Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1145
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.05.14/24(1037).1 Հոդ.314
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
15.04.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

15 ապրիլի 2014 թ.

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի /նախագահող/, Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի /զեկուցող/,

մասնակցությամբ /գրավոր ընթացակարգի շրջանակներում/՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 2014 թվականի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը /այսուհետ՝ Համաձայնագիր/ ստորագրվել է 2013թ. դեկտեմբերի 2-ին` Երևանում:

 

2. Համաձայնագրի նպատակներն են՝ կատարելագործել ՀՀ միջուկային անվտանգության ենթակառուցվածքները, ապահովել ՀՀ ատոմային էներգետիկայի օբյեկտներում միջուկային անվտանգության կայուն և բարձր մակարդակ, ստեղծել ՀՀ ատոմային էներգետիկայի օբյեկտներում հնարավոր ճառագայթային վտանգներից արդյունավետ պաշտպանության միջոցներ և պահպանել դրանք պատշաճ վիճակում:

 

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ Համաձայնագրի 3-րդ հոդվածում նախատեսված բնագավառներում,

- իրավասու մարմինների փոփոխության, դրանց անվանափոխման կամ գործառույթների փոփոխման դեպքում Ռուսաստանի Դաշնությանն անհապաղ գրավոր տեղեկացնել այդպիսի փոփոխության մասին՝ դիվանագիտական ուղիներով,

- Համաձայնագրի իրականացման շրջանակներում ապահովել Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված գործողությունների իրականացումը,

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը, իրավասու մարմինները և/կամ լիազորված կազմակերպությունները, կախված թե որն է կիրառելի, ժամանակին տեղեկացնեն Ռուսաստանի Դաշնությանը Համաձայնագրի շրջանակներում իրականացվող համագործակցության բոլոր տեսակի արդյունքների մասին, որոնք որպես մտավոր սեփականություն ենթակա են իրավական պաշտպանության, և անհապաղ փոխհամագործակցել դրանց իրավական պաշտպանությունն իրականացնելու նպատակով,

- Համաձայնագրի իրականացման շրջանակներում չիրականացնել այնպիսի տեղեկատվության փոխանցում, որն արգելված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կամ դրա փոխանցումը չի համապատասխանում միջազգային պայմանագրերին,

- Համաձայնագրի շրջանակներում փոխանցված կամ դրա իրականացման արդյունքում ստեղծված ամբողջ տեղեկատվությունը չբացահայտել և չփոխանցել երրորդ կողմին առանց Ռուսաստանի Դաշնության նախնական գրավոր համաձայնության,

- Համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետության ստացած միջուկային նյութերի, սարքավորումների, ոչ միջուկային հատուկ նյութերի և համապատասխան տեխնոլոգիաների, ինչպես նաև նրանց հիմքի վրա կամ դրանց օգտագործման արդյունքում արտադրված միջուկային կամ ոչ միջուկային հատուկ նյութերի և սարքավորումների առնչությամբ կիրառել Համաձայնագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները:

 

4. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագիրը կոչված է բարձրացնելու ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության արդյունավետությունը, նպաստել միջուկային անվտանգության մշակույթի բարձր մակարդակի պահպանմանը, պահպանել տեղեկատվական թափանցիկություն, ինչն իր հերթին կնպաստի ատոմային էներգետիկայի նկատմամբ հասարակության կողմից դրական վերաբերմունքի:

Համաձայնագրի դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին, միտված են աջակցել միջուկային անվտանգության բարձր մակարդակի պահպանմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

15 ապրիլի 2014 թ.

ՍԴՈ-1145

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան