ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Գործ թիվ ՇԴ/0032/01/13 |
ՇԴ/0032/01/13 |
Նախագահող դատավոր՝ Հ. Տեր-Ադամյան | |
Դատավորներ` Կ. Ղազարյան, Գ. Մելիք-Սարգսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Դանիելյանի | |
Հ. Ասատրյանի | ||
|
Ս. Ավետիսյանի | |
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Մ. Ավագյանի |
2013 թվականի նոյեմբերի 28-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գարեգին Սուրենի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի հուլիսի 17-ի որոշման դեմ մեղադրող Վ.Մխիթարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
1. 2012 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 18139512 քրեական գործը:
2013 թվականի մարտի 29-ին Գարեգին Սուրենի Մուրադյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
2013 թվականի ապրիլի 3-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2013 թվականի մայիսի 6-ի դատավճռով Գ.Մուրադյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել է ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով:
Տուժող Ա.Զաքարյանին իրավունք է վերապահվել քաղաքացիական դատավարության կարգով դիմել դատարան:
3. Ամբաստանյալ Գ.Մուրադյանի պաշտպան Ա.Դավթյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, պատժի մասով փոփոխել է Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 6-ի դատավճիռը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` Գ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել և սահմանել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով:
4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 17-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Վ.Մխիթարյանը:
Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ մեղադրող Վ.Մխիթարյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Ամբաստանյալ Գ.Մուրադյանի պաշտպան Ա.Դավթյանը և տուժող Ա.Զաքարյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքի պատասխաններ` խնդրելով մերժել մեղադրող Վ.Մխիթարյանի վճռաբեկ բողոքը:
2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
5. Ամբաստանյալ Գ.Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «2012 թվականի հոկտեմբերի 4-ին` ժամը 14-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Անի թաղամասում` իրենց բակի ավտոտնակի մոտ, իր և ՀՀ ՊՊԳՎ Գյումրիի ՊՊԲ բաժնի ոստիկան, հարևան Աշոտ Զաքարյանի միջև անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, նախ գլխով հարվածել է վերջինիս դեմքին և ճակատային մասին, ապա գցել է գետնին և ոտքերով հարվածել է գլխին, մարմնի տարբեր մասերին` պատճառելով գլխուղեղի խրոնիկ սուբդուրալ հեմատոմիա, քթի ոսկրերի բեկորային կոտրվածք` կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 58):
6. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. «(…) Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, Գ.Մուրադյանի քրեական պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ համարելով` կատարածի համար անկեղծորեն զղջալը, նախկինում արատավորված չլինելը, բնակության վայրից դրական բնութագրվելը» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 59):
7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) առաջին ատյանի դատարանը հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, արարքի կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, ինչպես նաև հանցանքի կատարումից հետո հանցավորի դրսևորած վարքագիծը գնահատելու տեսանկյունից չի անդրադարձել ամբաստանյալ Գ.Մուրադյանի արարքի վտանգավորության աստիճանին:
(…) Վերաքննիչ դատարանում, դատաքննության ընթացքում վերաքննիչ բողոքի կապակցությամբ տուժող Ա.Զաքարյանի արտահայտած դիրքորոշումից պարզ է դառնում, որ ամբաստանյալը դեպքից հետո` տուժողի բուժման ընթացքում և դրանից հետո, ցույց է տվել նյութական օգնություն, ներկայումս իրենք գտնվում են նորմալ, բարիդրացիական հարաբերությունների մեջ, տուժողն ամբաստանյալից որևէ պահանջ չունի:
Բացի այդ, վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ թե նախաքննության ընթացքում, և թե վերաքննիչ դատարանում տուժող Ա.Զաքարյանը բազմիցս պնդել է, որ ներել և հաշտվել է ամբաստանյալ Գ.Մուրադյանի հետ, և խնդրել է նրա նկատմամբ մեղմ վարվել, իսկ վերաքննիչ դատարանում միանալով պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքին` խնդրել է ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
(…)
Վերաքննիչ դատարանը գնահատման ենթարկելով սույն որոշման մեջ նշված հանգամանքերը` իրենց համակցությամբ, հաշվի առնելով գործի հանգամանքները (…) տուժողի դիրքորոշումը` բերված վերաքննիչ բողոքի կապակցությամբ, հանգում է այն հետևության, որ սույն գործով օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալները վկայում են ամբաստանյալ Գ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 41):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
8. Բողոքաբերը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես` սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածները, որի արդյունքում անհիմն որոշում է կայացրել Գ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը Գ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրել է այնպիսի հանգամանքներ, որոնք արդեն իսկ հաշվի են առնվել Առաջին ատյանի դատարանի կողմից: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել տուժողի դիրքորոշումը, մինչդեռ հանրային մեղադրանքի գործերով տուժողի` պատժատեսակի և պատժաչափի վերաբերյալ դիրքորոշումը չի կարող դիտվել որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք:
9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 17-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 6-ի դատավճռին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալ Գ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման ենթարկե՞լ է արդյոք կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը:
11. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն`
«1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:
Մեջբերված քրեաիրավական դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Դ.Հովհաննիսյանի, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում (տե՛ս, օրինակ, թիվ ՎԲ-124/07, ՎԲ-192/07, ԵՇԴ/0029/01/08, ԱՎԴ2/0059/01/08, ԼԴ2/0019/01/09 որոշումները և այլն):
Դ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունն առանց ռեալ (իրական) պատիժ կրելու դատապարտյալի ուղղվելու հնարավորության մասին: Դատարանը նման հետևության հանգում է միայն օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին:
(…) Չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված` ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, դատարանը պարտավոր է, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի առնել նաև հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը: Դատարանի կողմից նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության վտանգավորության աստիճանին ու բնույթին:
Պատիժը պայմանականորեն չկիրառելու համար կարևոր նշանակություն ունեն հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մեղքի ձևը, հանցավորի կողմից այդ հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը» (տե՛ս Դավիթ Ռոբերտի Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0078/01/09 որոշման 11-12-րդ կետերը):
12. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և Դ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումից երևում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցի լուծման ժամանակ դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, պետք է հաշվի առնի կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը:
Արարքի հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ դիրքորոշում Վճռաբեկ դատարանն արտահայտել է Գ.Մադաթյանի գործով որոշման մեջ, որի համաձայն` «Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:
Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը» (տե՛ս Գարուշ Նորիկի Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):
Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Վ.Բեգյանի գործով որոշման մեջ արձանագրել է, որ «(…) պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցի լուծման ժամանակ դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, պետք է հաշվի առնի կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը: Այլ խոսքով` պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցի լուծման ժամանակ դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, պետք է հաշվի առնի`
ա) կատարված հանցագործության նպատակն ու շարժառիթը,
բ) քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակությունը,
գ) կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը,
դ) հանցագործության կատարման եղանակը,
ե) հանցավոր մտադրության իրականացման աստիճանը,
զ) հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը (…)» (տե՛ս Վանյա Ռաֆիկի Բեգյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13 որոշման 14-րդ կետը):
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այն, որ Գ.Մուրադյանը կատարածի համար անկեղծորեն զղջացել է, նախկինում արատավորված չի եղել, բնակության վայրից բնութագրվում է դրականորեն, նրա նկատմամբ նշանակել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ` 3 տարի ժամկետով ազատազրկում (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):
Վերաքննիչ դատարանը փոփոխել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառել` պատճառաբանելով, որ Առաջին ատյանի դատարանը հանցավորի դրսևորած վարքագիծը գնահատելու տեսանկյունից չի անդրադարձել ամբաստանյալ Գ.Մուրադյանի արարքի վտանգավորության աստիճանին: Վերաքննիչ դատարանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ ամբաստանյալը դեպքից հետո տուժողին ցույց է տվել նյութական օգնություն, տուժողն ամբաստանյալից որևէ պահանջ չունի, խնդրել է նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետը):
14. Սույն որոշման 11-12-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով հանցանքի ծանրությունը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների պահպանմամբ Գ.Մուրադյանի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ և այն կրելու նպատակահարմարության հարցում հանգել է ճիշտ եզրահանգման:
Մինչդեռ, Գ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Գ.Մուրադյանն անձնական հարցեր պարզաբանելու պատճառով վիճաբանության մեջ է մտել տուժողի հետ և առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, նախ գլխով հարվածել է վերջինիս դեմքին և ճակատային մասին, ապա գցել է գետնին և ոտքերով հարվածել է գլխին, մարմնի տարբեր մասերին` պատճառելով գլխուղեղի խրոնիկ սուբդուրալ հեմատոմիա, քթի ոսկրերի բեկորային կոտրվածք` կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից որպես Գ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք գնահատված այն հանգամանքներին, որ ամբաստանյալը դեպքից հետո տուժողին ցույց է տվել նյութական օգնություն, տուժողն ամբաստանյալից որևէ պահանջ չունի, խնդրել է նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքները սույն գործով ողջամտորեն չեն նվազեցրել Գ.Մուրադյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և չեն կարող նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ:
15. Հիմք ընդունելով սույն որոշման 11-14-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը: Հետևաբար, հիմնավորված և պատճառաբանված չէ ամբաստանյալ Գ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխելով և ամբաստանյալ Գ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման սկզբունքների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված նյութական իրավունքի խախտումները, որոնք ազդել են պատիժը կրելու նպատակահարմարության մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և Առաջին ատյանի դատարանի դատավճռին օրինական ուժ տալու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գարեգին Սուրենի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հուլիսի 17-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 6-ի դատավճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ե. Դանիելյան |
Հ. Ասատրյան | |
Ս. Ավետիսյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|