ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վերջին շրջանում հանրապետության տարածքում իրենց աշխատանքն են աշխուժացրել օտարերկրյա մի շարք կրոնական կազմակերպություններ, Հայաստանի Հանրապետությունում չգրանցված որոշ կրոնական խմբավորումներ: Կան նաև գրանցված կրոնական կազմակերպություններ, որոնց գործունեությունը հաճախ հակասում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին: Դրանք խարխլում են բարոյա-հոգեբանական մթնոլորտը հանրապետությունում, որոշ դեպքերում անհարգալից վերաբերմունք սերմանում զինվորական ծառայության նկատմամբ, խոչընդոտում գրանցված կրոնական կազմակերպությունների օրինաչափ գործունեությանը և առաջացնում վերջիններիս արդարացի վրդովմունքը:
Այս ամենը խոչընդոտում է նաև հանրապետության ներքին կայունության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների իրականացմանը, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու` հայ ժողովրդի հոգևոր կյանքի շինության ու զորացման ջանքերին:
Հայաստանի Հանրապետության տարածքում կրոնական կազմակերպությունների նման գործունեության հետևանքով ստեղծված իրավիճակը կարգավորելու և կրոնական գործունեության օրինականությունն ապահովելու նպատակով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը, պետական կառավարման համապատասխան մարմիններին` վերանայել հանրապետությունում գործող հասարակական և այլ կազմակերպությունների, ձեռնարկությունների կանոնադրությունները, որոնցով կրոնական գործունեությամբ զբաղվելու իրավունք նախատեսելու դեպքում, չեղյալ հայտարարել դրանց գրանցման մասին որոշումները` առաջարկելով վերջիններիս վերանայել իրենց կանոնադրությունները, հետագայում կազմակերպությունները, ձեռնարկությունները ներկայացնելով գրանցման` որպես հասարակական, կրոնական կամ օրենսդրությամբ նախատեսված այլ տիպի կազմակերպություններ (ձեռնարկություններ):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդին`
ուսումնասիրել գրանցված կրոնական կազմակերպությունների գործունեությունը և անհրաժեշտության դեպքում կատարել վերագրանցում, իսկ օրենսդրության խախտումների հայտնաբերման դեպքում` միջոցներ ձեռնարկել լուծարքի ենթարկելու այդ կազմակերպությունները.
միջոցներ ձեռնարկել հրավերով Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա կրոնական կազմակերպությունների այն ներկայացուցիչների գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ, ովքեր զբաղվում են իրենց կարգավիճակով չնախատեսված գործունեությամբ.
պատշաճ հսկողություն իրականացնել կրոնական թեմաներով գրականության և ծիսական նշանակության առարկաների արտադրության և վաճառքի նկատմամբ:
3. Սահմանել, որ պետական զանգվածային լրատվության միջոցներով կրոնա-դավանաբանական քարոզչություն կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կրոնական կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի գիտությամբ:
4. Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին` կրոնական արարողությունների անցկացման նպատակով դահլիճներ, համերգասրահներ, մարզասրահներ, կինոթատրոններ, թատերական դահլիճներ և այլ տարածքներ հատկացնել միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կրոնական կազմակերպություններին` նախապես այդ հարցը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի հետ:
5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կրոնական կազմակերպությունները, այլ կազմակերպությունները, ինչպես նաև պաշտոնատար անձինք օտարերկրյա կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի միջոցով` վերջինիս տեղյակ պահելով հրավիրվողների առաքելության մասին:
6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններում, ճամբարներում անցկացվող կրոնական բնույթի միջոցառումները նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի հետ:
Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններում կրոնի դասավանդումը թույլատրվում է միայն պետական կառավարման համապատասխան մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի համաձայնությամբ` դասավանդումը կատարելով Հայաստանյաց Առաքելական եկեղեցու դավանաբանության հիման վրա:
7. Սահմանել, որ օտարերկրյա կրոնական կազմակերպությունների հրավերով ուսումնական, հանգստանալու կամ այլ նպատակներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեկնումը արտասահման կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի գիտությամբ:
8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին միջոցներ ձեռնարկել հանրապետության տարածքում կրոնական գործունեության օրինականության ապահովման ուժեղացման ուղղությամբ:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկամսյա ժամկետում`
առաջարկություններ նախապատրաստել օրենսդրական համապատասխան ակտերում կրոնական գործունեության մասին օրենսդրության պահանջների խախտումների համար պատասխանատվության վերաբերյալ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
քննության առնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի հաշվետվությունը իր կողմից տարվող աշխատանքների մասին և միջոցառումներ իրականացնել ու անհրաժեշտ նախապայմաններ ստեղծել վերջինիս գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
10. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.03.2001, ՆՀ-836 | 11.04.2001, ՆՀ-269 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|