Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.04.09/17(1030) Հոդ.274
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.10.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՐԱԴ/0031/12/13

Գործ թիվ ԱՐԱԴ/0031/12/13

Նախագահող դատավոր՝  Գ. Ավետիսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

 

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ա. Պողոսյանի

 

քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

մասնակցությամբ դատախազ

Զ. Ստեփանյանի

 

2013 թվականի հոկտեմբերի 18-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի հուլիսի 11-ի որոշման դեմ դատախազ Զ.Ստեփանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճռով Արմեն Արսենի Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել է ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով` զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` 2 (երկու) տարի ժամկետով:

ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի 2012 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 8-րդ կետի 1-ին ենթակետը, դատապարտյալ Ա.Մկրտչյանի պատժի չկրած մասը կրճատվել է երկու երրորդով` 4 (տարի) 8 (ութ) ամսով, և վերջնական պատիժ է թողնվել կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 4 (չորս) ամիս ժամկետով:

2. 2013 թվականի ապրիլի 30-ին ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալ Ա.Մկրտչյանի պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին միջնորդագիր է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 23-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը բավարարվել է, և ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի հիման վրա` դատապարտյալ Ա.Մկրտչյանի պատժի չկրած մասը` 1 (մեկ) տարի 4 (չորս) ամիս 14 (տասնչորս) օր ժամկետով ազատազրկումը, փոխարինվել է տուգանքով` 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

3. Դատախազ Զ.Ստեփանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2013 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 23-ի որոշումը:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 11-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազ Զ.Ստեփանյանը:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ դատախազ Զ.Ստեփանյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի 2013 թվականի ապրիլի 30-ի միջնորդագրի համաձայն` «Դատապարտյալ Արմեն Արսենի Մկրտչյանը պատիժը կրելու ընթացքում կարգապահական տույժի չի արժանացել: Դատապարտյալի ռիսկայնությունը ցածր աստիճանի է, ընթացիկ գնահատման արդյունքները բարձր են: (....) Ունեցել է 1.000.000 ՀՀ դրամ քաղաքացիական հայց, որը մուծվել է: (....) Միջնորդում ենք դատապարտյալի պատժի չկրած մասը փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով» (տե՛ս նյութեր, թերթ 1):

6. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. «Այսպիսով, դատապարտյալ Արմեն Մկրտչյանը, ազատազրկման դատապարտված լինելով միջին ծանրության հանցագործություն կատարելու համար, կրել է նշանակված պատժի ավելի քան մեկ երրորդը, (...), պատիժը կրելու ընթացքում դրսևորել է դրական վարքագիծ, հարթել է տուժողին պատճառված վնասը, «Կոշ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը ընդունել է որոշում` ներկայացնել միջնորդություն դատապարտյալ Արմեն Մկրտչյանի պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ, որն էլ հավանության է արժանացել անկախ հանձնաժողովի կողմից:

Դատապարտյալ Արմեն Մկրտչյանը խնդրել է իր նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը փոխարինել տուգանքով և դատարանը հաշվի է առնում նաև դատապարտյալի գույքային դրությունը» (տե՛ս նյութեր, թերթ 13):

Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտի եզրափակիչ մասը շարադրել է հետևյալ կերպ. «Բավարարել միջնորդությունը և Արմեն Արսենի Մկրտչյանի նկատմամբ պատժի չկրած մասը` 1 (մեկ) տարի 4 (չորս) ամիս 14 (տասնչորս) օրը ՀՀ Քր. օր-ի 77-րդ հոդվածին համապատասխան փոխարինել տուգանքով` 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: (…)» (տե՛ս նյութեր, թերթ 13):

