Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1142
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.04.16/19(1032) Հոդ.288
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
02.04.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

2 ապրիլի 2014 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 5, 7, 8, 37, 38, 45, 49 ԵՎ 86-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝

դիմողի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչներ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ա. Մինասյանի, իրավաբան Ա. Զեյնալյանի և փաստաբան Մ. Խաչատրյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ. Հակոբյանի, Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,

դատաքննությանը հրավիրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչներ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Թամազյանի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կ. Հակոբյանի,

դատաքննությանը հրավիրված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական ներկայացուցիչներ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ն. Երիցյանի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մ. Աբրահամյանի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի կարգավորման բաժնի մասնագետ Վ. Շահնազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի թվով 36 պատգամավորների՝ 2013 թվականի դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Լսելով սույն գործով զեկուցողների համատեղ զեկույցը, դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական ներկայացուցիչների պարզաբանումները, ինչպես նաև հետազոտելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքներն ու նորմատիվ իրավական ակտերը, կենսաթոշակային բարեփոխումների միջազգային փորձը, գործում առկա փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից՝ 2010 թվականի դեկտեմբերի 22-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 2010 թվականի դեկտեմբերի 30-ին և ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 9-ին՝ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան։

Օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ նույն օրենքով սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտել 2014 թվականի հունվարի 1-ից։

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ «Պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցները» վերտառությամբ 5-րդ հոդվածը սահմանում է.

«1. Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված՝

ա) վարձու աշխատողները,

բ) նոտարները,

գ) անհատ ձեռնարկատերերը։

Ընդ որում, սույն մասում նշված անձինք պարտավոր են կուտակային վճարներ կատարել նաև պայմանագրային եկամուտներից՝ սույն օրենքով սահմանված դրույքաչափով։

2. Սույն հոդվածի 1-ին մասը տարածվում է նաև 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված այն օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ, կամ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի առաջին պարբերության համաձայն՝ իրականացնում են «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության որևէ տեսակ»։

Օրենքի 5-րդ հոդվածը փոփոխությունների է ենթարկվել 12.11.2012թ. ընդունված՝ ՀՕ-207-Ն և 10.06.2013թ. ընդունված՝ ՀՕ-67-Ն Հայաստանի Հանրապետության օրենքներով։

Օրենքի՝ «Պարտադիր կուտակային վճարի դրույքաչափերը» վերտառությամբ 7-րդ հոդվածը սահմանում է.

«1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված մասնակիցների համար, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի առաջին պարբերությունում նշված անձանց, կուտակային վճարները կատարվում են բազային եկամտի 10% դրույքաչափով հետևյալ կերպ.

1) մասնակից հանդիսացող վարձու աշխատողը, օտարերկրացին ու քաղաքացիություն չունեցող անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, և որի բազային եկամուտը ամսական կտրվածքով չի գերազանցում 500000 դրամը, պարտավոր է կատարել ամսական կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից.

2) մասնակից հանդիսացող վարձու աշխատողի, օտարերկրացու ու քաղաքացիություն չունեցող անձի համար (օգտին) (որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, և որի բազային եկամուտը ամսական կտրվածքով գերազանցում է 500000 դրամը) պետական բյուջեից մասնակցի համար (օգտին) կատարվող ամսական վճարը կազմում է 25000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը ամսական վճարում է մասնակիցը.

3) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը պարտավոր է ամսական կատարել կուտակային վճար 5000 դրամի չափով, որը համարվում է «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված կուտակային վճարի գծով վերջնական պարտավորություն, իսկ ամսական 5000 դրամի չափով մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից։

Սույն կետի առաջին պարբերությունում չներառված անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը, որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով չի գերազանցում 6000000 դրամը, պարտավոր է տարեկան կատարել կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից.

4) անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակցի համար (օգտին) (որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով գերազանցում է 6000000 դրամը), պետական բյուջեից կատարվող տարեկան վճարը կազմում է 300000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը տարեկան վճարում է մասնակիցը։

2. Սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված մասնակիցների պայմանագրային եկամուտներից, ինչպես նաև որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտներից վճարվող կուտակային վճարը կատարվում է 5% դրույքաչափով՝ առանց պետական բյուջեից հավելյալ վճար կատարելու։ Ընդ որում, մասնակիցը, որպես ինքնազբաղված անձ, ստացված եկամուտներից կուտակային վճար կատարում է կամավորության սկզբունքով։

3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցը կուտակային վճարներ է կատարում բազային եկամտի և պայմանագրային եկամուտների, ինչպես նաև որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտների 5%-ի չափով։ Նրա համար (օգտին) պետական բյուջեից հավելյալ վճար չի կատարվում։ Ընդ որում, մասնակիցը, որպես ինքնազբաղված անձ, ստացված եկամուտներից կուտակային վճար կատարում է կամավորության սկզբունքով։

3.1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցը պարտավոր է ամսական կատարել կուտակային վճար 5000 դրամի չափով, որը համարվում է «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված կուտակային վճարի գծով վերջնական պարտավորություն։

4. Եթե 1974 թվականից հետո ծնված և պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած պայմանագրային եկամուտ ստացողները և ինքնազբաղված անձինք դառնում են վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր, ապա նրանք կուտակային վճարը կատարում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով։ Եթե պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից վարձու աշխատողը, նոտարը կամ անհատ ձեռնարկատերը դառնում են ինքնազբաղված անձ կամ պայմանագրային եկամուտ ստացող, ապա նրանք պայմանագրային եկամուտներից և, որպես ինքնազբաղված անձինք, ստացված եկամուտներից կուտակային վճարը կատարում են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով։

5. Մասնակցի՝ սույն օրենքով սահմանված բազային եկամուտ մի քանի աղբյուրներից միաժամանակ ստանալու դեպքում կուտակային վճարները կատարելու պարտավորությունը և կուտակային վճարի դրույքաչափը կիրառվում են յուրաքանչյուր առանձին դեպքում՝ սույն օրենքով սահմանված կարգով։ Ընդ որում, սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված և մի քանի աղբյուրներից միաժամանակ բազային եկամուտ ստացող մասնակիցների համար (օգտին) պետության կողմից կատարվող ընդհանուր վճարները չեն կարող գերազանցել սույն հոդվածի 1-ին մասով պետության վճարների համար սահմանված չափերը։ Մի քանի աղբյուրներից միաժամանակ բազային եկամուտ ստացող մասնակիցը պարտավոր է յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա մայիսի 31-ը լրավճարել իր համար կուտակային վճար՝ իր տարեկան բազային եկամտի 10 տոկոսի, այդ բազային եկամտից հարկային գործակալների կողմից արդեն պահված կուտակային վճարների և պետության կատարած համապատասխան վճարների տարբերության չափով։

Սույն մասում նշված մասնակիցը լրավճարման ենթակա կուտակային վճարի գումարը կարող է վճարել յուրաքանչյուր ամիս՝ իր ամսական բազային եկամտի 10 տոկոսի և այդ բազային եկամտից հարկային գործակալների կողմից արդեն պահված կուտակային վճարների, ինչպես նաև տվյալ ամսվա համար պետության կատարած համապատասխան վճարի տարբերության չափով։

6. Կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո մասնակիցը շարունակում է կատարել կուտակային վճարներ՝ մինչև սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դիմում ներկայացնելը։

7. Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակիցը դադարում է կուտակային վճար կատարելը, եթե՝

1) հարկային մարմին է ներկայացնում դիմում կուտակային վճար կատարելը դադարեցնելու վերաբերյալ, կամ

2) մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնում է դիմում կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ։

8. Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից կուտակային վճար կատարելը դադարեցնելու վերաբերյալ դիմումը հարկային մարմին ներկայացնելու կարգը, դիմումի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Վարձու աշխատողը և պայմանագրային եկամուտ ստացող անձը դիմումը հարկային մարմին են ներկայացնում գործատուի միջոցով։

9. Մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցի կողմից կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում ներկայացնելու մասին տեղեկացնում է հարկային մարմնին, իսկ հարկային մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ գործատուին։

10. Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակիցը կուտակային վճար կատարելը դադարեցնում է՝

1) աշխատավարձից ու դրան հավասարեցված այլ վճարումներից և պայմանագրային եկամուտներից՝ դիմումը հարկային մարմին ներկայացնելու նպատակով գործատուին ներկայացնելու կամ մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) ձեռնարկատիրական և նոտարական գործունեությունից, ինչպես նաև որպես ինքնազբաղված՝ ստացված եկամուտներից՝ դիմումը հարկային մարմին ներկայացնելու նպատակով գործատուին ներկայացնելու կամ մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու տարվա հունվարի 1-ից։

11. Մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կուտակային վճարի դրույքաչափը սահմանվում է բազային եկամտի 5 %-ի չափով, իսկ մասնակցի համար (օգտին) պետական բյուջեից կուտակային վճարումներ չեն կատարվում»։

Օրենքի 7-րդ հոդվածը փոփոխությունների է ենթարկվել 12.11.2012թ. ընդունված՝ ՀՕ-207-Ն, 10.06.2013թ. ընդունված՝ ՀՕ-67-Ն և 12.12.2013թ. ընդունված՝ ՀՕ-132-Ն Հայաստանի Հանրապետության օրենքներով։

Օրենքի՝ «Պարտադիր կուտակային վճարներ կատարելը» վերտառությամբ 8-րդ հոդվածը սահմանում է.

«1. Վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները՝ որպես հարկային գործակալ։

2. Գործատուները օրենքով սահմանված ժամկետներում և կարգով էլեկտրոնային եղանակով հարկային մարմնում գրանցում են իրենց հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող վարձու աշխատողներին և պայմանագրային եկամուտ ստացողներին, ինչպես նաև, որպես հարկային գործակալ, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկը հաշվարկելու և վճարելու համար սահմանված ժամկետներում, սույն օրենքով սահմանված դրույքաչափով հաշվարկում և փոխանցում են մասնակից հանդիսացող վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կուտակային վճարները։

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկային գործակալ հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհամարվող կազմակերպությունները գործատուի համար սույն կետով սահմանված ժամկետում սույն օրենքով սահմանված դրույքաչափով հաշվարկում և փոխանցում են մասնակից հանդիսացող վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կուտակային վճարները։ Այս դեպքում հարկային գործակալը «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում պարտադիր կուտակային վճարի տարեկան անձնավորված հաշվարկ։

3. Գործատուները «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում անձնավորված հաշվարկ։

4. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը, ինքնազբաղված անձինք, ինչպես նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից հանդիսացող վարձու աշխատողները և պայմանագրային եկամուտ ստացողները՝ որպես ինքնազբաղված անձինք ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն հաշվարկում և փոխանցում են կուտակային վճարները տարեկան կտրվածքով՝ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում։

Եթե գործատուն ազատված է հարկային գործակալի պարտականություններից, ապա պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից հանդիսացող վարձու աշխատողը և պայմանագրային եկամուտ ստացողը կուտակային վճարը հաշվարկում և փոխանցում են ինքնուրույն՝ գործատուի համար սահմանված ժամկետներում։

5. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղված անձինք «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում անձնավորված հաշվարկ։

Սույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված վարձու աշխատողները և պայմանագրային եկամուտ ստացողները յուրաքանչյուր ամսվա համար գործատուի համար սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում անձնավորված պարզեցված հաշվարկ։

6. Վարձու աշխատողների, պայմանագրային եկամուտ ստացողների գրանցման, անձնավորված հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

7. Գործատուները և սույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված վարձու աշխատողները և պայմանագրային եկամուտ ստացողները նախորդ հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված պարտադիր կուտակային վճարի հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում կարող են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել ճշտված հաշվարկներ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակահատվածների համար պարտադիր կուտակային վճարների պարտավորությունների վերահաշվարկ։

8. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղվածները հաշվետու ժամանակահատվածի համար տարեկան պարտադիր կուտակային վճարի մասին հաշվարկը ներկայացնելուց հետո իրավունք ունեն ճշգրտումներ մտցնելու դրանցում արտացոլված տվյալներում։

9. Հարկային մարմնի կողմից պարտադիր կուտակային վճար կատարողների (գործատուների) մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո հարկային մարմին ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակահատվածներին վերաբերող պարտադիր կուտակային վճարների հաշվարկների ճշտում չի իրականացվում»։

Օրենքի 8-րդ հոդվածը փոփոխությունների է ենթարկվել 12.11.2012թ. ընդունված՝ ՀՕ-207-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով։

Օրենքի՝ «Մասնակիցների կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ընտրելու պարտականությունը» վերտառությամբ 37-րդ հոդվածը սահմանում է.

«1. Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցները պարտավոր են ընտրել որևէ կենսաթոշակային ֆոնդ։ Ընդ որում, յուրաքանչյուր դեպքում մասնակիցը կարող է ընտրել միայն մեկ ֆոնդ։ Նույն ժամանակահատվածում մասնակցի համար (օգտին) կատարվող յուրաքանչյուր կուտակային վճար (վճարներ) չի (չեն) կարող միաժամանակ ուղղվել մեկից ավելի կենսաթոշակային ֆոնդերի։

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների և նրանց կենսաթոշակային ֆոնդերի մասին ամբողջական և թարմացված տեղեկատվությունը պետք է մշտապես առկա լինի մասնակիցների ռեեստրը վարողի (այդ թվում՝ համացանցային կայքում) և հաշվի օպերատորի մոտ»։

Օրենքի 37-րդ հոդվածն ընդունումից ի վեր փոփոխությունների չի ենթարկվել։

Օրենքի՝ «Կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը» վերտառությամբ 38-րդ հոդվածը սահմանում է.

«1. Մասնակիցը պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ընտրելու համար պարտավոր է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում՝ սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված միջոցներով կամ հաշվի օպերատորի միջոցով։ Դիմումի ձևը և ներկայացման կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) մասնակցի անունը և ազգանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան տարեթիվը և ամսաթիվը,

2) հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

3) մասնակցի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), բնակության վայրը և այլն),

4) մասնակցի՝ մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն (կենսաթոշակային հաշվի քաղվածք, նամակ, էլեկտրոնային հաղորդագրություն և այլն) ստանալու նախընտրելի միջոցը,

5) ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անվանումը և կենսաթոշակային ֆոնդը,

6) հավաստում՝ ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կառավարման վճարների և ֆոնդի կանոնների հետ համաձայն լինելու մասին,

7) հավաստում, որ տեղյակ է կուտակային վճարներ կատարելու իր պարտականության մասին,

8) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը,

9) մասնակցի (մասնակցի լիազոր ներկայացուցչի) ստորագրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, որն ապահովում է անձի նույնականացումը։

3. Մասնակիցները պարտավոր են մասնակիցների ռեեստրը վարողի սահմանած կարգով մասնակիցների ռեեստրը վարողին տեղեկացնել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումում նշված անձնական տվյալների փոփոխության մասին»։

Օրենքի 38-րդ հոդվածը փոփոխությունների է ենթարկվել 12.11.2012թ. ընդունված՝ ՀՕ-207-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով։

Օրենքի՝ «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակցի հաշվին կատարվող վճարները և պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներից գանձվող վճարները և կատարվող ծախսերը» վերտառությամբ 45-րդ հոդվածը սահմանում է.

«1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներից գանձում է վճար (կառավարչի պարգևավճար)՝ սույն օրենքի 47-րդ հոդվածում նշված չափով։

Բացի սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված պարգևավճարից, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կարող է կատարել նաև տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման հետ կապված ծախսերը, որոնց կազմը և առավելագույն չափը սահմանում է Կենտրոնական բանկը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի հետ։

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից, բացի սույն օրենքով սահմանված վճարներից և ծախսերից, այլ նվազեցումներն արգելված են։

2. Կենսաթոշակային ֆոնդի կանոններով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, կարող է սահմանվել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման վճար, որը չի կարող գերազանցել մարվող փայերի հաշվարկային արժեքի մեկ տոկոսը։

3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման վճար չի գանձվում սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակի անցնելիս կուտակված միջոցները անուիտետի, ծրագրային վճարի կամ միանվագ վճարի տեսքով ստանալու, ինչպես նաև հետևյալ դեպքերում.

1) մասնակցի կողմից իր կենսաթոշակային ֆոնդի փայերը նույն կառավարչի այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով փոխանակելու դեպքում.

2) սույն օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքերով կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման դեպքում.

3) մասնակցի կողմից տվյալ կենսաթոշակային ֆոնդի փայերը 12 ամսվա ընթացքում առաջին անգամ այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով փոխանակելու դեպքում, բացառությամբ այն ֆոնդի փայերի փոխանակման դեպքերի, որի փայերը (դրանց մի մասը) ձեռք են բերվել վերջին 12 ամիսների ընթացքում տեղի ունեցած փայերի փոխանակման արդյունքում։ Ընդ որում, սույն կետի իմաստով՝

ա. առաջին անգամ փոխանակում է համարվում նաև տվյալ կենսաթոշակային ֆոնդի փայերը 12 ամսվա ընթացքում մեկից ավելի կենսաթոշակային ֆոնդերի փայերով փոխանակումը, եթե այդ փոխանակման գործարքների համար սույն օրենքով նախատեսված փոխանակման դիմումը (դիմումները) մասնակիցների ռեեստրը վարողին են ներկայացվել նույն օրվա ընթացքում,

բ. կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման հաշվարկում չեն ներառվում միևնույն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի փայերի փոխանակման գործարքները.

4) սույն օրենքի համաձայն՝ անձի համար կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո սույն օրենքի 38-րդ կամ 39-րդ հոդվածով սահմանված կարգով մասնակցի (մասնակցի համար) առաջին անգամ ընտրած կենսաթոշակային ֆոնդի փայերի առաջին անգամ փոխանակման դեպքում.

5) ժառանգի կողմից սույն օրենքի 12-րդ գլխի համաձայն ժառանգված փայերի առաջին փոխանակման գործարքի դեպքում.

6) կենսաթոշակային ֆոնդի դադարեցման դեպքում մասնակցի ակտիվների հաշվին այլ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելիս»։

Օրենքի 45-րդ հոդվածը փոփոխությունների է ենթարկվել 12.11.2012թ. ընդունված՝ ՀՕ-207-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով։

Օրենքի՝ «Մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիության երաշխավորումը» վերտառությամբ 49-րդ հոդվածը սահմանում է.

«1. Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի՝ ճշգրտված տարեկան գնաճով, վերադարձելիությունը երաշխավորվում է։ Սույն մասով նախատեսված կուտակային վճարների գումարի՝ տարեկան գնաճով ճշգրտման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գումարի վերադարձելիությունը գումարի 20 տոկոսով երաշխավորում է սույն օրենքի հիման վրա ստեղծված Երաշխիքային ֆոնդը, իսկ մնացած 80 տոկոսով՝ Հայաստանի Հանրապետությունը»։

Օրենքի 49-րդ հոդվածը փոփոխությունների է ենթարկվել 12.11.2012թ. ընդունված՝ ՀՕ-207-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով։

Օրենքի՝ «Եզրափակիչ դրույթներ» վերտառությամբ 86-րդ հոդվածը սահմանում է.

«1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքով սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորության։

2. Սույն օրենքով սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթները ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից։

3. Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով»։

Օրենքի 86-րդ հոդվածն ընդունումից ի վեր փոփոխությունների չի ենթարկվել։

 

2. Վիճարկելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականությունը՝ դիմողը գտնում է, որ դրանք հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3, 6, 8, 14, 14.1, 31, 34, 36, 37, 42, 45, 48 և 117-րդ հոդվածներին։

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար հղում կատարելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ՍԴՈ-649 որոշմամբ արտահայտված այն դիրքորոշմանը, որ աշխատավարձը քաղաքացու սեփականությունն է, և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31-րդ հոդվածի մեկնաբանության հիման վրա պնդելով, որ պարտադիր կուտակային վճարը որևէ առնչություն չունի գերակա հանրային շահի հետ, և որ Սահմանադրությամբ նշված հիմքերից դուրս որևէ սահմանափակում չի կարող լինել իրավական, դիմողը փաստարկում է, որ «Սահմանելով անձի չհարկված աշխատավարձից պարտադիր կուտակային 5-10 տոկոս վճար, Օրենքի 7-րդ և դրա հետ թղթակցվող 45-րդ հոդվածներով խախտվում է Սահմանադրությամբ պաշտպանվող անձի սեփականության իրավունքը»։

Օրենքի 8-րդ հոդվածը դիտարկելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-րդ հոդվածի տեսանկյունից՝ դիմողը, հղում կատարելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ՍԴՈ-753 որոշման մեջ արտահայտված այն դիրքորոշմանը, որ պարտադիր վճարները կրում են հանրային-իրավական բնույթ և նախատեսված են պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվելու համար, գտնում է, որ «... Օրենքով նախատեսված պարտադիր կուտակային վճարի սահմանումը, գանձումն ու փոխանցումը մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին հակասում է Սահմանադրության 45-րդ հոդվածի պահանջներին»։ Միաժամանակ, դիմողը հայտնում է իր մտահոգությունն այն մասին, որ «... եթե այն Սահմանադրության հիշյալ հոդվածի կարգավորումից դուրս պահանջ է, ապա պարզ չէ, թե Սահմանադրության որ նորմով է պարտադրվում կատարել կուտակային վճար»։

Օրենքի՝ պարտադիր կուտակային վճար կատարողների շրջանակը սահմանող նորմերի սահմանադրականության առնչությամբ դիմողը գտնում է, որ այդ նորմերը հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ, 14.1-րդ և 42-րդ հոդվածներին։ Նշված դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը նշում է հետևյալը. «... պարտադրող նորմի գործադրումը կապելով տարիքի և գույքային վիճակի հետ, անձը պարտավոր է հաճախ կատարել իր կամահայտնությանը չհամապատասխանող գործողություններ։ Մեր համոզմամբ նման նորմի սահմանումը նաև գործող աշխատանքային հարաբերություններում անհարկի և ոչ իրավաչափ միջամտության դրսևորում է, ինչն արգելված է Սահմանադրության 42-րդ հոդվածով, որի համաձայն անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»։

Օրենքի՝ պարտադիր կուտակային բաղադրիչը սահմանող նորմերի սահմանադրականության առնչությամբ դիմողը, վկայակոչելով «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, գտնում է, որ այդ նորմերը հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության գաղափարին, Սահմանադրության 34, 37, 48 և 117-րդ հոդվածներին, քանի որ սոցիալական ոլորտում պետության՝ Սահմանադրության 48-րդ հոդվածով սահմանված «...պարտավորության պատշաճ կատարումը ենթադրում է ոչ միայն կենսապայմանների բարելավման համար ակտիվ գործողություններ ձեռնարկելը, այլ նաև քաղաքացիների կենսամակարդակը նվազեցնող գործողություններից ձեռնպահ մնալու պահանջ։ Մինչդեռ, չհարկված աշխատավարձի նկատմամբ կիրառվող 5-10 տոկոս պարտադիր վճարի գանձումը ոչ միայն անհամաչափ է, քանի որ հարկված աշխատավարձի նկատմամբ կազմում է 6.61-13 տոկոսը, այլ նաև խտրական է և էականորեն նվազեցնելով անձի կողմից տնօրինվող եկամուտը փաստացի սահմանափակում է սեփական կենսապայմանները բարելավելու անձի սահմանադրական իրավունքը։ ...Բացի այդ, նվազագույն աշխատավարձ ստացող անձանց դեպքում՝ պարտադիր կուտակային վճարի գանձումը կհանգեցնի նաև «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նվազագույն աշխատավարձի մեծությունից անձի կողմից ավելի փոքր եկամուտ ստանալուն, քանի որ պարտադիր կուտակային վճարը ըստ նշված օրենքի 4-րդ հոդվածի դերակատար չէ նվազագույն աշխատավարձը սահմանելիս։

Ընդ որում, Սահմանադրության 117-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի համաձայն, Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ... Սահմանադրությամբ սահմանված սոցիալական իրավունքները գործում են համապատասխան օրենքներով սահմանված ծավալով»։

Դիմողը գտնում է նաև, որ օրենքով նախատեսված պարտադիր կուտակային բաղադրիչում կենսաթոշակների բաշխողական կամ սերունդների համերաշխության համակարգից պարտադիր անցում է կատարվում անհատական կամ «ինքնաֆինանսավորվող» կուտակային համակարգին, որը, ըստ դիմողի, հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 36-րդ հոդվածին, քանի որ վերջինս, հիմք ընդունելով Սահմանադրության նախաբանը, «...պաշտպանում է յուրաքանչյուր ընտանիքում և քաղաքացիական հասարակությունում սերունդների համերաշխության գաղափարը, որը կենսաթոշակային ապահովության ոլորտում, որպես անաշխատունակ անձանց սոցիալական պաշտպանության համակարգ կիրառվում է որպես սերունդների համերաշխության սկզբունքի հիման վրա ձևավորված բաշխողական համակարգ»։

Բացի դրանից, արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1487-Ն որոշմամբ սահմանված պայմանները վերացվեցին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1491-Ն որոշմամբ, դիմողը գտնում է, որ «... ներկա կենսաթոշակառուներին չապահովելով արժանապատիվ կենսաթոշակով, կուտակային պարտադիր բաղադրիչը չի երաշխավորում դրա գործադրման դեպքում նաև ապագա սերունդների արժանապատիվ կենսաթոշակ ստանալու հնարավորությունը»։

Դիմողը գտնում է նաև, որ օրենքի 49-րդ հոդվածը, որը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության կողմից կուտակային վճարների ամբողջ գումարի վերադարձելիությունը 80 տոկոսով, հակասում է «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին, որը սահմանում է, որ տվյալ բյուջետային տարում երաշխավորվող պարտավորությունների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել նախորդ բյուջետային տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների 10 տոկոսը։ Ըստ այդմ, դիմողը մտահոգություն է արտահայտում, որ պարզագույն հաշվարկներն անգամ վկայում են այն մասին, որ կուտակվող միջոցները մի քանի անգամ գերազանցելու են օրենքով նախատեսված սահմանափակումը։

Անդրադառնալով պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմանը սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, տեղեկատվական և ենթակառուցվածքային համապատասխանության հիմնախնդիրների տեսանկյունից և արձանագրելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. նոյեմբերի 13-ի թիվ 1487-Ն որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսված մի շարք գործողությունների ժամանակին ձեռնարկված չլինելու փաստը, դիմողը փորձել է հիմնավորել, որ օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով մինչև 2014 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն կատարելու պարտականությունը կատարված չէ, մինչդեռ, ըստ դիմողի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է, կամ որոնց չկատարման համար իրավական հետևանքներ նախատեսված չեն»։

 

3. Պատասխանողը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ վեճի առարկա նորմերը չեն հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

Անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումների կարևորությանն ու անհրաժեշտությանը, ներկայացնելով տարբեր մոտեցումների և տարբերակների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների ու քննարկումների հիմնական հետևությունները, պատասխանողը շեշտում է, որ հիմնական խնդիրն է օրենքի ուժով պարտադրել անձանց իրականացնել խնայողություններ՝ կենսաթոշակային տարիքում լրացուցիչ եկամուտներով ապահովվելու համար։

Պատասխանողը նշում է, որ պետության և անհատի միջև փոխադարձ պատասխանատվության սկզբունքն իր ամրագրումն է գտել նաև ՀՀ Սահմանադրության մեջ, որի առանձին դրույթների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ պետության և անհատի միջև փոխադարձ պատասխանատվության սկզբունքի ամրագրումն ինքնանպատակ չէ և միտված է պետության առջև դրված սոցիալական խնդիրների լիարժեք ու ժամանակին ապահովմանը։ Այլ կերպ՝ նշված փոխհարաբերություններում պետությունը կրում է ոչ միայն պարտականություններ, այլև օժտված է որոշակի իրավունքներով՝ այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են հետապնդվող նպատակի, այդ թվում՝ տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակի երաշխավորման համար։ Պատասխանողը գտնում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն անհրաժեշտ է ամենից առաջ դիտարկել հենց այս տեսանկյունից։

Ի հակադրումն դիմողի փաստարկների՝ պատասխանողը, քննության առարկա օրենքի իրավակարգավորումների տեսանկյունից յուրովի ներկայացնելով նաև ՀՀ սահմանադրական դատարանի` 2013 թվականի հունվարի 30-ի ՍԴՈ-1073 որոշմամբ հայտնած իրավական դիրքորոշումները, հետևություն է անում, որ.

- գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքի իրականացումը հանդիսանում է երաշխավորված, սակայն ոչ բացարձակ իրավունք,

- թույլատրելի է սեփականության իրավունքի սահմանափակումը, եթե այն նախատեսված է օրենքով, հետապնդում է սահմանադրորեն արդարացված նպատակ, այսինքն՝ կոչված է ապահովելու սեփականատիրոջ և այլոց իրավունքների ու հանրային շահերի միջև ողջամիտ հավասարակշռություն, և որևէ կերպ չի գերազանցում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակները։

Պատասխանողը կարևորում է, որ պարտադիր կուտակային վճար կատարելով, միևնույն է, անձը պահպանում է սեփականության իրավունքն այդ միջոցների նկատմամբ, իսկ պետությունը երաշխավորում է անձի կատարած կուտակային վճարների վերադարձնելիությունը՝ ճշտված գնաճով։

Պատասխանողը, վկայակոչելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներ, հետևություն է անում, որ. «… սեփականության իրավունքի սահմանափակումը պետք է դիտարկել հետևյալ հարցադրումների համատեքստում.

1. որքանով է այդ սահմանափակումը հետապնդում իրավաչափ նպատակ (այդ թվում՝ անհրաժեշտ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ պետության պարտականությունները կատարելու համար),

2. որքանով է այդ սահմանափակումների ծավալը համարժեք հետապնդվող նպատակներին»։

Վերոնշյալի հիման վրա պատասխանողը եզրակացնում է` առավել քան ակնհայտ է, որ կենսաթոշակային բարեփոխումների հիմքում ընկած է հանրային շահը, իսկ անձի սեփականության (աշխատավարձի մի մասի) նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումն անհրաժեշտ է տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակն ապահովելու համար։

Ինչ վերաբերում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով ամրագրված սահմանափակումների համաչափությանը (կամ կուտակային վճարի դրույքաչափին), ապա պատասխանողը նկատում է, որ «...տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակ» կամ այլ կերպ ասած՝ «արդյունավետ կենսաթոշակ» արտահայտությունը չափի իմաստով չի կրում վերացական բնույթ»։ Կենսաթոշակային համակարգի արդյունավետության գնահատման հիմնական չափանիշը, ըստ պատասխանողի, փոխհատուցման գործակիցն է՝ անձի աշխատանքային եկամուտների /աշխատավարձի/ և կենսաթոշակի չափի հարաբերակցությունը։

Անդրադառնալով տարիքային խտրականության առումով դիմողի մոտեցումներին` պատասխանողը, հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, գտնում է, որ «Տվյալ դեպքում օրենսդիրը, Օրենքով որպես պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից նախատեսելով միայն 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց, հիմք է ընդունել պետության կողմից կենսաթոշակային ապահովման փաստացի հնարավորությունը։ Այդ հանգամանքը նկատի ունենալով էլ Օրենքով ամրագրվել է տարիքային տարանջատման օբյեկտիվ չափանիշ՝ հիմնվելով իրական հնարավորության վրա»։ Միաժամանակ շեշտվում է, որ «…սոցիալական պետության հիմնական բաղադրատարր հանդիսացող սոցիալական ապահովության ծավալն ու ձևերը որոշելու իրավասությունը Սահմանադրությամբ վերապահված է օրենսդրի հայեցողությանը»։

Պատասխանողն իրավաչափ է համարում նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ՀՀ կառավարությանը վերապահված գործառույթները՝ գտնելով, որ դրանք «... չեն կարող դիտարկվել որպես ՀՀ կառավարության կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտով ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումներ կամ վերջիններիս նկատմամբ պարտականության սահմանում»։ Ըստ պատասխանողի՝ նշված պարտականությունները, ըստ էության, սահմանված են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով, իսկ ՀՀ կառավարությանը վերապահված է օրենքով նախանշված նպատակներին հասնելու ընթացակարգեր սահմանելու լիազորություն։

Ըստ պատասխանողի` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը համանման ընթացակարգային հարցեր կարգավորելու լիազորություններ սահմանել է նաև ՀՀ կենտրոնական բանկի համար՝ կենսաթոշակային ֆոնդի կանոնները գրանցելու, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից մասնակիցներին (կամավոր կենսաթոշակային ֆոնդերի դեպքում) ներկայացվող, ինչպես նաև հրապարակվող հաշվետվությունների ձևը, ներկայացնելու կարգը սահմանելու, հաշվի օպերատորների գործունեության կարգը սահմանելու և այլն։

Անդրադառնալով կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին դիմողի փաստարկներին` պատասխանողը գտնում է, որ «...Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձը նվազագույն սպառողական զամբյուղից բարձր է, հետևաբար, նվազագույն աշխատավարձից կատարվելիք կուտակային վճարները չեն կարող ներազդել Սահմանադրությամբ երաշխավորված նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք նվազագույն աշխատավարձ սահմանելու պահանջի վրա»։

Պատասխանողը կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը սեփականության իրավունքի սահմանափակման սահմանադրաիրավական չափանիշների շրջանակներում դիտարկում է իրավաչափ՝ այն համեմատելով և ընդհանրություններ անցկացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցի ապահովման ինստիտուտի, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված արգելանքի ինստիտուտի հետ։

 

4. Սույն գործով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության գերակայության ու անմիջական գործողության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, կարևորում է վեճի առարկա իրավանորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտումը՝ հատկապես հաշվի առնելով.

ա/ Սահմանադրության հիմնարար արժեքների ու սկզբունքների հիման վրա պետության գործառույթների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը,

բ/ սեփականության իրավունքի և դրա պաշտպանության սահմանադրական դրույթները, ինչպես նաև դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները,

գ/ սոցիալական ապահովության իրավունքի երաշխավորման, ապահովման ու պաշտպանության վերաբերյալ սահմանադրական մոտեցումները,

դ/ իրավական ակտերին և դրանցով նախատեսված իրավակարգավորման շրջանակներին, ինչպես նաև իշխանության հայեցողության սահմաններին ներկայացվող սահմանադրաիրավական պահանջները,

ե/ իրավունքի գերակայության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ իրավական որոշակիության և համաչափության սկզբունքների հետևողական իրացման պահանջները։

 

5. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արձանագրում է, որ միջազգային առումով հատկապես վերջին քսան տարիների ընթացքում հրատապ խնդիր է դարձել սոցիալական պաշպանության ու հատկապես սոցիալական ապահովության ոլորտներում լուրջ բարեփոխումների իրականացումը։ Դա պայմանավորված է բազմաթիվ օբյեկտիվ գործոններով, որոնց թվում, մասնավորապես, շեշտվում են բնակչության աստիճանական ծերացման, աշխատունակ բնակչության բաժնի նվազման, բնակչության վերարտադրողական ու ընդհանուր ժողովրդագրական պատկերի որակական փոփոխության հանգամանքները։ Օրինակ, երբ 1889 թվականին առաջին անգամ Գերմանիայում Օտտո ֆոն Բիսմարկը 70 տարին բոլորածների համար ներդրեց պետական թոշակի ինստիտուտը, երկրում կյանքի միջին տևողությունը կազմում էր 45 տարի։ Այսօր շատ երկրներում այն հատել է 80 տարվա սահմանը։ Կարևոր գործոն է համարվում նաև այն հանգամանքը, որ վերջին տասնամյակներին աստիճանաբար նոր որակ են ստանում ավանդական սոցիալական հարաբերությունները։

Հաշվի առնելով նաև բնակչության տարբեր շերտերի սոցիալական ապահովվածության աստիճանների միջև մեծ շեղումն ու դրա խորացման միտումը, գործազրկության աճը, թոշակային տարիքի հասած փաստացի աշխատող բնակչության թվի էական կրճատումները, բազմաթիվ երկրներ խնդիր դրեցին որակապես բարեփոխել հասարակության խոցելի խավերի սոցիալական ապահովության համակարգը։ Մասնավորապես, եվրոպական երկրները կենսաթոշակային բարեփոխումների բնագավառում նախկինում գործող բաշխողական համակարգի հետ մեկտեղ ներդրեցին նաև կուտակային համակարգ, առանց որի անհնարին էր այդ ոլորտում դրական որևէ արդյունք ակնկալել։

Հիսունից ավելի երկրների փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման շնորհիվ թոշակային տարիքում անձի կենսաապահովումն առավել երաշխավորված ու կայուն բնույթ է ստանում, քանի որ այն անմիջական կախվածության մեջ չի դրվում ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական և իրավիճակային այլ փոփոխություններից։ Ընդ որում, այդ կայունությունն անհամեմատ մեծ է բաշխողական թոշակային համակարգի համեմատությամբ։ Բացի դրանից, բնակչության սոցիալական ապահովության հարցում առավել դրական արդյունքներ են արձանագրել այն երկրները, որտեղ կարողացել են առավել ճիշտ ձևով համադրել պետական-բաշխողական, պարտադիր կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգերը։

Կուտակային կենսաթոշակների համակարգի ներդրումը կարևորելով հանդերձ, դրա ձևերի և ներդրման մեթոդների ընտրության հարցում նույնիսկ Եվրոպական միության անդամ երկրները որդեգրեցին տարբեր ուղիներ։

Միջազգային փորձի համադրված ուսումնասիրությունը վկայում է, որ.

ա/ գրեթե չկա որևէ երկիր, որը բնակչության սոցիալական ապահովության, ապահովագրության և օգնության բնագավառներում վերջին տասնամյակների ընթացքում բարեփոխումներ չի նախաձեռնել,

բ/ տարբեր երկրների փորձը վկայում է, որ միգրացիոն գործընթացները, բնակչության ծնելիության անկումը, կյանքի միջին տևողության աճը, ծերացման միտումները, գործազրկության մակարդակը, աղքատության բարձր աստիճանը և բազմաթիվ այլ գործոններ մոտ հեռանկարում շատ ավելի վատթար վիճակ են ստեղծելու բնակչության խոցելի խավերի կենսանվազագույնի կայուն երաշխավորման հարցում,

գ/ Հայաստանից շատ ավելի բարվոք սոցիալական պայմաններում գտնվող երկրներ ժամանակին նախաձեռնելով այս ոլորտում բարեփոխումներ, կուտակել են որոշակի փորձ, ինչը կարող է մեզանում օգտակար լինել։ Միաժամանակ, ցանկացած փորձ արժեքավոր է, եթե խելամիտ է զուգակցվում կոնկրետ երկրի սոցիալական առանձնահատուկ իրողությունների հետ և չի ենթադրում մեխանիկական փոխառում, առավել ևս, երբ գրեթե բոլոր երկրներում տարիների ընթացքում էական շտկումներ են կատարվել իրենց իսկ թոշակային համակարգերի բարեփոխումներում,

դ/ Հայաստանի Հանրապետությունը նույնպես պարտավոր է այս հիմնախնդրին լուծում տալ, քանի որ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության պարտքն է ոչ միայն ներկա աշխատունակ բնակչության, այլև սերունդների ընդհանուր բարեկեցության և քաղաքացիական համերաշխության ապահովման նախադրյալների ստեղծումը։ Դա Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նորմ-նպատակ է, ինչը, սակայն, պահանջում է վերջինիս երաշխավորման համար պետության գործառույթների նպատակային, հետևողական ու արդյունավետ իրականացում՝ հիմքում ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմնարար արժեքներն ու սկզբունքները, խորությամբ հաշվի առնելով երկրում առկա իրավական, տնտեսական, սոցիալական, ընդհանուր ժողովրդագրական կոնկրետ առանձնահատկությունները։ Միայն այս ճանապարհով է հնարավոր տասնամյակների ընդգրկումով երաշխավորել նաև մարդկանց սոցիալական ապահովության իրավունքի արդյունավետ իրացումը։

 

6. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2006թ. հոկտեմբերի 4-ի ՍԴՈ-649 որոշմամբ արձանագրել է, որ «Վավերացնելով Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը` Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է դրա Նախաբանի այն հիմնարար դրույթը, ըստ որի` «մարդու իրավունքները բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից»։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է. «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են»։ «Բարձրագույն արժեք» հասկացությունն այստեղ վերացական չէ և ունի որոշակի իրավական բովանդակություն։ «Բարձրագույն արժեք» նշանակում է, որ որևէ այլ արժեք, այդ թվում և՛ պետական, և՛ հանրային խնդիրների լուծմանը կոչված որևէ համակարգ, չի կարող ավելի բարձր դասվել։ Սրանից էլ բխում է Սահմանադրության նույն հոդվածի 3-րդ մասով ամրագրված նորմը. «Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»։

Նման իրավական դիրքորոշում արտահայտվել է կենսաթոշակային հիմնախնդրի առնչությամբ, ուստի նույն որոշման մեջ սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ «Կենսաթոշակի վճարումը գործնականում սեփականությունը սեփականատիրոջը փոխանցելու միջոց է։ Կենսաթոշակը սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ, սեփականության ձև է՝ նաև ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի (տե՛ս Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործը)»։

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով նույնպես վեճի առարկա իրավադրույթներն առաջին հերթին քննության առարկա պետք է դառնան սեփականության իրավունքի ճանաչման, երաշխավորման ու պաշտպանության սահմանադրական մոտեցումների տեսանկյունից։

Սեփականության իրավունքի պաշտպանության հիմնախնդրին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն անդրադարձել է իր բազմաթիվ որոշումներում։ Մասնավորապես, 2006թ. ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման մեջ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը պահանջում է, որպեսզի օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության հարցը որոշելիս սահմանադրական դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, հաշվի առնի մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց թույլատրելի սահմանափակումների շրջանակները և հիմքերը, Սահմանադրության անմիջական գործողության ապահովման անհրաժեշտությունը։

Շեշտվել է նաև, որ «Համաձայն Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը»։ Սահմանադրության 43 հոդվածը սեփականության իրավունքը չի դիտարկում որպես այդ հոդվածի հիմքերով սահմանափակվող իրավունք։ Առկա է իրավունքների սահմանափակման այն առանձնահատուկ դեպքը, երբ Սահմանադրությունն է որոշում տվյալ իրավունքի սահմանափակման չափանիշն ու սահմանները՝ դա չվերապահելով նույնիսկ օրենսդրի իրավասությանը։ Այն կարող է, նախ՝ իրականացվել օրենքով նախատեսված դեպքերում բացառապես դատական կարգով սեփականությունից զրկելու միջոցով՝ որպես պատասխանատվությունից բխող հարկադիր գործողություն։ Երկրորդ՝ «սեփականության օտարման» միջոցով, որը «սեփականության զրկումից» էապես տարբեր այլ ինստիտուտ է և պետք է իրականացվի Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասի հիմքերով»։

2008թ. մարտի 18-ի ՍԴՈ-741 որոշման մեջ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքի պաշտպանությունը տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք»։

2010թ. հուլիսի 13-ի ՍԴՈ-903 որոշման մեջ սահմանադրական դատարանն արձանագրել է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31-րդ հոդվածը նախատեսում է սեփականության իրավունքի իրականացման սահմանափակման միմյանցից տարանջատվող չորս հանգամանք.

ա) սեփականության իրավունքի իրականացման սահմանափակում՝ շրջակա միջավայրին վնաս պատճառելու, այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը խախտելու արգելքով պայմանավորված (31-րդ հոդվ. 1-ին մասի երկրորդ նախադասություն),

բ) սեփականազրկում (31-րդ հոդվ. 2-րդ մաս),

գ) սեփականության հարկադիր օտարում հասարակության և պետության կարիքների համար (31-րդ հոդվ. 3-րդ մաս),

դ) հողի սեփականության իրավունքի սահմանափակում՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար։

Ինչպես հետևում է նշված ա) ենթակետի բովանդակությունից, սեփականության իրավունքի իրականացումը սահմանադիրը պայմանավորում է որոշակի հանրային արժեքներ պահպանելու պահանջով։ Դրանք են. շրջակա միջավայրը, այլ անձանց, հանրության և պետության իրավունքները և օրինական շահերը։ Նման մոտեցումը կոչված է ապահովելու սեփականատիրոջ և այլոց իրավունքների ու հանրային շահերի միջև ողջամիտ հավասարակշռություն... »։ Տվյալ համատեքստում սահմանադրորեն ամրագրվում է ոչ թե կոնկրետ իրավունքի սահմանափակման, այլ դրա իրացման գործընթացի վերաբերյալ որոշակի իրավաչափ պայմաններ առաջադրելու պահանջ։

Նկատի ունենալով վեճի առարկա հիմնախնդրի անմիջական կապը սեփականության իրավունքի հետ՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն ուշադրություն է հրավիրում նաև 2012թ. փետրվարի 24-ի ՍԴՈ-1009 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին։ Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությամբ սեփականության իրավունքը ճանաչելով որպես յուրաքանչյուրի հիմնական իրավունք, բացահայտվում է այդ իրավունքի բովանդակությունը, այն է՝ իր սեփականությունը տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իրավազորությունները՝ միաժամանակ որպես դրանց իրացման նախապայման սահմանելով սեփականատիրոջ հայեցողությունը։ Սահմանադրական այս նորմում «իր հայեցողությամբ» ձևակերպման շեշտադրմամբ սեփականության իրավունքի իրացման հիմքում դրվել է սեփականատիրոջ հստակ արտահայտված կամքը, վերջինս դիտարկվում է որպես սեփականության իրավունքի իրացման պարտադիր նախապայման, և սեփականության իրացման գործընթացում վճռորոշ դերակատարություն է հաղորդվում անձի կամաարտահայտությանը։ Այս դրույթի բովանդակությունը հանգում է նրան, որ գույքային իրավունքների իրացումը պետք է իրականացվի սեփականության անձեռնմխելիության և պայմանագրային ազատության սկզբունքների հիման վրա, որոնք ենթադրում են, ի թիվս այլնի, քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների կամքի ինքնավարություն և գույքային ինքնուրույնություն»։

Նույն որոշման մեջ սահմանադրական դատարանը նաև արձանագրել է, որ գույքի տնօրինման իրավունքի բովանդակությունը բացահայտված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածում։ Դրանում, մասնավորապես, շեշտվում է, որ «...տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է»։ Միաժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «...սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում՝ իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով»։

Կարևորվել է նաև այն հանգամանքը, որ «Տնօրինման իրավազորությունը ենթադրում է սեփականատիրոջ կողմից օրենքով նախատեսված շրջանակներում ու կարգով գույքի նկատմամբ գործողություններ կատարելու կամ վերջինից ձեռնպահ մնալու միջոցով իր գույքի իրավական և փաստացի ճակատագիրը որոշելու իրավունք։ Դա ոչ այլ ինչ է, քան հայեցողություն կամ, այլ կերպ՝ գույքի ճակատագրի հանդեպ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31-րդ հոդվածի առաջին մասում նախանշված շրջանակներում և օրենքով սահմանված պայմաններում ու կարգով ինքնավար կամք դրսևորելու իրավունք»։ Շեշտելով, որ «Այդ հայեցողությունն ունի սուբյեկտիվ բնույթ, պետք է դրսևորվի տվյալ անձի կամաարտահայտմամբ», սահմանադրական դատարանը հետևություն է արել, որ «Սեփականության իրավունքի իրացման այլ պայման նախատեսելը, քան նախատեսված է Սահմանադրության 31-րդ հոդվածում, անխուսափելիորեն կհանգեցնի այդ իրավունքի արգելափակման»։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրել է նաև, որ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները» (հոդվ. 43)։ Այս առնչությամբ ուշադրության է արժանի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի այն դրույթը, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք»։

Հանրագումարի բերելով ասվածը և սույն հարցի շրջանակներում գնահատելով դատաքննության մասնակիցների բացատրություններն ու պարզաբանումները՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը փաստում է.

նախ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածը սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը», որից բխում է պետության հանրային-իրավական համարժեք պարտավորությունը։

Երկրորդ՝ այդ պարտավորության իրացման նախապայմանն այն է, որ համաձայն Սահմանադրության 31-րդ հոդվածի` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը»։

Երրորդ՝ սահմանադրական այդ իրավունքը չի կարող օրենքով սահմանափակվել, քանի որ դրա համար անհրաժեշտ հիմքեր նախատեսված չեն Սահմանադրության 31, 43 և 44-րդ հոդվածներով։

Չորրորդ՝ սահմանադրական նման իրավակարգավորումների պայմաններում քննության առարկա օրենքի առանձին հոդվածներ /մասնավորապես՝ 5, 7, 13, 76/ ուղղակի կամ անուղղակի նախատեսում են սեփականության իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31-րդ հոդվածի պահանջներին և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին չհամապատասխանող սահմանափակումներ։

Հինգերորդ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 89-րդ հոդվածն իրավունք է վերապահում Հայաստանի Հանրապետության կառավարությանը կառավարելու բացառապես պետական սեփականությունը։ Անձանց կամ տեղական ինքնակառավարման մարմինների սեփականության կառավարումը որպես գործառույթ օրենքով չի կարող ընդգրկվել այդ իրավունքի իրացման շրջանակներում։

Վեցերորդ՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները, մի կողմից, վկայում են դրանց հստակ ու հետևողական բնույթի մասին, որոնք հիմք են հանդիսացել նաև տարբեր իրավանորմեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու համար։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ դրանք խորությամբ հաշվի չեն առնվել քննության առարկա օրենքի ընդունման ժամանակ։ Դա այն դեպքում, երբ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը միանշանակ սահմանում է, որ «Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին»։ Բացի դրանից, օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխան լինելը սահմանադրաիրավական պահանջ է (Սահմ. 6-րդ հոդված, 2-րդ մաս)։

 

7. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ «կենսաթոշակ» հասկացությունը որևէ ձևով ամրագրված չէ։ Սակայն «սոցիալական» եզրույթը դիտարկվում է որպես պետության սոցիալական բնույթի բնութագրիչ /հոդվ. 1/, խտրականությունը բացառող հանգամանք /հոդվ. 14.1/, աշխատողի շահի դրսևորում /հոդվ. 32/, սոցիալական ապահովության իրավունքի բնութագրիչ /հոդվ. 37/, պետության հիմնական խնդիրների սահմանները բնորոշող ոլորտ /հոդվ. 48/, կառավարության կողմից իրականացվող քաղաքականության բնագավառ /հոդվ. 89/։ Բոլոր դեպքերում էականն այն է, որ իրեն նաև սոցիալական հռչակած պետությունը սահմանադրորեն որդեգրում է մարդկանց սոցիալական կյանքին առնչվող խնդիրների նկատմամբ հստակ դիրքորոշումներ։ Դրանց թվում՝ սոցիալական ապահովության իրավունքը ճանաչվել է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիմնական իրավունքներից մեկը և Սահմանադրության 3-րդ հոդվածի ուժով պետությունը սահմանափակված է նաև այս իրավունքով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։

Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին 1966թ. դեկտեմբերի 16-ի միջազգային դաշնագիրը, նաև դրա 9-րդ հոդվածով է միջազգային պարտավորություն ստանձնել ճանաչելու յուրաքանչյուրի սոցիալական ապահովության իրավունքը։

Այդ իրավունքի երաշխավորման, ապահովման ու պաշտպանության հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ սահմանադրական դրույթի հիման վրա /հոդվ. 37/ սոցիալական ապահովության ծավալն ու ձևերը սահմանվում են օրենքով։ Սահմանադրական իրավակարգավորումից հստակ է, որ օրենսդրի հայեցողությանն է թողնված ինչպես սոցիալական ապահովության ծավալի՝ քանակական որոշակիության, այնպես էլ ձևերի ընտրության խնդիրը։ Տվյալ ոլորտում, համաչափության և համամասնականության հիմնարար սկզբունքների պահանջներից ելնելով` հայեցողության սահմանները պայմանավորվում են, մի կողմից, պետության սոցիալ-տնտեսական հնարավորություններով, մյուս կողմից՝ սոցիալական պետության սահմանադրական բնույթի պահանջներով։

Վեճի առարկա նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման տեսանկյունից էական է, թե ինչպես են վերոնշյալ հանգամանքները հաշվի առնվել մեր երկրում կենսաթոշակային բարեփոխումների գործընթացում։

Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ներկա համակարգի ձևավորման հիմքերը դրվեցին 2005 թվականին, երբ նույն թվականի ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց թիվ 666-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները հաստատելու մասին։ Արձանագրվեց, որ կենսաթոշակային գործող համակարգի նման ձևով պահպանելը ոչ միայն խոր համակարգային ճգնաժամի կարող է հանգեցնել, այլև խոչընդոտել երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Ռազմավարական հիմնախնդիր համարվեց՝ «ստեղծել կենսաթոշակային ապահովության այնպիսի համակարգ, որը համարժեք կլինի տնտեսական ոլորտում իրականացվող վերափոխումներին»։ Նման ապագա համակարգի հիմքում դրվեց այն սկզբունքը, որ «Պետությունը պետք է պայմաններ ստեղծի հասարակության բոլոր անդամների համար, որպեսզի նրանք կարողանան «վաստակել» իրենց կենսաթոշակը»։ Պետության խնդիրը համարվեց նաև՝ «...հոգ տանել միայն նրանց մասին, ովքեր չեն կարողացել «վաստակել» իրենց կենսաթոշակը»։ Մեթոդաբանական այս մոտեցման շրջանակներում խնդիր դրվեց, միջազգային փորձը հաշվի առնելով, անցում կատարել տարբեր աղբյուրներից սնվող բազմաշերտ կենսաթոշակային համակարգի, որի էական բաղադրատարրերից համարվեց նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրությունը։ Նախատեսվեց նաև, որ վերջինիս իմաստը հանգում է նրան, որ մասնակիցը «...ունենում է իր անհատական հաշիվը և կենսաթոշակ ստանում` այդ հաշվում մինչև կենսաթոշակի տարիքը կուտակած իր սոցիալական պարտադիր վճարների և կյանքի միջին տևողության հաշվարկից ելնելով»։ Կառավարության այս որոշման կարևոր շեշտադրումներից էր ոչ միայն այն, որ պարտադիր կուտակային բաղադրիչը, ինչպես բազմաթիվ այլ երկրներում, պետք է ձևավորվեր սոցիալական պարտադիր վճարների հաշվին, այլև շեշտվում էր «կոշտ վերահսկողության» անհրաժեշտությունը և խնդիր էր դրվում նոր համակարգին անցնել համակողմանի նախապատրաստված, սահուն ձևով՝ ընդհուպ նախատեսելով «հասարակական քննարկումների կազմակերպում՝ կլոր-սեղաններ, սեմինար-խորհրդակցություններ, հեռուստաբանավեճեր և այլն»։

Մեկ տարի հետո՝ 2006 թվականի մայիսի 26-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է թիվ 796-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին։ Գործնականում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակեց իր մոտեցումներն ապագա կենսաթոշակային համակարգի վերաբերյալ և ներկայացրեց այն գործողությունների հաջորդականությունը, որը կապահովեր այդ համակարգի ներդրումը։ Հատուկ շեշտվեց, որ մոտեցումները մշակվել են հանրային լայն քննարկումների և միջազգային կառույցների հետ խորհրդակցությունների արդյունքում։ Այս փաստաթղթում, սակայն, պարտադիր կուտակային կենսաթոշակի կազմավորման մեթոդաբանական մոտեցման հարցում անհստակություն դրսևորվեց։ Մասնավորապես, հիշյալ հայեցակարգի «Եկամտահարկը և սոցիալական վճարները» հատվածի 7-րդ պարբերության մեջ ամրագրվեց, որ «Ամեն դեպքում նոր համակարգին անցած քաղաքացիները գործատուների միջոցով իրենց աշխատավարձից կվճարեն նաև ներկայիս 3 տոկոսը և լրացուցիչ 7 տոկոսի չափով սոցիալական վճար /ընդհանուրը 10 տոկոս/, որը կփոխանցվի քաղաքացիների կողմից ընտրված կենսաթոշակային հիմնադրամներում բացված անձնական հաշիվներին»։ Այս ձևակերպման մեջ հատուկ ուշադրության է արժանի «սոցիալական վճար» եզրույթը։ Այն ունի հստակ իրավական բովանդակություն և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-րդ հոդվածի իրավակարգավորումների շրջանակներում կարգավորվող հարաբերություններին է առնչվում։

Սակայն կառավարության տվյալ հայեցակարգում առաջ է քաշվում «եկամտահարկի և սոցիալական վճարների համակարգի ինտեգրման» գաղափարը, ինչը, սահմանադրական դատարանի գնահատմամբ, տարասեռ երևույթների մեխանիկական միակցում է ենթադրում, և հետագայում այսպիսի ելակետն է դրվել կենսաթոշակային համակարգի բարեփոխման հիմքում։ Ավելին, նույն որոշման «Պարտադիր կուտակային կենսաթոշակ» բաժնում, առանց սոցիալական վճարների մասին հիշատակման, շեշտվում է, որ «Նոր համակարգին անդամագրվածներն իրենց աշխատավարձի 10 տոկոսի չափով գումար յուրաքանչյուր ամիս պարտադիր կերպով փոխանցում են իրենց կողմից ընտրված կենսաթոշակային հիմնադրամի իրենց անհատական հաշիվներին»։ Այստեղ ոչ միայն խոսք չկա սոցիալական վճարների մասին, այլև ոչինչ չի ասվում պետության կողմից կուտակային վճարների 5 տոկոսի բեռը կրելու վերաբերյալ։ Ընդ որում, այդ որոշմամբ նախատեսվել էր, որ «Նոր համակարգի ներդրումը կսկսվի 2008 թվականի հունվարի 1-ից»։

Փաստորեն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 796-Ն որոշմամբ, որը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացվել է 2006թ. հունիսի 17-ին, հիմք դրվեց կուտակային կենսաթոշակային ներկա համակարգի գաղափարախոսությանը։ Այն իր զարգացումն ստացավ Հայաստանի Հանրապետության կառավարության հետագա որոշումներում։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1487-Ն որոշման մեջ, որով հաստատվեց կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը, սահմանվեց, որ «Այն անձանց համար, ովքեր 2014 թվականի հունվարի 1-ից պարտադիր կուտակային համակարգի մասնակից են դարձել պարտադրության սկզբունքով, կուտակային վճարների դրույքաչափը սահմանվում է աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 10 տոկոսի չափով, որի կեսը կամ աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25000 դրամը, վճարում է պետությունը»։ Հետագայում ամբողջությամբ հայեցակարգային այս մոտեցումը դրվեց 2010 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիմքում։

Գործնականում 2006-2010 թվականներին սոցիալական վճարի միջոցով սոցիալական ապահովության խնդրի լուծման միջազգայնորեն համընդհանուր ճանաչում ստացած հայեցակարգն աստիճանաբար փոխարինվեց աշխատավարձից լրացուցիչ մասհանումների միջոցով կենսաթոշակի պարտադիր կուտակային բաղադրիչ ձևավորելու հայեցակարգով։ Արդյունքում՝ գործատուն, որպես իր իսկ աշխատողների սոցիալական ապահովության խնդիրների լուծման անմիջական մասնակից, դուրս մղվեց այս իրավահարաբերություններից, պետությունը հարկատուների հաշվին ստանձնեց լրացուցիչ պարտավորություններ, անհստակություն մտցվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 37-րդ հոդվածով նախատեսված՝ սոցիալական ապահովության իրավունքի երաշխավորման և 45-րդ հոդվածով նախատեսված՝ այդ իրավունքի իրացման նախադրյալների ու երաշխիքների ապահովման սահմանադրաիրավական մոտեցումները կյանքի կոչելու հարցերում։

Այդ վիճակը հետագայում նաև տեղափոխվեց օրենսդրական քաղաքականության հարթություն։ 2010թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց օրենք «Եկամտային հարկի մասին»։ Այս օրենքի եզրափակիչ դրույթների 28-րդ հոդվածի 2-րդ մասով օրենքի գործողության մեջ մտնելու պահից /2013թ. հունվարի 1-ից/ ուժը կորցրած ճանաչվեցին «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997թ. դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997թ. դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքները։

 Խնդիրը միայն այն չէ, որ «եկամտահարկ» եզրույթը փոխարինվեց «եկամտային հարկով»։ Էականն այն է, որ դադարեց գոյություն ունենալ «պարտադիր սոցիալական ապահովության վճար» հասկացությունը, այն դուրս բերվեց տվյալ հարաբերությունների իրավակարգավորման շրջանակներից՝ սոցիալական ապահովության պարտադիր վճարը փոխարինելով հարկով։

Ուսումնասիրությունները վկայում են, որ նման փորձը, մասնավորապես՝ համաեվրոպական իրավական տարածքում, գրեթե եզակի է։

Սակայն խնդիրը չսահմանափակվեց միայն տեխնիկական լուծումներով՝ երկու վճարը մեկով փոխարինելու ճանապարհով, անկախ դրանց բովանդակային անհամադրելիության հանգամանքից։ Առավել բնորոշ է այն, որ, բյուջետային ոլորտից զատ, գործատուն, ինչպես նշվեց, գործնականում դուրս մղվեց այդ իրավահարաբերություններից։ Արդյունքում՝ սոցիալական ապահովության վճարների չափով պակասեցին բյուջետային մուտքերը, իսկ աշխատողների հարկային ծանրաբեռնվածությունն ավելացավ։ Բյուջետային ոլորտի աշխատողների համար 2012թ. նոյեմբերի 12-ին ընդունված «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» և «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու ճանապարհով հարկային բեռի ավելացումը փոխհատուցվեց աշխատավարձի համարժեք բարձրացումով։ Միաժամանակ, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվեց, որ «... գործատուն իր միջոցների հաշվին կրում է վարձու աշխատողներին սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվա յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատավարձից պահված և վճարված եկամտային հարկի ամբողջ գումարի չափով լրացուցիչ պարտավորություն, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարձու աշխատողից եկամտային հարկի պահումը հանգեցրել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տվյալ վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշվող մեծության նվազման»։

Նման իրավակարգավորման պայմաններում սոցիալական ապահովության վճարների ինստիտուտը դեռևս շարունակում է պահպանվել Հայաստանի Հանրապետության տարբեր այլ օրենքներում։ Մասնավորապես՝ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի համաձայն հարկատուի համար համախառն եկամտից ծախսերի գծով նվազեցումներ իրականացնելիս կամավոր կուտակային կենսաթոշակների գծով կատարված կուտակային վճարների հետ մեկտեղ հաշվի են առնվում նաև սոցիալական ապահովության վճարները, ինչը, ինչպես նշվեց, այլևս գոյություն չունի։

 

8. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արձանագրում է, որ միջազգային պրակտիկայում գործատուների և աշխատողների կողմից կատարվող սոցիալական ապահովության վճարների տոկոսային հարաբերակցությունն այնպիսին է, որ հիմնականում գործատուների հաշվին են ձևավորվում սոցիալական ապահովության ընդհանուր նպատակային վճարների կեսից մինչև երկու երրորդը։ Անկախ թոշակային համակարգի առանձնահատկություններից, աշխարհի բազմաթիվ երկրների /Շվեդիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Սինգապուր, Լեհաստան, Հունգարիա, Սլովենիա, Խորվաթիա, Սլովակիա և այլն/ փորձը վկայում է, որ համեմատաբար ավելի մեծ հաջողություն են արձանագրում այն երկրները, որտեղ կենսաթոշակային ապահովման խնդրի լուծմանը մասնակցում են երեք հիմնական սուբյեկտներ՝ պետությունը, գործատուն և աշխատողը։

Բացի դրանից, շատ երկրներում ընդհուպ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների բեռը նույնպես բաշխվում է աշխատողի և գործատուի միջև։ Ի տարբերություն դրա, մեր երկրում սոցիալական ապահովության ոլորտում ոչ պետական համակարգի գործատուների բեռը նույնպես պետությունն է ստանձնում /մասնավորապես՝ 5 տոկոս լրավճարների ձևով/։

Գործնականում Հայաստանը սոցիալական-իրավական պետության սահմանադրական սկզբունքն ամրագրած եզակի երկրներից է, որտեղ կենսաթոշակային ֆոնդի նպատակային անհատական վճարները չեն ձևավորվում սոցիալական ապահովության վճարներից, այլ կազմավորվում են աշխատավարձից լրացուցիչ պարտադիր մասհանումների ու հարկերի հաշվին։

Այլ մեթոդաբանություն որդեգրած բազմաթիվ երկրների կոնկրետ օրինակներ կարելի է վկայակոչել։ Ամենաթարմ օրինակը, թերևս, Ռուսաստանի Դաշնությունում «Կուտակային կենսաթոշակի մասին» 2013 թվականի դեկտեմբերի 28-ին ընդունված թիվ 424-ф3 դաշնային օրենքն է, որով մարդկանց հնարավորություն է տրվել ընտրություն կատարել ապահովագրական և կուտակային կենսաթոշակների ու դրանցում սոցիալական ապահովագրության շրջանակներում մասնակցության չափի միջև։ Իսկ, օրինակ, Շվեդիայում, որտեղ կենսաթոշակը հասցվել է աշխատավարձի 60-80 տոկոսին, սոցիալական ապահովության վճարը կազմում է 18.5 տոկոս, ինչը հավասարապես բաշխվում է գործատուի և վարձու աշխատողի միջև։ Ընդ որում, ընդհանուր վճարից 16 տոկոսը հատկացվում է բաշխողական, 2.5 տոկոսը՝ կուտակային համակարգին։

Սահմանադրական դատարանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ սոցիալական ապահովության վճարը հարկով փոխարինելը՝ դրա օգտագործման հարցում էապես ընդլայնում է իշխանության հայեցողության սահմանները։ Սոցիալական ապահովության վճարները ոչ միայն ունեն նպատակային հասցեագրում, այլև ընդհուպ գործատուի կողմից կատարվում են անհատականացման սկզբունքով՝ յուրաքանչյուր վարձու աշխատողի համար։ Ուշադրության է արժանի, որ Աշխատանքի միջազգային բյուրոյի /Աշխատանքի միջազգային կազմակերպության Ժնևի մշտական քարտուղարության/՝ «Աշխարհում սոցիալական ապահովության վիճակի վերաբերյալ» 2010 թվականի նոյեմբերի 16-ին հրապարակված առաջին զեկույցում հատուկ ուշադրություն հրավիրվեց այն հարցին, որ հատկապես տնտեսական ճգնաժամով պայմանավորված, ինչպես նաև պետական պարտքը կամ բյուջեի դեֆիցիտը կրճատելու համար պետությունները գնում են սոցիալական ապահովության միջոցների կրճատման ճանապարհով։ Նման վտանգը մեզանում ավելի է մեծանում, երբ սոցիալական ապահովության միջոցները նպատակային մուտքերից չեն ձևավորվում, այլ փոխարինվել են հարկով։

 

9. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավական պրակտիկայում հստակ չէ նաև պատկերացումը «սոցիալական ապահովություն» սահմանադրական եզրույթի առնչությամբ։ Սոցիալական ապահովությունն անձի իրավունք լինելուց զատ պետության պոզիտիվ պարտավորությամբ պայմանավորված նպատակային գործառույթ է, քանի որ ուղղված է հասարակության այն խավերի կենսագոյի ապահովմանը, ովքեր իրենցից անկախ պատճառներով դա անել չեն կարող։ Առավել լայն հասկացություն է սոցիալական պաշտպանությունը, որը ներառում է ոչ միայն սոցիալական ապահովությունը, այլև սոցիալական ապահովագրությունը և պետության ու հասարակության կողմից իրականացվող սոցիալական օգնությունը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 37-րդ հոդվածը ճանաչում և ամրագրում է յուրաքանչյուրի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունքը։ Նույն հոդվածը պարտավորեցնում է նաև օրենքով սահմանել սոցիալական ապահովության ծավալն ու ձևերը։ Ակնհայտ է, որ սոցիալական ապահովության խնդիրներին տարբերակված լուծում պետք է տրվի, և դրանք չեն կարող տարրալուծվել սոցիալական ապահովագրության ու սոցիալական աջակցության խնդիրներում։

Անառարկելի է նաև, որ սոցիալական ապահովության համակարգը պետք է խորությամբ հաշվի առնի տվյալ սոցիալական հանրության առջև կանգնած խնդիրների ու դրանց լուծման մոտեցումների ու հնարավորությունների առանձնահատկությունները։ Այսուհանդերձ, կան հարցեր, որոնք միջազգային պրակտիկայում ընդհանրական լուծում են ստացել և այդ հարցերում սեփական սխալի ուղղման ճանապարհով ընթանալը ճիշտ մոտեցումը չէ։ Մասնավորապես, ամբողջ աշխարհում սոցիալական ապահովության ձևերի թվում առաջնահերթ տեղ են զբաղեցնում կենսաթոշակները։ Իսկ, օրինակ, համաեվրոպական պրակտիկան այնպիսին է, որ եթե անգամ կենսաթոշակային անհատական հաշիվներ են բացվում՝ կամավոր կամ պարտադիր, ապա դրանց փոխանցումները կատարվում են սոցիալական ապահովության վճարներից։ Կայուն սոցիալական վճարների վրա խարսխված սոցիալական ապահովության համակարգն առավել հուսալի է և մարդկանց սոցիալական սպասելիքների տեսակետից՝ ավելի ապահով։ Այս մոդելն առավել բնորոշ է սոցիալական ուղղվածություն ունեցող շուկայական տնտեսական հարաբերություններին, ինչպես նաև սահմանադրորեն իրենց որպես սոցիալական հռչակած պետություններին։ Ի տարբերություն սոցիալական-իրավական պետությունների, որոշ մեթոդաբանական առանձնահատկություններ են առկա ազատական-իրավական պետության մոդելն ընտրած երկրներում։ Եվրոպական միությունը, մասնավորապես, լիսաբոնյան համաձայնագրի շրջանակներում որդեգրեց սոցիալական շուկայական տնտեսության հայեցակարգը, և պատահական չէ, որ Եվրամիության անդամ երկրների համար տիպական է սոցիալական ապահովության վճարների հաշվին թե՛ բաշխողական և թե՛ կուտակային կենսաթոշակային համատեղ ու փոխլրացնող համակարգերի ներդրումը։

Հետևությունն այն է, որ սոցիալական ապահովության համար կատարած վճարն ի սկզբանե նպատակային բնույթ ունի, և այն օրենքով սահմանելը սոցիալական հեռանկարը դարձնում է առավել կանխատեսելի։ Որոշակի են նաև այդ վճարը կատարելու պարտավորությամբ օժտված սուբյեկտները՝ գործատուն և ինքը՝ աշխատողը։ Պետության պարտավորությունն է՝ օրենսդրական կանոնակարգման ճանապարհով այդ հարաբերություններին կայուն և երաշխավորված բնույթ հաղորդել, միջոցներ ձեռնարկել սոցիալական ապահովության խնդիրների արդյունավետ ու նպատակային լուծման համար։ Այդ առանձնահատկությունից ելնելով է, որ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանվել էր, որ «Սոցիալական վճարներն ապահովադիրների կողմից պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող միջոցներ են»։ Իսկ ահա եկամտային հարկի դեպքում թե՛ «Եկամտահարկի մասին» նախկին օրենքով, թե՛ «Եկամտային հարկի մասին» գործող օրենքով /հոդվածներ 2/ այն համարվում է «...հարկ վճարողների կողմից ... պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ», այսինքն՝ պետության կողմից անմիջականորեն հարկ վճարողի եկամտից գանձվող հարկ։ Հարկ վճարողների կողմից վճարվող ուղղակի հարկը և ապահովադիրների կողմից կատարվող սոցիալական ապահովության վճարը թե՛ իրավական բնույթի ու բովանդակության և թե՛ հետապնդվող նպատակների առումով նույնական չեն։

Այս հարցում կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության հստակ իրացման պահանջը։ Համապետական խնդիրների լուծման, ինչպես նաև մարդկանց սոցիալական ապահովության նյութական երաշխիքներ ստեղծելու նպատակով Սահմանադրության հիշյալ հոդվածով սահմանված է, որ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ»։ Այդ նպատակն էին հետապնդում «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված իրավակարգավորումները, որոնք, ինչպես նշվեց, միատեղվեցին 2010թ. դեկտեմբերին ընդունված «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-րդ հոդվածի իրավական բովանդակության բացահայտման շրջանակներում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել 2008թ. մայիսի 13-ի ՍԴՈ-753 որոշման մեջ, որին անդրադարձել է նաև դիմող կողմը։ Սահմանադրական դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ «...հիշյալ հոդվածում նշված հարկերը և տուրքերը ևս պարտադիր վճարումներ են, և, հետևաբար, հիշյալ հոդվածում նշված պարտադիր այլ վճարումները, հարկերից և տուրքերից տարբերվելով հանդերձ, վերջիններիս հետ պետք է ունենան ընդհանուր հատկանիշներ»։

Հարկային օրենսդրության վերլուծության արդյունքների հիման վրա սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Սահմանադրության 45-րդ հոդվածում մատնանշված պարտադիր վճարները.

ա/ կրում են հանրային իրավական բնույթ, այսինքն՝ սահմանվում և վճարվում են հանրային իրավական բնույթի հասարակական հարաբերությունների շրջանակներում,

բ/ նախատեսված են պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվելու համար»։

Այս ընդհանուր տրամաբանությունից բխում է, որ եթե պարտադիր կուտակային վճարները հանդես գային որպես սոցիալական վճարներ, խելամիտ հարաբերակցության մեջ դրվեին ոչ սոցիալական ապահովության նպատակ հետապնդող հարկային այլ վճարների հետ, փոխանցվեին պետական բյուջեի հատուկ հաշվին և պայմանագրային հիմունքներով կամ օրենքով նախատեսված հստակ երաշխիքներով ու պետության պատասխանատվությամբ տրվեին կառավարման, ապա.

ա/ համակարգը, բյուջետային վերահսկողության շրջանակներում, կհայտնվեր նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ուղղակի վերահսկողության դաշտում, ինչը կմեծացներ միջոցների խելամիտ կառավարման և վերադարձնելիության երաշխավորման հուսալիությունը,

բ/ առարկայական կլիներ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունը՝ արդյունավետ վերահսկողության և հանրային-իրավական պատասխանատվության առումով,

գ/ զգալի չափով կմեծանար հանրային վստահությունը համակարգի հուսալիության նկատմամբ,

դ/ նման համակարգը հնարավորություն կտար օրենքով խրախուսման լրացուցիչ մեխանիզմներ նախատեսել նաև կամավոր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար։

 

10. Հայաստանի Հանրապետությունում ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին բնորոշ է և այն, որ աշխատողն աշխատավարձից նախ վճարում է եկամտային հարկ, այնուհետև անվանական /այլ ոչ թե փաստացի/ աշխատավարձից վճարում է կուտակային վճար։ Գործնականում վճարված հարկից նույնպես պարտադիր կուտակային վճար է հաշվարկվում։ Միջազգային պրակտիկայում առավել տարածված է այն մոտեցումը, որ կուտակային վճարներն ազատվում են բոլոր տեսակի հարկերից։

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ ընդհուպ եկամտային հարկը հաշվարկելիս հարկ վճարողի պարտադիր կուտակային վճարները եկամտային հարկի հարկման բազայից չեն նվազեցվում։ Հատկանշական է, որ նույն 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով համապատասխանաբար նվազեցվող եկամուտներ են համարվում՝ կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումները և պարտադիր կուտակային կենսաթոշակի շրջանակներում՝ միայն պետության կողմից հարկ վճարողի համար կատարված կուտակային վճարները։ Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն իրավասու չէ գնահատել նաև «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների սահմանադրականությունը, սակայն գտնում է, որ նման իրավակարգավորումը խնդրահարույց կարող է լինել։

Կարևոր է նաև կուտակային ֆոնդեր կատարվող վճարումների տոկոսադրույքի ընտրության խնդիրը, ինչն ինքնանպատակ չի կարող լինել։ Այն առաջին հերթին պետք է համապատասխանի իրավական համաչափության սկզբունքին։ Տվյալ պարագայում խնդիրը հանգում է անձի ընթացիկ և հեռանկարային կենսաապահովման միջև խելամիտ հարաբերակցության սահմանմանը։ Որպես դրա հավասարակշռման կարևոր գործոն կարող է հանդես գալ գործատուի համարժեք մասնակցությունը։ Ուստի, դարձյալ միջազգային փորձը վկայում է, առավել հավասարակշռված լուծում կարող է գտնվել աշխատողի, պետություն գործատուի և ոչ պետական ձեռնարկություն-կազմակերպություն գործատուների համատեղ մասնակցությամբ սոցիալական ապահովության այնպիսի հնարավորությունների ստեղծման ճանապարհով, երբ, մի կողմից, կենսաթոշակային, այդ թվում՝ կուտակային, ֆոնդերի ձևավորման հարցում աշխատողը մասնակցում է սոցիալական ապահովության այնպիսի վճարներով, ինչը ներդաշնակեցված է թե՛ ժամանակի մեջ իր կենսաապահովման և թե՛ հարկային ծանրաբեռնվածության հետ, մյուս կողմից՝ ոչ թե պետական բյուջեն, այլ բոլոր գործատուներն են հանդես գալիս համարժեք ֆոնդերի ձևավորման մասնակիցն ու դրանց նպատակային օգտագործման երաշխավորը։

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իրավասու չէ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը կենսաթոշակային ֆոնդերի ձևավորման քանակական հարաբերակցության կոնկրետ լուծումներ առաջարկել, ինչը նրանց հայեցողության սահմաններում է։ Սակայն միջազգային փորձը և մեր երկրի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և այլ առանձնահատկությունները վկայում են, որ հնարավոր է սոցիալական ապահովության համակարգի բարեփոխումների գործընթացին օրենքով սահմանված կարգով ու շրջանակներում մասնակից դարձնելով բոլոր գործատուներին՝ գտնել այդ հարաբերակցությունը՝ թեթևացնելով աշխատողների անհատական մասնակցության բեռը։

 

11. Պարտադիր կուտակային բաղադրիչի մասով առկա օրենսդրական կարգավորումները հստակ չեն լուծում առանցքային կարևորության այն խնդիրը, թե ինչպես վարվել նվազագույն աշխատավարձ ստացողների պարագայում, ինչը կարևոր սահմանադրական խնդիր է։ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նախատեսված է Սահմանադրության 32-րդ հոդվածով, օրենքով սահմանվում է նվազագույն աշխատավարձի չափը։ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով՝ ամսական հարկվող եկամտի չափը մինչև 120000 դրամ լինելու դեպքում, եկամտային հարկի գումարը կազմում է դրա 24.4 տոկոսը։ Որևէ ներքին սահման առանձնացված չէ։ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է 45000 դրամ։ Նույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված է, որ «Նվազագույն ամսական աշխատավարձի չափի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները»։ Նման ձևակերպումը խնդրահարույց է իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից։ Մի կողմից, հարկերը չեն ներառվում նվազագույն ամսական աշխատավարձի չափի մեջ, մյուս կողմից՝ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով, առանց ներքին սահման դնելու, նախատեսված է, որ մինչև 120000 դրամ եկամտի դեպքում հարկի գումարը կազմում է 24.4 տոկոս։ Դրանից միայն կարելի է ենթադրել, որ նշված բոլոր վճարները կատարվում են գործատուի հաշվին կամ նման հարկեր չեն գանձվում։ Սակայն օրենքը ցանկացած պարտավորություն պետք է հստակ սահմանի և բացառի հայեցողական մոտեցում այս հարցում։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 32-րդ հոդվածի պահանջներից ելնելով՝ նվազագույն աշխատավարձի դեպքում պարտադիր կուտակային կենսաթոշակի վճարման խնդիրն օրենսդրական համարժեք լուծում չի ստացել։ Հաշվի չի առնվել նաև «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, որի 4-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի սահմանումը նպատակ ունի, մասնավորապես, հիմնավորել սահմանվող նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերը, որոշել չհարկվող եկամտի չափը։ Սակայն վերջինս, ինչպես փաստվեց, համաձայն «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ այլևս գոյություն չունի։

 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 32-րդ հոդվածով սահմանված է, որ յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի իրավունք։ «Նվազագույն աշխատավարձ» սահմանադրական եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է, որ աշխատողի փաստացի աշխատավարձն օրենքով նախատեսված նվազագույնից պակաս լինել չի կարող, որովհետև դա պետք է կենսական նվազագույն որոշակի խնդիրների լուծում ապահովի։ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանադրաիրավական այս մոտեցումը չի դրել տվյալ հիմնախնդրի օրենսդրական կանոնակարգման հիմքում և փաստացի իրավակարգավորումը ներդաշնակ չէ Սահմանադրության 32-րդ հոդվածի պահանջներին։

 

12. Նկատի ունենալով կենսաթոշակային ոլորտի համակարգային բարդությունները և ժամանակի գործոնի ազդեցությունը, գրեթե բոլոր երկրներում բարեփոխումների հաջողության գրավական է դիտվել հանրային վստահությունն այդ համակարգի ու իրականացվող քայլերի նկատմամբ։ Այդ վստահությունը վերացական լինել չի կարող։ Այն ձևավորվում է համակարգի գործառութային ու կառուցակարգային գործունակության երաշխիքներով, վերահսկողական համակարգի հուսալիությամբ, թափանցիկությամբ, մարդկանց սպասելիքների կանխատեսելիության աստիճանով։ Առաջին հերթին օրենսդրական կանոնակարգումը պետք է նման երաշխիքներ ամրագրի և այս հարցում նախատեսի նաև խորհրդարանական ու այլ վերահսկողական լծակների արդյունավետ գործադրում։

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում այս հիմնախնդրին նույնպես անդրադառնալ սահմանադրական պահանջների և դրանց հետևողական իրացման անհրաժեշտության տեսանկյունից՝ երաշխավորելու համար Սահմանադրության գերակայությունը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը։ Հստակ է, որ սահմանադրական տվյալ դրույթը վերաբերում է անձանց բոլոր իրավունքներին։ Դրա հետ մեկտեղ, ինչպես նշվեց, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` սահմանադրական կարգի հիմունքների 8-րդ հոդվածում ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը։ Նկատի ունենալով, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` սեփականության իրավունքն օրենքով չսահմանափակվող իրավունք է, ուստի առավել ևս դրա պաշտպանության պայմաններն ու կարգը միմիայն օրենքով կարող են սահմանվել։

Քննության առարկա օրենքով պահպանված չէ այս տրամաբանությունը։ Մասնավորապես, օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով կենսաթոշակային ֆոնդերի փայերը համարվում են մասնակցի անձնական սեփականությունը։ Դրա պաշտպանության հիմնական երաշխիքը համարժեք ֆոնդի տնօրինման կարգով ու պայմաններով է պայմանավորված։ Առկա է անձանց իրավունքների իրականացման ու պաշտպանության պայմանների ու կարգի սահմանման խնդիր։ Սահմանադրական պահանջ է, որ այն պետք է դառնա օրենքի կանոնակարգման առարկա։ Այնինչ քննության առարկա օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 44-րդ հոդվածով այդ իրավասությունը՝ քանակային և արժութային սահմանափակումների սահմանման շրջանակներում, ինչպես նաև երաշխիքային ֆոնդի տնօրինման և կառավարման կարգի ու պայմանների սահմանման մասով վերապահվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Այստեղ ուշադրության է արժանի և այն, որ կառավարությունը սահմանում է նաև այդ ֆոնդի տնօրինման պայմանները։ Տնօրինումը ենթադրում է նաև իրավական կարգավիճակի կամ գույքի ճակատագրի որոշման իրավունք։ Ֆոնդի միջոցները քաղաքացիների սեփականություն է ճանաչվել օրենքով, սակայն սեփականության տնօրինման պայմանները ոչ թե օրենքով են սահմանվում, այլ սահմանում է կառավարությունը։ Նման կանոնակարգումը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի և 89-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից։

Միջազգային պրակտիկայում կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ներդրման սահմանափակումները նույնպես, որպես այդ միջոցների ապահովման ու պաշտպանության երաշխիք, սահմանվում են օրենքով /օրինակ, Բուլղարիա՝ «Սոցիալական ապահովության օրենսգիրք», գլուխ 25, Ռումինիա՝ «Մասնավոր կենսաթոշակների մասին» օրենք, գլուխ 4, Լեհաստան՝ «Կենսաթոշակային հիմնադրամների կազմակերպման և գործունեության մասին» օրենք, գլուխ 15, Մակեդոնիա՝ «Պարտադիր ֆինանսավորվող կենսաթոշակային ապահովության մասին» օրենք, գլուխ 13։ Համանման ակտեր են գործում նաև Հունգարիայում, Խորվաթիայում, Սլովակիայում և այլ երկրներում/։

Այս հարցն առանցքային նշանակություն ունի ֆոնդի միջոցների արդյունավետ կառավարման, ռիսկայնության փոքրացման, վերադարձնելիության երաշխավորման և համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման տեսանկյունից։ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանել է, թե ինչ ոլորտներում չեն կարող ներդրվել կենսաթոշակային ֆոնդի ակտիվները։ Ամրագրվել են նաև բավականին վերացական բնույթի պարտավորություններ ֆոնդի կառավարչի համար։ Սակայն տվյալ իրավահարաբերություններում առանցքային է այդ սահմանափակումների քանակային ու արժութային շրջանակների օրենսդրական հստակեցումը՝ այն չափով, որպեսզի գործադիր իշխանության հայեցողությունը բացարձակ չլինի։ Դա է հուշում նաև միջազգային փորձը։ Օրինակ, Բուլղարիայում նախատեսված է, որ պարտադիր կուտակային ֆոնդերի ներդրումների առնվազն 50 տոկոսը պետք է ներդրվի կառավարության կողմից թողարկված և երաշխավորված արժեթղթերի գնման միջոցով։ Նման պահանջ է դրված նաև Խորվաթիայում և մի շարք այլ երկրներում։ Իսկ Ռումինիայում սահմանված է, որ կուտակային ֆոնդերի կողմից ներդրումների մինչև 70 տոկոսը կարող է իրականացվել Ռումինիայի, Եվրամիության անդամ երկրների և Եվրոպական տնտեսական տարածքի անդամ պետությունների կողմից թողարկված արժեթղթերում։ Օրենքով հստակ սահմանափակվում են նաև արտասահմանում կատարվող ներդրումների, ինչպես նաև դրամական շուկայի գործիքներում, չգրանցված արժեթղթերում, անշարժ գույքի հետ կապված գործարքներում և մի շարք այլ ոլորտներում կատարվելիք ներդրումների չափաքանակները։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1685-Ն որոշմամբ նույնպես նախատեսել է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ֆինանսական գործիքներում ներդրման քանակային և արժութային սահմանափակումներ։ Մասնավորապես, նախատեսվել է, որ բանկային ավանդներում և հաշիվներում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 40 տոկոսը։ Իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, արտասահմանյան պետության կամ այդ պետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերում կատարվող ներդրումների ծավալը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 60 տոկոսը։ Սահմանվել են նաև այլ բնույթի սահմանափակումներ։ Սակայն խնդիրը միայն այն չէ, թե դրանք որքանով են հիմնավոր՝ կառավարության ընթացիկ քաղաքականության և մեծ հեռանկարի հաշվով համակարգի հուսալիության երաշխավորման տեսանկյունից։ Էական է և այն, թե ենթաօրենսդրական ակտով նման կանոնակարգումը որքանով է տնտեսական ու սոցիալական հարաբերությունների համար կայուն, վերահսկելի ու հուսալի նախադրյալներ ստեղծում։ Միաժամանակ, զուտ իրավական խնդրի իմաստն այն է, թե կառավարությունը որքանով է իրավասու այս ճանապարհով կառավարել ոչ պետական սեփականություն հանդիսացող, օրենքով նախատեսված՝ փայամասնակցության կարգով կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին պատկանող միջոցները։ Դարձյալ օրակարգի հարց է դառնում կառավարության հայեցողության սահմանների՝ օրենքով հստակեցման խնդիրը։

 

13. Համակարգի հուսալիության կարևորագույն երաշխիքներից մեկն էլ ռիսկերի կառավարումն է։ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ֆոնդի ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները ևս օրենքով չեն սահմանվել, այլ վերապահվել են բացառապես Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հայեցողությանը։ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով սահմանված է. «Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով»։ Բացի դրանից, նույն օրենքի 25-րդ հոդվածը, որը վերնագրված է «Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների նկատմամբ պահանջներն ու սահմանափակումները», սահմանում է, որ «Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների նկատմամբ գործում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ներդրումային ֆոնդերի կառավարիչների նկատմամբ սահմանված պահանջներն ու սահմանափակումները, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքով»։ «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլուխն է /հոդվածներ 35-37/ նվիրված տվյալ իրավահարաբերություններին, որում օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ. «Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանում է Կենտրոնական բանկը»։ Բացի դրանից, տվյալ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ «Սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված թույլատրելի գործիքներում ֆոնդի ակտիվների ներդրման սահմանափակումները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով»։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2013թ. դեկտեմբերի 27-ի թիվ 324-Ն որոշմամբ սահմանվել է «Ներդրումային ֆոնդի կառավարչի ներքին հսկողության և ռիսկերի կառավարման համակարգի նկատմամբ նվազագույն պահանջները» /կանոնակարգ 10/16/։ Անկախ այն հանգամանքից, որ օրենքով նախատեսված «պահանջները» ենթաօրենսդրական ակտով սահմանափակվել են «նվազագույն պահանջների» շրջանակով, բովանդակային առումով նույնպես փաստաթուղթը հեռու է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, մասնավորապես՝ դրա 45-րդ հոդվածի պահանջներից, կառուցված է «պետք է», «անհրաժեշտ է» դարձվածքներից բխող ցանկությունների վրա և համակարգի հուսալիության ապահովման կոնկրետ երաշխիքներ չի բովանդակում։

Ի դեպ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունության ապահովումն է։ Ավելին, «Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «Եթե Կենտրոնական բանկի մյուս խնդիրները հակասում են իր հիմնական խնդրին, Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական խնդրին և ղեկավարվում է դրա իրագործման անհրաժեշտությամբ»։ Առավել ևս նման իրավակարգավորման պայմաններում կարևորվում է կենսաթոշակային ֆոնդերի ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջների, հիմնական սկզբունքների, ինչպես նաև կուտակային ֆոնդի ակտիվների ներդրման սահմանափակումների հիմնական շրջանակի օրենքով կանոնակարգումը։

Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին վերապահելով նորմաստեղծ, վերահսկողական և կազմակերպական լայն լիազորություններ, չի նախատեսել համակարգի բնականոն գործունեության երաշխավորման համար կենտրոնական բանկի համարժեք հանրային-իրավական պատասխանատվության որևէ միջոց։

Օրենքով հստակեցված չեն նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի այն գործառույթի իրականացման կարգն ու պայմանները, համաձայն որի վերջինս՝ «...մշակում և ապահովում է կուտակային կենսաթոշակային բաղադրիչի միասնական քաղաքականությունը» /հոդվ. 17, մաս 1, կետ 3/։

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ ելնելով քննության առարկա իրավահարաբերությունների բնույթից ու առանձնահատկություններից, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների նկատմամբ պահանջներն ու սահմանափակումները՝ իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան, նույնպես պետք է քննության առարկա օրենքի կանոնակարգման առարկա լինեն։ Ուստի վերանայման անհրաժեշտություն ունի նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը։

 

14. Կենսաթոշակային ֆոնդերի համար սկզբունքային նշանակություն ունի ֆոնդում առկա փայերի ինդեքսավորման կամ տարեկան գնաճով ճշգրտման խնդիրը։ Միջազգային պրակտիկայում ի սկզբանե թոշակային համակարգի առանցքային խնդիր է համարվել այն, որ կենսաթոշակները չպետք է կորցնեն իրենց գնողունակությունը։ Հարցն այն է, որ կենսաթոշակի համար անհրաժեշտ միջոցի ձևավորման և սոցիալական ապահովության իրավունքի իրացման միջև առկա է ժամանակի գործոնի ազդեցությունը։ Այն հաշվի չառնելու դեպքում անհնարին կլինի համարժեք միջոցներ կուտակել և երաշխավորել մարդկանց սոցիալական ապահովության իրավունքի իրացումը։ Բացի դրանից, կուտակային վճարների ամբողջ գումարի տարեկան գնաճով ճշգրտումն այդ գումարներն ամբողջությամբ հետ ստանալու իրավունքի պաշտպանության նպատակ է հետապնդում և օրենքի կարգավորման առարկա է։ Միաժամանակ, այս հարցում օրենքով նախատեսված երաշխիքների առկայությունը համակարգի հուսալիության կարևորագույն գրավականներից է։ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը գրեթե շրջանցել է այս հիմնախնդիրը՝ օրենքով իրավական համարժեք երաշխիքներ չնախատեսելով կուտակային վճարների գումարի տարեկան գնաճով ճշգրտումն ապահովելու համար։ Դրա փոխարեն լուծված է կառավարությանը որոշակի /այս դեպքում՝ նույնպես բացարձակ/ հայեցողություն վերապահելու խնդիր։ Օրինակ, օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով պարզապես սահմանվել է, որ «...կուտակային վճարների գումարի՝ տարեկան գնաճով ճշգրտման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։ Օրենսդիրը ոչ միայն անուշադրության է մատնել վճարների գումարի՝ տարեկան գնաճով ճշգրտման` օրենքով նախատեսված երաշխիքների ամրագրման և տարբեր օրենսդրական ակտերում /մասնավորապես՝ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում/ ամրագրված իրավակարգավորումների հետ դրանց ներդաշնակեցման անհրաժեշտությունը՝ որպես սոցիալական ապահովության իրավունքի իրացման երաշխիք, այլև որևէ չափով այս հարցում չի հստակեցրել գործադիր իշխանության հայեցողության սահմանները։

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը գտնում է, որ նման իրավակարգավորումը չի համապատասխանում նաև իրավական որոշակիության սկզբունքին։ Իրավական որոշակիության, իրավական անվտանգության և օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը։ Սահմանադրական դատարանը 2006թ. ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման մեջ, մասնավորապես, արձանագրել է, որ «...օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը»։ Առավել ևս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները։ Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ։

Խնդրի հրատապությունն այն է, որ տարբեր երկրներում, որտեղ առաջին փորձերն արվեցին կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ուղղությամբ, գնաճով պայմանավորված կուտակային վճարների վերահաշվարկի օրենսդրական ոչ հստակ կարգավորումները լուրջ խնդիրների հանգեցրին։

 

15. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավունքների և պարտականությունների համաչափության սկզբունքի տեսանկյունից պետք է դիտարկել նաև քննության առարկա օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը։ Դրանով նախատեսվում է, որ «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գումարի վերադարձելիությունը գումարի 20 տոկոսով երաշխավորում է սույն օրենքի հիման վրա ստեղծված Երաշխիքային ֆոնդը, իսկ մնացած 80 տոկոսով՝ Հայաստանի Հանրապետությունը»։ Տարբեր երկրներում նաև ֆոնդի կառավարիչներն են իրենց սեփական միջոցներով մասնակցում երաշխիքային ֆոնդերի ձևավորմանը, և այդ մասնակցությունը ծանրակշիռ է լինում։ Օրինակ՝ Խորվաթիայում, եթե կենսաթոշակային ֆոնդը չի կարողանում ապահովել վերադարձվելիք գումարի նվազագույն չափը, ապա դա տեղի է ունենում նրա պահուստային ֆոնդի հաշվին։ Եթե այդ միջոցները ևս անբավարար են, օգտագործվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարումն իրականացնող կազմակերպության սեփական կապիտալի 20 տոկոսը։ Եթե երկու հիշյալ աղբյուրներն էլ անբավարար են, ապա պետությունը պարտավոր է ապահովել մնացած մասի վճարումը։

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի տրամաբանությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունը, ֆոնդի կառավարիչներին տալով տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավասություն, նրանց հետ` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, չմտնելով հստակ իրավապայմանագրային հարաբերությունների մեջ կամ օրենքով համարժեք պատասխանատվություն ենթադրող հստակ պայման չառաջադրելով, ստանձնում է նրանց հնարավոր ձախողման դեպքում գումարի վերադարձնելիության հիմնական պատասխանատվությունը /80 տոկոսի չափով/, ինչն էապես մեծացնում է ֆոնդի միջոցների կառավարման ռիսկայնությունը։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավունքների և պարտականությունների հավասարակշռումը, պարտականությունների հարցում թերացման համար համարժեք պատասխանատվության սահմանումն իրավակարգավորման և օրինաստեղծ գործունեության կարևորագույն պայմաններից են և հետևողական իրացում են պահանջում։

 

16. Նկատի ունենալով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող իրավահարաբերությունների առանձնահատուկ բնույթն ու բարդության աստիճանը, հաշվի առնելով միայն տասնամյակների ընթացքում վերջնական արդյունքների ամբողջական գնահատման հնարավորությունը՝ մարդկանց սահմանադրական իրավունքների պաշտպանության համապատասխան երաշխիքներ ապահովելու առումով, անհրաժեշտ էր նախատեսել սույն օրենքի իրավակարգավորումներին բնորոշ իրավախախտումների համար իրավական պատասխանատվության /քրեական, քաղաքացիական, վարչական/ կոնկրետ և տարբերակված մոտեցումներ։ Միջազգային պրակտիկան վկայում է, որ ընդհանրապես մասնավոր թոշակային ֆոնդերի հանդեպ հանրային վստահության աստիճանը ցածր է։ Եվրոպական միության առանձին երկրներում հանրային հարցումները վկայում են, որ այդ վստահության աստիճանը 5-8 տոկոսի սահմաններում է։ Նման վիճակը թելադրում է հատկապես իրավասու սուբյեկտների պատասխանատվության իրավական երաշխիքների ամրապնդման անհրաժեշտություն։

Քննության առարկա օրենքն այս հարցերին գլխավորապես անդրադարձել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողական լիազորությունների ապահովման շրջանակներում /հոդվածներ 77-84/։ Սակայն օրենքի կիրարկման հետ մեկտեղ համարժեք փոփոխություններ չեն կատարվել նաև իրավական պատասխանատվություն նախատեսող այլ իրավական ակտերում։ Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերը գործնականում շրջանցել են այդ հիմնախնդիրը։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 968.9-րդ հոդվածի 1-ին մասի այն դրույթը, որ «Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասները հատուցվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով»՝ ավելի շատ ունի վերացական բնույթ։ Այնինչ այս ոլորտում պատասխանատվության հստակ կանոնակարգումը համակարգի նկատմամբ վստահության կարևոր երաշխիք կարող էր հանդիսանալ։ Այս խնդրին նույնպես մեծ կարևորություն է տրվում միջազգային պրակտիկայում։ Մասնավորապես, ուշադրության են արժանի Սլովենիայի և Ռումինիայի օրինակները։ Իսկ ԱՄՆ-ում թոշակային ֆոնդերի հետ կապված ֆինանսական իրավախախտումներն օրենքով համարվում են առանձնապես ծանր հանցանք և ազատազրկման ձևով պատիժ է սահմանվում 20 տարի և ավելի։

Պետք է նկատի ունենալ նաև, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով ուղղակի սահմանված է, որ «Նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր ...որոնց չկատարման համար իրավական հետևանքներ նախատեսված չեն»։

 

17. Բազմաթիվ երկրներում լուրջ խնդիրներ է առաջացնում նաև ոչ լեգալ, ստվերային աշխատանքային գործունեությունը, երբ գործատուները փաստացի աշխատողների համար պատշաճ չձևակերպված վճարներ են կատարում՝ հարկերը և սոցիալական ապահովության վճարները թաքցնելու համար։ Այս երևույթն զգալի տարածում է գտել նաև մեզանում և ծավալման միտում ունի։ Հատկապես կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում այս հարցում նույնպես օրենսդրական համարժեք լուծումները, տվյալ իրավախախտումների հնարավոր բացառումը հրատապ օրակարգային խնդիրներ են։

Միջազգային փորձը վկայում է նաև, որ կուտակային կենսաթոշակային համակարգերի համար լուրջ խնդիրներ են բարդ վարչարարությունը և վարչական մեծ ծախսերի անհրաժեշտությունը։ Բնակչության ցածր կենսամակարդակի, գործազրկության մեծ տոկոսի, տնտեսության ստվերայնության բարձր աստիճանի պայմաններում կուտակային կենսաթոշակների նպատակային օգտագործումը, համակարգի հուսալիության ապահովումը պահանջում են առավել գործուն իրավական երաշխիքներ՝ համակարգում ներգրավված իրավասուբյեկտների պատշաճ պատասխանատվությունն ապահովելու և մարդկանց սահմանադրական իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու համար։ Մասնավորապես, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Ծառայությունների համար վճարները» վերտառությամբ 9-րդ գլուխը կանոնակարգում է այդ իրավահարաբերությունները։ Սակայն կենսաթոշակային ֆոնդի կառավարման հետ կապված ծախսերի առավելագույն չափի սահմանումը վերապահված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին /հոդվ. 45, մաս 1/։ Առանձին երկրներում կենսաթոշակային ֆոնդի կառավարման հետ կապված ծախսերի առավելագույն չափը նույնպես սահմանվում է օրենքով: Հայաստանի Հանրապետությունում նույնպես այն կարող է սահմանվել օրենքով, կամ դառնալ Հայաստանի Հանրապետության կառավարության և կենսաթոշակային ֆոնդի միջև պայմանագրային պարտավորությունների շրջանակներում կանոնակարգման առարկա։

Օրենքով առնվազն պետք է հստակ չափանիշներ սահմանվեն նաև կենսաթոշակային ֆոնդի գործունեության գնահատման համար, իսկ գնահատման արդյունքները պետք է լինեն թափանցիկ ու մատչելի հանրության համար։

Վերոշարադրյալ խնդիրների, մասնավորապես՝ միջազգային պրակտիկայում կուտակային կենսաթոշակային համակարգի զարգացման առանձնահատկությունների ու առկա միտումների վերաբերյալ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության /OECD/ փորձագետների կողմից 2013 թվականին ծավալուն զեկույց հրապարակվեց։ Վերջինիս ուսումնասիրությունը վկայում է, որ բոլոր այն երկրներում, որտեղ բացթողումներ են եղել հատկապես գնաճով պայմանավորված կուտակային վճարների վերահաշվարկի իրավական կարգավորման, ֆոնդերի կառավարման գործընթացի ու վարչական ծախսերի վերահսկման գործուն կառուցակարգերի ներդրման, համակարգի հուսալիության ու թափանցիկության երաշխավորման, օրենքով պատասխանատվության համարժեք միջոցների սահմանման և մի շարք այլ հարցերում, անխուսափելիորեն հանգեցրել են լուրջ բացասական հետևանքների։

 

18. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը սույն գործը քննության ընդունելուց հետո, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներից ելնելով, 2014թ. հունվարի 24-ի ՍԴԱՈ-3 որոշմամբ՝ որպես դիմումի ապահովման միջոց, մինչև գործի դատաքննության ավարտը կասեցրեց քննության առարկա օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և պետական կառավարման տարբեր մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման տարաբնույթ մեկնաբանության փորձերը որոշ չափով նվազեցրին դիմումի ապահովման միջոցի արդյունավետությունը։ Նկատի ունենալով, որ գործը դատաքննության նախապատրաստման փուլում էր և օրենքով սահմանադրական դատարանի որոշումների պարզաբանման ինստիտուտ նախատեսված չէ, սահմանադրական դատարանը 2014թ. փետրվարի 11-ի ՍԴԱՈ-6 աշխատակարգային որոշմամբ արձանագրեց գործի դատաքննության շրջանակներում ստեղծված վիճակին անդրադառնալու անհրաժեշտությունը։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ մարդու իրավունքների ապահովման ու պաշտպանության հարցերը չեն կարող ենթադասվել տեխնիկական ու կազմակերպչական ցանկացած բնույթի հանգամանքների, այլ այդ հարցերում իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվի սահմանադրական նորմերի անմիջական գործողության և, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի պահանջներով։

Գործի դատաքննության ընթացքում փաստեց, որ ս.թ. հունվար-մարտ ամիսների հաշվարկային տվյալներով Հայաստանի Հանրապետության 5337 քաղաքացիներ իրենց դիմումի հիման վրա ընտրել են կենսաթոշակային ֆոնդեր և ֆոնդերի կառավարիչներ։ Շուրջ 10000 մարդ իր ընտրությունը վստահել է համակարգչին։ 2014թ. մարտի 27-ի դրությամբ 127007 անձի համար գործատուի կողմից փոխանցում է կատարվել, նրանց համար բացվել են անհատական հաշիվներ, սակայն մասնակիցների համար դեռևս չի կատարվել ֆոնդի և կառավարչի ընտրություն համակարգչային մոդուլի միջոցով, քանի որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հաշիվները բացելուց հետո մասնակիցներն իրավունք ունեն 30 օրվա ընթացքում ֆոնդի ընտրությունն իրենք կատարել։

Առկա իրավիճակից ելնելով և գործընթացները սույն որոշման պահանջներին և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ իրենց իրավասության շրջանակներում, համապատասխան իրավակարգավորումներ իրականացնեն՝ պաշտպանելու համար մարդկանց սեփականության իրավունքը, այն կախվածության մեջ չդնելով տարաբնույթ տեխնիկական պայմաններից, թույլ չտալով գործող օրենքի հետադարձ ուժով կիրառում, իրականացվող քայլերի հիմքում ունենալով իրավունքի գերակայության սկզբունքի անվերապահ պահպանումն ու վերջինիս վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական պարտավորությունները։

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել նաև, որ «Սահմանադրական դատարանի մասին» 2006թ. հունիսի 14-ի ՀՕ-58 Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասն իմպերատիվ պահանջ է առաջադրում սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի վերաբերյալ։ Դրա էությունը կայանում է նրանում, որ օրենքի կամ դրա առանձին դրույթների սահմանադրականության հարցով գործի դատաքննության արդյունքում սահմանադրական դատարանն իրավասու է միայն ընդունել որոշում՝

1) վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.

2) վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը՝ սահմանադրական դատարանի որոշմամբ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությամբ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.

3) վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ /վիճարկվող նորմերի շրջանակներում/ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված իրավասությունների և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված դատավարական նորմերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում ընդունելուց հետո այդ որոշման պահանջների հաշվառմամբ քննության առարկա օրենքի հետագա համարժեք փոփոխությունների ու նաև կիրարկման հետ կապված բոլոր հարցերի լուծումը գտնվում է օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում։

Միաժամանակ, հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված դրույթը, համաձայն որի՝ «Անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով», անհրաժեշտ է, որպեսզի սույն որոշման պահանջներից ու սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներից բխող նոր իրավակարգավորումները սահմանադրական հիշյալ դրույթի շրջանակներում տարածվեն քննության առարկա օրենքին առնչվող իրավահարաբերություններին մասնակից բոլոր սուբյեկտների վրա՝ առանց ժամկետային սահմանափակման։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, 7-րդ հոդվածի 1-ին և 11-րդ մասերի, դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված՝ 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները՝ այն մասով, որով չեն ապահովում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականություն հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը և հանգեցնում են մարդու կամաարտահայտությունից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակման, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի, 31 և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր։

2. Իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքների պահանջներին համարժեք իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիքներ չամրագրելու և տվյալ իրավահարաբերություններում գործադիր իշխանության հայեցողության սահմանները չհստակեցնելու հանգամանքից ելնելով` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի, 3-րդ հոդվածի 2-րդ մասի և 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր։

3. Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ «...որի տնօրինման ... կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» դրույթը և 44-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր։

4. Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով» դրույթը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր։

5. Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գույքի արգելանքի միջոցով վարչական ակտի հիման վրա սեփականության իրավունքը սահմանափակող դրույթը՝ գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման սահմանափակման միջոցով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի, 31 և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով նաև, որ տվյալ դրույթին առնչվող իրավահարաբերությունները չեն վերաբերում քննության առարկա օրենքի իմաստով պարտադիր կուտակային վճար կատարողի /հարկային գործակալի/ անմիջական հարկային պարտավորությունների կատարմանը։

6. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում՝ այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում, իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների իրավունքները պետք է իրացվեն միայն համարժեք պարտավորություններով հավասարակշռման սկզբունքին համապատասխան։

7. Հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, մասնավորապես՝ սույն որոշման եզրափակիչ մասի 1-5 կետերով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթները համակարգային առումով փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության շուրջ 50 օրենքներով և ութ տասնյակից ավելի այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումների հետ, որոնց շատ դրույթներ սույն որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, ինչպես նաև նկատի ունենալով օրենքի պահանջը՝ համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին։

Սույն որոշման պահանջներից բխող նոր իրավակարգավորումներից ելնելով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները` վերահաշվարկման են ենթակա մինչ այդ կատարված կուտակային վճարները:

8. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

2 ապրիլի 2014 թվականի

ՍԴՈ-1142