ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-7-Ո-2
2014 թ.
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ` ԱԽ անդամներ |
Է. Հայրիյանի, Ս. Չիչոյանի, Ռ. Բարսեղյանի, Գ. Ղազինյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբայանի, Ա. Թումանյանի, Մ. Մակյանի, Գ. Բադիրյանի, Հ. Փանոսյանի, Վ. Ստեփանյանի, Ս. Օհանյանի |
մասնակցությամբ` դատավոր |
Հ. Մովսեսյանի |
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ա. Թաթոյանի |
քարտուղարությամբ` |
Շ. Վարդանյանի |
2014 թվականի ապրիլի 4-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Մովսեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
ՀՀ արդարադատության նախարարի 31.01.2014թ. թիվ 20-Ա հրամանով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Հ. Մովսեսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել դատապարտյալ Արեգնազան Բաղդասարյանի դիմումը` հասցեագրված ՀՀ արդարադատության նախարարին:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը.
Ըստ եզրակացության`
«02.01.2013թ. Ֆարիդա Սարգսյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փաստի առթիվ 05.01.2013թ. հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Արեգնազան Բաղդասարյանը 08.01.2013թ. ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել` «կալանավորում»:
Արեգնազան Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքը 20.06.2013թ. որոշմամբ փոփոխվել, և վերջինիս նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:
25.06.2013թ. մեղադրական եզրակացությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հաստատվել է ՀՀ Շիրակի մարզի դատախազի տեղակալ Վ. Մխիթարյանի կողմից:
26.06.2013թ. քրեական գործը մուտք է եղել Դատարան:
Ներկայացված մեղադրանքը եղել է հետևյալ բովանդակությամբ. «Արեգնազան Բաղդասարյանը, չնախատեսելով սենյակում տեղադրված մետաղյա վառարանին, հատակին գլխով բախվելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու հնարավորությունը, որը պարտավոր և կարող էր նախատեսել, ձեռքերով հետ է հրել Ֆարիդա Սարգսյանին, որի հետևանքով վերջինս թիկունքով ընկնելիս գլխի հետին ձախ քունքային-ծոծրակային շրջանով բախվել է սենյակում տեղադրված մետաղյա վառարանին, ստացել առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող գանգուղեղային փակ վնասվածք` ձախից քունքային և ծոծրակային շրջանների սահմանին սալջարդ վերք, ձախից գլխի փափուկ հյուսվածքների տակ քունքային և ծոծրակային շրջաններում արյունազեղում, ձախ քունքամկանի արյունազեղում, գլխուղեղի ուղեղանյութի և սուբարախնոիդալ արյունազեղումներ, և կորցնելով գիտակցությունը` ընկել հատակին:
Դրանից հետո (…) Ֆարիդա Սարգսյանին ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ վերցրել է հեռուստացույցի ալեհավաքի լարը, այն փաթաթել է դեռևս կենդանի վիճակում գտնվող Ֆարիդա Սարգսյանի պարանոցին և ամբողջ ուժով սեղմելով` պարանոցի հետին հատվածում մեկ հանգույցով կապել է և մտածելով, որ Ֆարիդա Սարգսյանին խեղդելով սպանել է՝ դուրս է եկել տնակից, և երեխայի հետ գնացել են տուն:
Արեգնազան Բաղդասարյանն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը, քանի որ ալեհավաքի լարը պարանոցին փաթաթելու, ողջ ուժով սեղմելու և հանգույցով կապելու հետևանքով Ֆարիդա Սարգսյանի մոտ առաջացել են պարանոցի ստորադիր հյուսվածքներում արյունազեղումների մանր օջախներ և վերջինիս պատճառվել է մահվան հետ պատճառական կապի մեջ չգտնվող, առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:
Արեգնազան Բաղդասարյանի հեռանալուց հետո Ֆարիդա Սարգսյանը տևական ժամանակ վառարանի մոտ անգիտակից ընկած է մնացել: Տնակում շահագործվող վառարանի ծխատար խողովակից դուրս եկած արգասիքներից առաջացած բաց կրակից հրդեհ է բռնկվել, որի հետևանքով հրդեհի օջախում, վառարանի մոտ հատակին անգիտակից ընկած, սակայն դեռևս կենդանի Ֆարիդա Սարգսյանը ածխածնի մոնօքսիդի մեծ քանակություն շնչելու հետևանքով առաջացած ածխածնի մոնօքսիդի սուր թունավորումից, բարձր ջերմաստիճանի բոցի ներգործության արդյունքում մարմնի տարբեր հատվածներում այրվածքներ ստանալու հետևանքով առաջացած այրվածքային շոկից և գանգուղեղային փակ վնասվածքից մահացել է»:
Դատական քննության ընթացքում մեղադրանքը չի փոփոխվել:
Դատարանը 16.08.2013թ. դատավճռով Արեգնազան Բաղդասարյանին հանցավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտել է ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով` 8 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով` 2 տարի ժամկետով:
Պատիժները մասնակի գումարել է և վերջնական պատիժ է նշանակել 8 տարի 6 ամիս ժամկետով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրված բոլոր հետևությունները և որոշումները:
Մեջբերված օրենսդրական դրույթները ՀՀ վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) Դատական ակտն օրինական է, եթե կայացվել է գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ, և հիմնավորված, եթե դրանում արված հետևությունները հիմնված են դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա: Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:
(…) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման» (տե՛ս Ֆրունզիկ Գալստյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 17-19-րդ կետերը):
Շարադրված մոտեցմանը համահունչ իրավական դիրքորոշում է հայտնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում` ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` անձի արդար դատական քննության իրավունքի խախտում (տե՛ս Սալովն ընդդեմ Ուկրաինայի (Salov v. Ukraine) 06.09.2005 թվականի որոշումը, գանգատ թիվ 65518/01, Բոլդեան ընդդեմ Ռումինիայի (Boldea v. Romania) 15.02.2007 թվականի որոշումը, գանգատ թիվ 19997/02, Գրադինարն ընդդեմ Մոլդովայի (Gradinar v. Moldova) 08.04.2008 թվականի որոշումը, գանգատ թիվ 7170/02):
Դատարանի կողմից կայացված դատավճռի վերլուծությունից երևում է, որ դատավճռում իսպառ բացակայում է, թե Դատարանը ինչ պատճառաբանությամբ է հանգել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների` ամբաստանյալի կողմից կատարված լինելու եզրահանգմանը: Անձի արարքում տվյալ հանցակազմերի առկայության մասին Դատարանի պատճառաբանումը բաղկացած է միայն մեկ պարբերությունից: Դատարանը բացարձակապես չի նշել, թե որ ապացույցների գնահատման արդյունքում է նա հանգել այն եզրահանգմանը, որ մեղադրյալի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:
Նման պայմաններում Դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, չհիմնավորված որոշման կայացմանը և ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:
Դատարանը միաժամանակ սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ և 34-104-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածը:
Հարկ է նշել, որ սուբյեկտիվ կողմից անզգուշությամբ մահ պատճառելը կարող է դրսևորվել կամ ինքնավստահությամբ կամ անփութությամբ: Այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված հանցագործության համար պատասխանատվությունը վրա է հասնում այն դեպքում, երբ արարք կատարողը`
1) նախատեսել է գործողությունների հետևանքով մեկ ուրիշին մահ պատճառելու հնարավորությունը, բայց առանց բավարար հիմքերի` ինքնավստահորեն հույս է ունեցել կանխելու այն,
2) չի նախատեսել նման հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դա:
Անզգուշությամբ մահ պատճառելը պետք է սահմանազատել պատահարի հետևանքով առաջացող մահից: Այսպես` եթե անձը չի գիտակցել և տվյալ իրադրությունում չէր կարող գիտակցել իր գործողությունների հետևանքով մեկ ուրիշի մահվան վրա հասնելու հնարավորությունը, առկա է պատահար` առանց մեղքի վնասի պատճառում, որի համար բացառվում է քրեական պատասխանատվությունը:
Ինչպես Դատարանի իրավական վերլուծությունում, այնպես էլ հետազոտված ապացույցների շարքում բացակայում է հղում որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույցի, որը կարող է հիմնավորել, որ մեղադրյալը գիտակցել և տվյալ իրադրությունում կարող էր գիտակցել իր գործողություններով անձին անզգուշությամբ մահ պատճառելու մասին, և հետևաբար որևէ կերպ չի ապացուցվել, որ տուժողի մահը` պատահարը, առանց մեղքի վնասի պատճառման հետևանք է:
Բացի այդ, Դատարանի դատավճռից պարզ չէ, թե մեղադրյալի որ գործողություններն են որակվել որպես անզգուշությամբ մահ պատճառել, և Դատարանն ինչպես է այդ գործողությունները տարբերակել անձի կողմից կատարված սպանության ավարտված հանցափորձից:
Նշվածի արդյունքում Դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածը:
ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցագործությունների համակցություն է համարվում՝
1) ՀՀ քրեական օրենսգրքով (տարբեր հոդվածներով կամ միևնույն հոդվածով կամ հոդվածի միևնույն կամ տարբեր մասերով կամ կետերով) նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել.
2) այնպիսի մեկ գործողությունը (անգործությունը), որը պարունակում է սույն օրենսգրքի երկու կամ ավելի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ:
Իրական համակցության դեպքում անձը կատարում է երկու կամ ավելի հանցագործություններ առանձին գործողություններով կամ անգործությամբ: Տվյալ դեպքում պարզ չէ, թե Դատարանն առկա ապացույցների հիման վրա ինչպես է տարբերակել անձի այն գործողությունը, որը որակվել է որպես սպանության փորձ` ավարտված հանցակազմով, և այն գործողությունը, որը որակվել է որպես անզգուշությամբ մահ պատճառել:
Ինչ վերաբերում է իդեալական համակցությանը, որը բնութագրվում է մեկ միասնական արարքի կատարմամբ, ապա դրա դեպքում վնասվում են տարբեր օբյեկտներ, իսկ օբյեկտը սույն գործով մեկն է` տուժողի կյանքը:
Հետևաբար, Դատարանը տվյալ դեպքում չի հիմնավորել հանցագործության համակցության առկայությունը և կոպտորեն խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածը:
Դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանի կողմից սույն գործի վերաբերյալ ներկայացված բացատրությունը գրեթե ամբողջությամբ կրկնում է դատավճռում իր արտահայտած նույն դիրքորոշումը և դրա հիմքում դրված մեղադրական եզրակացության նույն հիմնավորումները:
Գտնում եմ, որ ներկայացված բացատրությամբ դատավորը չի հայտնել նոր դիրքորոշում, որը կարող էր կարգապահական վարույթի կարճման հիմք հանդիսանալ, ինչպես նաև չի ներկայացրել որևէ հիմնավորում վճռով իր որոշ եզրահանգումների և արդյունքում գործով մեղադրյալի արարքում հանցակազմի առկայության հիմք հանդիսացած ապացույցների առկայության և դրանց գնահատման վերաբերյալ:
Դատավորի կողմից լրացուցիչ ստուգումներ կատարելու միջնորդություն կամ լրացուցիչ բացատրություններ չեն ներկայացվել:
Վերոգրյալի արդյունքում գտնում եմ, որ Դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը, սխալ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի, ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի դրույթները և խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը, թույլ է տվել ակնհայտ և կոպիտ խախտումներ»:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավոր Հ. Մովսեսյանը ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.
«Դատավճռի օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ հայտնում եմ, որ դատաքննությունը կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ:
Ամբաստանյալն ունեցել է պաշտպան:
Դատաքննության ընթացքում մանրամասն հետազոտվել են ինչպես պաշտպանական, այնպես էլ մեղադրող կողմերի ներկայացրած ապացույցները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան լուծվել են նաև նրանց միջնորդությունների և առարկությունների հարցերը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն.
Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում ցույց է տրվում`
1) մեղադրանքի բովանդակությունը.
2) գործի հանգամանքների, մեղադրանքի ապացուցված լինելու և ամբաստանյալի մեղավորության մասին դատարանի հետևությունները.
3) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները.
4) օրենքի այն նորմերը, որոնցով դատարանը ղեկավարվել է որոշում ընդունելիս:
Եթե դատավճիռը կայացնելիս դատարանը կիրառել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը, ապա նշվում է նաև համապատասխան պայմանագիրը:
Դատավճռում նշված գործի «Դատավարական նախապատմություն, առաջարկված մեղադրանքի բովանդակություն, ապացույցների հետազոտում և գնահատում, դատարանի իրավական վերլուծություններ» վերտառությամբ հատվածները մտնում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածով սահմանված դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասի մեջ:
Դատաքննության ընթացքում հետազոտված բոլոր ապացույցները, այդ թվում` պաշտպանի մասնակցությամբ դատապարտյալ Արեգնազան Բաղդասարյանի` որպես կասկածյալ, այնուհետև իր իսկ մոր՝ Անահիտ Վանյանի հետ առերես հարցաքննության, կատարված քննչական փորձարարության արձանագրությունները զետեղված են դատավճռի ապացույցների հետազոտում և գնահատում հատվածում:
Դատաքննությամբ հետազոտված բոլոր ապացույցները Դատարանի կողմից գնահատվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցները իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ներքին համոզմամբ հաստատված է համարվել մեղադրական եզրակացությամբ ներկայացված Արեգնազան Բաղդասարյանի կողմից կատարված երկու հանցավոր արարք` առանձին գործողություններով:
Առաջին՝
Ամբաստանյալ Արեգնազան Բաղդասարյանը 01.01.2013թ.` ժամը 23:30-ի սահմաններում, իր մանկահասակ որդու՝ Արտյոմ Բաղդասարյանի հետ միասին գնացել են Ֆարիդա Սարգսյանի` Գյումրու Անտառավան 5 թաղամաս 232/048 հասցեում գտնվող տնակ, որտեղ կենցաղային շարժառիթով, մանկահասակ Արտյոմ Բաղդարսարյանի կողմից Ֆարիդա Սարգսյանի կատվի հետ խաղալու ժամանակ կենդանուն ցավեցնելու պատճառով վիճաբանություն է առաջացել Ֆարիդա Սարգսյանի և Արեգնազան Բաղդասարյանի միջև: Ֆարիդա Սարգսյանը, երեխայի հասցեին վիրավորական արտահայտություններ կատարելով, գնացել է նրա ուղղությամբ: Արեգնազան Բաղդասարյանը միջամտել է՝ թույլ չտալով Ֆարիդա Սարգսյանին մոտենալ երեխային:
Առաջացած քաշքշոցի ժամանակ Ֆարիդա Սարգսյանը ձեռքերով քաշքշել, ճանկռել, մի կողմ է հրել Արեգնազան Բաղդասարյանին, որի հետևանքով աջ և ձախ ձեռքերի շրջաններում ստացել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող քերծվածքներ:
Ֆարիդա Սարգսյանը շարունակել է երեխայի հասցեին անպարկեշտ, վիրավորական արտահայտություններ կատարել, սեղանի վրայից վերցնելով խոհանոցային դանակը՝ սպառնացել է վնասել երեխային:
Արեգնազան Բաղդասարյանը, չնախատեսելով սենյակում տեղադրված մետաղյա վառարանին, հատակին գլխով բախվելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու հնարավորությունը, որը պարտավոր և կարող էր նախատեսել, ձեռքերով հետ է հրել Ֆարիդա Սարգսյանին, որի հետևանքով վերջինս թիկունքով ընկնելիս գլխի հետին ձախ քունքային-ծոծրակային շրջանով բախվել է սենյակում տեղադրված մետաղյա վառարանին, ստացել առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող գանգուղեղային փակ վնասվածք՝ ձախից քունքային և ծոծրակային շրջանների սահմանին սալջարդ վերք, ձախից գլխի փափուկ հյուսվածքների տակ քունքային և ծոծրակային շրջաններում արյունազեղում, ձախ քունքամկանի արյունազեղում, գլխուղեղի ուղեղանյութի և սուբարախնոիդալ արյունազեղումներ, և կորցնելով գիտակցությունը, ընկել հատակին:
(...) Արեգնազան Բաղդասարյանի հեռանալուց հետո Ֆարիդա Սարգսյանը տևական ժամանակ վառարանի մոտ անգիտակից ընկած է մնացել: Տնակում շահագործվող վառարանի ծխատար խողովակից դուրս եկած արգասիքներից առաջացած բաց կրակից հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առաջացած ածխածնի մոնօքսիդի սուր թունավորումից, բարձր ջեմաստիճանի բոցի ներգործության արդյունքում մարմնի տարբեր հատվածներում այրվածքներ ստանալու հետևանքով առաջացած այրվածքային շոկից և գանգուղեղային փակ վնասվածքից մահացել է:
Նշված արարքը կատարելու համար Դատարանը հաստատված է համարել, որ Արեգնազան Բաղդասարյանը չի նախատեսել իր կատարած գործողությունների հետևանքով Ֆարիդա Սարգսյանին մահ պատճառելու առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դա /հանցավոր անփութություն/: Այսինքն` տուժողի մահը ոչ թե պատահարի, ինչպես նշված է տեղեկանքում, այլ հանցագործության հետևանք է, որ հաստատվել է դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ, ըստ որի` տուժող Ֆարիդա Սարգսյանի մահը պայմանավորված է համակցված գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումով, սուր թունավորումով` ածխածնի մոնօքսիդով, այրվածքային շոկով:
Հետևաբար, Արեգնազան Բաղդասարյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք:
Երկրորդ`
Այն պահին, երբ Արեգնազան Բաղդասարյանը ձեռքերով հրել է Ֆարիդա Սարգսյանին, որի հետևանքով վերջինս թիկունքով ընկնելիս գլխի հետին ձախ քունքային, ծոծրակային շրջանով բախվել է սենյակում տեղադրված մետաղական վառարանին, և կորցնելով գիտակցությունը` ընկել է հատակին, Արեգնազան Բաղդասարյանը, վախենալով Ֆարիդա Սարգսյանի ժամանակին արված այն մտքից, որ «Մարդն ու ճիճուն իրեն համար միևնույնն են: Ճիճու սատկացնելը միևնույնն է, ինչ մարդ սպանելը», մտածելով, որ անգիտակից վիճակում գտնվող, իր իմանալով նախկինում սպանության համար դատապարտված Ֆարիդա Սարգսյանը գիտակցության գալուց հետո կատարվածի համար հաշվեհարդար կտեսնի՝ կվնասի իրեն և մանկահասակ որդուն, Ֆարիդա Սարգսյանին ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ վերցրել է հեռուստացույցի ալեհավաքի լարը, այն փաթաթել է դեռևս կենդանի վիճակում գտնվող Ֆարիդա Սարգսյանի պարանոցին և ամբողջ ուժով սեղմելով` պարանոցի հետին հատվածում մեկ հանգույցով կապել է և մտածելով, որ Ֆարիդա Սարգսյանին խեղդելով սպանել է՝ դուրս է եկել տնակից, և երեխայի հետ գնացել են տուն:
Արեգնազան Բաղդասարյանն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը, քանի որ ալեհավաքի լարը պարանոցին փաթաթելու, ողջ ուժով սեղմելու և հանգույցով կապելու հետևանքով Ֆարիդա Սարգսյանի մոտ առաջացել են պարանոցի ստորադիր հյուսվածքներում արյունազեղումների մանր օջախներ և վերջինիս պատճառվել է մահվան հետ պատճառական կապի մեջ չգտնվող, առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:
Այսինքն՝ Արեգնազան Բաղդասարյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք:
Նկատի ունենալով, որ վճռի նկարագրական և պատճառաբանական մասում արդեն իսկ ներկայացված են եղել առաջադրված մեղադրանքի բովանդակությունը և պատճառաբանությունները, դատավճիռը լրացուցիչ չծանրաբեռնելու համար կատարված արարքների նկարագրությունը Դատարանի իրավական վերլուծություններ հատվածում կրկին անգամ չի նշվել, այլ նշվել է, որ Դատարանը, ձեռք բերված ապացույցները գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության տեսանկյունից, դրանց համակցությամբ, հաստատված է համարում, որ ամբաստանյալ Արեգնազան Բաղդասարյանը կատարել է ՀՀ քրեական օրնեսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրնեսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը դատավճռի օրինական և հիմնավորված լինելը սահմանում է, որ
1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
2. Դատարանի դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է ՀՀ Սահմանադրության, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառվում են տվյալ քրեական գործը լուծելիս:
3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա, այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար, դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին:
4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները:
Դատավճիռը կայացվել է ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան, ուստի այն օրինական է:
Դատավճիռը կայացվել է դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների հիման վրա, դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին, ուստի և իմ կողմից քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջների խախտում թույլ չի տրվել:
Վերոգրյալից ելնելով` իմ կողմից սխալ չի կիրառվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հանցագործությունների համակցություն է համարվում սույն օրենսգրքով (տարբեր հոդվածներով կամ միևնույն հոդվածով կամ հոդվածի միևնույն կամ տարբեր մասերով կամ կետերով) նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել:
Տվյալ դեպքում դատապարտյալ Արեգնազան Բաղդասարյանի կողմից կատարվել են երկու առանձին հանցավոր գործողություններ, որոնց համար էլ ենթարկվել է քրեական պատասխանատվության:
Դատարանի 16.08.2013թ. դատավճիռը բողոքարկվել է և վերանայվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում վերլուծության և գնահատման ենթարկելով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ, նույնպես հանգել է այն հետևության, որ ամբաստանյալ Արեգնազան Բաղդասարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, Դատարանի հետևություններն ու պատճառաբանությունները՝ արարքի հիմնավորվածության վերաբերյալ, բխում են գործով ձեռք բերված ապացույցներից, գործի նյութերից, և 14.10.2013թ. որոշում է կայացրել ամբաստանյալ Արեգնազան Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 16.08.2013թ. դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2013թ. որոշմամբ Արեգնազան Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության»:
Դատավոր Հ. Մովսեսյանը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ Խորհրդին ուղարկել է պատասխան, որում, բացատրության մեջ արդեն իսկ ներառված փաստարկներից զատ, Խորհրդի ուշադրությունը հրավիրել է նաև հետևյալ հանգամանքների վրա.
«Դատավճռի 4-րդ էջում նշված է. «Ամբաստանյալ Արեգնազան Գրիգորի Բաղդասարյանի պատճառաբանություններն անհիմն են, դրանք քրեական պատասխանատվությունից, պատժից խուսափելու միտում են հետապնդում, և նրան առաջադրված մեղադրանքները հաստատված են համարվում հետևյալ ապացույցներով»: Այնուհետև շարադրված են բոլոր ապացույցները, որոնցով պատճառաբանվում են և հիմնավորվում ամբաստանյալի կողմից կատարված արարքները:
Դատավճռի 15-րդ էջի 1-ին պարբերությունում նշված է, որ «Դատարանը ձեռք բերված ապացույցները գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության տեսանկյունից, դրանց հահամակցությամբ հաստատված է համարվում, որ ամբաստանյալ Արեգնազան Գրիգորի Բաղդասարյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ, որոնցով էլ նա պետք է քրեական պատասխանատվություն կրի»: Նշված պարբերությունը վերաբերում է դատարանի եզրահանգմանը:
Նկատի ունենալով, որ վճռի նկարագրական և պատճառաբանական մասում արդեն իսկ ներկայացված են եղել առաջադրված մեղադրանքի բովանդակությունը և պատճառաբանությունները, դատավճիռը լրացուցիչ չծանրաբեռնելու համար կատարված արարքների նկարագրությունը Դատարանի իրավական վերլուծություններ հատվածում կրկին անգամ չի նշվել, այլ միայն նշվել է Դատարանի եզրահանգումը:
Հաշվի առնելով այն, որ նշված ենթադրյալ կարգապահական խախտում համարվող փաստը խմբագրական վրիպակ է, այն որևէ իրավական հետևանքներ չի առաջացրել, որևէ նյութական նորմի ակնհայտ և կոպիտ խախտում չի հիմնավորվում, իմ կողմից ակնհայտ ապօրինի դատական ակտ չի կայացվել, ուստի խնդրում եմ ՀՀ արդարադատության խորհրդից հարուցված կարգապահական վարույթը կարճել»:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1) Արեգնազան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:
2013թ. հունիսի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել է Դատարան` ըստ էության քննելու համար:
2) Դատարանը 16.08.2013թ. թիվ ՇԴ/0068/01/13 քրեական գործով կայացված դատավճռով Արեգնազան Բաղդասարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտել է ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով` 8 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով` 2 տարի ժամկետով:
Պատիժները մասնակի գումարվել է և վերջնական պատիժ է նշանակվել 8 տարի 6 ամիս ժամկետով:
3) Թիվ ՇԴ/0068/01/13 քրեական գործով դատաքննության ընթացքում հետազոտված բոլոր ապացույցները զետեղված են դատավճռի` «ապացույցների հետազոտում և գնահատում» հատվածում (էջեր 3-14):
3) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 14.10.2013թ. որոշմամբ Արեգնազան Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 16.08.2013թ. դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ:
4) ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը 11.12.2013թ. որոշմամբ Արեգնազան Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Դատարանի դատավոր Հ. Մովսեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
ՀՀ քրեական դատավարութայն օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները:
Դատական ակտերի օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության հարցին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ, որում իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) Դատական ակտն օրինական է, եթե կայացվել է գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ, և հիմնավորված, եթե դրանում արված հետևությունները հիմնված են դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա:
Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար (...)» (տե՛ս Ֆրունզիկ Գալստյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 17-19-րդ կետերը):
Վերոգրյալից հետևում է, որ դատարանի կողմից օրենսդրության պահանջների պահպանմամբ կայացված դատական ակտում պետք է համապատասխան փաստարկներով պատճառաբանվեն դատարանի հետևությունները, որոնք պետք է հիմնված լինեն դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա, ինչպես նաև նշվեն համապատասխան իրավանորմերը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարզում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ որպես ապացույց թույլատրվում են կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, վկայի, ամբաստանյալի, դատապարտյալի ցուցմունքները, փորձագետի եզրակացությունը, իրեղեն ապացույցները, քննչական և դատական գործողությունների արձանագրությունները և այլ փաստաթղթերը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացուցումը գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու նպատակով ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելն է:
Վերը նշված իրավական դրույթների վերլուծությունից հետևում է, որ քրեադատավարական օրենքով ապացույցներին և ապացուցման գործընթացին ներկայացվող պահանջները հետևյալն են.
ա) ապացույցները պետք է պարունակեն ոչ թե գնահատողական դատողություններ, կարծիքներ, այլ կոնկրետ փաստական տվյալներ որոշակի գործողությունների, իրադարձությունների վերաբերյալ,
բ) այդ փաստական տվյալները պետք է ձեռք բերվեն օրենքով նշված աղբյուրներից և վերաբերեն կոնկրետ տվյալ գործին և ապացուցման առարկային,
գ) ապացույցները պետք է ձեռք բերվեն, ամրագրվեն և օգտագործվեն քրեադատավարական օրենքով սահմանված կարգով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից: Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ:
Դատարանի կողմից ապացույցների գնահատման հարցին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի վերաբերյալ որոշման մեջ և դիրքորոշում հայտնել այն մասին, որ «Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, իրենից ներկայացնում է մտավոր, տրամաբանական գործունեություն, որի արդյունքում եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա: (…)» (տե՛ս Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 որոշման 14-րդ կետը):
Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանը, դատաքննության ընթացքում հետազոտված և դատավճռում շարադրված փաստական տվյալներով (էջեր 3-14) ապացուցված համարելով Արեգնազան Բաղդասարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներին համապատասխանող արարքներ կատարելը, 16.08.2013թ. թիվ ՇԴ/0068/01/13 քրեական գործով կայացված դատավճռով Արեգնազան Բաղդասարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտել է ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով` 8 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով` 2 տարի ժամկետով: Պատիժները մասնակի գումարվել է, և վերջնական պատիժ է նշանակվել 8 տարի 6 ամիս ժամկետով:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 14.10.2013թ. թիվ ՇԴ/0068/01/13 քրեական գործով կայացված որոշմամբ Արեգնազան Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 16.08.2013թ. դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը 11.12.2013թ. որոշմամբ Արեգնազան Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության:
Խորհուրդն արձանագրում է, որ Դատարանը թիվ ՇԴ/0068/01/13 քրեական գործով ձեռք բերված ապացույցները գնահատել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածով նախատեսված՝ ապացույցների գնահատման կանոնների պահպանմամբ:
Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ Դատարանի կողմից դատավճում նշված հետևությունները վերջինիս կողմից թիվ ՇԴ/0068/01/13 քրեական գործով ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունք են, ինչի հետևանքով ամբաստանյալ Արեգնազան Բաղդասարյանի արարքը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս Արդարադատության խորհուրդը գործում է որպես դատարան: Որպես դատարան գործելիս Արդարադատության խորհրդում գործերի քննության կարգի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Արդարադատության խորհրդում գործի քննության նկատմամբ և չեն հակասում սույն օրենսգրքի նորմերին:
Վերը նշված նորմի վերլուծության արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ «Խորհուրդը գործում է որպես դատարան» եզրույթը չպետք է մեկնաբանել որպես վերադաս դատական ատյան, որը վերանայում է կայացված դատական ակտերը նյութական և (կամ) դատավարական օրենքի նորմի խախտման հիմքով, այլ գործելով որպես կարգապահական դատարան` Խորհուրդը քննարկում է միայն դատավորին վերագրվող խախտման ակնհայտ և կոպիտ լինելու հանգամանքը, այսինքն` այնպիսի էական, անվիճելի և անհերքելի խախտման փաստեր, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:
ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասին անդրադարձել է նաև ՀՀ սահմանադրական դատարանն իր 2012 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ ՍԴՈ-1063 որոշմամբ` նշելով, որ «(...) «գործում է որպես դատարան» եզրույթի առնչությամբ նկատի պետք է ունենալ արդարադատության խորհրդի գործունեության կարգը, այլ ոչ թե նրա` որպես արդարադատություն իրականացնող դատարանի գործառնական դերը (...)»:
ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը:
Նյութական կամ դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հասկացության վերաբերյալ իր իրավական դիրքորոշումը Խորհուրդն արտահայտել է նախկինում կայացված որոշումներում: Այսպես` 2007 թվականի հոկտեմբերի 12-ի ԱԽ-7-Ո-18 որոշմամբ Խորհուրդն արձանագրել է. «Օրենքի նորմերի կոպիտ և ակնհայտ խախտումներ են արդարադատության իրականացման ընթացքում ՀՀ Սահմանադրության, օրենքների նորմերի այնպիսի էական խախտումները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել անձանց՝ վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների կոպիտ սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն և ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը»:
Խորհրդի մեկ այլ` 2007 թվականի հոկտեմբերի 12-ի ԱԽ-7-Ո-19 որոշմամբ Խորհուրդն արձանագրել է, որ « (…) ակնհայտ և կոպիտ խախտումների հասկացությունը թեև գնահատողական կատեգորիա է, սակայն դրա իմաստը կարող է բացահայտվել՝ ելնելով ՀՀ օրենսդրության ընդհանուր իմաստից և սկզբունքներից: Նման հայեցողական գնահատման լիազորությունը օրենսդրությամբ վերապահված է Արդարադատության խորհրդին»:
Խորհուրդը, մեկ անգամ ևս վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը, արձանագրում է, որ դատավորին վերագրվող խախտումը չի կարող համարվել ակնհայտ և կոպիտ, եթե այն չի պարունակում ՀՀ Սահմանադրության կամ օրենքների նորմերի այնպիսի էական, անվիճելի և անհերքելի խախտումներ, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել անձանց՝ վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների կոպիտ սահմանափակմանը, չհիմնավորված և չպատճառաբանված որոշման կայացմանը: Հետևաբար, այն չի կարող նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ:
Ելնելով վերոգրյալից` Խորհուրդը գտնում է, որ արդարադատություն իրականացնելիս դատավորի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական օրենքների նորմերի էական, անվիճելի և անհերքելի խախտումներ, ուստի Խորհուրդն անհրաժեշտ և նպատակահարմար չի համարում անդրադառնալ դատավորի գործողություններում մեղքի առկայության կամ բացակայության հարցին:
Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ հիմնավորված չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը, հետևաբար դատավոր Հ. Մովսեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կարգապահական գործը ենթակա է կարճման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածով, 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը մերժել: ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Մովսեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Է. Հայրիյան | |
Ռ. Բարսեղյան | ||
Ա. Թումանյան | ||
Ա. Խաչատրյան | ||
Մ. Մակյան | ||
Ս. Չիչոյան | ||
Գ. Ղազինյան | ||
Վ. Ստեփանյան | ||
Հ. Փանոսյան | ||
Գ. Բադիրյան | ||
Ա. Բաբայան | ||
Ս. Օհանյան |