ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2014 թվականի N 136-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԿԱԶՄԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածական տվյալների տեղեկատվական ենթակառուցվածքի կազմը, ձևավորման և վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամյա ժամկետում ընդունել սույն որոշմամբ հաստատված կարգից բխող իրավական ակտեր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 18 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականիփետրվարի 13-ի N 136-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԿԱԶՄԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածական տվյալների տեղեկատվական ենթակառուցվածքի (այսուհետ` ՏՏՏԵ) կազմի, ձևավորման, վարման հետ կապված հարաբերությունները:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն կարգում օգտագործվել են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) տարածական օբյեկտ` ցանկացած կոնկրետ օբյեկտ, որը կարող է որոշվել առանձնահատուկ բովանդակությամբ ու սահմաններով և ներկայացվել որպես թվային տվյալների բազա.
2) բազային տարածական տվյալներ` գաղտնիություն չպարունակող, բաց հրապարակման համար նախատեսված, ժամանակի մեջ կայուն տարածական դիրքով առանձնացվող և այլ տարածական օբյեկտների համար կողմնորոշման հիմք հանդիսացող, առավել օգտագործվող տարածական օբյեկտների թվային տվյալներ.
3) Հայաստանի Հանրապետության տարածքի ՏՏՏԵ-ի տարածաշրջանային օպերատոր (այսուհետ` օպերատոր)` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` լիազոր մարմին) աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանումը, որը սույն կարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում մատակարարի կողմից իրեն տրամադրված տարածական տվյալների ինտեգրման գործառույթ.
4) տարածական տվյալների մատակարարներ (այսուհետ` մատակարարներ)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` օպերատորին տարածական տվյալներ տրամադրող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, ինչպես նաև իրավաբանական անձինք.
5) տարածական տվյալներ օգտագործողներ (սպառողներ)` ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք տարբեր նպատակներով օգտագործում են օպերատորի կողմից տրամադրված տարածական տվյալները, այդ թվում` համացանցում ստեղծված գեոպորտալի միջոցով.
6) գեոպորտալ` համացանցային միջոց` Հայաստանի Հանրապետության տարածական տվյալների բազա մուտք գործելու համար, որով ապահովվում են մետատվյալների որոնումը, ուսումնասիրումը, բեռնավորումը, ինչպես նաև տարածական տվյալների հրապարակումը թույլատրելիության շրջանակներում:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
3. ՏՏՏԵ-ն տեղեկատվական ռեսուրսների ամբողջականություն է, որը նախատեսված է տարածական տվյալների հավաքագրման, մշակման, վերլուծության, արդիականացման, պահպանման և սպառողին տվյալներ տրամադրելու համար: ՏՏՏԵ-ն բաղկացած է պետական տարածական տվյալների բանկից, ճյուղային, տարածքային և համայնքային տարածական տվյալների բանկից, մետատվյալների բանկից:
4. ՏՏՏԵ-ում ընդգրկված բոլոր բազային տարածական տվյալները պարտադիր են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար` երկրատեղեկատվական համակարգերում օգտագործման նպատակով`
1) պետական (բազային) տարածական տվյալներն այն տվյալներն են, որոնք սահմանված կարգով ստեղծվում և թարմացվում են լիազոր մարմնի կողմից.
2) ճյուղային տարածական տվյալներն այն տվյալներն են, որոնք ստեղծվում և վարվում են համապատասխան բնագավառի պետական կառավարման մարմինների կողմից.
3) տարածքային և համայնքային տարածական տվյալները ներառում են համայնքի կողմից վարվող տնտեսության աշխարհագրական տարրերը.
4) մետատվյալները տեղեկություններ են տվյալների մասին (աերոլուսանկարի ստեղծման տարեթիվը, կոորդինատային համակարգը, ընդգրկող տարածքը, չափսերը և այլն):
5. Բազային տարածական տվյալների օբյեկտների ցանկում ներառվում են Հայաստանի Հանրապետության տարածքի հետևյալ տարածական օբյեկտները`
1) պետական գեոդեզիական ցանցի կետերը.
2) վարչատարածքային բաժանման միավորները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության, նրա մարզերի, համայնքների և բնակավայրերի սահմանները.
3) կադաստրային միավորների օբյեկտները, որոնք հաշվառված են լիազորված մարմնի շտեմարանում.
4) կապիտալ շինարարության (շենքեր, շինություններ) օբյեկտները` հասցեավորման տեղեկատվությամբ, պետական, տարածաշրջանային (ռեգիոնալ) և համայնքային նշանակության գծային կառույցներով (ավտոճանապարհային և երկաթուղային ցանց, խողովակաշարեր, էլեկտրացանցեր և այլն).
5) անտառային հողերի տարածական միավորներն ու օբյեկտները.
6) ջրային ռեսուրսները.
7) ճանապարհային ցանցի օբյեկտները.
8) բնության հատուկ պահպանվող տարածքները` արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերը, բնության հուշարձանները և դենդրոպարկերը.
9) պատմամշակութային անշարժ հուշարձանների` հատուկ պահպանվող և դրանց պահպանական գոտիների համակարգերի տարածքները.
10) քաղաքաշինական կարգավորման գծերը.
11) հասցեները.
12) ռելիեֆի թվային մոդելները.
13) աշխարհագրական օբյեկտների անվանումները.
14) լանդշաֆտային համալիրները:
6. Բազային տարածական տվյալների ցանկում կարող են լրացուցիչ ընդգրկվել սույն կարգի 17-րդ կետով ստեղծվող միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից առաջարկված այլ օբյեկտներ:
7. Բազային տարածական տվյալների նկարագրման պահանջների մշակման ժամանակ կիրառվում է տարածական օբյեկտների կոորդինատային տվյալների հետ օգտագործման սկզբունքը, որն առավելագույնս ապահովում է տարածական օբյեկտների կոորդինատային տվյալների ճշգրտությունը, նկարագրման լիարժեքությունը, հավաստիությունը և դրա իրավական նշանակությունը:
8. Մատակարարների կողմից տարածական տվյալներն օպերատորին փոխանցվում են էլեկտրոնային փոստի և (կամ) թվային կրիչի միջոցով:
9. Ստացված տարածական տվյալները քննարկվում են միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից: Քննարկման ընթացակարգը սահմանում է լիազոր մարմինը:
10. Սպառողների (օգտագործողների) մուտքը բազային տարածական տվյալներ ապահովվում է օպերատորի կողմից` Հայաստանի Հանրապետության գեոպորտալի միջոցով, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված հրահանգի հիման վրա:
11. Ճյուղային տարածական տվյալների կազմը և տարածական տվյալների նկարագրման պահանջները որոշվում են ՏՏՏԵ-ի տարածական օբյեկտների նկարագրման ընդհանուր պահանջներին համապատասխան:
12. Ճյուղային տարածական տվյալների կիրառումը պարտադիր է տվյալներ տրամադրած համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից օգտագործման համար:
13. Ճյուղային տարածական տվյալների ստեղծման ժամանակ պարտադիր պետք է օգտագործվեն բազային տարածական տվյալները:
IV. ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
14. ՏՏՏԵ-ի ստեղծման և զարգացման նպատակն ապահովելն է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու քաղաքացիների ազատ մուտքը ՏՏՏԵ:
15. ՏՏՏԵ-ի հիմնական նպատակը մատակարարների և սպառողների լայն շրջանների կողմից տարածական տվյալների ստեղծման ու օգտագործման արդյունավետությունը մեծացնելն է:
V. ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
16. ՏՏՏԵ-ի խնդիրներն են`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում միասնական կոորդինատային հիմքի պահպանման ապահովումն ու օգտագործումը` Հայաստանի Հանրապետությունում մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման և օգտագործման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի բազային տարածական տվյալների ստեղծման ու արդիականացման հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նոր տարածական տվյալների ստեղծման համար կանոնակարգված կոորդինատային համակարգի և բազային տարածական տվյալների օգտագործման պարտադիր պայմանների ապահովումը.
3) ճյուղային տարածական տվյալների ստեղծումը, վարումը և արդիականացումը.
4) բազային տարածական տվյալների և սպառողների (օգտագործողների) բաց հրապարակման ենթակա տարածական տվյալների մուտքի ապահովումը` գեոպորտալի միջոցով.
5) տարածական տվյալների մատակարարների միասնական ստանդարտների և տարածական տվյալների ձևավորման կանոնների հիման վրա տարբեր տարածական տվյալների համատեղելիության և ինտեգրման ապահովումը.
6) Հայաստանի Հանրապետության տարածքում տարածական տվյալների որակի և ճշգրտության բարձրացումը:
VI. ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
17. ՏՏՏԵ-ի կազմակերպչական աշխատանքներն առավել արդյունավետ և համակարգված իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի կազմը հաստատում է լիազոր մարմինը:
18. Լիազոր մարմինը ՏՏՏԵ-ի ստեղծման և զարգացման շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակում.
2) ՏՏՏԵ-ի ստեղծման և զարգացման շրջանակներում պետական կառավարման մարմինների հետ համագործակցությանը մասնակցություն.
3) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բազային, ճյուղային, տարածքային ու համայնքային տարածական տվյալների և մետատվյալների կազմի մշակմանը, ստեղծմանը, արդիականացմանը, տրամադրմանն ու օգտագործմանն աջակցության ցուցաբերում:
19. Օպերատորն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) տարածական տվյալների շարքը դասելու նպատակով տարածական տվյալների աղբյուրների գույքագրում.
2) տարածական տվյալների մատակարարի կողմից իրեն տրամադրվող տարածական տվյալների մշակում, ճշգրտում, հավաստիության պարզում, վերլուծություն.
3) արդիականության պահպանում և սպառողների համար գեոպորտալի հասանելիության ապահովում.
4) տեղեկատուների, դասակարգիչների և ՏՏՏԵ-ի գրանցամատյանների վարում, որոնք ապահովում են մասնակիցների, տարածական տվյալների, մետատվյալների և ՏՏՏԵ-ի ծառայությունների ճանաչումն ու կարգավիճակը:
VII. ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
20. ՏՏՏԵ-ի տեխնոլոգիական ապահովման կազմի մեջ մտնում են`
1) Հայաստանի Հանրապետությունում մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցը (Հայաստանի Հանրապետության պետական (ազգային) պլանային ցանցի բաղադրիչ մասը)` բարձր ճշգրտությամբ արբանյակային դիրքորոշման համակարգը, որն ուղղված է պետական գեոդեզիական ցանցի տարածաշրջանային հատվածի օգտագործման արդյունավետության մեծացմանը.
2) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միասնական երկրատեղեկատվական համակարգը, որն ապահովում է տարածական տվյալների ստեղծումը, արդիականացումը, պահպանումը, մատչելիությունը և որակի վերահսկումը.
3) տվյալների մշակման կենտրոնը, որն ապահովում է տարածական տվյալների, մետատվյալների և ՏՏՏԵ-ի տեղեկատվական տվյալների կանոնակարգված պահպանումն ու տրամադրումը.
4) Հայաստանի Հանրապետության գեոպորտալը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.11.2024, N 1787-Ն | 16.11.2024, N 136-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|