Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.04.09/17(1030) Հոդ.283
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.10.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում 

Քրեական գործ թիվ  ՏԴ/0018/01/13

ՏԴ/0018/01/13

Նախագահող դատավոր՝ Հ. Տեր-Ադամյան

Դատավորներ`

 Կ. Ղազարյան,
   Գ. Մելիք-Սարգսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

 

քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

մասնակցությամբ մեղադրող

Ա. Գևորգյանի

 

2013 թվականի հոկտեմբերի 18-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Վանյա Ռաֆիկի Բեգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի հունիսի 27-ի որոշման դեմ մեղադրող Ա.Գևորգյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2013 թվականի հունվարի 21-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 38100613 քրեական գործը` Վանյա Բեգյանի կողմից Արմեն Գրիգորյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու փաստի առթիվ:

Նախաքննության մարմնի 2013 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ Վ.Բեգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը Վ.Բեգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2013 թվականի մարտի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 15-ի դատավճռով Վ.Բեգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով:

3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2013 թվականի հունիսի 27-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 15-ի դատավճիռը պատժի մասով փոփոխելու մասին: Ամբաստանյալ Վ.Բեգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով:

Վերաքննիչ դատարանի կազմում ընդգրկված դատավոր Գ.Մելիք-Սարգսյանը հայտնել է հատուկ կարծիք այն մասին, որ Վ.Բեգյանի նկատմամբ նշանակված պատիժն արդարացի է, և այն պայմանականորեն չկիրառելու հիմքերը բացակայում են:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հունիսի 27-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Ա.Գևորգյանը:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Վ.Բեգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի նոյեմբերի 16-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Աղավնավանք գյուղ տանող ճամփեզրին վեճի մեջ է մտել համագյուղացի Արմեն Գառնիկի Գրիգորյանի հետ, դիտավորությամբ ձեռքով հարվածել վերջինիս դեմքին, այնուհետև վայր ընկած տեղում ոտքով հարվածել գլխի աջակողմյան քունքային մասին` պատճառելով առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 67):

6. Դատաբժշկական փորձագետի թիվ 226 եզրակացության համաձայն` «(…) Ա.Գրիգորյանի ստացած մարմնական վնասվածքները` բաց գանգուղեղային վնասվածք` աջից քունքոսկրի խրթեշի կոտրվածքի անցումով գանգի հիմ` բուրգի շրջան, որի հետևանքով առաջացել է աջակողմյան օտոլիկվորեա, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդի` կոնտուզիոն-հեմոռագիկ օջախի առաջացումով, սուբարախնոիդալ արյունազեղման, աջից ծոծրակային շրջանի վերքի` այժմյան սպիի ձևով, պատճառվել են բութ, կոշտ առարկաների ներգործությամբ (…), որոնք պատճառել են առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 30-31):

7. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է. «(…) Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ոչ միայն կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, այլև ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները, այն, որ երիտասարդ է, նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, բնութագրվում է դրականորեն, տուժողի հետ հաշտվել է, վերջինս բողոք կամ պահանջ չունի: (…) [Դ]ատարանը գտնում է, որ առանց [Վ.Բեգյանին] հասարակությունից մեկուսացնելու հնարավոր չէ ապահովել պատժի նպատակները (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 65-66):

8. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(…) առաջին ատյանի դատարանը հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, արարքի կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, ինչպես նաև հանցանքի կատարումից հետո հանցավորի դրսևորած վարքագիծը գնահատելու տեսանկյունից չի անդրադարձել ամբաստանյալ Վ.Բեգյանի արարքի վտանգավորության աստիճանին:

Քրեական գործի նյութերով (…) պարզվում է, որ հանցագործությունից անմիջապես հետո ամբաստանյալը և վկա Գ.Գրիգորյանն օգնել են տուժողին ոտքի կանգնելու և տուն տանելու: Նույն օրն ամբաստանյալի հոր` Ռաֆիկ Բեգյանի, առաջարկությամբ տուժողին տեղափոխել են Դիլիջանի հիվանդանոց, իսկ այնտեղից հաջորդ օրը բժիշկների խորհրդով Երևանի «Էրեբունի ԲԿ»: (…) Հիվանդանոցի հետ կապված ֆինանսական ծախսերը հատուցել է Ռաֆիկ Բեգյանը: Ներկայումս տուժողը հաշտվել է ամբաստանյալի հետ և որևէ բողոք կամ պահանջ չունի: Բացի այդ, առաջին ատյանի դատարանում տուժողը խնդրել է ամբաստանյալ Վ.Բեգյանի նկատմամբ մեղմ վարվել և նշանակել հնարավորինս մեղմ պատիժ (…):

(…) Վերաքննիչ դատարանը, գնահատման ենթարկելով սույն որոշման մեջ նշված հանգամանքները իրենց համակցությամբ, հանգում է հետևության, որ սույն գործով օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալները վկայում են ամբաստանյալ Վ.Բեգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 34-44):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբերը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Վ.Բեգյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելով, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ թեև Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում վկայակոչել է պատժի նշանակման և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմանն առնչվող` Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, սակայն դրանք միակողմանի է մեկնաբանել և ի վերջո հանգել է սխալ հետևության:

Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին` բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս հաշվի չի առել Վ.Բեգյանի կողմից տուժողի կարևոր կենսական օրգանի` գլխի շրջանում պատճառված վնասվածքների բնույթը, ինչը պարտավոր էր անել:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հունիսի 27-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 15-ի դատավճռին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալ Վ.Բեգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման ենթարկե՞լ է արդյոք կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն`

«1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

Մեջբերված քրեաիրավական դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Դ.Հովհաննիսյանի գործով, ինչպես նաև մի շարք այլ որոշումներում (տե՛ս, օրինակ, թիվ ՎԲ-124/07, ՎԲ-192/07, ԵՇԴ/0029/01/08, ԱՎԴ2/0059/01/08, ԼԴ2/0019/01/09 և այլն):

Դ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունն առանց ռեալ (իրական) պատիժ կրելու դատապարտյալի ուղղվելու հնարավորության մասին: Դատարանը նման հետևության հանգում է միայն օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին:

(…) Չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված` ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, դատարանը պարտավոր է, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի առնել նաև հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը: Դատարանի կողմից նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության վտանգավորության աստիճանին ու բնույթին:

Պատիժը պայմանականորեն չկիրառելու համար կարևոր նշանակություն ունեն հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մեղքի ձևը, հանցավորի կողմից այդ հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը» (տե՛ս Դավիթ Ռոբերտի Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0078/01/09 որոշման 11-12-րդ կետերը):

13. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և համապատասխանաբար նաև Դ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումից երևում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցի լուծման ժամանակ դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, պետք է հաշվի առնի կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը:

Արարքի հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ դիրքորոշում Վճռաբեկ դատարանն արտահայտել է Գ.Մադաթյանի գործով որոշման մեջ, որի համաձայն` «Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:

Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը» (տե՛ս Գարուշ Նորիկի Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):

14. Գ.Մադաթյանի գործով որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշման համատեքստում զարգացնելով Դ.Հովհաննիսյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցի լուծման ժամանակ դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, պետք է հաշվի առնի կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը: Այլ խոսքով` պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցի լուծման ժամանակ դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, պետք է հաշվի առնի`

ա) կատարված հանցագործության նպատակն ու շարժառիթը,

բ) քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակությունը,

գ) կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը,

դ) հանցագործության կատարման եղանակը,

ե) հանցավոր մտադրության իրականացման աստիճանը,

զ) հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վ.Բեգյանը 2012 թվականի նոյեմբերի 16-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Աղավնավանք գյուղ տանող ճամփեզրին վեճի մեջ է մտել համագյուղացի Ա.Գրիգորյանի հետ, դիտավորությամբ ձեռքով հարվածել վերջինիս դեմքին, այնուհետև վայր ընկած տեղում ոտքով հարվածել գլխի աջակողմյան քունքային մասին` պատճառելով առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այն, որ Վ.Բեգյանը երիտասարդ է, նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, բնութագրվում է դրականորեն, տուժողի հետ հաշտվել է, վերջինս բողոք կամ պահանջ չունի, նրա նկատմամբ նշանակել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ` 3 տարի ժամկետով ազատազրկում (տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը փոփոխել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պայմանականորեն չի կիրառել, պատճառաբանելով, որ Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել այն, որ Վ.Բեգյանը տուժողի դստեր` վկա Գ.Գրիգորյանի հետ օգնել է նրան տուն տանել, ամբաստանյալի հոր առաջարկությամբ տուժողին տեղափոխել են հիվանդանոց, որի հետ կապված ֆինանսական ծախսերը հատուցել է ամբաստանյալի հայրը (տե՛ս սույն որոշման 3-րդ և 8-րդ կետերը):

16. Սույն որոշման 12-14-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով հանցանքի ծանրությունը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների պահպանմամբ Վ.Բեգյանի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ և այն կրելու նպատակահարմարության հարցում հանգել է ճիշտ եզրահանգման:

Մինչդեռ, Վ.Բեգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ամբաստանյալ Վ.Բեգյանը, դիտավորությամբ ձեռքով հարվածելով տուժողի դեմքին, այնուհետև վայր ընկած տեղում ոտքով հարվածել է նրա գլխի աջակողմյան քունքային մասին, ինչի արդյունքում վերջինս ստացել է բաց գանգուղեղային վնասվածք` աջից քունքոսկրի խրթեշի կոտրվածքի անցումով գանգի հիմ` բուրգի շրջան, որի հետևանքով առաջացել է աջակողմյան օտոլիկվորեա, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդի` կոնտուզիոն-հեմոռագիկ օջախի առաջացումով, սուբարախնոիդալ արյունազեղման, աջից ծոծրակային շրջանի վերքի` այժմյան սպիի ձևով, որոնք պատճառել են առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից որպես Վ.Բեգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք գնահատված այն հանգամանքներին, որ ամբաստանյալը և տուժողի դուստրը օգնել են վերջինիս տուն տանել, նույն օրն ամբաստանյալի հոր առաջարկությամբ տուժողին տեղափոխել են հիվանդանոց, որի հետ կապված ֆինանսական ծախսերը հատուցել է ամբաստանյալի հայրը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքները սույն գործով ողջամտորեն չեն նվազեցրել Վ.Բեգյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և չեն կարող նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ:

17. Հիմք ընդունելով վերոգրյալ վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վ.Բեգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված և պատճառաբանված չէ:

Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխելով և ամբաստանյալ Վ.Բեգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման սկզբունքների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված նյութական իրավունքի խախտումները, որոնք ազդել են պատիժը կրելու նպատակահարմարության մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և Առաջին ատյանի դատարանի դատավճռին օրինական ուժ տալու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Վանյա Ռաֆիկի Բեգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հունիսի 27-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 15-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան