ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2014 թվականի N 197-Ն
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՆԱԽԱԳԾՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնապահպանական ծրագրերի մշակման (նախագծման) կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 5 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 197-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՆԱԽԱԳԾՄԱՆ)
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների միջոցների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի (այսուհետ` ծրագիր) մշակման (նախագծման) (այսուհետ` մշակման) ընթացակարգերի հետ կապված հարաբերությունները:
2. Ծրագիրը մշակվում է նախապես հաստատված տեխնիկական առաջադրանքի հիման վրա, որը ներառում է կառուցվածքային նշված ենթաբաժինները՝
1) ծրագրի նպատակը.
2) ծրագրի իրավական հիմքերը.
3) պետական մարմնի լիազորությունները ծրագրի իրականացման հարցում.
4) ծրագրի շահառուները և մատուցվող ծառայությունները.
5) ծրագրի խնդիրները և դրանց կապը ծրագրի նպատակի հետ.
6) ծրագրի կառուցվածքը (միջոցառումները).
7) ծրագրի իրականացման եղանակը (միջոցները և իրականացնող կազմակերպությունների շրջանակը).
8) ծրագրի կատարողական ցուցանիշները (ծավալային ցուցանիշները բնաիրեղեն ծավալներով` ըստ առանձին միջոցառումների կամ ենթածրագրերի)`
ա. վերջնական արդյունքը,
բ. ուղղակի արդյունքները.
9) ծրագրի իրականացման նկարագրությունը`
ա. ծրագրի ներկա վիճակի նկարագրությունը,
բ. ծրագրի վերջնական արդյունքների պլանավորումը/կանխատեսումը` ըստ իրականացման փուլերի (ժամանակահատվածների):
3. Ծրագրի ֆինանսական արժեքը գնահատվում է ծրագրի նախահաշվային արժեքի հաշվարկման միջոցով: Նախահաշվային ծախսերը հաշվարկվում են՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված նորմաների հիման վրա, այդ թվում՝
ա. պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերը հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 27-ի N 684-Ն որոշմամբ հաստատված` պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվների հիման վրա,
բ. ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 809-Ն որոշմամբ հաստատված` Սևանա լճի անտառատնկարկների մաքրման առանձին գործողությունների նորմաների հիման վրա,
գ. ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշմամբ հաստատված` գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի փետրվարի 15-ի N 19-Ն հրամանով հաստատված հաշվարկման կարգերի համաձայն.
2) թեմատիկ բնույթի բնապահպանական ծրագրերի գծով ծախսերը հաշվարկվում են հետևյալ բանաձևով`
ԱԹԲԾ = ∑Աi xԱԱi x (ԳՆ x ԳԾ x ԳՎ x ԳՇ) + Հ
որտեղ`
Աi-ն` i-րդ ծրագրային աշխատանքներ իրականացնողի ամսական դրույքաչափն է (որոշվում է մասնագետների համար Հայաստանի Հանրապետության նվազագույն ամսական աշխատավարձի 224.9 տոկոսի չափով, իսկ տեխսպասարկող անձնակազմի համար՝ Հայաստանի Հանրապետության նվազագույն ամսական աշխատավարձի 132.3 տոկոսի չափով),
ԱԱi-ն` i-րդ մասնագետի աշխատանքի աշխատատարությունն է` մարդ/ամիս (որոշվում է ելնելով աշխատանքի ծավալից),
ԳՆ-ն ` նյութածախսի գործակիցն է, որը հավասար է 1.05,
ԳԾ-ն` ծառայությունների ծախսի գործակիցն է, որը հավասար է 1.1,
ԳՎ-ն` վերադիր ծախսերի գործակիցն է, որը հավասար է 1.053,
ԳՇ-ն` շահութաբերության մակարդակի գործակիցն է, որը հավասար է 1.1,
Հ-ն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկերն են, որոնք հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված նորմատիվների բացակայության դեպքերում ծրագրերի նախահաշվային արժեքը հաշվարկվում է տվյալ տարվա բյուջետային ծախսերի հաշվարկման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումներին համապատասխան:
4. Ծրագրի տեխնիկական առաջադրանքի և նախահաշվի (այսուհետ՝ ծրագրի նախագծային փաստաթղթեր) մշակումը պայմանագրային հիմունքներով իրականացնելու դեպքերում դրանց իրականացնողն ընտրվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5. Ծրագրի նախագծային փաստաթղթերը հաստատվում են՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի համար՝ ծրագիրն իրականացնող պետական մարմնի կողմից.
2) համայնքային բյուջեներից ֆինանսավորվող ծրագրերի համար՝ ծրագիրն իրականացնող համապատասխան համայնքի ղեկավարի կողմից:
6. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրի նախագծային փաստաթղթերը մինչև հաստատվելը ներկայացվում են այն համայնքներին, որոնց տարածքներում նախատեսվում է իրականացնել ծրագիրը: Սույն կետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության միջնաժամկետ ծախսային ծրագրերում ներառված գործող (շարունակական բնույթ ունեցող) ծրագրերի վրա:
7. Մինչև ծրագրի նախագծային փաստաթղթերի հաստատումը` համապատասխան մարմինը 15 օրվա ընթացքում իրազեկում է հասարակությանը`
1) զանգվածային լրատվության (այդ թվում` էլեկտրոնային) միջոցներով (տեղական և հանրապետական ռադիո, հեռուստատեսություն, լրագիր).
2) ծրագրերի և նախագծերի ցուցադրման միջոցառումներով, հրապարակումներով, ինտերնետային կայքերում տեղադրմամբ.
3) հասարակական քննարկումներով:
8. Բնապահպանական փորձաքննության ենթակա ծրագրերի նախագծային փաստաթղթերի մասին հասարակայնությունն իրազեկվում է բնապահպանական փորձաքննության անցկացման համար օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերի շրջանակներում:
9. Բոլոր դեպքերում ծրագիրն իրականացնողը պարտավոր է մինչև ծրագրի իրականացման սկիզբը, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում համաձայնության գալ ծրագրի իրականացման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ:
10. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված դեպքերում նախագծային փաստաթղթերի հանրային լսումները կամ քննարկումները, դրանց վերաբերյալ առաջարկությունների ընդունումը և ներկայացումը ծրագրերի նախագծերի հեղինակներին կամ համապատասխան մարմիններին իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33.1-ին հոդվածի պահանջներին համապատասխան:
11. Հաստատված նախագծային փաստաթղթերում փոփոխությունները կատարվում են սույն կարգով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:
12. Նախագծային փաստաթղթերի մշակման, համաձայնեցման և հաստատման ժամանակ ծագող վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|