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) Առաջին ատյանի դատարանը հիմնավոր կերպով դատապարտյալ Ա.Մկրտչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասը փոխարինել է տուգանքով: Նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները` Առաջին ատյանի դատարանը տուգանքի չափը որոշել է` հաշվի առնելով կատարած հանցանքի ծանրությունն ու դատապարտյալ Ա.Մկրտչյանի գույքային դրությունը: Առաջին ատյանի դատարանը հիմնավոր կերպով արձանագրել է, որ (…) դատապարտյալ Ա.Մկրտչյանի` պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագիծը, տուժողին պատճառված վնասը հարթելու և մյուս հանգամանքները հիմք են հանդիսանում քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի միջնորդությունը բավարարելու համար: Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավոր է համարում նաև Վերաքննիչ դատարանը և գտնում է, որ Դատարանի նշված որոշումը բխում է նաև սույն որոշման 20-րդ կետում մատնանշված իրավական ակտերի պահանջներից» (տե՛ս նյութեր, թերթ 61-62):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 49-րդ, 51-րդ և 77-րդ հոդվածների պահանջները, ինչի արդյունքում դատապարտյալ Ա.Մկրտչյանի պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժատեսակով` տուգանքով:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածում հստակ սահմանված են դատարանի կողմից որպես պատժատեսակ տուգանք նշանակելու չափորոշիչները, միաժամանակ, ի տարբերություն ազատազրկման ձևով նշանակված պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելուն` սահմանված չեն ազատազրկման ձևով նշանակված պատիժն ավելի մեղմ պատժատեսակով` տուգանքով փոխարինելու չափորոշիչները, այն է` ազատազրկման մեկ օրը որքան ՀՀ դրամ տուգանքով պետք է փոխարինվի: Հետևաբար, ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանը, դատապարտյալ Ա.Մկրտչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասը փոխարինելով ավելի մեղմ պատժատեսակով` տուգանքով և տուգանքի չափ սահմանելով 800.000 ՀՀ դրամը, թույլ է տվել դատական սխալ:

9. Ուստի, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ու փոփոխել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 11-ի որոշումը և մերժել դատապարտյալ Ա.Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ և 115-րդ հոդվածներով նախատեսված՝ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք դատապարտյալ Ա.Մկրտչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասը տուգանքով փոխարինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի համաձայն`

«1. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկում կրող անձի պատժի չկրած մասը դատարանը կարող է փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով՝ հաշվի առնելով պատիժը կրելու ժամանակահատվածում նրա վարքագիծը և պատճառված վնասը հարթելու հանգամանքը: Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից:

2. Պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով դատապարտյալի կողմից պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը փաստացի կրելուց հետո:

3. Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելիս դատարանը կարող է ընտրել սույն օրենսգրքի 49-րդ հոդվածում նշված պատիժներին համապատասխան ցանկացած ավելի մեղմ պատժատեսակ՝ յուրաքանչյուր պատժատեսակի համար սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում»:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն՝

«1. (…) պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով կարող է փոխարինվել, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով դրա համար սահմանված նվազագույն ժամկետը:

(…) պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինում չի կիրառվում, երբ հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառվել է վնաս կամ առաջացրել է մարդու մահ, և դատապարտյալը ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը:

2. Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին (…) պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցերը պատիժը կատարող հիմնարկի կողմից քննարկվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ սույն օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածներին համապատասխան:

(…)

3. Միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին (…) պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշմանը հավանություն է տալիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

(…)»:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն՝

«1. Պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը մեկամսյա ժամկետում պարտադիր լսում է կարգապահական տույժ չունեցող դատապարտյալին (…) պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը:

Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին (…) պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու մասին որոշում կայացնելու դեպքում որոշումը ներկայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությանը:

Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը միջնորդագիր է ներկայացնում դատարան միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին (…) պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միայն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությունն ստանալու դեպքում:

2. (…) պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարան ներկայացվող միջնորդագրի հետ ներկայացվում է նաև դատապարտյալի անձնական գործը:

(…)»:

Մեջբերված քրեաիրավական դրույթի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի վերլուծությունից երևում է, որ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավազորությունը սահմանելիս օրենսդիրն օգտագործել է «կարող է» ձևակերպումը՝ այդպիսով դատարանին հնարավորություն տալով դատական հայեցողության ընդհանուր հատկանիշների հիման վրա ընտրություն կատարել ազատազրկման ձևով անձի նկատմամբ նշանակված պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կամ չփոխարինելու վերաբերյալ որոշումների միջև, ինչպես նաև ընտրել այն պատժատեսակն ու պատժաչափը, որով պետք է փոխարինվի ազատազրկման ձևով նշանակված պատիժը (դատական հայեցողության ընդհանուր հատկանիշների մասին mutatis mutandis տե՛ս, Հմայակ Դավթյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշման 22-րդ կետը):

13. Ընդ որում, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու պայմանների առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով դատարանը պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդագրի քննության ժամանակ պետք է հաջորդաբար քննության առնի հետևյալ հարցերը՝

ա) անձի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվե՞լ է արդյոք ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով.

բ) անձը կրե՞լ է արդյոք իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը.

գ) դատապարտյալն ամբողջությամբ հարթե՞լ է արդյոք տուժողին պատճառված վնասը.

դ) անձի վարքագծի վերաբերյալ դատարան ներկայացված տվյալները վկայո՞ւմ են արդյոք այն մասին, որ նրա ուղղման նպատակին (ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մաս) հնարավոր է հասնել ավելի մեղմ պատժատեսակի կիրառման միջոցով.

ե) անձի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածով նախատեսված ո՞ր պատժատեսակով պետք է փոխարինվի և ի՞նչ ժամկետով.

զ) դատապարտյալի նկատմամբ նշանակվե՞լ է արդյոք լրացուցիչ պատիժ և ենթակա՞ է արդյոք նա այդ պատժից լրիվ կամ մասնակի ազատման:

14. Իր հերթին, սույն որոշման 13-րդ կետի (ե) ենթակետում ամրագրված հարցադրման վերլուծության համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածով նախատեսված պատժատեսակով փոխարինելու մասին որոշում կայացնելիս դատարանն իր հայեցողության շրջանակներում յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշում է կայացնում թե ինչ պատժատեսակով պետք է փոխարինվի անձի նկատմամբ նշանակված պատիժը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս դատարանի հայեցողությունը սահմանափակված է օրինականության, հիմնավորվածության և արդարացիության հատկանիշներով (տե՛ս Հմայակ Դավթյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշման 22-րդ կետը), որոնց լույսի ներքո դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման ենթարկի դատապարտյալի անձի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև նրա նկատմամբ ավելի մեղմ պատժատեսակի կիրառման դեպքում պատժի նպատակների իրականացման հնարավորությունը: Դատապարտյալի անձի վերաբերյալ տվյալները գնահատելիս՝ դատարանն ի թիվս այլոց պետք է հաշվի առնի քրեակատարողական հիմնարկում նրա դրսևորած վարքագիծը, մասնավորապես՝ կարգապահական տույժերի բացակայությունը, կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ, ռիսկայնության աստիճանը, ուղղման գործընթացի ծրագրի կատարման արդյունքները, կարգապահությունը, մասնակցությունը կրթական, մշակութային և այլ ծրագրերին, ներգրավվածությունը աշխատանքին և այլն (տե՛ս Լևոն Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ/0057/12/08 որոշման 22-րդ կետը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 30-ի հրամանով հաստատված` «Կալանավորվածների և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության» կարգի` «Դատապարտյալների ախտորոշումը, գնահատումը և բնութագրումը սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներն իրականացնելիս» 7-րդ գլխում զետեղված 45-49-րդ կետերը):

15. Ինչ վերաբերում է պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս դատարանի կողմից սահմանվող պատժաչափին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի 3-րդ մասն ընդհանուր չափորոշիչ է սահմանում՝ դատարանին հնարավորություն տալով կոնկրետ դեպքում իր հայեցողության շրջանակներում պատժաչափ ընտրել ՀՀ քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր պատժատեսակի համար նախատեսված սահմաններում: ՀՀ քրեական օրենսգրքում ընդհանուր չափորոշչի առկայությունը ենթադրում է, որ դատարանը, սահմանափակված լինելով դատական հայեցողության օրինականության, հիմնավորվածության և արդարացիության հատկանիշներով, ինչպես նաև կոնկրետ պատժատեսակի համար ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասում նախատեսված նվազագույն և առավելագույն չափերով ու կիրառման պայմաններով, յուրաքանչյուր դեպքում պետք է որոշի, թե ինչ պատժաչափ պետք է սահմանվի այն անձի նկատմամբ, ում պատժի չկրած մասը փոխարինվում է ավելի մեղմ պատժատեսակով:

16. Սույն որոշման 13-րդ կետի (զ) ենթակետում ամրագրված հարցադրման կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշանակված լրացուցիչ պատժից դատապարտյալին լրիվ կամ մասնակի ազատելու հարցը լուծելիս դատարանը նույնպես պետք է ղեկավարվի դատական հայեցողության ընդհանուր հատկանիշներով, ինչպես նաև բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման ենթարկի դատապարտյալի անձի վերաբերյալ տվյալները և լրացուցիչ պատժից դատապարտյալին լրիվ կամ մասնակի ազատելու դեպքում պատժի նպատակների իրականացման հնարավորությունը:

17. ՀՀ քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետում որպես պատժի ինքնուրույն տեսակ նախատեսված է տուգանքը:

ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն՝

«1. Տուգանքը դրամական տուժանք է, որը նշանակվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում՝ պատիժ նշանակելու պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի (…) երեսնապատիկից երեքհազարապատիկի չափով:

2. Տուգանքի չափը դատարանը որոշում է՝ հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունը և դատապարտվողի գույքային դրությունը:

(…)»:

Մեջբերված իրավադրույթները մեկնաբանելով սույն որոշման 12-16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը տուգանքով փոխարինելիս դատարանը պետք է հաջորդաբար քննության առնի սույն որոշման 13-րդ կետում շարադրված հարցադրումները:

Ինչ վերաբերում է անձի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը տուգանքով փոխարինելիս կոնկրետ պատժաչափի սահմանմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված չափորոշիչը, ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված՝ տուգանք պատժատեսակի չափերի, կիրառման կարգի ու պայմանների շրջանակում պետք է կոնկրետ անձի նկատմամբ տուգանքի չափ սահմանի: Տուգանքի չափը սահմանելիս դատարանը պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման ենթարկի դատապարտյալի անձի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև նրա նկատմամբ տուգանք պատժատեսակի կիրառման դեպքում պատժի նպատակների իրականացման հնարավորությունը:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ առկա են դատապարտյալ Ա.Մկրտչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու պայմանները (պատիժը կրելու ընթացքում կարգապահական տույժի բացակայությունը, ռիսկայնության ցածր աստիճանը, ընթացիկ գնահատման բարձր արդյունքները, ինչպես նաև պատճառված վնասը հարթելը), համապատասխան միջնորդագիր է ներկայացրել Առաջին ատյանի դատարան (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը բավարարել է միջնորդագիրը և դատապարտյալ Ա.Մկրտչյանի պատժի չկրած մասը փոխարինել է տուգանքով` տուգանքի չափ սահմանելով 800.000 ՀՀ դրամը: Որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել այն, որ Ա.Մկրտչյանը կատարել է միջին ծանրության հանցագործություն, փաստացի կրել է նշանակված պատժի ավելի քան մեկ երրորդը, պատժի կրման ընթացքում դրսևորել է դրական վարքագիծ, ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված վնասը: Առաջին ատյանի դատարանը տուգանքի չափը սահմանելիս հաշվի է առել նաև Ա.Մկրտչյանի գույքային դրությունը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը՝ Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ է թողել այն (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

19. Սույն որոշման 12-17-րդ կետերում շարադրված վերլուծության և եզրահանգման լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 18-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարաններն Ա.Մկրտչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը տուգանքով փոխարինելիս պատշաճ ստուգման և գնահատման են ենթարկել պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-115-րդ հոդվածներով սահմանված պայմանների առկայությունը: Բացի այդ, ստորադաս դատարաններն իրենց հայեցողության շրջանակներում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման են ենթարկել դատապարտյալի անձի վերաբերյալ տվյալները, նրա նկատմամբ տուգանք պատժատեսակի կիրառման դեպքում պատժի նպատակների իրականացման հնարավորությունը և, հաշվի առնելով տուգանք պատժատեսակի համար ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասում նախատեսված նվազագույն և առավելագույն չափերը և այդ պատժատեսակի կիրառման պայմանները, մասնավորապես՝ Ա.Մկրտչյանի գույքային դրությունը, նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը տուգանքով փոխարինելու վերաբերյալ հիմնավորված, պատճառաբանված և օրինական որոշում են կայացրել:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Ա.Մկրտչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասը տուգանքով փոխարինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ են, իսկ բողոքաբերի փաստարկն այն մասին, որ սույն գործով ստորադաս դատարանները դատապարտյալ Ա.Մկրտչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասը փոխարինելով ավելի մեղմ պատժատեսակով` տուգանքով, և տուգանքի չափ սահմանելով 800.000 ՀՀ դրամը, թույլ են տվել դատական սխալ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը), անհիմն է:

Ուստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Դատապարտյալ Արմեն Արսենի Մկրտչյանի վերաբերյալ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հուլիսի 11-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան