«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2006 թվականի N 352-Ն
ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին և N 8 հավելվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) հաշվառման դիմումի լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` մեկամսյա ժամկետում էլեկտրոնային կրիչով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել իրենց աշխատակազմերի կողմից ֆինանսական հատկացումներ ստացող`
ա) Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց սպայական կազմի ցուցակը` նշելով անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, մշտական բնակության վայրը, անձնագրի սերիան և համարը, սոցիալական քարտի համարը.
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության 1990-1994 թվականների ընթացքում մարտական գործողությունների մասնակիցների և նրանց ընտանիքի անդամների, դրա հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց ընտանիքի անդամների, զոհվածների ընտանիքի անդամների ցուցակը` նշելով անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, մշտական բնակության վայրը, անձնագրի սերիան և համարը, սոցիալական քարտի համարը։
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` մեկամսյա ժամկետում էլեկտրոնային կրիչով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց շարքային կազմի ցուցակը` նշելով անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, մշտական բնակության վայրը, անձնագրի սերիան և համարը, սոցիալական քարտի համարը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 05 ենթախմբի «13. Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրի ծախսերը (ծրագրի կատարման հետ կապված կառավարչական ծախսեր, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տեղեկատվական համակարգի ստեղծման և շահագործման ծառայության վճար, «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության տեղեկատվության ծառայության վճար, փոխհատուցումներ, փոխհատուցման վճարման ծառայության վճար).
բ) մինչև 2006 թվականի հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 05 ենթախմբի «13. Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրով նախատեսված փոխհատուցման գումարի բաշխման 2006 թվականի ժամանակացույցը.
գ) ապահովել զանգվածային լրատվության միջոցներով սույն որոշմամբ հաստատված կարգի մասին հանրության իրազեկումը.
դ) մեկ անձից գնում կատարելու ձևով ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված փաստաթղթերի ձևերի տպագրությունը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ու Երևանի թաղային համայնքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին.
ե) մինչև 2006 թվականի մայիսի 5-ը` մեկ անձից գնում կատարելու ձևով «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 16-րդ կետում նշված աշխատանքների իրականացման համար.
զ) մինչև 2006 թվականի ապրիլի 15-ը` մեկ անձից գնում կատարելու ձևով «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր` սույն որոշման հավելվածում նախատեսված աշխատանքների իրականացման համար.
է) մինչև 2006 թվականի հուլիսի 15-ը` մեկ անձից գնում կատարելու ձևով «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր` սույն որոշմամբ հաստատված կարգով փոխհատուցումների վճարումն իրականացնելու համար:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` երկշաբաթյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի թաղապետարանների սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի պահանջները բավարարող անհրաժեշտ աշխատանքային տարածքով, տրանսպորտային միջոցներով, կահույքով և համակարգիչներով համալրումը, անհրաժեշտության դեպքում ժամկետային աշխատանքային պայմանագրային կարգով համապատասխան աշխատողների ներգրավումը և արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տեղեկացումը:
6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` դիմումների հաշվառման գործընթացի ժամանակ Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի թաղային համայնքների ղեկավարների պահանջի դեպքում կազմակերպել լրացուցիչ միջոցառումներ` դիմումների ընդունման վայրերում հասարակական կարգի պատշաճ պահպանության համար:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին տրամադրել 2001 թվականին գույքագրված` «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության 1993 թվականի հունվարի 1-ի դրությամբ ավանդների գույքագրման բազան:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
1. Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի` ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն 2005 թվականի հուլիսի 1-ից սկսած մինչև նպաստառու ընտանիքների ցուցակների ճշտման օրը` 2006 թվականի ապրիլի 1-ը անընդմեջ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների կազմում ընդգրկված այն ավանդատուները, որոնք նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում խորհրդային ռուբլով դրամական ավանդ են ներդրել մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ:
2. Եթե ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի կազմում ընդգրկված անձի` ավանդատու հանդիսացող ամուսինը մահացած է և մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց կենդանի ամուսնու համար փոխհատուցում ստանալու իրավունքը ճանաչվում է որպես ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականության իրավունք:
3. Ամուսիններից յուրաքանչյուրը կարող է իր կենդանի ամուսնու անունից հաշվառման ներկայացնել իր կենդանի ամուսնու ավանդի տվյալները, որպես ավանդի գումարի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի մասնակից:
4. Փոխհատուցման իրավունք ունեցող անձանց հաշվառման, ինչպես նաև փոխհատուցման վճարման կազմակերպման աշխատանքներն իրականացնում են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները (այսուհետ` գործակալություն):
(4-րդ կետը խմբ. 30.04.09 N 456-Ն)
5. Դիմումների ընդունման ժամկետի սկիզբը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, որը չի կարող ապրիլի 12-ից ուշ լինել: Դիմումների ընդունման ժամկետը լրանում է 2006 թվականի մայիսի 12-ին:
6. Փոխհատուցում ստանալու համար սույն կարգի 1-ին կետով նախատեսված անձինք հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի գործակալությանն անձամբ կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում` համաձայն ձևի, և հետևյալ փաստաթղթերը`
ա) ավանդատուի անձը հաստատող փաստաթուղթը,
բ) ավանդատուի ընտանիքի սոցիալական անձնագիրը,
գ) ավանդատուի սոցիալական ապահովության քարտը,
դ) ավանդատուի խնայողական գրքույկը, ինչպես նաև դրա լուսապատճենը` գրքույկի առաջին էջի (պարունակում է մասնաճյուղի համարը, բաժանմունքի գտնվելու բնակավայրը (քաղաք, շրջան, գյուղ), հաշվեհամարը, ավանդատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնաճյուղի կնիքը և պաշտոնատար անձի ստորագրությունը) և 1993 թվականի հունվարի 1-ից 1993 թվականի հունիսի 10-ը ընկած ժամանակահատվածին վերաբերող մնացորդի էջերի մասով (եթե վերջին գրառումը կատարվել է մինչև 1993 թվականի հունվարի 1-ը, ապա վերջին գրառման էջի մասով),
ե) ամուսնության վկայական, եթե դիմողը ներկայացնում է կենդանի կամ մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաև` մահացած ավանդատու-ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները,
զ) Հայրենական Մեծ պատերազմի մասնակցին հավասարեցված անձ լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը և դրա լուսապատճենը,
է) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից տրամադրված տեղեկանքը և դրանց լուսապատճենները,
ը) ավանդատուի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը և դրանց լուսապատճենները,
թ) տեղեկանք «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված և մասնաճյուղի կնիքով կնքված) ավանդատուի բանկային հաշվի քարտում առկա տվյալների մասին, եթե խնայողական գրքույկում ավանդատուի անվան, ազգանվան, նրա հաշվեհամարին, մնացորդի ամսաթվին և գումարին վերաբերող գրառումներն անընթեռնելի կամ ջնջումով են, լրացված են թերի կամ մատիտով,
ժ) տեղեկանք «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված և մասնաճյուղի կնիքով կնքված) ավանդատուի բանկային հաշվի քարտում առկա տվյալների մասին, եթե խնայողական գրքույկը 1993 թվականից հետո նորացված է և դրանում բացակայում են 1993 թվականի մնացորդի վերաբերյալ տվյալները:
7. Յուրաքանչյուր ավանդային գրքույկի համար ներկայացվում է առանձին դիմում: Եթե ավանդային գրքույկը լրացված է ռուսերենով և ավանդատուի ազգանունը կամ անունը ռուսերենով տառացի չի համընկնում անձը հաստատող փաստաթղթում նշված հայերենին, սակայն բառով ակնհայտ նույնն է, ապա համարվում է, որ դիմողը հաշվետերն է, և տվյալներում մուտքագրվում է ազգանունը, անունը, ինչպես անձը հաստատող փաստաթղթում (օրինակ` Казарян-Կազարյան-Ղազարյան, Айк, Гайк-Հայկ):
8. Սույն կարգի կիրառման իմաստով բազմազավակ ծնող է համարվում 4 և ավելի կենդանի մինչև 18 տարեկան (2006 թվականի ապրիլի 1-ի դրությամբ) երեխա (ներառյալ որդեգրված) ունեցող անձը:
9. Սույն կարգի կիրառման իմաստով «երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակիչ», «մարտական գործողություններից տուժած սահմանամերձ բնակավայրի բնակիչ» չափանիշները կիրառելիս հիմք է ընդունվում սույն կարգի շրջանակներում դիմումը հաշվառման վերցնելու պահի դրությամբ անձի փաստացի բնակության վայրը` ըստ ընտանեկան նպաստի գործի:
Երկրաշարժից տուժած աղետի գոտի են համարվում «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ընդգրկված բնակավայրերը:
Սահմանամերձ բնակավայրեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության` մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» N 163 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերը:
10. Դիմումներն ընդունվում են մինչև աշխատանքային օրվա ժամը 16.00-ն:
11. Գործակալությունում դիմումների հաշվառման գործընթացում իրականացվում են հետևյալ գործառույթները`
ա) խորհրդատվություն, փոխհատուցում ստանալու համար սույն կարգի` բողոքարկման, դիմումի ձևի լրացման պարզաբանում, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի հետ ծանոթացում գործակալությունում կամ գործակալության պետի հանձնարարությամբ կատարված տնային այցելության ընթացքում, եթե ավանդատուն որևէ պատճառով չի կարող ներկայանալ գործակալություն և գրավոր կամ հեռախոսով խնդրել է կազմակերպել տնային այցելություն (ներառում է այցելություն բուժման վայր),
բ) դիմումների ընդունում` դիմումում նշված տվյալների համեմատությունը դիմողի անձնագրի, սոցիալական ապահովության քարտի, խնայողական գրքույկի տվյալների հետ, ճշտում ընտանեկան նպաստի իրավունքի` 2005 թվականի հուլիսի 1-ից մինչև 2006 թվականի ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում, տվյալ ընտանիքի դիմելու օրվա դրությամբ սոցիալական անձնագրի էլեկտրոնային տարբերակի և նպաստի իրավունքի շարժի էջի տպում,
գ) ընդունված դիմումների հաշվառում, դիմումների հաշվառման գրանցամատյանում փոխհատուցման գործերի կազմում և առանձին թղթապանակում տեղադրում` ըստ դիմում ընդունողների,
դ) դիմողի և դիմում ընդունողի միջև ծագած տարաձայնությունների քննարկում, հաշվառման մերժման որոշման ընդունում և դրա մասին դիմողին գրավոր իրազեկում,
ե) դիմումներում ներառված տվյալների մուտքագրում` ընդունված դիմումներում ներառված տեղեկությունների մուտքագրում փոխհատուցման իրավունք ունեցող անձանց տվյալների տեղեկատվական բազա` նույն աշխատանքային օրվա ընթացքում:
Դիմումն ընդունվում է աշխատողի ստորագրությամբ` գործակալությունում կամ տնային այցելության ժամանակ` ավանդատուի տանը (բուժման վայրում):
12. Դիմողի տվյալների հաշվառումը ենթակա է գրավոր մերժման, եթե`
ա) դիմողը չի հանդիսացել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ` 2005 թվականի հուլիսի 1-ից մինչև 2006 թվականի ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում` առանց ընդհատման.
բ) դիմողը չի ներկայացրել սույն կարգով պահանջվող փաստաթղթերը.
գ) դիմողը չի հանդիսանում խնայողական գրքույկում նշված ավանդային հաշվետերը, նրա ամուսինը կամ նրա ներկայացուցիչը չունի լիազորագիր.
դ) դիմողի ներկայացրած խնայողական գրքույկի տերն ընդգրկված չէ դիմողի` նպաստառու ընտանիքի կազմում կամ մահացել է: Եթե մահացածը հանդիսանում է դիմողի ամուսինը, ապա դիմումն ընդունվում է.
ե) խնայողական գրքույկը տրված է նախկին ԽՍՀՄ այլ միութենական հանրապետության խնայբանկի կողմից.
զ) դիմումը լրացված է թերի կամ ջնջումներով կամ մատիտով:
121. (կետն ուժը կորցրել է 23.04.14 N 460-Ն)
13. Դիմողին հաշվառելու դեպքում ավանդատուի խնայողական գրքույկի առաջին էջի վրա դիմում ընդունող աշխատողի կողմից դրոշմվում է «Հաշվառված է, 2006 թ. ___________ գործակալություն» մակագրությամբ դրոշմակնիքով և գրքույկը փաստաթղթերի բնօրինակների հետ վերադարձվում է դիմողին:
14. Դիմումների ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` «Նորք» փակ բաժնետիրական ընկերություն) են ներկայացնում գործակալություններում ձևավորված տեղեկատվական բազաները` էլեկտրոնային կրիչով:
II. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՃՇՏՈՒՄԸ «ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՎ ԱՄՓՈՓՈՒՄԸ
15. «Նորք» փակ բաժնետիրական ընկերության գործակալություններից էլեկտրոնային կրիչով ստացած տեղեկատվությունն ամփոփում է մեկ ցուցակով` միաժամանակ պարզելով տվյալների մուտքագրման տեխնիկական սխալների առկայությունը: Ցուցակը կազմվում է ըստ ավանդային գրքույկների հաշվեհամարների (նույն դիմողի տվյալները կարող են ցուցակում ներառվել մի քանի տողով` իր ունեցած ավանդային հաշիվների թվով) և այն էլեկտրոնային կրիչով տրամադրվում է «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը: «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվող ցուցակում նշվում են դիմումի (ձևի N 1) I բաժնի տվյալները, առանց մնացորդների:
16. «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությունն էլեկտրոնային ցուցակից առանձնացնում է տվյալները` ըստ ավանդային հաշիվն սպասարկող իր տարածքային մասնաճյուղերի և դրանք տրամադրում տարածքային մասնաճյուղերին, որոնք մասնաճյուղում առկա ավանդային հաշվի քարտերի տվյալների հիման վրա էլեկտրոնային ցուցակի համապատասխան սյունակում տվյալ անձի տվյալ ավանդային գրքույկի հաշվի համարի դիմաց մուտքագրում են ավանդային հաշվեհամարի մնացորդը` 1993 թվականի հունվարի 1-ի և 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ: «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ամփոփում է իր մասնաճյուղերի ներկայացրած էլեկտրոնային ցուցակները` մեկ ցուցակով, և այն էլեկտրոնային կրիչով տրամադրում «Նորք» փակ բաժնետիրական ընկերությանը: Անվան, ազգանվան տվյալների լրիվ չհամընկնման դեպքում մասնաճյուղերում նույնականացումը կատարվում է ըստ հաշվեհամարի: Սույն կետում նշված ծառայությունը «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը կատարում է մեկամսյա ժամկետում:
17. «Նորք» փակ բաժնետիրական ընկերությունը «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից ստացված տեղեկատվության հիման վրա կազմում է ավանդատուների ճշտված ամփոփ ցուցակը և վիճահարույց ավանդներով ավանդատուների ցուցակը:
(17-րդ կետը փոփ. 19.10.06 N 1479-Ն)
18. Ճշտված ամփոփ ցուցակը կազմելիս`
ա) ավանդի մնացորդի վերաբերյալ հաշվի քարտում արձանագրված և խնայողական գրքույկում արձանագրված գումարների տարբերության դեպքում հիմք է ընդունվում նվազագույն գումարը, տարբերության մասը ներառվում է վիճահարույց ավանդներով ավանդատուների ցուցակի մեջ.
բ) տվյալ հաշվեհամարի ավանդի «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում հաշվի քարտի բացակայության դեպքում տվյալ հաշվի համարը ներառվում է վիճահարույց ավանդներով ավանդատուների ցուցակում.
գ) տվյալ հաշվեհամարի ավանդի «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում հաշվի քարտում անհատական տվյալները` ազգանունը, անունը, հայրանունը, չհամընկնելու դեպքում տվյալ հաշվի համարը ներառվում է վիճահարույց ավանդներով ավանդատուների ցուցակում.
դ) մահացած ավանդատուի փոխարեն նրա ամուսնու օգտին հաշվառվում է ավանդի ճշտված մնացորդի գումարի կեսը:
(18-րդ կետը խմբ. 19.10.06 N 1479-Ն)
19. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վիճահարույց ավանդներով ավանդատուների ցուցակը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, գործակալություններին և հրապարակում է նախարարության ինտերնետ էջում տեղադրելու ձևով` դրա մասին զանգվածային լրատվության միջոցներով իրազեկելով հանրությանը:
20. Ցուցակները հաստատվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից:
21. Վիճահարույց ավանդների մասով քաղաքացիների բողոքները լուծվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի ընթացքում ավանդային քարտը և խնայողական գրքույկը պարտադիր պետք է ենթարկվի ձեռագրաբանական փորձաքննության` լրացված տվյալների իսկությունը և վաղեմությունը պարզելու նպատակով, բացառությամբ, եթե պարզվում է, որ անճշտությունը հետևանք է սույն կարգի շրջանակներում տվյալների մուտքագրման կամ ամփոփման տեխնիկական սխալի: Բողոքարկման արդյունքներով վարչական վարույթ իրականացնող մարմնի որոշմամբ կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով (դատավճռով) ճշտված տվյալները 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով ներառվում են ճշտված ամփոփ ցուցակում:
(21-րդ կետը լրաց. 19.10.06 N 1479-Ն)
III. ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ
22. «Նորք» փակ բաժնետիրական ընկերությունը ճշտված ամփոփ ցուցակից առանձնացնում է ավանդատուների խմբային ցուցակները` ըստ «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի երկրորդ մասով սահմանված սոցիալական խմբերի: Խմբային ցուցակներում ներառվում է նույն հավելվածի 4-րդ կետի համաձայն հաշվարկած յուրաքանչյուր ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը:
23. Ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը հաշվարկելիս ավանդատուի մեկից ավելի ավանդների (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) մնացորդները գումարվում են և անձին հասանելիք փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ:
24. Փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող ավանդատուն ընդգրկվում է «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի երկրորդ մասով սահմանված սոցիալական այն խմբի ցուցակում, որը տվյալ անձի ունեցած սոցիալական խմբերից իր դիրքով ամենաբարձրն է կամ միակն է:
Նույն սոցիալական խմբի ներսում վճարման ժամանակացույցը որոշելիս վճարման ավելի վաղ ժամկետում ընդգրկվում են 2 և ավելի սոցիալական խումբ ունեցող ավանդատուները:
Մեկից ավելի սոցիալական խմբերի առկայության պարագայում առաջնայնությունը տրվում է այն ավանդատուին, որը միաժամանակ պատկանում է ցուցակի խումբը որոշող սոցիալական խմբի հաջորդ ստորադաս խմբին, հետագա առաջնայնությունները որոշելիս ավանդատուները ներառվում են ցուցակում` ըստ հաջորդող սոցիալական խմբերից ամենաբարձր խմբին պատկանելության:
Տվյալ խմբում ընդգրկված անձը չի ներառվում հաջորդ ստորադաս խմբերի ցուցակներում:
25. Հաստատված խմբային ցուցակները 2006 թվականի հուլիսի 3-ին հրապարակվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտերնետ էջում` առանց վճարման ենթակա գումարները նշելու` դրա մասին զանգվածային լրատվության միջոցներով իրազեկելով հանրությանը:
IV. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԾԱԳՈՒՄԸ, ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱԴԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
26. Ճշտված ցուցակում ընդգրկված ավանդատուի` Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է ծագած սույն կարգի համաձայն ցուցակի ինտերնետային հրապարակման պահից:
27. Փոխհատուցում ստանալու գույքային իրավունքով Հայաստանի Հանրապետությունից կատարում պահանջելու ավանդատուի իրավունքը համարվում է ծագած այն բյուջետային տարում`
ա) որի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված է սույն կարգով նախատեսված փոխհատուցումների վճարման ծախսային ծրագիր, և
բ) տվյալ ավանդատուն ընդգրկված է տվյալ տարվա վճարման ժամանակացույցում:
Սույն կետի «բ» ենթակետի կիրառման իմաստով` եթե վիճահարույց ավանդների ճշտման արդյունքում որևէ անձ ընդգրկվում է խմբային ցուցակում` իր համապատասխան հերթով, որի կապակցությամբ նրանից ստորադաս անձանց հերթը համապատասխանաբար տեղափոխվում է, ապա նրանց կատարում պահանջելու իրավունքը համարվում է ծագած ճշտված ժամանակացույցին համապատասխանող բյուջետային տարում:
28. Հաշվի առնելով, որ «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի առաջին մասի համաձայն փոխհատուցման տրամադրումը պետք է կրի հասցեական բնույթ, փոխհատուցում ստանալու ավանդատուի պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 398-րդ հոդված), լինել գրավի առարկա (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մաս), մտնել ժառանգության զանգվածի մեջ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի երկրորդ մաս):
29. Եթե ցուցակում ընդգրկված ավանդատուն 2006 թվականի ապրիլի 1-ից հետո անապահովության սահմանված չափանիշների բարելավման կապակցությամբ կորցրել է ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը, ապա նա շարունակում է պահպանել փոխհատուցում ստանալու իր իրավունքը` ցմահ:
30. Եթե ցուցակում ընդգրկված ավանդատուն 2006 թվականի ապրիլի 1-ից հետո զրկվել է ընտանեկան նպաստ ստանալու իրավունքից` նախկինում այդ իրավունքն անհիմն լինելու հանգամանքի հայտնաբերման պատճառով, ապա նրա` սույն կարգի համաձայն փոխհատուցում ստանալու իրավունքը դադարում է` վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվող վարչական վարույթի արդյունքում ընդունված միջամտող վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից, և անձը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հանվում է տվյալ ցուցակից: Եթե սույն կետում նշված հիմքով ընտանեկան նպաստից զրկված անձը մինչև այդ զրկումն արդեն իսկ սույն կարգի պահանջների ներքո ստացել է փոխհատուցման գումարը, ապա Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարտավոր է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան ձեռնարկել գործողություններ տվյալ ավանդատուին ցուցակում ընդգրկելը դատական կարգով անվավեր ճանաչելու և ստացած անհիմն հարստացումը հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձելու ուղղությամբ:
31. Ավանդատուի` Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ, կամ ավանդատուի մահով:
V. ՎՃԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ԿԱԶՄՈՒՄԸ
32. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 05 ենթախմբի «13. Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրով նախատեսված փոխհատուցման գումարի բաշխման` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված 2006 թվականի ամսական ժամանակացույցին համապատասխան հաստատում է առաջին` «70 տարին լրացած և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառու» խմբի և հերթականությամբ մյուս խմբերի ցուցակում ընգրկված այն անձանց` 2006 թվականի վճարման ժամանակացույցը, որոնց վճարման համար բավարարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված գումարը, ըստ ավանդատուին սպասարկող գործակալությունների և վճարման ամիսների, սկսած 2006 թվականի օգոստոս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը: Հաստատված վճարման ժամանակացույցից առանձնացվում է ավանդատուների ցուցակն ըստ առանձին գործակալությունների և 5-օրյա ժամկետում թղթային ու էլեկտրոնային կրիչով տրամադրվում է համապատասխան գործակալությանը:
(32-րդ կետը փոփ. 19.10.06 N 1479-Ն)
33. Հետագա տարիների համար, եթե տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված են սույն կարգով նախատեսված փոխհատուցման գծով հատկացումներ, ապա տարեկան վճարման ժամանակացույցը կազմվում է նախորդ տարիներին վճարված խմբից փոխհատուցում չստացած անձանց, այնուհետև հաջորդ հերթական խմբերի անձանց մասով` տվյալ բյուջետային տարում նախատեսված գումարի շրջանակներում:
34. Համաձայն հաստատված տարեկան վճարման ժամանակացույցի` «Նորք» փակ բաժնետիրական ընկերությունը կազմում է ավանդատուների փոխհատուցման վճարման ցուցակներն ըստ առանձին գործակալությունների և 5-օրյա ժամկետում թղթային և էլեկտրոնային կրիչով տրամադրում է համապատասխան գործակալություններին: Փոխհատուցում չստացած անձի մահվան դեպքում գործակալությունը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` նրան ցուցակից հանելու համար:
VI. ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
35. Տարեկան վճարման ժամանակացույցում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բյուջեի կատարման մասին սահմանված կարգով կենտրոնական գանձապետարան է ներկայացնում վճարման հայտեր` ըստ առանձին գործակալությունների:
36. Ներկայացված հայտի հիման վրա կենտրոնական գանձապետարանը տվյալ գործակալությանն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվամբ գործակալության համար բացված գանձապետական հաշվին է փոխանցում փոխհատուցման վճարման համար տվյալ ամսվա գումարը:
(36-րդ կետը փոփ. 19.10.06 N 1479-Ն)
37. Գործակալությունը փոխհատուցման վճարումը կազմակերպում է ընտանեկան նպաստի վճարման ընդհանուր կարգով:
38. Գործակալությունը վճարման մասին հաշվետվությունները ներկայացնում է նպաստի վճարման հետ կապված սահմանված ընթացակարգերին համապատասխան` ըստ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած ձևի: Գործակալությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում բյուջեի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունները` տվյալ ծախսային ծրագրի մասով:
39. Եռամսյակի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հետ վերադարձված գումարներն ուղղվում են ժամանակացույցի հերթական անձանց վաղաժամկետ վճարմանը, իսկ բյուջետային տարվա երրորդ եռամսյակի արդյունքներից ելնելով` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարեկան վճարման ժամանակացույցում ներառում է տվյալ ժամանակահատվածի ժամանակացույց չմտած ցուցակում առկա հերթական անձանց և չորրորդ եռամսյակի ընթացքում սույն կարգի համաձայն ապահովում վճարումն այդ անձանց:
40. Հաշվի առնելով, որ սույն կարգի համաձայն տրամադրվող փոխհատուցման գումարն իրենից ներկայացնում է պետության կողմից տրամադրվող դրամական օգնություն, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան եկամտահարկ չի հաշվարկվում և չի պահվում:
VII. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
41. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` տարեկան մեկ անգամ պլանային ստուգում իրականացնելու միջոցով:
(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 19.10.06 N 1479-Ն, խմբ. 30.04.09 N 456-Ն, փոփ. 23.04.14 N 460-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Դ Ի Մ ՈՒ Մ
Փոխհատուցում նշանակելու նպատակով նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների հաշվառման
Բաժին I. Ավանդային գրքույկի տվյալները
Բաժին II. Փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող ավանդատուի
Բաժին III. Դիմումի տվյալները
Ա. Դիմումի լրացման ամսաթիվը __ ____2006 թ. Բ. Դիմողի ստորագրությունը _______
Գ. Դիմողի կապը II բաժնում նշված ավանդատուի հետ` Դ. Դիմողի անունը, ազգանունը ______ ինքը
ներկայացուցիչ Ե. Դիմումն ընդունված է __ _______ 2006 թ. ______________ (ստորագրությունը)
ամուսին
Զ. Դիմումի տվյալների հաշվառումը մերժված է ___ __________ 2006 թ. _____________ (ստորագրությունը) (հավելվածը լրաց., փոփ., խմբ. 19.10.06 N 1479-Ն, խմբ. 30.04.09 N 456-Ն, փոփ. 23.04.14 N 460-Ն) |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ
Բաժին I. Լրացվում են ավանդային գրքույկի տվյալները
Ա. Դիմացի վանդակում լրացվում է գրքույկի առաջին էջում նշված տիրոջ անունը, ազգանունը, հայրանունը` հայերենով:
Բ. Դիմացի վանդակում լրացվում է գրքույկի հաշվեհամարը` թվերով:
Գ. Դիմացի վանդակում լրացվում է գրքույկը տրամադրած բաժանմունքի գտնվելու բնակավայրը` ըստ գրքույկի առաջին էջի:
Դ. Կատարվում է V-աձև նշում համապատասխան քառակուսու մեջ և դիմացի վանդակում լրացվում է մնացորդի չափը` թվերով, ռուբլու մասը` առանց կետի կամ ստորակետի, կոպեկի մասը` ստորակետով առանձնացնելով ռուբլուց (օրինակ` 12640 ռուբլի 35 կոպեկը` 12640,35):
Ե. Դիմացի վանդակում լրացվում է գրքույկը տրամադրած մասնաճյուղի համարը` ըստ գրքույկի առաջին էջի:
Զ. Կատարվում է V-աձև նշում համապատասխան քառակուսու մեջ և դիմացի վանդակում լրացվում է մնացորդի չափը` թվերով, ռուբլու մասը` առանց կետի կամ ստորակետի, կոպեկի մասը` ստորակետով առանձնացնելով ռուբլուց (օրինակ` 12640 ռուբլի 35 կոպեկը` 12640,35):
Բաժին II. Լրացվում են ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքի կազմում ընդգրկված` ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար դիմող ավանդատուի տվյալները |
Ա. Դիմացի վանդակում լրացվում է ավանդատու անձի անունը և ազգանունը` ըստ անձը հաստատող փաստաթղթի` հայերենով: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են կենդանի ամուսնու տվյալները:
Բ. Դիմացի վանդակում լրացվում է անձը հաստատող փաստաթղթի սերիան` փաստաթղթում նշված լեզվի տառերով և համարը` արաբական թվանշաններով: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են կենդանի ամուսնու տվյալները։
Գ. Դիմացի վանդակում լրացվում է ավանդատուի սոցիալական ապահովության քարտի համարը` արաբական թվանշաններով: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են կենդանի ամուսնու տվյալները:
Դ. Դիմացի վանդակում լրացվում է ավանդատուի ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը` բոլորն արաբական թվանշաններով: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են կենդանի ամուսնու տվյալները:
Ե. Դիմացի վանդակում լրացվում են ավանդատուի ընտանիքի սոցիալական անձնագրի համարները` թվերով: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են կենդանի ամուսնու տվյալները:
Զ. Դիմացի վանդակում լրացվում է ավանդատու անձի բնակության վայրը` ըստ սոցիալական անձնագրի: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են կենդանի ամուսնու տվյալները:
Է. Դիմացի վանդակում կատարվում է V-աձև նշում` համապատասխան քառակուսու մեջ:
Ը. Դիմացի վանդակում կատարվում է (են) V-աձև նշում (նշումներ)` համապատասխանող քառակուսու (քառակուսիների) մեջ:
Բաժին III. Լրացվում են դիմումի տվյալները
Ա. Լրացվում է դիմումի լրացման ամսաթիվը:
Բ. Ստորագրվում է դիմումը փաստացի ներկայացնող անձի (ավանդատու, ավանդատուի ամուսին (կին) կամ ավանդատուի ներկայացուցիչ) կողմից:
Գ. Կատարվում է V-աձև նշում` համապատասխան քառակուսու մեջ:
Դ. Լրացվում է դիմումը ներկայացնողի անունը և ազգանունը:
Ե. Եթե դիմումն ընդունվել է գործակալության աշխատողի կողմից, ապա լրացվում է ամսաթիվը և ստորագրվում է:
Զ. Եթե դիմումի տվյալների հաշվառումը մերժված է, ապա գործակալության աշխատողի կողմից լրացվում է ամսաթիվը և ստորագրվում է:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.04.2014, N 460-Ն | 15.05.2014, N 352-Ն | |
30.04.2009, N 456-Ն | 08.06.2009, N 352-Ն | |
19.10.2006, N 1479-Ն | 16.11.2006, N 352-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|