Գլխավոր տեղեկություն
Համար
N 406-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.04.30/22(1035).1 Հոդ.342.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2014 թվականի N 406-Ն

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 9-ի N 10-Ն որոշման N 1 հավելվածի 72-րդ կետը` Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2014 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2014 թվականի ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. ապրիլի 22
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 3-ի N 406-Ն որոշման

 

2 0 1 4  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ընդհանուր նկարագիրը

 

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը Հայաստանի Հանրապետության տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, որը մեծապես նպաստում է երկրի տնտեսության աճին, մրցունակության և արտադրողականության բարձրացմանը, հավելյալ արժեք ապահովող աշխատատեղերի ստեղծմանը և երկրի վարկանիշի բարձրացմանը: Ոլորտն ապահովում է բարձր եկամտաբերություն և գրավիչ է խոշորածավալ օտարերկրյա ներդրումների համար:

2. 2001 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության ինֆորմացիոն (տեղեկատվական) տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգը, 2008 թվականին` Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը, իսկ 2010 թվականին` Հայաստանում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգը: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի ՆՀ-896 հրամանագրով ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ, որի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։

3. Վերջին տասնամյակում կնքվել են փոխըմբռնման հուշագրեր և համագործակցության պայմանագրեր` ինչպես տարբեր երկրների` Հնդկաստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և այլն, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի տեխնոլոգիական առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «Ալկաթելը», «Հյուլեթ Փակարդը», «Սան Մայքրոսիսթեմսը», «Նեյշնլ Ինսթրումենթսը», «Մենթոր Գրաֆիքսը», «Սիսկոն», «Ինթելը», «Սինոփսիսը», «Դ-Լինքը», «Նոկիան», «ԱյԲիԷմը», «Օրակլը», «ՋիԷֆԱյը» և այլն։

4. Կազմակերպվել են «Արմթեք» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովը և «Դիջիթեք» տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների մասնագիտացված միջազգային ցուցահանդեսը:

5. 2013 թվականի դրությամբ ոլորտում ակտիվ աշխատում է ավելի քան 380 ընկերություն:

6. Ոլորտում ներգրավված է մոտավորապես 10740 մասնագետ:

7. Ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 379.1 մլն ԱՄՆ-ի դոլար:

8. 2008-2012 թվականների ընթացքում ոլորտում գրանցվել է 22.8% միջին տարեկան աճ:

9. Էլեկտրոնային կառավարման համակարգերի առավելագույն կիրառումը խթանելու նպատակով 2010 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներդրվել է www.e-gov.am էլեկտրոնային կառավարման պորտալը:

10. 2012 թվականի հունիսի 1-ից Հայաստանում կիրառվում են նոր կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր և նույնականացման քարտեր:

11. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011 թվականին ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում իրականացվում են այնպիսի լայնածավալ ծրագրեր, ինչպիսիք են` Վենչուրային կապիտալի/սկսնակ ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի ստեղծման, ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում վաճառքի գրասենյակի հիմնման, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման, ՀՀ-ում հավաստագրման կենտրոնի հիմնման, «Համակարգիչ բոլորի համար», ՏՏ-ի արտադրողականության բարձրացմանը, կադրերի կատարելագործմանը, վաճառքի ծավալների և օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանմանն ուղղված ՏՏ-ի ոլորտի զարգացման տարբեր ծրագրեր:

12. 2013 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակում 2013 թվականի հոկտեմբերի 5-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքում տեղի է ունեցել ՍԾՏՀ կազմակերպության տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների բարձրաստիճան պաշտոնյաների համաժողովը:

13. Հայաստանի Հանրապետությունը վերանշանակվել է որպես ՍԾՏՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների աշխատանքային խմբի համակարգող` 2013 թվականի հուլիսի 1-ից մինչև 2015 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար:

14. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն և աստիճանական կերպով շարունակում է աջակցել ոլորտի հետագա զարգացմանը։

15. 2013 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացվել էր 80 մլն դրամ, որպես պետական աջակցություն, ուղղված ՏՏ-ի ոլորտի զարգացմանը։ Նշված ծրագրի շրջանակում կատարվել են հետևյալ միջոցառումները`

1) Հայաստանի ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը և խթանելը Հայաստանում և արտերկրում, հետազոտություն, հասարակական իրազեկում.

2013 թվականին ամբողջությամբ փոփոխվել են հետազոտության անցկացման մոտեցումները` վերանայվել ու համալրվել են հարցաթերթիկները, աշխատանքներ են տարվել իրականացվող հետազոտության մեթոդոլոգիայի հիմնական տարրերի մշակման և շուկայի նախնական հետազոտության ուղղությամբ: Տարեցտարի կատարելագործվում են հետազոտության իրականացման մեթոդաբանությունն ու մոտեցումները, ինչը թույլ է տալիս վերլուծել և ստանալ ոլորտում առկա իրավիճակի առավել իրական պատկերը.

2) «Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ» միջոցառման շրջանակում անցկացվել են մի շարք համաժողովներ, ցուցահանդեսներ, մրցույթներ: Դրանք են`

ա. 2013 թվականի հոկտեմբերի 4-6-ը Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցավ 9-րդ ամենամյա միջազգային «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը` «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսով: «ԴիջիԹեք 2013» ցուցահանդեսին մասնակցեցին տեղական, կանադական, սինգապուրյան, ռուսական և ամերիկյան շուրջ 120 կազմակերպություններ,

բ. «Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովի ֆինանսավորում» միջոցառում.

2013 թվականի դեկտեմբերի 5-6-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» դահլիճում կայացավ վենչուրային համաժողով, որի ընթացքում ներկայացվեցին «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթի մասնակից թիմերի ծրագրերի շնորհանդեսները: Համաժողովը հնարավորություն ընձեռեց ծանոթանալու «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթի 1-ին փուլի արդյունքում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիայի և ճարտարագիտական ոլորտների 66 ծրագրից ընտրված 24 ներդրումային ծրագրին:

Ծրագրերը գնահատվեցին Հայաստանի և ԱՄՆ-ի վենչուրային կապիտալի ոլորտի ներկայացուցիչներից կազմված ժյուրիի կողմից: Համաժողովի (մրցույթի 2-րդ փուլ) ավարտին` 2013 թվականի դեկտեմբերի 6-ին ամփոփվեցին և հայտարարվեցին դրամաշնորհային մրցույթի 5 հաղթողները,

գ. «ՏՏ ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» արտագնա հանդիպում-քննարկումների կազմակերպում» միջոցառման շրջանակում.

2013 թվականի փետրվարի 22-24-ը Աղվերանի «Արթուրս» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «ՏՀՏ լիդերները առանց փողկապների» խորագրով 2013 թվականի առաջին հանդիպում-քննարկումը, որը նվիրված էր հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրների քննարկմանը:

2013 թվականի հունիսի 28-30-ը Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայզ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով 2013 թվականի երկրորդ հանդիպում-ֆորումը, որի շրջանակում քննարկվեցին ՏՀՏ ոլորտի զարգացման մի շարք հիմնահարցեր, մասնավորապես, տեխնոլոգիական ընկերությունների համար պետական գնումների մասնակցության ընթացքում ծագող խնդիրները, Հայաստանի ՏՀՏ մրցունակության ապահովման համար անհրաժեշտ հարկային և այլ օրենսդրական փոփոխությունները, սփյուռքի տեխնոլոգիական-մասնագիտական ներուժի հայտնաբերման և ներգրավման հարցերը:

 2013 թվականի սեպտեմբերի 27-29-ը Աղվերանի «Բեստ Վեսթերն Աղվերան» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով 2013 թվականի երրորդ հանդիպում-ֆորումը, որի շրջանակում քննարկվեցին տեխնոլոգիական հատվածի և պետության միջև համագործակցության խնդիրները, մասնավորապես, պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի հայեցակարգը և օրենքը, քաղաքացիաիրավական պայմանագրային եկամուտներից պարտադիր կուտակային բաղադրիչի մասհանումների առանձնահատկությունները:

2013 թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 1-ը Դիլիջանի «Դիլիջան» առողջարան հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ չորրորդ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» հանդիպում-քննարկումը: Միջոցառումը կազմակերպվել էր «Բիզնես ինովացիոն ֆորում» խորագրով, որի բացմանը մասնակցեց նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը: Ֆորումի նպատակն էր ընդլայնել Հայաստանի Հանրապետության տնտեսության տարբեր ոլորտներում ՏՀՏ ինովացիոն լուծումների ներդրման պահանջարկը:

«ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով պարբերաբար անցկացվող արտագնա հանդիպում-քննարկումների միջոցով բարձրացվել է հասարակության իրազեկվածության աստիճանը և ամրապնդվել են ոլորտի ներքին կապերը` հիմք ստեղծելով նորարարությունների, արտադրողականության բարձրացման և ՏՏ-ի ոլորտի ու հանրության միջև առավել լայն կապերի ամրապնդման համար,

դ. «Դիջիթեք բիզնես ֆորում 2013» միջոցառման շրջանակում 2013 թվականի հունիսի 21-22-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «Խելացի լուծումներ խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը, որին մասնակցեցին և իրենց տեխնոլոգիական լուծումներն առաջարկեցին 62 կազմակերպություններ և ծրագրեր, այդ թվում 43-ը` տեղական, իսկ 19-ը` արտասահմանյան: Ֆորումին մասնակցեցին և իրենց երկրների փորձն ու բիզնես ոլորտի ՏՏ-ի լուծումները ներկայացրեցին կազմակերպություններ Սինգապուրից, Վրաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բուլղարիայից, Ուկրաինայից,

ե. «ԱրմԹեք 2013» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի կազմակերպում» միջոցառման շրջանակում 2013 թվականի հոկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր հովանու ներքո տեղի ունեցավ «Արմթեք 2013» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 6-րդ ամենամյա համաժողովը, որն անցկացվեց Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում` «ԴիջիԹեք Էքսպո 2013» ցուցահանդեսին զուգահեռ: Համաժողովին մասնակցեց ավելի քան 200 մասնակից.

3) «Միջազգային համագործակցություն» միջոցառման շրջանակում իրականացվել են հետևյալ աշխատանքները`

ա. «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի բնականոն գործունեության ապահովում» միջոցառման շրջանակում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (ՄԻԿ) կազմակերպվել է 41 կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթաց (741 ժամ ընդհանուր տևողությամբ)` ներգրավելով առավել քան 790 ուսանող: ՄԻԿ-ը կազմակերպել է նաև անվճար դասընթացներ C# և C++ թեմաներով՝ ընդգրկելով ՏՏ-ի ոլորտի ավելի քան 50 ուսանող/մասնագետ: Բացի դրանից, ՄԻԿ-ի կողմից կազմակերպվել է 4 սեմինար, որոնց մասնակցել է շուրջ 220 մասնակից: ՄԻԿ-ի կողմից կազմակերպված պրակտիկայի ծրագրերի շնորհիվ ՏՏ-ի ոլորտի մոտավորապես 50 ուսանող/երիտասարդ մասնագետ ստացել է աշխատանքի հնարավորություն առաջատար մասնավոր կազմակերպություններում:

2013 թվականի ապրիլի 12-ին ՄԻԿ-ում կայացավ «Երևակայության գավաթ Հայաստան» մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցող 7 թիմից ՏՀՏ բիզնես ոլորտի առանցքային դերակատարներից կազմված ժյուրին ընտրեց մեկ հաղթող թիմ:

ՄԻԿ-ի կողմից կազմակերպվող և տարեցտարի ավելացող միջոցառումներն ու դասընթացները մեծապես նպաստում են ոլորտի բարձրորակ կրթական կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև որակյալ կադրերին աշխատատեղերով ապահովմանը,

բ. «Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի բնականոն գործունեության ապահովում» միջոցառման շրջանակում կազմակերպվել է 60 կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթաց (1800 ժամ ընդհանուր տևողությամբ), որոնց մասնակցել է շուրջ 500 մասնակից: Կենտրոնում կազմակերպվել է նաև 11 սեմինար (25 ժամ ընդհանուր տևողությամբ), որոնց մասնակցել է շուրջ 300 մասնակից:

Ուսումնական գործունեության հետ մեկտեղ կենտրոնն իրականացնում է նաև արդի գիտահետազոտական աշխատանքներ համապատասխան լսարանում, որն ապահովված է ՊԱՐԱՄ գերհամակարգչով, անհրաժեշտ սարքավորումներով, ծրագրային ապահովմամբ և գրականությամբ: Կենտրոնը շարունակում է համագործակցել ՏՏ-ի ոլորտի մի շարք կազմակերպությունների հետ՝ որակյալ կադրերի պատրաստման և վերջիններիս համապատասխան աշխատանքով ապահովելու նպատակով,

գ. «Ինթել», «Սիսկո», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Նոկիա» և այլ վերազգային ընկերությունների հետ կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացման ապահովում» միջոցառման շրջանակում իրականացվել են մի շարք աշխատանքներ: Մասնավորապես, «Ինթել» ընկերության հետ ստորագրված հուշագրում ամրագրված ուղղությունների իրականացման նպատակով ձևավորվել է համատեղ աշխատանքային խումբ:

«Նեյշնլ Ինսթրումենթս»-ի հետ համագործակցության շրջանակում 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորությամբ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) տեղի է ունեցել Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) պաշտոնական բացման արարողությունը:

2013 թվականին ՀՊՃՀ-ում տեղի է ունեցել նաև «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի նոր տարածքի պաշտոնական բացման արարողությունը:

2013 թվականին փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել «ԱյԲիԷմ», «ՋԻԷֆԱյ» և «Օրակլ» վերազգային կազմակերպությունների հետ, որոնց շրջանակում նախատեսվում է համատեղ հեռանկարային ծրագրերի իրականացում:

 

2. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնախնդիրները

 

16. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաբարձր հավելյալ արժեք ձևավորող ոլորտն է: Այնուամենայնիվ, ՏՏ-ի ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ ոլորտում առկա են նաև մի շարք հիմնախնդիրներ։ Դրանք են, մասնավորապես, ՏՏ-ի ոլորտի առաջնային զարգացումն ու էլեկտրոնային հասարակության կայացումն ապահովող կիրարկման մեխանիզմների բարելավման, ՏՏ-ի ոլորտի զարգացմանն ու էլեկտրոնային հասարակության կայացմանը նպաստող ներդրումների խթանման և ՏՏ-ի ոլորտի նոր վերազգային կազմակերպությունների ներգրավման հետ կապված խնդիրները, ՏՏ-ի ոլորտի տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանման և համաշխարհային շուկաներում կայուն դիրքավորման բարդությունները, ՏՏ-ի ոլորտում որակյալ և մրցունակ կրթական միջավայրի ձևավորման, միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները, ՏՏ-ի ոլորտում բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման և տեխնոլոգիական ձեռներեցությունը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման հետ կապված խնդիրները, ՏՀՏ ենթակառուցվածքների անբավարարությունը:

17. Նշված հիմնախնդիրների հաղթահարմանն են ուղղված 2014 թվականի ընթացքում նախատեսվող ծրագրային միջոցառումները։

 

II. ՏՏ-Ի ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

18. ՏՏ-ի ոլորտի խթանման ծառայությունների 2014 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է։

19. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 28-ի նիստի «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչելու մասին» N 58 արձանագրային որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի նիստի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 35 արձանագրային որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 9-ի N 10-Ն որոշումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

20. Ծրագրի հիմնական նպատակներն են`

1) Հայաստանում ՏՀՏ կատարելագործված ենթակառուցվածքներով, համակարգչային հագեցվածության և ինտերնետ հասանելիության բարձր աստիճանով, համակարգչային բարձր գրագիտությամբ, համատարած կիրառվող էլեկտրոնային ծառայություններով, խոշորածավալ տեղական ՏՏ-ի շուկայի առկայությամբ և առաջադեմ գիտելիքահենք արդյունաբերությամբ երկրի վարկանիշի ապահովումը.

2) մեծ հավելյալ արժեք ստեղծող հետազոտական և բարդ ինժեներական լուծումներ ու ծառայություններ մատուցող ընկերություններով, համաշխարհային շուկաներում մրցունակ տեղական ՏՏ-ի արտադրանքով զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացումը.

3) համաշխարհային շուկայում մրցակցային առավելություններ ունեցող «Հայկական ՏՏ ապրանքային նշան»-ի ներթափանցումն ու ներկայությունն ապահովող միջոցառումների իրականացումը.

4) հայկական ՏՀՏ ոլորտի մի շարք կարևոր բնագավառների աճը խթանելու նպատակով համապատասխան կրթությամբ մասնագետների պատրաստման, որակյալ աշխատուժի աճի պահպանման և զարգացման խնդիրների լուծումը.

5) ոլորտի արդյունավետության աճի պահպանումը և առավել զարգացումը (մինչև տարեկան 15-20% չափով).

6) որակյալ աշխատուժի աճի պահպանումը և առավել զարգացումը (մինչև տարեկան 10-12% չափով):

21. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) ՏՏ-ի ոլորտի զարգացման միտումների վերլուծությունն ու մարտահրավերների ուսումնասիրությունը, ոլորտի նվաճումների ներկայացումը, ոլորտի զարգացման խթանման, ներկայացման և առաջմղման համար մեխանիզմների մշակումը.

2) հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները տեղական ցուցահանդեսներում, համաժողովներում և այլ միջոցառումներում ներկայացնելու արդյունքում հասարակության իրազեկվածության աստիճանի բարձրացումը, տնտեսության այլ բնագավառներում ՏՏ-ի լուծումների կիրառման խթանումը, արտադրողականության աճի ու ապրանքների և ծառայությունների արտահանման ավելացումը.

3) ՏՏ-ի ոլորտի զարգացմամբ հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատման և ընդլայնման միջոցով նշված երկրների փորձի ներդրումը, սփյուռքահայության հետ համագործակցության ընդլայնումը, ներդրումների ներգրավումը, նպատակային երկարաժամկետ ծրագրերի իրականացումը և Հայաստանում միջազգային ճանաչում ունեցող ՏՏ-ի ոլորտի նոր վերազգային կազմակերպությունների ներգրավումը` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացումը և Հայաստանի, որպես տարածաշրջանային ՏՏ-ի հանգույցի իմիջի ձևավորումը.

4) ոլորտի որակյալ մասնագիտական կարողությունների զարգացումը, մասնավորապես, Մայքրոսոֆթ ինովացիոն և Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնների գործունեության ապահովումը, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպումը, Սիսկոյի ցանցային ակադեմիայի գործունեության ապահովումը, մասնագիտական դասընթացների կազմակերպումը, «Ինթել» կազմակերպության հետ համատեղ վերապատրաստման դասընթացների իրականացումը, «Նեյշնլ Ինսթրումենթս», «Նոկիա», «ԱյԲիԷմ», «Օրակլ», «ՋիԷֆԱյ» և այլ վերազգային ընկերությունների հետ կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացումը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

22. Ծրագրի իրականացումը պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ, որպես պետական աջակցություն, Հայաստանում ՏՏ-ի ոլորտի շարունակական զարգացմանը, համաշխարհային շուկայում դիրքավորմանը և երկրում գիտելիքահենք տնտեսության զարգացման ուղղությամբ իրական հնարավորությունների ստեղծմանը նպաստելն է:

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

23. Հայաստանի ՏՏ-ի ոլորտի ներկայացում և խթանում Հայաստանում ու արտերկրում, հետազոտություն, հասարակական իրազեկում`

1) ՏՏ-ի ոլորտի զարգացման հայեցակարգով առաջնային խնդիրներից են հանդիսանում ՏՏ-ի ոլորտում հաջողությունների հասած պետությունների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության խթանումն ու ապահովումը, Հայաստանում և արտերկրում ոլորտի ներկայացումը, Հայաստանի վարկանիշի ձևավորումը` որպես ՏՏ-ի տարածաշրջանային կենտրոն, այդ թվում` նպաստելով Հայաստանում մի շարք միջազգային նշանակության միջոցառումների պարբերական անցկացմանը, հեռանկարային ծրագրերի իրականացմանը և երկրի տնտեսական դաշտ ՏՏ-ի ոլորտի նոր վերազգային կազմակերպությունների ներգրավմանը` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացման և հայկական ՏՏ-ի ապրանքային նշանի առաջխաղացման նպատակով.

2) Հայաստանում ու արտերկրում ՏՏ-ի ոլորտի ներկայացումը, խթանումը և հասարակության իրազեկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան նյութերի նախապատրաստում և տպագրում։ Այդ ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել ոլորտին վերաբերող հետազոտություններ և վերլուծություններ, որոնք կներկայացնեն ՏՏ ոլորտի առկա իրավիճակը, այդ թվում` հիմնական խնդիրները և մարտահրավերները, ռազմավարական զարգացման հեռանկարները և վերջին տարիներին գրանցված նվաճումները։ Նշված հետազոտություններն ու վերլուծություններն արդյունավետ կծառայեն ոչ միայն բազմաթիվ միջոցառումների, հանդիպումների ընթացքում հայկական ՏՏ-ի ոլորտի ներկայացմանը, այլև տեղեկատվական աղբյուր կհանդիսանան ՏՏ-ի ոլորտում առկա հիմնական մարտահրավերների և դրանց հաղթահարման հնարավոր ուղիների, ոլորտի զարգացման հեռանկարների, ներդրումների ներգրավման և հետագա ռազմավարության մշակման համար.

3) խոշորագույն ցուցահանդեսներում և գագաթաժողովներում, միջազգային և տեղական շուկաներում Հայաստանի ՏՏ-ի ոլորտի ներկայացումը հանդիսանում է կարևորագույն գործոն Հայաստանի` որպես ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաներ ունեցող երկրի վարկանիշի բարձրացման, հայկական ՏՏ-ի ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ցուցադրման, միջազգային շուկաներում առանձին ընկերությունների ծրագրերի, լուծումների և ծառայությունների ներկայացման, նոր գործարար կապերի ստեղծման ու ընդլայնման, միջազգայնորեն մրցունակ հայկական ՏՏ-ի ապրանքային նշանի ձևավորման, ոլորտի վերջին համաշխարհային նվաճումներին ծանոթացման, շուկայական ուսումնասիրությունների ու վերլուծությունների կատարման համար.

4) Հայաստանում կազմակերպվող միջոցառումները (ցուցահանդեսներ, համաժողովներ, մրցույթներ և այլն) նպատակ ունեն ցուցադրելու հայկական ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները և նվաճումները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության, մասնավոր հատվածի, գիտական, կրթական հաստատությունների ու դոնոր կազմակերպությունների համագործակցության և համատեղ ջանքերի արդյունքներ։ Նշված միջոցառումներն ուղղված են խթանելու նաև ոլորտի վերաբերյալ հասարակության իրազեկվածության աստիճանի բարձրացումը` հիմք հանդիսանալով նորարարությունների, արտադրողականության ու մրցունակության բարձրացման և տեխնոլոգիական հանրության ներսում առկա կապերի ամրապնդման համար: «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում գտնվող «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում կկազմակերպվեն «Դիջիթեք-2014» ցուցահանդեսը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում` «Դիջիթեք բիզնես ֆորում 2014» համաժողովը, Աղվերանի «Բեսթ Վեսթերն Աղվերան», Ծաղկաձորի «Մուլտի Ռեսթ Հաուս», Աղվերանի «Արթուրս Աղվերան Ռեզորթ» և Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայզ» հյուրանոցներում` ՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով պարբերաբար անցկացվող արտագնա հանդիպում-քննարկումները, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում` Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովը, իսկ «Արմթեք 2014» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովը կանցկացվի ԱՄՆ-ում:

24. Միջազգային համագործակցություն`

1) Հայաստանում ՏՏ-ի ոլորտի նոր վերազգային կազմակերպությունների ներգրավումը, ինչպես նաև վերջիններիս հետ համատեղ ներդրումային և կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումն էական նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության, մասնավորապես, ՏՏ-ի ոլորտի արտադրողականության և մրցունակության բարձրացման համար: Այդ գործընթացի նպատակն է ուսումնասիրել և կիրառել ոլորտի միջազգային լավագույն փորձը, ներգրավել օտարերկրյա նոր ներդրումներ, ստեղծել նոր աշխատատեղեր: Նման նախաձեռնությունները պահանջում են երկարաժամկետ պետական պարտավորությունների ստանձնում, քանի որ նման պարտավորության առկայությունը հանդիսանում է համագործակցության երաշխավորման հիմնական գրավական, իսկ որոշ դեպքերում՝ նաև նախապայման.

2) միջոցառման շրջանակում կշարունակվեն իրականացվել Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, ինչպես նաև «Ինթել», «Սիսկո», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Նոկիա» և այլ վերազգային ընկերությունների հետ համատեղ ծրագրերը:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

25. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2014 թվականի ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 80000.0 հազ. դրամի չափով, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 3-ի N 406-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN
ը/կ

Միջոցառումը

Կատարողը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

Կատարման արդյունքները

1

2

3

4

5

6

1.

Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացում և խթանում Հայաստանում և արտերկրում, հետազոտություն, հասարակական իրազեկում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)

2014թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ աղբյուրներ

ՏՏ-ի ոլորտի զարգացման միտումների վերլուծություն, մարտահրավերների ուսումնասիրում, ոլորտի առաջխաղացումների ներկայացում, ոլորտի զարգացման խթանման, ներկայացման և առաջմղման համար մեխանիզմների ձևավորում

 

1.1. ՏՏ-ի ոլորտի հետազոտություն, ընկերությունների վերաբերյալ ուղեցույց և ներկա իրավիճակի վերլուծություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2014թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ աղբյուրներ

ՏՏ-ի ոլորտի հետազոտության, ներկա իրավիճակի վերլուծության և գնահատման արդյունքում ոլորտի հիմնական խնդիրների և մարտահրավերների բացահայտում

 

1.2. «Դիջիթեք 2014» ցուցահանդեսի և դրա շրջանակում այլ միջոցառումների ֆինանսավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)

2014թ.
2-րդ կիսամյակ

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ աղբյուրներ

ոլորտի ընկերությունների միջև նոր կապերի ստեղծման խթանում, ոլորտի նոր ընկերություններին շուկա մուտք գործելու և իրենց ապրանքներն ու ծառայությունները ցուցադրելու համար հնարավորությունների ստեղծում: «Դիջիթեք-2014» ցուցահանդեսի և դրա շրջանակում իրականացվող այլ միջոցառումներին ակնկալվում է մինչև 24000 մարդու այցելություն

 

1.3. «Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովի ֆինանսավորում» միջոցառման կազմակերպում և իրականացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2014թ.
2-րդ կիսամյակ

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ աղբյուրներ

նորարարական թիմերի խթանում, ձեռներեցության և նորարարության աջակցման մրցույթի և ամփոփիչ վենչուրային համաժողովի կազմակերպում
մրցույթի անցկացման արդյունքում մինչև 5 դրամաշնորհների տրամադրում

 

1.4. ՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով անցկացվող պարբերաբար արտագնա հանդիպում-քննարկումների կազմակերպում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)

2014թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ աղբյուրներ

միջոցառման շրջանակում 4 «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» հանդիպումների կազմակերպում
 Ակնկալվում է, որ կմասնակցեն ոլորտի 100
կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական 5 գերատեսչությունների ղեկավարներ, 25 նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի գործունեությունը լուսաբանող 20 լրագրողներ:

 

1.5. «Դիջիթեք բիզնես ֆորում 2014» համաժողով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)

2014թ.
1-ին կիսամյակ

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ աղբյուրներ

տնտեսության այլ բնագավառներում ՏՏ-ի ոլորտի գործիքների և լուծումների կիրառման հնարավորությունների ներկայացում, գործնական կապերի ստեղծման խթանում

 

1.6. «ԱրմԹեք 2014» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի կազմակերպում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2014թ.
2-րդ կիսամյակ

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Գործարար և մասնագիտական տեղեկատվության ստացման և բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ոլորտում կարևոր կապերի հաստատման խթանում, ՏՏ և բարձր տեխնոլոգիաների զարգացումների ներկայացում, արտասահմանյան ներդրումների խթանման, արտերկրում տեղական կազմակերպությունների առաջխաղացման համար կարևոր հարթակի ձևավորում

2.

Միջազգային համագործակցություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2014թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Հայաստանում ՏՏ-ի ոլորտի լավագույն միջազգային փորձի ներդրման և տարածաշրջանում Հայաստանի` որպես ՏՏ հանգույցի իմիջի ձևավորման խթանում, նման նախաձեռնությունների շրջանակում ստանձնված պետական պարտավորությունների ապահովում

 

2.1. Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի բնականոն գործունեության ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2014թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Ուսումնական ծրագրերի, դասընթացների, ինչպես նաև բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիաներով հետազոտական ծրագրերի իրականացում, մոտավորապես 500 ուսանողի և մասնագետի կարողությունների զարգացում

 

2.2. «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի բնականոն գործունեության ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2014թ.
ընթացքում

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ աղբյուրներ

կենտրոնի գործունեության ապահովում, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպում,
մոտավորապես 500 ուսանողի և մասնագետի կարողությունների զարգացում, մինչև 10 թիմի նախագծերի իրականացմանն աջակցություն

 

2.3. «Ինթել», «Սիսկո», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Նոկիա» և այլ վերազգային ընկերությունների հետ կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացման ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2014թ.
ընթացքում

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ աղբյուրներ

«Ինթել», «Սիսկո», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Նոկիա» և այլ վերազգային ընկերությունների հետ համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան