Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-188
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.1993-07.02.1994)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/15-16
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
25.01.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.01.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների չափերի ավելացման ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով, որոշում եմ.

1. 1993 թվականի հունվարի 1-ից պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափը բոլոր գործատուների համար, բացառությամբ սույն հրամանագրի 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշվածների, սահմանել 37 տոկոս` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ:

2. Հաշմանդամների հասարակական կազմակերպություններից, այն ձեռնարկություններից, դրանց տնտեսական միավորումներից, հիմնարկներից, ուսումնական հաստատություններից, որտեղ աշխատողների և սովորողների թվաքանակի ոչ պակաս 50 տոկոսը հանդիսանում են հաշմանդամներ, գանձվող պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափը սահմանել 4,7 տոկոս` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ:

      3. Քաղաքացիների պարտադիր պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափը պահպանել յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի 1 տոկոսի չափով:

4. 1993 թվականի հունվարի 1-ից անհատ ձեռներեցները պարտադիր կարգով պետական սոցիալական ապահովագրության մուծումներ են կատարում եկամտի 10 տոկոսի չափով, սակայն արտոնագրի համար սահմանված վճարի 30 տոկոսից ոչ պակաս:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) մեկամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել գյուղացիական տնտեսությունների, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի, բոլոր տեսակի արժեթղթերից եկամուտներ ստացող անձանց պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի և դրանց վճարման կարգի մասին.

բ) սահմանել հաստատագրված գումարներով պետբյուջե վճարներ կատարող հասարակական սննդի, առևտրագնման և կոմիսիոն առևտրի բնագավառներում գործող ոչ պետական ձեռնարկությունների պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերը և դրանց վճարման կարգը.

գ) տասնօրյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» հրամանագրի 1-ին և 3-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 25 հունվարի 1993 թ.
ՆՀ-188