Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1147
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.04.23/21(1034) Հոդ.316
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
15.04.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

15 ապրիլի 2014 թ.

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ» 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԴՐԱ ԿՈՂՄԵՐԻ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի մայիսի 31-ին Մինսկում ստորագրված` «Ազատ առևտրի գոտու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագիրը դրա կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև կիրառելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2014 թվականի փետրվարի 19-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանի գրավոր բացատրությունը և լսելով նրա պարզաբանումները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Ազատ առևտրի գոտու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) դրա Կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև կիրառելու մասին արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2013 թվականի մայիսի 31-ին` Մինսկում:

 

2. Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսվում է, որ դրա ուժի մեջ մտնելու օրվանից, Արձանագրության 7-րդ հոդվածով նախատեսված կարգով, Պայմանագրի բոլոր դրույթները կիրառվում են Պայմանագրի կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև հարաբերություններում` Արձանագրությամբ նախատեսված պայմանների համաձայն:

 

3. Արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Պայմանագրի կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև Պայմանագրի 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթների կիրառման նպատակով.

- այն դեպքերում, երբ Պայմանագրի 2-րդ հոդվածի դրույթները հղվում են Պայմանագրի 1-ին հավելվածին, սույն Արձանագրության Կողմերի համար հասկացվում է Արձանագրությանը կից 1-ին հավելվածը,

- այն դեպքերում, երբ Պայմանագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները հղվում են Պայմանագրի 2-րդ հավելվածին, սույն Արձանագրության Կողմերի համար հասկացվում է Արձանագրությանը կից 2-րդ հավելվածը:

 

4. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ հիմնական պարտավորությունները.

- Արձանագրության 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` մինչև Առևտրի համաշխարհային կազմակերպությանն Ուզբեկստանի Հանրապետության անդամակցելը կամ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը` կախված նրանից, թե այս նախապայմաններից որն ավելի շուտ կիրականանա. ա) Հայաստանի Հանրապետությունը չի կիրառի Պայմանագրի 19-րդ հոդվածի դրույթները Պայմանագրի 2-րդ հոդվածի 8-րդ կետի և 17-րդ հոդվածի կիրառման հանդեպ Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև ծագած վեճերի կարգավորման համար, բ) Հայաստանի Հանրապետությունը պահպանում է Պայմանագրի 9-րդ հոդվածով սահմանված` միջոցներ կիրառելու իրավունքը Ուզբեկստանի Հանրապետությունից ծագած ապրանքների նկատմամբ` պայմանավորված այն դեպքով, որ Ուզբեկստանի Հանրապետությունը կապված չէ Պայմանագրի 10-րդ հոդվածի դրույթներով, գ) Հայաստանի Հանրապետությունը կապված չէ Ուզբեկստանի Հանրապետության հանդեպ Պայմանագրի 2-րդ հոդվածի 8-րդ կետի, 5-րդ հոդվածի, 10-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի առաջին պարբերության, 12-րդ հոդվածի, 14-րդ հոդվածի 1-ին կետի և 17-րդ հոդվածի դրույթներով, դ) Պայմանագրի դրույթների իրականացման ժամանակ Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև ծագած վիճելի հարցերը կլուծվեն երկկողմ բանակցությունների հիման վրա և այլն,

- ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցներն Արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների կատարման համար (հոդվ. 4, կետ 1),

- մինչև Առևտրի համաշխարհային կազմակերպությանն Ուզբեկստանի Հանրապետության անդամակցելը կամ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը` կախված նրանից, թե այս ամսաթվերից որն ավելի շուտ կիրականանա, սույն Արձանագրության մեկնաբանման և կիրառման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև ծագած վեճերը լուծել խորհրդակցությունների միջոցով (հոդված 4, կետ 2), իսկ նշված ամսաթվից հետո սույն Արձանագրության մեկնաբանման և կիրառման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև ծագած վեճերը լուծել Պայմանագրի 19-րդ հոդվածով սահմանված կարգով (հոդվ. 4, կետ 3),

- անկախ Պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթներից` Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև առևտրում կիրառել 1993 թվականի սեպտեմբերի 24-ի` Ապրանքի ծագման երկրի որոշման կանոնները: Փոխադարձ համաձայնությամբ կարող են կիրառվել այլ բազմակողմ կամ երկկողմ պայմանագրեր ապրանքի ծագման երկրի որոշման կանոնների վերաբերյալ (հոդվ. 2, կետ 3),

- չկիրառել մաքսատուրքեր Ուզբեկստանի Հանրապետության մաքսային տարածքից ծագած ապրանքների ներմուծման նկատմամբ` հաշվի առնելով նաև այն, որ Պայմանագրի 1-ին հավելվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության կողմից ծխախոտի նկատմամբ կիրառվող մաքսատուրքի գործողության ժամկետն ավարտվել է 2014 թվականի հունվարի 1-ին (հավելված 1, բաժին I, կետ 1, մաս 2),

- չկիրառել մաքսատուրքեր Ուզբեկստանի Հանրապետության մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների արտահանման նկատմամբ (հավելված 1, բաժին II, կետ 1, մաս 1) և այլն:

 

5. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ, քանի որ Արձանագրության 1-ին հավելվածի համաձայն չի կիրառելու մաքսատուրքեր Ուզբեկստանի Հանրապետության մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների արտահանման և Ուզբեկստանի Հանրապետության մաքսային տարածքից ծագած ապրանքների ներմուծման նկատմամբ:

 

6. Արձանագրության 7-րդ և 8-րդ հոդվածներով նախատեսվում են դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Արձանագրության` ուժի մեջ մտնելու կարգը, իսկ 6-րդ հոդվածը սահմանում է, որ Արձանագրությանը վերապահումներ չեն թույլատրվում:

 

7. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Արձանագրության մեջ հիշատակված «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագիրը սահմանադրական դատարանի կողմից քննության է առնվել 2012 թվականի հուլիսի 13-ին և որոշում կայացվել դրանում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ (ՍԴՈ-1036): Հայաստանի Հանրապետության կողմից Պայմանագիրը վավերացվել է 2012 թվականի սեպտեմբերի 11-ին` ՀՀ Ազգային ժողովի ԱԺՈ-022-Ն որոշմամբ:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2013 թվականի մայիսի 31-ին Մինսկում ստորագրված` «Ազատ առևտրի գոտու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագիրը դրա կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև կիրառելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

15 ապրիլի 2014 թ.

ՍԴՈ-1147

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան