Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-189
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.1993-15.01.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/3
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
25.01.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.01.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՏՆՏԵՍԱՎԱՐՄԱՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Տնտեսավարման շուկայական հարաբերությունների անցման պայմաններում արհեստակցական միությունների իրավունքներն ապահովելու ու նրանց արդյունավետ գործունեության երաշխիքներ ստեղծելու նպատակով, հաշվի առնելով արհմիությունների դերը աշխատավորության սոցիալ-տնտեսական շահերն արտահայտելու ու պաշտպանելու գործում և մինչև Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների ընդունումը, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը, նախարարություններին, պետական վարչություններին, հարկային պետական տեսչությանը և գերատեսչություններին, պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) ղեկավարներին`

հատուկ ուշադրություն դարձնել գործող օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան արհմիությունների իրավունքների և նրանց լիարժեք գործունեության ապահովմանը.

մինչև սոցիալ-տնտեսական հարցերին առնչվող նորմատիվ ակտեր և որոշումներ ընդունելը, աշխատավորության շահերի լիարժեք արտահայտման, նրանց սոցիալական պաշտպանվածության խնդիրների լուծման նպատակով, պարբերաբար քննարկումներ և խորհրդակցություններ անցկացնել արհմիությունների հետ, օրենքով սահմանված դեպքերում ընդունել համատեղ որոշումներ.

1993 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմելիս, արհմիությունների մասնակցությամբ քննարկել առողջարարական ճամբարների, մշակույթի և լուսավորության հիմնարկների, ֆիզկուլտուրային-մարզական կազմակերպությունների պահպանման, աշխատանքի պաշտպանության միջոցառումների ապահովման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) Հայաստանի արհմիությունների հետ համատեղ, մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհմիությունների միջև աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների, բնակչության եկամուտների ինդեքսավորման, աշխատանքի պաշտպանության հարցերի վերաբերյալ համատեղ համաձայնագրեր կնքելու կարգը.

բ) արագացնել անհատական աշխատանքային վեճերի լուծման կարգի մասին, բանվորների և ծառայողների վարձման մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մշակման աշխատանքները.

գ) հատուկ քննության առնել հանրապետությունում ֆիզկուլտուրային-մարզական կազմակերպությունների գործունեության ու կազմակերպման կառուցվածքների բարեփոխման խնդիրները:

3. Գործատուներին` երկամսյա ժամկետում, օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել կոլեկտիվ պայմանագրերի կնքումը` նախատեսելով արդյունավետ տնտեսավարման ապահովման, սպառմանն ուղղված միջոցների արդարացի բաշխման, սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման, բնակչության զբաղվածության ապահովման, բնակարանային ֆոնդի, ինչպես նաև պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքում աշխատավորության շահերի պաշտպանության, կադրերի մասնագիտական պատրաստման ու վերապատրաստման, աշխատանքային վեճերի կանխման, քաղաքացիների աշխատանքի ու առողջության պաշտպանության, սոցիալական ապահովագրության, սոցիալական մյուս հարցերի լուծման հստակ մոտեցումներ:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը` ուժեղացնել հսկողությունը արհմիությունների իրավունքների և օրինական շահերի ապահովման ուղղությամբ:

5. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 25 հունվարի 1993 թ.
ՆՀ-189