Գլխավոր տեղեկություն
Համար
N 1442-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.03.2014-21.08.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.27/71(1011).1 Հոդ.1174.11
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2013 թվականի N 1442-Ն

 

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈՒ ԱՆԿԱԽ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 21-ի «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» N ՆԿ-180-Ն կարգադրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածով, «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ (այսուհետ՝ հիմնադրամ)։

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ հիմնադրամում:

3. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արշակ Վաչագանի Աղաջանյանին (անձնագրային տվյալները` AK 0570203, տրված` 22.07.2010 թվականին, 006-ի կողմից):

4. Առաջարկել հիմնադրամի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:

5. Հաստատել`

1) հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի.

2) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի։

6. Հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով անհատույց տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1000,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով)ուղղ.:

7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագծի` համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև ծրագրի իրականացումն ապահովող փաստաթղթերի բնապահպանական պետական փորձաքննության անցկացումը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել փորձաքննության եզրակացությունը։

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագծի` համաձայն N 1 հավելվածի, անկախ տնտեսագիտական փորձաքննության անցկացումը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել փորձաքննության եզրակացությունը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1442-Ն որոշման

 

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1442-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված, անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է սույն կանոնադրությամբ սահմանված հանրօգուտ նպատակներ:

2. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր): Հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն է:

3. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` օրինականության, ինքնակառավարման, իրավահավասարության, կամավորության, ղեկավարման կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

4. Հիմնադրամի պաշտոնական անվանումն է`

1) հայերեն լրիվ` Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ.

2) անգլերեն լրիվ` Foundation for Restoration of Sevan Trout Stocks and Development for Aquaculture.

3) ռուսերեն լրիվ` Фонд восстановления запасов севанской форели и развития рыбоводства:

5. Հիմնադրամի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, 0010, քաղ. Երևան, Վազգեն Սարգսյան 10, 95 տարածք:

6. Հիմնադրամն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում պետական գրանցման պահից և գործում է անժամկետ:

7. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

8. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր ու ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են հիմնադրամի անունից` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:

9. Հիմնադրամը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպությունների:

10. Հիմնադրամն ունի խորհրդանիշ, որի նկարագրությունը հաստատում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:

11. Հիմնադրամն ունի իր՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք՝ հիմնադրամի խորհրդանիշով: Հիմնադրամն ունի նաև անկյունադրոշմ և ձևաթուղթ: Հիմնադրամի ձևաթուղթը պարունակում է նշումներ հիմնադրամի անվանման, խորհրդանիշի, գտնվելու վայրի, կապի միջոցների, համարների և հասցեների մասին:

12. Հիմնադրամը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

13. Հիմնադրամն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

14. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների համար, իսկ հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Հիմնադրամի նպատակն է աջակցել`

1) Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնմանը.

2) Սևանի իշխանի արտադրության ու իրացման արժեշղթայի և դրանց օժանդակող ճյուղերի ձևավորմանն ու զարգացմանը.

3) Սևանա լճի հիմնախնդիրների լուծմանը.

4) Հայաստանում ջրային կենդանիների և բույսերի բուծման ու վերամշակման ճյուղերի զարգացմանը.

5) գիտելիքահենք և նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը:

16. Հիմնադրամի գործունեության ուղղություններն են`

1) Սևանի իշխանի բնական վերարտադրության պայմանների ապահովման ծրագրերի ֆինանսավորումը և (կամ) ֆինանսական աջակցության տրամադրումը.

2) Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծման ծրագրերի ֆինանսավորումը և (կամ) ֆինանսական աջակցության տրամադրումը.

3) կանոնադրական նպատակների իրականացման համար տնտեսական ընկերությունների հիմնումը, գործող ընկերություններին մասնակցությունը, այդ ընկերությունների ֆինանսավորումը և (կամ) ֆինանսական աջակցության տրամադրումը, ընկերությունների բաժնետոմսերի ու բաժնեմասերի կառավարումը, այդ բաժնետոմսերի և բաժնեմասերի` կառավարման հանձնումն ու տնօրինումը.

4) գիտահետազոտական, գիտաարտադրական ու տեխնոլոգիաների զարգացման ծրագրերի ֆինանսավորումը և (կամ) ֆինանսական աջակցության տրամադրումը.

5) պետական պարտատոմսերում և (կամ) այլ ֆինանսական գործիքներում ազատ միջոցների ներդրմամբ եկամուտի ստացումը.

6) հիմնադրամի նպատակներին ուղղված այլ գործունեության իրականացումը:

17. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում և (կամ) ծառայում է իր կանոնադրական նպատակներին: Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ, կամ լինել դրանց մասնակից: Հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակները սահմանվում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

18. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթն օգտագործում է կանոնադրական նպատակների իրականացման համար:

19. Հիմնադրամի կողմից այնպիսի գործունեություն իրականացնելու իրավունքը, որով զբաղվելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն (լիցենզիա), ծագում է նման թույլտվություն ստանալու պահից:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

20. Հիմնադրամի հնարավոր շահառուներն են Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, բնակչությունը, Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման ամբողջական արժեշղթայում ու դրան օժանդակող ճյուղերում ընդգրկված տնտեսությունները, ինչպես նաև սույն կանոնադրությամբ նախատեսված բնագավառներին առնչվող ֆիզիկական և իրավաբանական անձինք:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

21. Քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են մասնակցել հիմնադրամի գործունեությանը` կամավոր նվիրաբերություններ կատարելով, գույքն անհատույց օգտագործման հանձնելով, ինչպես նաև հիմնադրամի գործունեության իրականացման ժամանակ կամավոր աշխատանքներ կատարելով:

22. Հիմնադրամը կանոնադրական նպատակներն իրականացնելու համար` գործող օրենսդրությանը համապատասխան իրավունք ունի`

1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.

2) ստանալու անհրաժեշտ տեղեկություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից` իր կանոնադրական նպատակների իրականացման համար.

3) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

4) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու նրանց մասնակից, կառավարելու և տնօրինելու տնտեսական ընկերություններում իրեն պատկանող բաժնեմասերն ու բաժնետոմսերը.

5) հիմնադրելու մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոց.

6) իրականացնելու օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեություն:

23. Հիմնադրամը պարտավոր է`

1) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև իր կանոնադրությանը համապատասխան.

2) հրապարակել ամենամյա հաշվետվություն իր գործունեության մասին.

3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

5) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

24. Սույն կանոնադրության 28-րդ կետով նախատեսված անձանց, ինչպես նաև օրենքով լիազորված իրավասու պետական մարմինների պահանջով հիմնադրամը պարտավոր է հնգօրյա ժամկետում նրանց ընձեռել կանոնադրության, կանոնադրության մեջ կատարվող լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Հիմնադրամը պարտավոր է այդ անձանց պահանջով տրամադրել կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող դրա պատրաստման ծախսերից ավելի մեծ լինել: Նշված փաստաթղթերն օրենքով լիազորված իրավասու պետական մարմիններին տրամադրվում են անվճար:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔՆ ՈՒ ՆՐԱ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

25. Հիմնադրամը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Հիմնադրամին որպես սկզբնական միջոց հիմնադիրների կողմից հանձնված գույքը, ինչպես նաև ֆինանսական միջոցները հիմնադրամի սեփականությունն են: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար:

26. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներն են՝

1) հիմնադրի ներդրումները.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններն ու նվիրաբերությունները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները.

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.

4) դրամաշնորհները.

5) հիմնադրամի և իր կողմից ստեղծված կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

6) հանգանակությունները` միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ:

27. Հիմնադրամի կողմից ստեղծված կամ ձեռք բերված կամ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից հիմնադրամին ի սեփականություն հանձնված գույքը` ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ փոխանցված իրավունքները, հիմնադրամի սեփականությունն են:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

28. Հիմնադրամի կառավարման մարմիններն են`

1) հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը.

2) հիմնադրամի կառավարիչը` գործադիր տնօրենը:

29. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ): Խորհուրդը բաղկացած է 7 անդամից: Խորհուրդը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Խորհրդի առաջին կազմի անդամների, ովքեր նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցումից հետո` եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, ապա` դրա հաջորդ օրվանիցուղղ.:

30. Խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) առաջարկություններ ներկայացնելու խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին.

4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

31. Խորհրդի անդամները պարտավոր են`

1) մասնակցել խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով հիմնադրամի շահերից:

32. Խորհրդի անդամի լիազորությունը դադարում է`

1) խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա.

2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ մակարդակով չկատարելու դեպքում խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով.

3) եթե դադարել են խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.

5) նրա մահվան դեպքում.

6) եթե նա նշանակվել է ի պաշտոնե` նրա զբաղեցրած պաշտոնում այլ անձի նշանակման կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում.

7) նրան առաջադրած անձի որոշմամբ:

33. Խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է այն կարգով, որով նշանակվել է նախկին անդամը, ոչ ուշ, քան խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին կառավարչի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում:

34. Եթե սույն կարգի 33-րդ կետով սահմանված կարգով նոր անդամ չի նշանակվել, ապա խորհուրդը երկամսյա ժամկետում ընդունում է որոշում հոգաբարձուների խորհրդի քանակական կազմի նվազեցման և սույն կանոնադրությունը փոփոխելու մասին:

35. Խորհրդի իրավասություններին են պատկանում`

1) հիմնադրամի ռազմավարական ծրագրի (ծրագրերի) հաստատումը.

2) հիմնադրամի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատումը.

3) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

4) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

5) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

6) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.

7) խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

8) խորհրդի նախագահի, տնօրենի և կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության ու դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

9) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխության և նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին որոշումների ընդունումը: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին.

10) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ընկերությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարման ու օտարման, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների ստեղծման և դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.

11) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

12) եռամսյա պարբերականությամբ տնօրենի հաշվետվությունների լսումը.

13) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

14) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

15) հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքի հաստատումը.

16) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.

17) հիմնադրամի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց աշխատանքի վարձատրության մասին որոշումների ընդունումը.

18) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

36. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների 1/3-ի պահանջով` խորհրդի նախագահի կողմից, այն ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստը կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:

37. Խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման միջոցով:

38. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

39. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:

40. Խորհրդի նախագահի, գործադիր տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ հիմնադրամի վերակազմակերպման դեպքում որոշումն ընդունվում է խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների ճնշող (2/3) մեծամասնությամբ:

41. Եթե խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

42. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր` սույն կանոնադրության 35-րդ կետի 11-րդ ենթակետով նախատեսված` հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) և սույն կանոնադրության 35-րդ կետի 2-րդ, 3-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ խորհրդին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար.

2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.

3) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրության վարումը:

43. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի որոշմամբ, կատարում է խորհրդի անդամներից մեկը:

44. Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է գործադիր տնօրենը:

45. Գործադիր տնօրենին ընտրում և պաշտոնից ազատում է հոգաբարձուների խորհուրդը` իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նրա պաշտոնում առաջին անգամ նշանակում կարող է կատարել նաև հիմնադիրը:

46. Գործադիր տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը: Գործադիր տնօրենը կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը:

47. Գործադիր տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրն ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի կողմից լիազորված մեկ այլ անձ: Խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծելու տնօրենի հետ կնքված պայմանագիրը` օրենքով սահմանված կարգով:

48. Գործադիր տնօրենը կարող է այլ կազմակերպություններում վճարովի պաշտոն գբաղեցնել միայն խորհրդի համաձայնությամբ:

49. Գործադիր տնօրենը`

1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) գործում է առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր և կնքում հիմնադրամի անունից գործարքներ.

4) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

5) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, վարչակազմակերպական կառուցվածքն ու հաստիքացուցակը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները.

6) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնադրամի աշխատողներին, այդ թվում` հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին.

7) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

8) իրականացնում է ամենօրյա աշխատանքներ հիմնադրամի խորհրդի որոշումների կատարման համար.

9) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

10) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսական և կարգապահական պատասխանատվության միջոցներ:

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

50. Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կարող են կատարել` ինչպես հիմնադրամի հիմնադիրը, այնպես էլ` հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Կանոնադրության մեջ կատարվող այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին:

51. Եթե կանոնադրության անփոփոխ ձևով պահպանումը կարող է առաջացնել այնպիսի հետևանքներ, որոնք հնարավոր չէր կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս, կամ կանոնադրությունը չի փոփոխում նրա` իրավասություն ունեցող մարմինը, կամ փոփոխությունները պետք է վերաբերեն հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին, ապա փոփոխություններ կատարելու իրավունքն իրականացնում է դատարանը` հիմնադրամի մարմինների կամ հիմնադիրների կամ օրենքի համաձայն ստեղծված հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի դիմումի հիման վրա:

 

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

52. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել` այլ հիմնադրամի միացման կամ միաձուլման ձևով: Վերակազմակերպումը կատարվում է խորհրդի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

53. Հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելու իրավունք ունի միայն դատարանը` ցանկացած շահագրգիռ անձի (այդ թվում` հիմնադրամի) դիմումի համաձայն: Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելուց հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ու «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանում է լուծարման կարգը և ժամկետները: Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում հիմնադրամի գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող հիմնադրամի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:

54. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`

1) հիմնադրամի գույքը բավարար չէ իր գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) հիմնադրամն իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխությունները.

4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքները և ազատությունները.

5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

55. Հիմնադրամի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո հիմնադրամի մնացած գույքն ուղղվում է նրա կանոնադրական նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

56. Հիմնադրամի գործունեության դադարման (վերակազմակերպման արդյունքում) դեպքում հիմնադրամի բոլոր փաստաթղթերը (կառավարչական, ֆինանսատնտեսական, աշխատակազմի վերաբերյալ և այլն) փոխանցվում են իրավահաջորդ կազմակերպությանը:

57. Հիմնադրամի լուծարման դեպքում պահպանման ենթակա փաստաթղթերը հանձնվում են պետական արխիվ` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

58. Հիմնադրամը միաձուլման ձևով վերակազմակերպվելու դեպքում համարվում է վերակազմակերպված` նոր ստեղծված հիմնադրամի պետական գրանցման պահից:

59. Հիմնադրամը, այլ հիմնադրամի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս, համարվում է վերակազմակերպված` հիմնադրամի գործունեությունը դադարելու վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրանցում կատարվելու պահից:

60. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը` դադարած` դրա մասին իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում համապատասխան գրանցում կատարվելու պահից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1442-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Ղարիբյան

- ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահ)

   
Ս. Կարապետյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարար

   
Ա. Հարությունյան

- ՀՀ բնապահպանության նախարար

   
Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

   
Ա. Օրբելյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

   
Տ. Հարությունյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   
Վ. Մովսիսյան

- Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

   
Ռ. Գրիգորյան

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

(հավելվածը խմբ. 06.03.14 N 238-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան