ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ՍԴ3/0080/01/12 |
Քրեական գործ թիվ ՍԴ3/0080/01/12 |
|
Նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան |
Դատավորներ՝ |
Կ. Ղազարյան Հ. Տեր-Ադամյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Ավետիսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Մ. Ավագյանի | |
մասնակցությամբ դատախազ |
Ս. Խաչատրյանի |
2013 թվականի նոյեմբերի 28-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Վարդգես Ալեքսեյի Մանասյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ դատախազ Ս.Խաչատրյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ կայազորային քննչական բաժնում 2012 թվականի մարտի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 91251812 քրեական գործը:
2012 թվականի հունիսի 28-ին Վարդգես Մանասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը Վ.Մանասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2012 թվականի օգոստոսի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 7-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է, և Վ.Մանասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է` նույն արարքի համար կրկին անգամ դատվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ:
3. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել դատախազ Ս.Խաչատրյանը:
Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է:
4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազ Ս.Խաչատրյանը, որը Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ըստ մեղադրական եզրակացության` Վ.Մանասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա, հանդիսանալով ՊԲ թիվ 36534 զորամասի 4-րդ ՀԳՄ-ի ժամկետային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, 2012 թվականի մարտի 6-ին թիվ 167 մարտական դիրքի գետնատնակի առջև, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, վերցրել է իրեն ամրակցված, համածառայող Արման Հակոբյանի ոտքերին դրված ու վերջինիս կողմից լիցքավորված ԱԿ-74 տեսակի 1272877 համարի ինքնաձիգը, ցանկացել բացել ապահովիչը` փամփշտանոցում գտնվող փամփուշտը ցույց տալու համար, որի ընթացքում մատը պատահաբար կպել է ձգանին, արձակել կրակոց, որի հետևանքով նշված ժամանակ առույգ հերթափոխի պարտականություն կատարող, շարքային Վ.Մարտիրոսյանն անզգուշությամբ ստացել է ձախ ազդրի ստորին կեսի փափուկ հյուսվածքների հրազենային միջանցիկ վիրավորման ձևով առողջության միջին վնաս` առողջության տևական քայքայումով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 98):
6. Համաձայն 2012 թվականի մարտի 7-ի Ստեփանակերտի ՌՈ բաժնի կողմից տրված մեկուսացման գրության՝ Վ.Մանասյանը զինվորական կանոնագրքերի խախտման համար մեկուսարան ընդունվել է 2012 թվականի մարտի 7-ին, ազատվել է 2012 թվականի մարտի 17-ին (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 190):
7. 2012 թվականի մարտի 8-ի թիվ 36534 զորամասի հրամանատարի թիվ 68 հրամանի քաղվածքում արձանագրվել է հետևյալը. «Համարել կալանված Ստեփանակերտի ՌՈ բաժին կալանատանը 10 (տասը) օր ժամկետով ներքոհիշյալ ժամկետային զինծառայողները և հանել կաթսայական բավարարումից.
1. 12հվ 3հդ 2հջ հրամանատար կրտսեր սերժանտ Վարդգես Ալեքսեյի Մանասյանին (1/2010 զորակոչ, Ստեփանակերտի ԶԿ) (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 191):
8. Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ արձանագրել է հետևյալը. «(...) Դատաքննության ընթացքում հիմնավորված ապացույցներով պարզվեց, որ մեղադրանքում նշված հանցագործությունները կատարելու համար թիվ 36534 զորամասի հրամանատարի 08.03.2012թ. թիվ 68 հրամանի համաձայն` Վ.Մանասյանը ենթարկվել է կարգապահական տույժի` կալանք 10 օր ժամկետով, որը համաձայն Ստեփանակերտի ՌՈ բաժնի պետի 07.03.2012թ. մեկուսացման գրության` փաստացի կրել է 07.03.2012թ-ից 17.03.2012թ. ժամանակահատվածում և ազատվել 17.03.2012թ-ին (...).
(...) հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալ Վարդգես Ալեքսեյի Մանասյանը ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարելու համար, համաձայն թիվ 36534 զորամասի հրամանատարի թիվ 68 հրամանի, ենթարկվել է կարգապահական տույժի` կալանք 10 (տասը) օր ժամկետով, որը համաձայն Ստեփանակերտի ՌՈ բաժնի կողմից տրված մեկուսացման գրության` կրել է 07.03.2012թ-ից մինչև 17.03.2012թ-ը, այսինքն` Վ.Մանասյանը կատարած հանցանքի համար, ելնելով ՀՀ վճռաբեկ դատարանի (...) որոշման պահանջներից, փաստացի ենթարկվել է քրեական պատասխանատվության և չի կարող կրկին անգամ նույն արարքի համար դատվել, ուստի դատարանը գտնում է, որ վերջինիս նկատմամբ քրեական գործի վարույթը պետք է կարճել, այդ մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնել` նույն արարքի համար կրկին անգամ դատվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 20-25):
9. Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել է. «(...) Վերոգրյալ հիմքերի առկայության պայմաններում վերաքննիչ դատարանը եկավ հետևության, որ կայացված որոշումը օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի այն բեկանելու և մեղադրական դատական ակտ կայացնելու հիմքեր չկան (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 84):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոք բերած անձի պնդմամբ Վ.Մանասյանի կրկնակի դատապարտման վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն անհիմն են:
Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ սույն գործով զորամաս կատարված հարցմամբ պարզվել է, որ Վ.Մանասյանը զորամասի հրամանատարության կողմից մեկուսացվել է՝ առանց ծառայողական քննություն անցկացնելու և նրա կատարածը պարզելու: Թիվ 68 հրամանում գրված է, որ Վ.Մանասյանը մեկուսացվել է մարտական հերթապահությունում անվտանգության կանոնների խախտման համար: Բացի այդ, Ստեփանակերտի ՌՈ բաժնից ստացված մեկուսացման գրությունների վրա «Խախտման պատճառը» տողի առջև նշված է «ԶԿԽ», այսինքն՝ զինվորական կանոնագրքի խախտում:
Բողոք բերած անձը նշել է նաև, որ 2012 թվականի մարտի 8-ի թիվ 68 հրամանն արձակվել է այն ժամանակ, երբ Վ.Մանասյանն արդեն իսկ 2012 թվականի մարտի 7-ի գրությամբ զինվորական կանոնագրքի խախտման պատճառով մեկուսացվել է Ստեփանակերտի ՌՈ բաժնի կարգապահական մեկուսարանում, այլ ոչ թե զենքի հետ վարվելու կանոնները խախտելու և դրա հետևանքով տուժողի առողջությանը միջին վնաս պատճառելու համար:
11. Վերոգրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ Վ.Մանասյանի՝ ՌՈ բաժնում 10 օր տևողությամբ մեկուսացնելը որևէ կապ չունի ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով նրան մեղսագրվող արարքի հետ, և Վ.Մանասյանն առանց բավարար հիմքերի ազատվել է քրեական պատասխանատվությունից: Ուստի, խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, կայացնել նոր դատական ակտ. այն է` Վ.Մանասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 6 (վեց) ամիս ժամկետով: Նրա նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. նույն արարքի համար կրկին անգամ դատվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ քրեական գործի վարույթը կարճելու և Վ.Մանասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս ստորադաս դատարանները պատշաճ գնահատե՞լ են արդյոք գործում առկա փաստական տվյալները:
13. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան»:
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` «Ոչ ոք չպետք է կրկին անգամ դատվի կամ պատժվի այն հանցագործության համար, որի համար նա արդեն վերջնականապես դատապարտվել է կամ արդարացվել յուրաքանչյուր երկրի օրենքին և քրեական դատավարության իրավունքին համապատասխան»:
ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն՝ «(...) Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար»:
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ «(...) Արգելվում է անձին երկրորդ անգամ դատապարտել նույն հանցագործության համար»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար (...)»:
Մեջբերված իրավադրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Դ.Բաբայանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) նույն արարքի համար կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) սկզբունքը հիմնարար տեղ է զբաղեցնում ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված պաշտպանության համակարգում, որի հիմքում ընկած է մեղքը քաված լինելու կանխավարկածը, և այն իրենից ներկայացնում է նույն արարքի համար նույն անձին կրկին քրեական հետապնդման չենթարկելու, չդատապարտելու, չպատժելու երաշխիք: Ընդ որում, «նույն արարքի համար» ձևակերպումը նշանակում է, որ կրկնակի դատապարտման անթույլատրելիության առարկան պետք է ընկալվի ոչ թե հանցանքի իրավական որակման, այլ փաստական նկարագրության իմաստով:
(...) «նույն արարքի համար» ձևակերպումը ճիշտ կիրառելու համար անհրաժեշտ է անդրադառնալ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում տեղ գտած «քրեական մեղադրանք» եզրույթի մեկնաբանմանը՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով իրավախախտումը որպես «քրեական» որակելու չափորոշիչներն են` ա) իրավախախտման դասակարգումն ըստ ազգային օրենսդրության, բ) իրավախախտման բնույթը, գ) նշանակված կամ հնարավոր պատժի խստության աստիճանը: Ընդ որում, իրավախախտումը «քրեական» որակելու համար բավարար է այդ չափորոշիչներից միայն մեկի, այլ ոչ թե բոլորի պարտադիր առկայությունը» (տե՛ս Դավիթ Բորիսի Բաբայանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԿԴ1/0043/01/11 որոշման 22-24-րդ կետերը):
14. Վ.Մանասյանին վերագրվող արարքի կատարման պահին գործող «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 1996 թվականի օգոստոսի 12-ի թիվ N 247 որոշման 51-րդ կետի համաձայն` զինվորական կարգապահության կամ հասարակական կարգի խախտման համար զինծառայողն անձամբ կրում է կարգապահական պատասխանատվություն:
Զինծառայողի կողմից զինվորական կարգապահության կամ հասարակական կարգի խախտման դեպքում հրամանատարը (պետը) կարող է (...) կարգապահական տույժ տալ: Ընդ որում, նա պետք է հաշվի առնի, որ տույժը (...) պետք է համապատասխանի զանցանքի ծանրությանը և մեղքի աստիճանին, որը քննությամբ որոշում է հրամանատարը (պետը):
Նույն որոշման 54-րդ կետի համաձայն` «Զինվորներին կարող են տրվել հետևյալ տույժերը`
(…)
ե) ժամկետային ծառայության զինվորների մեկուսացում և պահում կարգապահական մեկուսարանում` մինչև տասն օր, իսկ պայմանագրով զինվորական ծառայության ընդունված զինվորներին` մինչև յոթ օր»:
Նույն որոշման 91-րդ կետի համաձայն` «Հրամանատարի (պետի) կողմից ենթակային կարգապահական տույժ տալու որոշմանը պետք է նախորդի քննությունը, որը կատարվում է մեղավորներին հայտնաբերելու և զանցանքի կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները բացահայտելու նպատակով:
Քննության ընթացքում հրամանատարը (պետը) պարզում է` կատարվել է արդյոք զանցանք` երբ, որտեղ, ինչ պարագաներում, ինչ զանցանք է, մեղքի առկայությունը կոնկրետ անձանց գործողություններում կամ անգործության մեջ, յուրաքանչյուրի մեղքի աստիճանը (…)»:
Նույն որոշման 92-րդ կետի համաձայն` «մեղքի աստիճանը և կարգապահական տույժի միջոցը որոշելիս հաշվի են առնվում զանցանքի բնույթը, դրա կատարման հանգամանքները, հետևանքները, մեղավորի նախկին վարքը, ինչպես նաև նրա զինվորական ծառայության տևողությունն ու ծառայության անցկացման կարգի և իմացության աստիճանը (...)»:
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի թիվ 14 հավելվածի 1-ին կետի համաձայն` «Կայազորային կարգապահական մեկուսարանը նախատեսված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության հիման վրա կարգապահական տույժի կարգով մեկուսացված, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա ձերբակալված կամ կալանավորված, դատարանի կողմից դատապարտված զինծառայողներին պահելու համար»:
Մեջբերված դրույթների վերլուծությունից երևում է, որ Վ.Մանասյանին վերագրվող արարքի կատարման պահին գործող՝ զինված ուժերի կարգապահական կանոնադրության համաձայն՝ զինծառայողների նկատմամբ որպես կարգապահական տույժի տեսակ կիրառվում էր մինչև 7 կամ 10 օր ժամկետով կարգապահական մեկուսարանում պահելը: Ընդ որում, նույն մեկուսարանում են պահվել նաև քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված կամ կալանավորված, ինչպես նաև դատապարտված զինծառայողները: Կարգապահական մեկուսարանում պահվող զինծառայողների համար սահմանված են եղել նույնպիսի իրավունքներ և պարտականություններ, ինչպիսիք ունեցել են ձերբակալվածները, կալանավորվածները կամ դատապարտվածները: Այլ խոսքով՝ կարգապահական պատասխանատվության ենթարկված անձանց ազատությունը սահմանափակվել է, և նրանք պահվել են մեկուսացման նույն պայմաններում, ինչ որ ձերբակալված, կալանավորված և դատապարտված անձինք:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վ.Մանասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): 2012 թվականի մարտի 7-ին Ստեփանակերտի ՌՈ բաժնի կողմից տրված մեկուսացման գրության համաձայն՝ Վ.Մանասյանը զինվորական կանոնագրքերի խախտման համար մեկուսարան ընդունվել է 2012 թվականի մարտի 7-ին, ազատվել է 2012 թվականի մարտի 17-ին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Թիվ 36534 զորամասի հրամանատարի թիվ 68 հրամանի քաղվածքում արձանագրվել է, որ կրտսեր սերժանտ Վարդգես Ալեքսեյի Մանասյանը կալանավորված է (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ Վ.Մանասյանը ենթարկվել է կարգապահական տույժի` կալանքի ձևով, իսկ կալանավորման հիմքի մասին նշումը ընդհանրական բնույթի է` «ԶԿԽ», այսինքն` զինվորական կանոնագրքերի խախտում: Ինչ վերաբերում է թիվ 36534 զորամասի հրամանատարի 2012 թվականի մարտի 8-ի թիվ 68 հրամանին, ապա դրանում հստակ նշված չէ, թե Վ.Մանասյանն ինչի համար է ենթարկվել կարգապահական տույժի` կալանքի 10 (տասը) օր ժամկետով` սույն գործով վերջինիս վերագրվող արարքի՞ (ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մաս), թե այլ իրավախախտում թույլ տալու համար: Գործի նյութերից չի երևում նաև, թե հրամանատարի կողմից ենթակային կարգապահական տույժ տալու որոշմանը նախորդե՞լ է արդյոք քննություն, որի ընթացքում հրամանատարը պետք է պարզեր, թե երբ, որտեղ, ինչ պարագաներում, ինչ զանցանք է կատարվել և այլն:
Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը, առանց վերոնշյալ հանգամանքները պարզելու, արձանագրել է, որ դատաքննության ընթացքում հիմնավորված ապացույցներով պարզվեց, որ մեղադրանքում նշված հանցագործությունները կատարելու համար թիվ 36534 զորամասի հրամանատարի թիվ 68 հրամանի համաձայն Վ.Մանասյանը ենթարկվել է կարգապահական տույժի` կալանք 10 օր ժամկետով, որը համաձայն Ստեփանակերտի ՌՈ բաժնի պետի մեկուսացման գրության` փաստացի կրել է: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Վ.Մանասյանը կատարած հանցանքի համար փաստացի ենթարկվել է քրեական պատասխանատվության և չի կարող կրկին անգամ նույն արարքի համար դատվել (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):
16. Սույն որոշման 15-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում և համապատասխանաբար նաև Դ.Բաբայանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները պատշաճ չեն գնահատել սույն գործի փաստական հանգամանքները, ինչի արդյունքում սխալ են մեկնաբանել ինչպես Վճռաբեկ դատարանի կողմից Դ.Բաբայանի գործով կայացված որոշումը, այնպես էլ քրեական օրենքը և միջազգային պայմանագիրը: Մասնավորապես, դատարանները նախքան Վ.Մանասյանին կրկնակի դատապարտման ենթարկելու վերաբերյալ եզրահանգում անելը չեն պարզել, թե նա ինչի համար է ենթարկվել կարգապահական տույժի:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույն արարքի համար կրկին անգամ դատվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ քրեական գործի վարույթը կարճելու և Վ.Մանասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս ստորադաս դատարանները պատշաճ չեն ստուգել գործում առկա փաստական տվյալները: Այս առումով ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի («Ապացույցների ստուգումը») խախտում, քանի որ վերլուծության, այլ ապացույցների հետ համադրելու և նոր ապացույցներ հավաքելու միջոցով բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման չեն ենթարկել Վ.Մանասյանի կարգապահական պատասխանատվության հիմքի վերաբերյալ ապացույցները:
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:
Վերոնշյալ դատավարական իրավունքի խախտումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի նոր քննության ընթացքում անհրաժեշտ է պարզել, թե Վ.Մանասյանն ինչի համար է ենթարկվել կարգապահական տույժի, որից հետո միայն եզրակացություն անել նրան կրկնակի դատապարտման ենթարկելու վերաբերյալ:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Վարդգես Ալեքսեյի Մանասյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճելու և այդ մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 7-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հուլիսի 31-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան | |
Հ. Ասատրյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|