Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.02.26/8(1021) Հոդ.115
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.12.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1140/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1140/02/12

2013 թ.

Նախագահող դատավոր՝  Լ. Գրիգորյան

Դատավորներ՝   

Գ. Մատինյան
 

Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

 

 

Ա. Բարսեղյանի

   

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մարինե Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մարինե Ավետիսյանի ընդդեմ Արտեմ Ավետիսյանի` գույքի համասեփականատեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մարինե Ավետիսյանը պահանջել է Երևանի Օտյան փողոցի թիվ 14 տան նկատմամբ ճանաչել իր ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 30.04.2013 թվականի վճռով գործի վարույթը կարճվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.07.2013 թվականի որոշմամբ Մարինե Ավետիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարինե Ավետիսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, որը չպետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 19-րդ, 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 27-րդ, 198-րդ, 201-րդ, 273-րդ հոդվածները, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 53-րդ հոդվածները և 219-րդ հոդվածի 1-ին կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բողոքը չի քննել ամբողջ ծավալով, այլ ղեկավարվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, որը տվյալ պարագայում կիրառելի չէ: Մինչդեռ բողոքաբերի փաստարկների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրության դեպքում Վերաքննիչ դատարանը կպարզեր, որ Մարինե Ավետիսյանն Արտեմ Ավետիսյանի նկատմամբ պարտատեր չէ, և նրա պահանջն ուղղված չէ պարտավորության կատարմանը: Ավելին, սույն գործով ներկայացված պահանջը գումարի բռնագանձման պահանջ չէ, հետևաբար բացակայում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերը նշված հոդվածի կիրառման նախապայմանները։ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վիճելի գույքը ձեռք է բերվել ամուսնության ընթացքում, հետևաբար նշված գույքի միայն կեսն է պատկանում Արտեմ Ավետիսյանին, իսկ Մարինե Ավետիսյանը որևէ պատասխանատվություն չի կրում պատասխանողի պարտավորությունների համար։ Արդյունքում խախտվել է Մարինե Ավետիսյանի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված սեփականության իրավունքը։

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն անտեսել է վկայակոչված իրավադրույթի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը` մասնավորապես 12.12.2007 թվականի թիվ 3-1717(ՏԴ) նախադեպային որոշումը, ինչպես նաև չի մատնանշել որևէ ծանրակշիռ փաստարկ` նշված նախադեպային որոշումը չկիրառելու վերաբերյալ, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.07.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Արտեմ Տերզիկյանի և Մարինե Ավետիսյանի ամուսնությունը գրանցվել է 27.10.1984 թվականին, և 16.09.1997 թվականին Երևանի Նոր Նորքի տարածքային ՔԿԱԳ բաժնի կողմից տրվել է ԱԱ թիվ 040019 ամուսնության վկայականի կրկնօրինակը, ըստ որի` ամուսինները կրել են Տերզիկյան և Ավետիսյան ազգանունները (գ.թ. 8)։

2) Արտեմ Տերզիկյանի և Մարինե Ավետիսյանի ամուսնալուծությունը գրանցվել է 10.10.2000 թվականին, և նույն օրը Ավան և Նոր Նորք ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից տրվել է ամուսնալուծության ԱԱ թիվ 021221 վկայականը (գ.թ. 9):

3) Արտեմ Սարգսի Սարգսյանի և Մարինե Ավետիսյանի ամուսնությունը կրկին գրանցվել է 23.06.2009 թվականին, և նույն օրը ՔԿԱԳ Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժնի կողմից տրվել է ԱԱ թիվ 121046 ամուսնության վկայականը, ամուսինները սկսել են կրել Ավետիսյան ազգանունը (գ.թ. 10):

4) 16.09.1997 թվականին տրված թիվ 2474 սեփականության վկայականի համաձայն` Ե. Օտյան փողոցի թիվ 14 բնակելի տունը պատկանում է Արտեմ Տերզիկյանին: Նշված վկայականի «լրացուցիչ նշումներ» սյունակում առկա է նշում հետևյալի մասին. «հիմք` բնակելի տան առուծախի պայմանագիր, գրանցում թիվ 4-1929, կնքված 10.09.1997 թվականին» (գ.թ. 11):

5) Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 05.03.2012 թվականի թիվ ԵՄԴ/0003/04/12 վճռով Արտեմ Ավետիսյանը ճանաչվել է սնանկ (գ.թ. 35-39)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է հետևյալ իրավական խնդրին. արդյո՞ք ամուսիններից մեկի սնանկ ճանաչվելուց հետո ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի հիմքով համատեղ սեփականության իրավունքի ճանաչման պահանջ կարող է ներկայացվել դատարան, իսկ ներկայացման դեպքում գործի վարույթը կարո՞ղ է կարճվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի կանոններով։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` կարճվում է սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով այն քաղաքացիական գործի վարույթը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով:

Վերոնշյալ հոդվածում սահմանված է սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկը։ Դա այն է, որ պարտապանի և պարտատերերի շահերից ելնելով` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից օրենքով նախատեսված պահանջներով քաղաքացիական գործերի վարույթները պետք է կենտրոնանան մեկ վարույթում, այն է` սնանկության վարույթում: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նշված հիմքով կարճման ենթակա են սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ ոչ բոլոր քաղաքացիական գործերի վարույթները, այլ միայն այն քաղաքացիաիրավական վեճերով գործերի վարույթները, որոնցում սնանկ ճանաչված պարտապանին ներկայացված է նյութաիրավական պահանջ` գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու տեսքով, և որոնց լուծումը կարող է հանգեցնել վերջինիս գույքային զանգվածի փոփոխության:

Սույն գործով Մարինե Ավետիսյանը, դիմելով դատարան, պահանջել է ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքը Երևանի Ե. Օտյան փողոցի թիվ 14 տան նկատմամբ, որն իր և պատասխանող Արտեմ Ավետիսյանի ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք է։ Պատասխանող Արտեմ Ավետիսյանը դատարանի` 05.03.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ, նշված գործով սնանկության կառավարիչ է նշանակվել Խաչիկ Նազարյանը, որն էլ սույն գործի քննության ընթացքում միջնորդություն է ներկայացրել գործի վարույթը կարճելու վերաբերյալ։

Դատարանը, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, սնանկության կառավարչի միջնորդությունը գտել է հիմնավոր և կարճել է գործի վարույթը:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, արձանագրել է. «Դատարանի` 05.07.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած թիվ ԵՄԴ/0003/04/12 վճռով պատասխանողը սնանկ է ճանաչվել, իսկ հայցվորը, դիմելով Դատարան, պահանջել է սնանկ ճանաչված պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կեսի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը, այսինքն` այդ գույքի կեսը հանձնել իրեն, որպիսի պահանջն առնչվում է սնանկության վարույթին այնքանով, որ դրա բավարարման հետևանքով ըստ էության կառաջանա սնանկ ճանաչված անձի գույքի նվազեցում, որն էլ իր հերթին ազդեցություն կունենա սնանկության վարույթի ընթացքի վրա, քանի որ պատասխանողի համար տան կեսը հայցվորին հանձնելու գույքային պարտավորություն կառաջացնի»։

Վերոնշյալ մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը` Վճռաբեկ դատարանն այն գտնում է անհիմն հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

Սույն գործով ներկայացվել է ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ համասեփականատեր ճանաչելու պահանջ, որն իրենից ներկայացնում է իրավունքի ճանաչման հայց: Նման հայցի նպատակն իրավունքի վիճելիությունը կամ անորոշությունը վերացնելն է, նման հայցի հիմք է ծառայում վիճելի իրավունքը հայցվորին պատկանելը: Այդպիսի հայցով դատարանը պատասխանողի վրա որոշակի պարտավորություններ չի դնում, այլ հաստատելով հայցվորի իրավունքը` որոշակիացնում է այն, կանխում այդ իրավունքի ապագա խախտումները: Հետևաբար, այդպիսի հայցի քննությունը և լուծումը որևէ կերպ չի կարող առաջացնել սնանկ ճանաչված պարտապանի գույքային զանգվածի նվազում: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 5-րդ կետի իրավակարգավորումից, ըստ որի` ամուսիններից մեկի պարտավորությունների համար կարող է բռնագանձում տարածվել նրա սեփականության ներքո գտնվող գույքի, ինչպես նաև ամուսինների ընդհանուր գույքում նրա բաժնի վրա միայն։ Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նշված հոդվածը, ամրագրելով ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի համատեղ սեփականություն հանդիսանալու կանխավարկածը, միաժամանակ ամուսնու, այդ թվում նաև` սնանկ ճանաչված, պարտավորությունների համար բռնագանձում տարածելու կամ սնանկության վարույթում հավաքագրելու հնարավորություն նախատեսում է միայն նրան պատկանող գույքի կամ այդ գույքի բաժնի մասով:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սնանկ ճանաչված պատասխանողն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով կամ իրեն հասանելիք բաժնեմասով, իսկ հայցվոր Մարինե Ավետիսյանը որևէ կերպ պատասխանատվություն չի կրում վերջինիս պարտավորությունների համար։ Հետևաբար, Մարինե Ավետիսյանը զրկված չէ պահանջելու ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքը։ Մինչդեռ, Դատարանը, կարճելով գործի վարույթը, իսկ Վերաքննիչ դատարանը, վճիռը թողնելով անփոփոխ, հնարավորություն չեն տվել վերջինիս իրացնել ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պատշպանության իրավունքը։

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բացակայում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի կիրառության հիմքը, իսկ ստորադաս դատարանի հետևություններն անհիմն են և չեն բխում նշված իրավադրույթի բովանդակությունից:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ բողոք բերած անձի այն պատճառաբանությանը, որ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ կետը և պարտավոր էր կիրառել վերաքննիչ բողոքում նշված Վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի թիվ 3-1717(ՏԴ) նախադեպային որոշումը, քանի որ նշված նախադեպային որոշումն էական նշանակություն ուներ գործի լուծման համար, բացի այդ, չի մատնանշել որևէ ծանրակշիռ փաստարկ նշված նախադեպային որոշումը չկիրառելու վերաբերյալ, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա։ Այնինչ, նշված նախադեպային որոշմամբ հիմնավորվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը սույն գործով կիրառելի չէ։

Վճռաբեկ դատարանը բողոք բերած անձի նշված փաստարկը գտնում է անհիմն, քանի որ Վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի թիվ 3-1717(ՏԴ) որոշմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը կիրառվել և մեկնաբանվել է տվյալ իրավահարաբերության ծագման ժամանակ գործող խմբագրությամբ, որը տարբերվում է ներկայիս իրավակարգավորումից: Հետևաբար վկայակոչված որոշումը սույն գործով կիրառելի չէ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 31.07.2013 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

 

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան