Գլխավոր տեղեկություն
Համար
N 154-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2014.05.14/3(61) Հոդ.10
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
30.04.2014
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

30 ապրիլի 2014 թ.

N 154-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 33-րդ կետը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

Հաստատել Երևան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը` համաձայն հավելվածի:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան

 

 

Հավելված
Երևան քաղաքի ավագանու

2014 թվականի ապրիլի 30-ի

N 154-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Երևան համայնքում (այսուհետ՝ համայնք) տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իրականացման նպատակն է համայնքի բնակիչների համար համայնքի կառավարմանը, համայնքի քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներում մասնակցելու հնարավորության, ինչպես նաև հանրային տեղեկատվության լիակատար մատչելիության, համայնքի տարածքում գործող կանոնների և պարտականությունների իմացության ապահովումն է:

3. Սույն կարգի խնդիրներն են՝

1) համայնքի բնակիչների մասնակցության ապահովումը համայնքի կառավարման գործընթացում.

2) համայնքի կառավարմանը քաղաքացիական մասնակցության գործուն ձևերի կիրառումը.

3) համայնքի բնակիչների և համայնքի ղեկավարի և նրա աշխատակազմի, ինչպես նաև համայնքի ենթակա կազմակերպությունների միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորումը:

4. Տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության սկզբունքներն են՝

1) մատչելիությունը և հասանելիությունը.

2) վստահությունը.

3) թափանցիկությունը և հրապարակայնությունը.

4) ակտիվությունը, օպերատիվությունը և արագ արձագանքումը.

5) պատասխանատվությունը և հաշվետվությունը:

5. Համայնքի բնակիչները համայնքում տեղական ինքնակառավարմանը կարող են մասնակցել միայն իրենց նախաձեռնությամբ՝ համայնքում բնակիչների մասնակցության ապահովման միջոցառումների իրականացման շրջանակներում՝ հասարակական հիմունքներով:

6. Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչները կարող են մասնակցություն իրականացնել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կարգավորման ենթակա բնագավառներում:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

7. Տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության ձևերը և միջոցներն են՝

1) տեղեկացման (իրազեկման, անհրաժեշտ տեղեկատվության ստացման) հնարավորությունը.

2) համայնքում որոշումների կայացման գործընթացներում մասնակցելու հնարավորության ստեղծում Երևանի քաղաքապետին և Երևանի վարչական շրջանների ղեկավարին կից խորհրդակցական խորհուրդների ձևավորման, հանրային լսումների անցկացման միջոցով.

3) ընդունելությունների կազմակերպումը.

4) համայնքի տարածքում հարցումների անցկացման կազմակերպումը և բնակիչների առաջարկությունների ներկայացման հնարավորությունը.

5) արագ արձագանքման համար անհրաժեշտ միջոցների ստեղծումը.

6) բարձր տեխնոլոգիաների կիրառումը.

7) համայնքի տարածքում գործող կանոնների և պարտականությունների մասին բնակչության իրազեկումը:

8. Սույն կարգի 9-րդ կետում նշված մասնակցության ձևերի իրականացումը կարգավորվում է Երևանի քաղաքապետի որոշումներով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ որոշումների ընդունման լիազորությունը օրենքով վերապահված է համայնքի ավագանուն կամ կարգավորվում է այլ իրավական ակտերով:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

9. Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցությունը ապահովման բնագավառում Երևանի քաղաքապետը իրականացնում է հետևյալ լիազորությունները՝

1) ապահովում է համայնքի կառավարմանը բնակիչների մասնակցության մշակույթի զարգացումը.

2) ապահովում է քաղաքացիների իրազեկ լինելու և համայնքի կառավարմանը և զարգացմանը մասնակցելու հնարավորությունը և խրախուսումը.

3) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնակիչների մասնակցության սահմանված ձևերի լիարժեք կիրառումը.

4) կազմակերպում է համայնքում կատարվող ծրագրերի վերաբերյալ հասարակության իրազեկումն ու լսումների անցկացումը.

5) ապահովում է բնակիչների տեղեկատվության ստացման հնարավորությունը.

6) կազմակերպում է բնակիչներին համայնքի հանդեպ ունեցած կամ այլ պարտավորությունների վերաբերյալ պատշաճ կարգով իրազեկումը:

10. Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության ապահովման բնագավառում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը համայնքի բնակիչներին և հասարակության ներկայացուցիչներին իրազեկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին, ինչպես նաև սույն որոշմամբ սահմանված կարգով կազմակերպում է վերջիններիս մասնակցությամբ միջոցառումներ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան