ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի համատեղ առաջարկությունը, որոշում եմ.
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև աշխատանքի վարձատրության, կենսաթոշակների, նպաստների, բնակչության եկամուտների ինդեքսավորման, աշխատանքի պաշտպանության հարցերի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
|
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ
1. Համաձայնագրեր կնքելու հիմնական սկզբունքներն են`
ա) կողմերի փոխադարձ ճանաչումը, հարգանքը, վստահությունը և ներկայացուցչական հավասարությունը.
բ) համաձայնագրի առարկայի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների և այլ նյութերի ուսումնասիրմանը կողմերի մասնակցության իրավահավասարությունը.
գ) առաջադրված պահանջների և առաջարկությունների իրագործման համար նյութական, արտադրական և ֆինանսական իրական հնարավորությունների գնահատումը.
դ) կնքված համաձայնագրերի անվերապահ կատարումը.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահպանումը:
2. Բանակցող կողմերն են` Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների, պետական տեսչության և կառավարությանն առընթեր մարմինների, և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիան` ի դեմս կոնֆեդերացիայի անդամ արհմիությունների:
3. Բանակցություններ վարելու համար կողմերը ստեղծում են հանձնաժողովներ` նրանց օժտելով անհրաժեշտ լիազորություններով:
Հանձնաժողովները կազմվում են կողմերի հավասար թվով ներկայացուցիչներից, ընդ որում յուրաքանչյուր կողմից ընդգրկելով ոչ պակաս, քան հինգական ներկայացուցիչ:
Բանակցությունների նախապատրաստման շրջանում հանձնաժողովների (կողմերի) պահանջով անհրաժեշտ վերլուծությունների և եզրահանգումների համար, նրանց տրամադրվում են քննարկվող հարցերի վերաբերյալ վիճակագրական և այլ տեղեկություններ:
4. Բանակցություններում քննարկվում են աշխատանքի վարձատրության, կենսաթոշակների, նպաստների, բնակչության եկամուտների ինդեքսավորման, աշխատանքի պաշտպանության հարցերը, ինչպես նաև երկուստեք համաձայնությամբ` այլ հարցեր:
5. Բանակցություններ սկսելու հիմք է հանդիսանում կողմերից մեկի առաջարկությունը: Գրավոր առաջարկությունն ուղարկվում է մյուս կողմին, որը 10-օրյա ժամկետում պարտավոր է գրավոր տեղեկացնել բանակցությունների անցկացման վերաբերյալ իր առաջարկությունների մասին:
6. Բանակցությունների ընթացքում առանձին հարցադրումների վերաբերյալ անհամաձայնության, ինչպես նաև նոր առաջարկությունների ներկայացման դեպքում, կողմերից մեկի պահանջով բանակցություններն ընդմիջվում են որոշակի ժամկետով, բայց մեկ ամսից ոչ ավելի:
Բանակցությունների ընդմիջման ընթացքում կողմերը գնահատում են ինչպես սեփական պահանջների կատարման հնարավորությունները, այնպես էլ մյուս կողմի ներկայացրած առաջարկությունները, իսկ անհրաժեշտության դեպքում լրամշակում են դրանք և որոշում իրենց հետագա գործողությունները:
7. Բանակցությունների արդյունքում առանցքային հարցերի շուրջ կողմերի համաձայնության դեպքում կնքվում է համաձայնագիր:
8. Կնքված համաձայնագրի գործողության ընթացքում հարցերի օպերատիվ կարգավորման, առաջացած վեճերի լուծման, համաձայնագրի կատարման նկատմամբ հսկողության սահմանման նպատակով ստեղծվում է համաձայնեցման կոմիտե, որի կազմում ընդգրկվում են կողմերի հավասար թվով ներկայացուցիչներ:
9. Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստորագրում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, իսկ Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի կողմից` Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահը:
10. Կնքված համաձայնագրերը ենթակա են հրապարակման:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.12.2001, ՆՀ-1005 | 15.01.2002, ՆՀ-223 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|