.10 N 924-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 27
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 20-ի N 765-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 01.07.10 N 924-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) անցկացման կարգն ու պայմանները:

Փորձաքննություն իրականացնելիս սույն կարգով սահմանված պահանջները` կապված քրեական վարույթի, վարչական իրավախախտումների վերաբերյալ, ինչպես նաև մաքսային կանոնների խախտմանն առնչվող գործերի հետ, կիրառվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ և մաքսային օրենսդրության նորմերին:

(1-ին կետը փոփ. 01.07.10 N 924-Ն)

2. Արտահանման վերահսկողության համար փորձաքննությունն անցկացվում է հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքներ արտահանող սուբյեկտների (այսուհետ` արտահանող սուբյեկտ) պատվերով կամ հետաքննության, նախաքննության, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթ իրականացնող կամ վերահսկող մարմինների հարցումների հիման վրա (այսուհետ` փորձաքննության պատվիրատուներ):

(2-րդ կետը փոփ. 01.07.10 N 924-Ն)

3. Փորձաքննության հիմնական խնդիրները փորձաքննության ներկայացվող ապրանքների կամ տեխնոլոգիաների` հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների խմբին պատկանելությունը պարզելն է:

Այդ նպատակով սահմանվում են`

ա) ապրանքների կամ տեխնոլոգիաների ընդունված առևտրային (տեխնիկական) անվանումը, հատուկ նշանները և չափանիշները, որոնք փաստում են նրա պատկանելությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկերում (այսուհետ` ցանկեր) ընդգրկված ապրանքների, նյութերի, արտադրատեսակների համասեռ խմբերին,

բ) գիտության և տեխնիկայի այն ոլորտները, որտեղ կիրառվում են կամ կարող են կիրառվել այդ ապրանքներն ու տեխնոլոգիաները, այդ թվում` դրանց օգտագործման հնարավորությունը զանգվածային ոչնչացման զենքի և դրանց փոխադրման միջոցների ստեղծման ժամանակ,

գ) ապրանքների կամ տեխնոլոգիաների համապատասխանությունը ներկայացված բնութագրերին և տեխնիկական նկարագրությանը,

դ) ապրանքների կամ տեխնոլոգիաների ֆիզիկական և քիմիական բաղադրությունը, դրանց բաղադրության մեջ մտնող բաղադրիչների քանակական հարաբերակցությունը, ապրանքանիշը, տեսակը, տիպը, մոդելը,

ե) ցանկերի համարները, ինչպես նաև արտահանման վերահսկողության ոլորտին վերաբերող` Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերը, որոնց գործողությունը տարածվում է հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների վրա:

(3-րդ կետը փոփ. 01.07.10 N 924-Ն)

4. Փորձաքննության արդյունքներն օգտագործվում են արտահանող սուբյեկտների կողմից արտահանման թույլտվություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետաքննության, նախաքննության, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթ իրականացնող կամ վերահսկվող մարմինների կողմից իրենց իրավասության հարցերի լուծման համար:

5. Փորձագիտական կազմակերպության ապօրինի գործողությունների պատճառով կամ այդ կազմակերպության կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով փորձաքննության պատվիրատուին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքով սահմանված կարգով:

 

II. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Փորձաքննությունն անցկացվում է փորձագիտական կազմակերպության կողմից` արտահանող սուբյեկտների պատվերով կամ հետաքննություն, նախաքննություն, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթ իրականացնող կամ վերահսկող մարմնի (պաշտոնատար անձի) հարցման հիման վրա, պայմանագրային հիմունքներով` փորձաքննության պատվիրատուի տեխնիկական առաջադրանքին (հարցմանը) համապատասխան:

7. Փորձաքննության պատվիրատուի տեխնիկական առաջադրանքում (հարցման մեջ) նշվում են`

ա) փորձաքննության պատվիրատուի մասին տեղեկություններ (իրավաբանական անձանց համար` նրանց լրիվ անվանումը, գտնվելու վայրն ու գործունեության իրականացման վայրը, ֆիզիկական անձանց համար` ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրային տվյալները և բնակության վայրը),

բ) փորձագիտական կազմակերպության անվանումը,

գ) փորձաքննության հիմքերը (դրա անցկացման անհրաժեշտության հանգամանքները),

դ) փորձաքննության ընթացքում լուծում պահանջող հարցերը,

ե) փորձաքննության անցկացման ժամկետները,

զ) փորձագիտական կազմակերպությանը տրամադրված նյութերը, այդ թվում` փորձանմուշները (ամբողջ օբյեկտին` իր բաղադրությամբ ու հատկություններով նույնական ապրանքի օպտիմալ մասնիկը) և ապրանքանմուշները (ապրանքի ամբողջ սերիային` իր կառուցվածքով, բաղադրությամբ ու հատկություններով նույնական ապրանքի միավորը), ինչպես նաև ապրանքների կամ տեխնոլոգիաների մասին տեղեկատվություն պարունակող փաստաթղթերը` տեխնիկական նկարագիրը, պետական ոչ ճյուղային ստանդարտները, տեխնիկական պայմանները, կոնստրուկտորական, տեխնոլոգիական և շահագործման փաստաթղթերը, լուսանկարները, տեխնիկական անձնագրերը, հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում անցկացված փորձարկումների արդյունքներին վերաբերող փաստաթղթերը:

8. Փորձաքննության ուղարկվող ապրանքների նմուշներն ու փորձանմուշները պետք է փաթեթավորվեն, կնքվեն և համարակալվեն: Փորձաքննության պատվիրատուների կողմից փորձագիտական կազմակերպություն ներկայացված փաստաթղթերի իսկությունը պետք է հավաստվի փորձաքննության պատվիրատուի ստորագրությամբ և կնիքով, եթե պատվիրատուն կնիք ունի:

(8-րդ կետը լրաց. 17.02.11 N 140-Ն)

9. Պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ կապված փորձաքննությունն անցկացվում է պետական կառավարման այն մարմնի թույլտվությամբ, որի ենթակայության ներքո են գտնվում նշված տեղեկությունները, և միայն այն փորձագիտական կազմակերպություններում, որոնք ունեն այդպիսի տեղեկությունների հետ աշխատելու համապատասխան թույլտվություն` օրենքով սահմանված կարգով:

Փորձաքննության անցկացման ժամկետները սահմանվում են փորձագիտական կազմակերպության կողմից` համաձայնեցնելով փորձաքննության պատվիրատուի հետ` ելնելով նախատեսվող աշխատանքների աշխատատարությունից և հետազոտման ներկայացված նյութերի ծավալից:

Փորձաքննության անցկացման ժամկետը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը:

(9-րդ կետը լրաց. 09.12.10 N 1601-Ն)

10. Փորձագիտական կազմակերպության ծառայությունների վճարը վճարվում է, ինչպես նաև փորձաքննության անցկացման հետ կապված այլ ծախսերի փոխհատուցումը կատարվում է փորձաքննության պատվիրատուի կողմից` համաձայն փորձագիտական կազմակերպության հետ կնքված պայմանագրի, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

Փորձաքննության վճարն ապրանքների յուրաքանչյուր կատեգորիայի համար չի կարող գերազանցել 60,000 դրամը` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

(10-րդ կետը լրաց. 09.12.10 N 1601-Ն)

11. Փորձագիտական կազմակերպությունը գրանցում և հաշվառում է փորձաքննությունների անցկացման մասին կնքված բոլոր պայմանագրերի, տրված փորձագիտական եզրակացությունների և եզրակացությունները տալու անհնարինության մասին գրությունները: Փորձաքննությունների անցկացմանը վերաբերող փաստաթղթերը ենթակա են պահպանման` 3 տարի ժամկետով, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

 

III. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Փորձաքննության անցկացման նպատակով փորձագիտական կազմակերպություն ներկայացված նյութերը գրանցվում և փոխանցվում են այն փորձագետներին, ովքեր նշանակվում են փորձագիտական կազմակերպության` գիտության և տեխնիկայի համապատասխան ոլորտների անհրաժեշտ գիտելիքներին տիրապետող աշխատողներից:

Փորձագետների ընտրությունը, նրանց կազմի հաստատումը և գործունեության կարգն իրականացվում են փորձագիտական կազմակերպության ղեկավարի կողմից:

Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների և տեխնոլոգիաների` տեխնիկապես բարդ փորձաքննության համար առանձին ոլորտների գծով կարող են կազմվել փորձագետների խմբեր` փորձագիտական կազմակերպության հաստիքային աշխատողներ չհամարվող գիտնականներից ու մասնագետներից` պայմանագրային հիմունքներով:

Փորձագիտական կազմակերպության արտահաստիքային աշխատողներն իրենց փորձագիտական գործունեությունն իրականացնում են սույն կարգին համապատասխան:

Պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին առնչվող ապրանքների ու տեխնոլոգիաների փորձաքննությունների անցկացման աշխատանքներում պետք է ներգրավվեն փորձագիտական կազմակերպության միայն այն հաստիքային աշխատողները, ովքեր ունեն նշված տեղեկություններին առնչվելու համապատասխան թույլտվություն` օրենքով սահմանված կարգով:

(12-րդ կետը փոփ. 01.07.10 N 924-Ն)

13. Փորձագիտական կազմակերպության ղեկավարը պատասխանատու է հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների արտահանման գործունեությունը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, նորմատիվատեխնիկական և հրահանգամեթոդական փաստաթղթերի պահանջների պահպանման համար:

(13-րդ կետը փոփ. 01.07.10 N 924-Ն)

14. Փորձագիտական կազմակերպության ղեկավարը`

ա) փորձաքննություն անցկացնելու նպատակով ստանում է փորձագիտական կազմակերպություն ներկայացված փաստաթղթերն ու նյութերը,

բ) հաստատում է փորձաքննությունների անցկացման ժամանակացույցը և դրա կատարման վերաբերյալ մեկ կամ մի քանի փորձագետների տալիս է հանձնարարական (գրավոր),

գ) փորձագետներին պարզաբանում է իրենց իրավունքներն ու պարտականությունները, նախազգուշացնում եզրակացություն տալուց խուսափելու կամ հրաժարվելու, կամ դիտավորյալ կեղծ եզրակացություն տալու դեպքում նրանց` օրենքով նախատեսված պատասխանատվության մասին,

դ) ապահովում է լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը փորձագետներին,

ե) ծանոթանում է փորձագետների կողմից անցկացվող հետազոտությունների արդյունքներին և ընթացքին` ցույց տալով գիտատեխնիկական ու մեթոդական բնույթի անհրաժեշտ օգնություն,

զ) ձեռնարկում է միջոցներ` փորձաքննության ներկայացված տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու համար,

է) փորձաքննության ավարտից հետո ստուգում է անցկացված հետազոտությունների ամբողջականությունը, փորձագետների կողմից կազմված եզրակացությունների հիմնավորվածությունը և ճշտությունը,

ը) փորձաքննության մասին եզրակացությունը` բոլոր նյութերի հետ միասին, ուղարկում է փորձաքննության պատվիրատուին:

15. Փորձագիտական կազմակերպության ղեկավարն իրավասու է իր լիազորությունները կամ դրանց մի մասը վերալիազորել իրեն ենթակա պաշտոնատար անձին:

16. Փորձագետը փորձաքննությունը կատարում է փորձագիտական կազմակերպության ղեկավարի գրավոր հանձնարարականի և փորձաքննության անցկացման նպատակով ներկայացված բոլոր նյութերի ու տեխնիկական առաջադրանքի հիման վրա:

17. Փորձագետի իրավունքներն ու պարտականություններն են`

ա) անհրաժեշտ հետազոտությունների, չափումների ու վերլուծությունների կատարումը,

բ) փորձագիտական կազմակերպություն ներկայացված ապրանքներին կամ տեխնոլոգիաներին առնչվող նյութերին ծանոթանալը,

գ) փորձագիտական կազմակերպության ղեկավարին դիմելը` փորձաքննության պատվիրատուից ապրանքների և տեխնոլոգիաների բազմակողմ ու օբյեկտիվ գնահատման համար անհրաժեշտ լրացուցիչ նյութեր պահանջելու համար,

դ) փորձագիտական կազմակերպության ղեկավարին եզրակացության կազմման անհնարինության մասին հայտնելը` այն դեպքում, երբ լուծում պահանջող հարցերի շրջանակը նրա մասնագիտական գիտելիքների սահմաններից դուրս է,

ե) հատուկ կարծիք հայտնելը, որը կցվում է փորձաքննության եզրակացությանը,

զ) փորձաքննության ներկայացված ապրանքների, նմուշների, փորձանմուշների, փաստաթղթերի և այլ նյութերի հետազոտության և բազմակողմանի ու օբյեկտիվ վերլուծության կատարումը, եթե դրանք հնարավորություն են ընձեռում, առանց լրացուցիչ տվյալների ստացման, լուծելու բարձրացված հարցերի մի մասը` եզրակացության մեջ նշելով այն պատճառները, որոնք անհնարին են դարձնում մնացած հարցերի լուծումը,

է) իր կողմից տրված եզրակացության արդյունքների օբյեկտիվությունն ու հիմնավորվածությունն ապահովելը,

ը) փորձաքննությունների անցկացման սահմանված կարգն ու ժամկետները պահպանելը,

թ) փորձաքննության պատվիրատուի ներկայացրած նյութերի պահպանությունն ու գաղտնիությունն ապահովելը,

ժ) անհրաժեշտության դեպքում` իր տված եզրակացության և կատարած գործողությունների վերաբերյալ բացատրություններ տալը:

 

IV. ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

18. Փորձաքննության անցկացման ավարտից հետո փորձագետները կազմում են գրավոր եզրակացություն, որտեղ պետք է նշվեն համապատասխան եզրահանգումներ:

Փորձագետը եզրակացությունը ներկայացնում է իր անունից` իր մասնագիտական գիտելիքներին համապատասխան կատարված հետազոտությունների հիման վրա, և իր տված եզրակացության համար կրում է անձնական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Միևնույն մասնագիտությունն ունեցող մի քանի փորձագետների կողմից փորձաքննության անցկացման դեպքում եզրակացությունն ստորագրում են բոլոր փորձագետները:

19. Փորձագիտական եզրակացությունը պետք է լինի օբյեկտիվ, փաստարկված և բաղկացած լինի 3 մասից` ներածական մաս, հետազոտական (նկարագրական) մաս և եզրակացություններ:

20. Եզրակացության ներածական մասում նշվում են`

ա) փորձաքննության պատվիրատուի մասին տեղեկությունները,

բ) փորձաքննության բնութագրությունը (առաջին, լրացուցիչ կամ կրկնակի),

գ) փորձագիտական կազմակերպության անվանումը,

դ) փորձագետի (փորձագետների) մասին տեղեկությունները` ազգանունը, անունը, հայրանունը, կրթությունը, մասնագիտությունը, գիտական աստիճանն ու գիտական կոչումը և զբաղեցրած պաշտոնը,

ե) փորձաքննության անցկացման նպատակով փորձագիտական կազմակերպություն նյութերը ներկայացնելու և եզրակացությունը կազմելու ամսաթվերը, տարեթվերը,

զ) փորձաքննության անցկացման հիմքերը,

է) փորձաքննության ներկայացված նյութերի և այլ հետազոտման օբյեկտների անվանումները, փորձագիտական կազմակերպություն դրանց փոխադրման միջոցները և փաթեթավորման ձևերը, հետազոտման ենթակա օբյեկտների պահպանությունն ու դրանց մասին տվյալները,

ը) փորձագետի կողմից տրված` լրացուցիչ նյութեր ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունները և դրանց հետազոտման արդյունքները:

21. Եզրակացության հետազոտական մասում նշվում են`

ա) փորձաքննության ներկայացված օբյեկտների վիճակը,

բ) հետազոտությունների անցկացման եղանակներն ու մեթոդները և օգտագործված նյութերը,

գ) կատարված զննումների, չափումների, անալիզների ու հաշվարկների արդյունքները,

դ) հավելվածներին հղումները և դրանց վերաբերյալ անհրաժեշտ բացատրությունները,

ե) հետազոտությունների արդյունքների փորձագիտական գնահատականը:

22. Եթե փորձագետին տրված հարցերից մի մասին հնարավոր չէ սպառիչ պատասխան տալ, ապա հետազոտական մասում նշվում են դրա պատճառները, և տրվում են համապատասխան խորհուրդներ փորձաքննությունն այլ մասնագետների կողմից անցկացվելու վերաբերյալ:

23. Փորձագետի (փորձագետների) եզրակացությունները շարադրվում են հարցերին տրված պատասխանների տեսքով` այն հաջորդականությամբ, որով դրանք ներկայացվում են եզրակացության ներածական մասում:

Եզրակացությունները պետք է միանշանակ սահմանեն ապրանքների կամ տեխնոլոգիաների պատկանելությունը (չպատկանելը) արտահանման վերահսկման ենթակա արտադրատեսակներին, պարունակեն բարձրացված հարցերի պատասխանները, ինչպես նաև` նշումներ այս կամ այն պատճառով դրանց լուծման անհնարինության մասին:

24. Արտահանման վերահսկողության նպատակների համար կարևորություն ներկայացնող, սակայն փորձագետին (փորձագետներին) չառաջադրված հարցերի, փորձաքննության անցկացման ժամանակ հայտնաբերված հանգամանքների մասին տվյալները ձևակերպվում են եզրակացության վերջում:

25. Եզրակացությունները պետք է շարադրվեն հստակ և միանշանակ: Չի թույլատրվում երկիմաստ մեկնաբանություններ տալը:

26. Տարբեր ոլորտներում մասնագիտացած մի քանի փորձագետների կողմից փորձաքննության անցկացման դեպքում ընդհանուր եզրակացություններն ստորագրվում են հետազոտություններին միասնական գնահատական տված և ընդհանուր կարծիք ունեցող փորձագետների կողմից: Եթե փորձագետներն ընդհանուր կարծիքի չեն հանգում, ապա ընդհանուր եզրակացության մեջ ձևակերպում են ինքնուրույն եզրակացություններ: Այդ դեպքում յուրաքանչյուր փորձագետ հիմնավորում է այլ փորձագետների հետ չհամաձայնելու պատճառները: Ինքնուրույն եզրակացությունների ձևակերպման դեպքում փորձագետները կարող են հաշվի առնել (օգտվել) այլ փորձագետների կողմից ստացված արդյունքները` դրա մասին նշելով իրենց եզրակացությունների հիմնավորումներում:

27. Եզրակացությունն ստորագրվում (հաստատվում) է փորձագիտական կազմակերպության ղեկավարի կողմից և վավերացվում կազմակերպության կնիքով:

28. Եզրակացության կազմման անհնարինության մասին գրությունը բաղկացած է 3 մասից` ներածական, պատճառաբանական և եզրափակիչ:

29. Եզրակացություն տալու անհնարինության մասին գրությունն ստորագրվում (հաստատվում) է փորձագիտական կազմակերպության ղեկավարի կողմից և վավերացվում կազմակերպության կնիքով:

30. Փորձագիտական կազմակերպությունը հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկին ապրանքի կամ արժեքի պատկանելության վերաբերյալ եզրակացությունը կամ այն տրամադրելու վերաբերյալ անհնարինության մասին որոշումը հանձնում է պատվիրատուին, իսկ պատճենը տրամադրում է լիազոր մարմնին:

Եթե փորձաքննությունն իրականացվել է հետաքննության, նախաքննության կամ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթ իրականացնող կամ հսկող մարմնի (պաշտոնատար անձի) հարցման հիման վրա, ապա եզրակացությունը տրվում է վերջինիս:

(30-րդ կետը խմբ. 01.07.10 N 924-Ն)

31. (կետն ուժը կորցրել է 01.07.10 N 924-Ն)

32. (կետն ուժը կորցրել է 01.07.10 N 924-Ն)

33. (կետն ուժը կորցրել է 01.07.10 N 924-Ն)

34. (կետն ուժը կորցրել է 01.07.10 N 924-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 01.07.10 N 924-Ն, լրաց. 09.12.10 N 1601-Ն, 17.02.11 N 140-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան