Գլխավոր տեղեկություն
Համար
N 335-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.05.05/10(489).1 Հոդ.263
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2014 թվականի N 335-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու և տեղեկություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 933-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Կալանավորված, դատապարտված անձանց մասին տվյալները լրացվում են (N 1 ձև) հաշվառման քարտում (2 օրինակից, իսկ օտարերկրյա քաղաքացու դեպքում` 3 օրինակից), և այն ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` քրեակատարողական հիմնարկներ) կողմից հսկողական ցուցակներով (N 7 ձև) ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական վարչության կողմից հաշվառման քարտում մատնադրոշմային բանաձևը լրացնելուց հետո հաշվառման քարտի առաջին օրինակն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն: Հաշվառման քարտի երկրորդ օրինակը դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու մասին տեղեկատվությունն ստանալուց հետո ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների կողմից 1992 թվականի օգոստոսի 3-ին կնքված Ինֆորմացիայի փոխանակման վերաբերյալ միջպետական համաձայնագրի համաձայն ուղարկվում է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գլխավոր ինֆորմացիոն կենտրոն` միջպետական ինֆորմացիոն բանկում հաշվառելու համար, իսկ երրորդ օրինակն ուղարկվում է Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո` օտարերկրյա քաղաքացու ծագման պետությանը տեղեկացնելու համար:».

2) 18-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Եթե պատիժ կրելու համար քրեակատարողական հիմնարկ ուղարկված դատապարտյալների անձնական գործերում բացակայում է հաշվառման քարտում (N 1 ձև) նշված Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ուղարկելու մասին նշումը, ապա պատիժը կրելու վայրում լրացվում են հաշվառման փաստաթղթեր` սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով, իսկ քարտը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հաշվառման ուղարկելու մասին կից գրության մեջ նշվում է, որ այն կազմվել է սկզբնական հաշվառման փաստաթղթերում տվյալների բացակայության պատճառով:»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. ապրիլի 3
Երևան